Աճեմյանցիները 41 տարվա ընդմիջումից հետո կրկին անդրադարձել են Պարոնյանի «Շողոքորթը» թատերգությանը
Կարմիր թիթեռնիկ փողկապն ուղղելով եւ լպրծուն ժպիտը դեմքին գծագրած՝ պրոֆեսիոնալ շողոքորթ Պապիկն ընդառաջ է գնում հերթական զոհին՝ Թադեին: Պոլսահայերին բնորոշ ընդգծված քաղաքավարությամբ ողջագուրվելուց հետո թվացյալ ջերմ զրույց է ծավալվում շողոքորթությունը մասնագիտություն դարձրած երիտասարդի եւ կյանքից ձանձրացած, կյանքի մայրամուտն ապրող ծեր պարոնի միջեւ: Համոզել, համոզել, համոզել՝ Պապիկի ամեն բառն ու արտահայտությունը միտված է դրան՝ շողոքորթել, սիրաշահել, հավատացնել, ներդնել բոլոր ջանքերը նպատակին հասնելու համար:
41 տարվա ընդմիջումից հետո Գյումրու դրամատիկական թատրոնը կրկին անդրադարձել է Հակոբ Պարոնյանի «Շողոքորթը» : Գլխավոր կերպարներին մարմնավորում են ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը (Պապիկ) եւ Հայաստանի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը (Թադե): «Պարոնյանի այս գործը երբեք չեմ սիրել,-ժպտալով խոստովանում է Թադեին մարմնավորող դերասան Սամվել Գրիգորյանը,-առաջարկը որ ստացա, մի փոքր տատանվեցի. խաղալ չսիրած ստեղծագործության մեջ` դժվար պարտականություն է, հետո ծանոթանալով սցենարին, որը հարստացված էր Արա Բաղդասարյանի լուծումներով, համաձայնվեցի»:
Ներկայացման գլխավոր հերոսուհուն՝ Սոֆիին մարմնավորում է Ադելինա Հարությունյանը, Փառանձեմին՝ Նառա Սանթոյանը, Հովսեփի դերում Վարագ Գեւորգյանն է, Արշակի դերում՝ Արսեն Սաղաթելյանը, Թերեզային մարմնավորում է Հասմիկ Ղարիբյանը, Տիգրանի դերում՝ Սարգիս Ղարիբյանն է: Ներկայացման երաժշտական ձեւավորումը ռեժիսոր Արա Բաղդասարյանինն է, զգեստները եւ նկարչական ձեւավորումը վստահվել են թատրոնի գլխավոր նկարիչ Անտոն Քեշիշյանին:
Պապիկին մարմնավորող Տիգրան Գաբոյանի համար, թերեւս, ամենադժվարը կերպարի բնավորության հետ հաշտվելն է՝ իր հակապատկերն է: «Ես առավել հաճախ դրական կերպարներ եմ մարմնավորել: Իմ աշխատանքային կարիերայում ամենաբացասական դերը խաղացել եմ «Դեյվիդ Կոպերֆիլդ» ներկայացման մեջ, բայց դեմ չեմ, եթե ցանկը շարունակվի,-Տիգրանը ժպտում է,-մի ամպլուայի դերասանը որոշակի ստերեոտիպ է ձեւավորում հանդիսատեսի մոտ: Ես չեմ ընդունում, երբ դերասանն ասում է՝ սա ինձ հոգեհարազատ է: Կերպարը պիտի դերասանից դուրս լինի, կապ չունենա սեփական ես-ի հետ, այդ դեպքում ավելի լավ ես կարողանում մարմնավորել: Սա վերաբերում է նաեւ Պապիկի կերպարին»:
Պրոֆեսիոնալ շողոքորթ Պապիկը հասարակության ծնունդն է: Շողոքորթները կան եւ կլինեն բոլոր ժամանակաշրջաններում: Սա արատի այն տեսակն է, որ պիտի արմատախիլ արվի հենց իրեն ծնած հասարակության միջոցով: «Շողոքորթ չեն ծնվում, շողոքորթ դառնում են: Մարդկանց շատ հաճախ դուր է գալիս լսել գովաբանող սուտն իրենց մասին: Հասարակության հենց այդ հատվածն է ծնում, սնում ու զարգացնում շողոքորթին: Ներկայացման վերջում իմ ուղերձը հանդիսատեսին հենց դա է, որ շողոքորթները միշտ էլ լինելու են, դուք եք ծնում նրանց եւ միայն «առողջանալով» կարելի է ձերբազատվել նրանցից»,-նկատում է զրուցակիցս:
Պոլսահայ երգիծաբան Հակոբ Պարոնյանը «Շողոքորթը» պիեսը գրել է 1872թ., սակայն այդպես էլ չի ավարտել: Ստեղծագործության ծննդից 50 տարի անց այն ավարտուն տեսքի է բերել մեկ այլ պոլսահայ գրող՝ «ծիծաղի համար ծնված մեծագույն երգիծաբան» տիտղոսին արժանացած Երվանդ Օտյանը: Թեման, որ արծարծվում է պիեսում, արդիական է մինչ օրս: Պարոնյանը, իրեն բնորոշ նուրբ հումորով ու սարկազմով, անդրադառնում է արգահատելի այնպիսի մի երեւույթի, որ կոչվում է շողոքորթություն: Այս երեւույթը պիեսում խտացվել է Պապիկի կերպարում, որի նախատիպերն իր ժամանակաշրջանի որոշ ազգային գործիչներ էին: Հանձին Պապիկի՝ Պարոնյանը նկատի է ունեցել իր գաղափարական հակառակորդներին:
Գյումրու դրամատիկական թատրոնում «Շողոքորթն» առաջին անգամ բեմադրվել է 1976թ.՝ ռեժիսոր Կարեն Աբրահամյանի մեկնաբանմամբ: Ներկայացումն ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ: «Շողոքորթը» երկար ժամանակ եղել է թատրոնի խաղացանկում: Առաջնախաղն իր ներկայությամբ պատվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն: «Շողոքորթ»-ում խաղացել են թատրոնի ճանաչված ու շնորհաշատ դերասաններ Ռազմիկ Բադլյանը, Ժաննա Թովմասյանը, Կարուշ Ղեւոնդյանը:
41 տարի անց, այլ լուծումներով եւ մեկնաբանությամբ, Գյումրու դրամատիկականում ներկայացումը բեմ է հանում հրավիրյալ ռեժիսոր Արա Բաղդասարյանը: «Իմ կարծիքով, բոլոր թատրոններն իրենց խաղացանկում պիտի Պարոնյան ունենան, բացի դրանից՝ թեման է արդիական»,-հակիրճ նկատում է ներկայացման ռեժիսորը: Նույն կարծիքին է նաեւ Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:
«Ցանկացած դերասանի համար մեծ պատիվ է Պարոնյանի պիեսները խաղալ, քանի որ Պարոնյանն ունի թատերական լեզու, միտք եւ մի առանձին դպրոց է: Ես ինքս` որպես թատրոնի գլխավոր ռեժիսոր, այն հեղինակների գործերը, որոնք պետք են թատրոնին եւ երկար ժամանակ չեն եղել, փորձում եմ կյանքի կոչել եւ ապրեցնել թատրոնում, ինչպես, օրինակ, Շեքսպիրը: Շատ կուզենամ հետագայում Օստրովսկու, ինչպես նաեւ հայ դասական հեղինակների գործերը բեմադրվեն»,-անկեղծանում է Լյուդվիգ Հարությունյանը:
Լեզվամտածողության, արեւմտահայերենը հասկանալ-չհասկանալու խնդիր չի լինելու. զրուցակիցս համոզված է դրանում՝ ակնարկելով, որ գյումրվա բարբառն այդ առումով ամենամոտն է արեւմտահայերենին: Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, սակայն մեծ է ցանկությունը «Շողոքորթը» տեսնել «երկարակյաց» ներկայացումների ցանկում: «Համոզված եմ՝ ներկայացումն ունենալու է իր հիմնական հանդիսատեսը: Ենթադրելի է, որ միջին եւ միջինից բարձր տարիքային խումբն է գերակշռելու,-նկատում է Լյուդվիգ Հարությունյանը,-չեմ ասի, թե երիտասարդությունը չի գա, բայց հետաքրքրվածության առյուծի բաժինը, թիրախային խումբն, այսպես ասած, իրենք չեն լինի: Թեպետ, իմ կարծիքով, երիտասարդությանն այս ներկայացումն ավելի է պետք»:
Պիեսին քաջածանոթ հանդիսատեսին ներկայացման աճեմյանական տարբերակում անակնկալ է սպասվում: Սցենարական փոփոխություններ կատարելով՝ ռեժիսոր Արա Բաղդասարյանը Թադեի տան ծառայող Բարթեմի կերպարը փոխարինել է սպասուհու՝ Փառանձեմի կերպարով: Սպասուհուն մարմավորում է թատրոնի փորձառու դերասանուհիներից Նառա Սանթոյանը: «Թող մեծամտություն չթվա, բայց պիտի ասեմ, որ Փառանձեմը, լինելով հորինված կերպար ռեժիսորի կողմից, այս ներկայացման գույնն է: Ինքը հյութեղ կերպար է ու, համոզված եմ, հանդիսատեսը կսիրի իրեն: Միջին տարիքի, սեփական անձնական կյանքը չունեցող Փառանձեմի` Թադեի հետ ամուսնանալու ցանկությունն անբնական մի բան չէ: Այս ներկայացման մեջ բոլորը սիրում են, բայց ոչ մեկն իրապես սիրված չէ, ես կասեի՝ ոչ մեկն իր տեղում չէ»,-դերասանուհին ծիծաղում է՝ ուղղելով շքեղ մազափունջը:
Անհույս սիրահարված, ինքզինքը մեծագույն բանաստեղծ կարծող 20-ամյա Արշակին մարմնավորող Արսեն Սաղաթելյանի համար արեւմտահայ գրողի ստեղծագործության մեջ խաղալը փորձություն էր լեզվի առումով: «Երբեք առիթ չէր եղել արեւմտահայ գրողներից որեւէ մեկի պիեսում խաղալ, այնպես որ սա իմ առաջին փորձն ու առաջին դասն է, որ կարծում եմ` կարողացա պատվով հաղթահարել, թեպետ սկզբում դժվարություններ ունեի»,-խոստովանում է Արսենը:
Մայիսի 13-ին «Շողոքորթը» ներկայացման առաջնախաղն է: Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի փոխանցմամբ, մոտ 100 տոմս խոստացել է գնել մշակույթի նախարարությունը: Նախարար Արմեն Ամիրյանը եւս ներկա է լինելու առաջնախաղին: «Մեզ համար շատ կարեւոր է, որ ներկայացումը նայեն ոչ միայն գյումրեցիները: Մայրաքաղաքում ապրողը պետք է հասկանա, որ Երեւանից դուրս էլ կա մշակույթ, կա թատրոն, որ մարզային թատրոնները եւս կարող են հրաշալի ներկայացումներ բեմադրել,-ասում է Տիգրան Վիրաբանը,-մենք անցած տարի դրա հիմքը դրեցինք Շեքսպիրի «Լիր արքա»-ով, երբ ներկայացումը դիտելու համար մարդիկ գալիս էին Երեւանից: Հուսամ, որ «Շողոքորթը» ներկայացումը կունենա նույն հաջողությունը: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ շատ արդիական թեմա է արծարծվում ու Պարոնյանից մինչեւ մեր օրերը շատ բան չի փոխվել, ընդհակառակը՝ կատարելագործվել են շողոքորթության ձեւերը»:
Լուսանկարները՝ Արսեն Միրզախանյանի
Մեկնաբանել