HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ավագանու ընտրությունների նախօրեին Երեւանում իրավիճակը լարված է (թարմացվող)

23:55 ԿԸՀ-ն մերժեց ԵԼՔ-ի՝ ՀՀԿ-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դիմումը, իսկ դաշինքի երկրորդ դիմումը՝ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ, ուղարկեց Գլխավոր դատախազություն։
ԿԸՀ դիմումը կարող է բողոքարկվել Վարչական դատարան երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը, ժամը 18։00-ն։ 

23:50 Դիմող կողմը միջնորդություն ներկայացրեց հրավիրել Գեւորգ Գորգիսյանին եւ Հարություն Բաբայանին, ովքեր տեսել են, թե ինչպես են ՀՀԿ-ի շտաբից հանում եւ տոպրակով աղբարկղ նետում ցուցակները։

23։25 Լրագրողին հարցեր ուղղեց նաեւ դիմող կողմը։ Հարցերն ուղղում էր ԱԺ պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։ 
Տիգրան Մուկուչյանը մի քանի անգամ ընդհատեց Աննա Զախարյանին, նրա պատմածներում տարօրինակ հանգամանքներ նկատելով։

23:10 ԿԸՀ-ն լրագրող Աննա Զախարյանին այնուամենայնիվ հարցաքննեց։ 
Տիգրան Մուկուչյանը լրագրողին հարցրեց, թե ինչ քվեաթերթիկներ էին Կյուրեղյան նրբանցքում, քաղաքացիների ձեռքին։ Աննա Զախարյանը պատասխանեց, որ դա սպիտակ թուղթ էր, սեւով տպագրություն արված, եւ տեսել է նաեւ գումար ու ինչ որ կտրոն։  
ԿԸՀ նախագահը հետաքրքրվեց՝ լրագրողը կարողացե՞լ է պարզել կամ ընկալել՝ դրանք ԿԸՀ կողմից պատվիրված քվեաթերթիկներ են, թե այլ։ Լրագրողը բացասական պատասխան տվեց։ Մուկուչյանը ցույց տվեց քվեաթերթիկի նմուշ եւ հարցրեց՝ միգուցե դրանցի՞ց են եղել քաղաքացիների ձեռքերին։ Զախարյանը պատասխանեց, որ իր տվապորությամբ՝ տարբեր էր, փայլաթուղթ չէր, ինչպես նմուշը։
ԿԸՀ նախագահը կաշառքի հետ կապված հարց տվեց։ Լրագրողը պատասխանեց, որ գումար մի քանի հոգու ձեռքին է տեսել, հաստատ հիշում է՝ քսանհազարանոցներ կային։ 

22:10 Դաշինքի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը կարծում է, որ նիստին պետք է հրավիրվեր նաեւ ՀԺ լրագրող Աննա Զախարյանը, ով Կուրղինյան նրբանցքում տեղի ունեցածի վերաբերյալ կարող է տալ ամենահստակ տեղեկությունները, նա միակ ականատեսն է։ 
Հովակիմյանը ԿԸՀ նախագահին հարցրեց, թե ինչու լրագրողին չեն հրավիրել։ Տիգրան Մուկուչյանը չպատասխանեց։

21։15 «Ելք» դաշինքի ցուցակով Երեւանի ավագանու թեկնածու առաջադրված Դավիթ Խաժակյանը ԿԸՀ-ին տեղեկացրեց, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան նրբանցքում ՀՀԿ շտաբում հայտնաբերված քվեաթերթիկները նման են եղել քվեարկության թերթիկներին:

Նա հայտարարեց, որ հնարավորություն չեն ունեցել դիտարկելու դրանք, բայց հենց այնպես չէ, որ այդ թերթիկները բաժանվել են քաղաքացիներին: Նրա խոսքով՝ քվեթերթիկները ոստիկանությունն առգրավել է, եւ ինքն անձամբ հնարավորություն չի ունեցել դրանք շոշափելու, տեսել է 5-6 մետրից:

20:15 Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկել է «Ելք» դաշինքի դիմումների քննությունը: Նիստին մասնակցում է նաեւ ՀՀԿ ներկայացուցիչը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ Ազատություն ռադիոկայանի եթերում հնչեցրած հայտարարությունը, թե՝ Կուրղինյան փողոցում երեկ գիշեր ՀՀԿ շտաբում քաղաքացիների ձեռքին եղել է ոչ թե քվեաթերթիկ, այլ՝ նմուշ, կարծես թե օգտագործվում է նրա իսկ դեմ։

Նիստի ընթացքում «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը Մուկուչյանի խնդրեց պարզաբանել՝ թե ի՞նչ գնահատական է տվել տեղի ունեցածին «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

«Դուք նման հայտարարություն արե՞լ եք, թե ոչ: Դա չափից ավելի կարեւոր է այս գործի քննության փուլում»,- ասաց Հովակիմյանը: ԿԸՀ-ը նախագահը Հովակիմյանի կողմից նույն հարցադրումը մի քանի անգամ հնչեցնելուց հետո ասաց, որ այո, նման հայտարարություն ինքն արել է: 

ԿԸՀ նախագահը նշեց, որ տարածքային ընտրական հանձնաժողովներից նման քվեաթերթիկներ դուրս չեն բերվել։

Վահագն Հովակիմյանը ԿԸՀ-ին սկավառակով փոխանցեց Արաբկիր վարչական շրջանում «Ելք» դաշինքի համակիրների կողմից հայտնաբերված ցուցակները եւ միջնորդեց դա էլ դարձնել քննության առարկա:

18:30 Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած դեպքից հետո, երբ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում հավաքված մարդիկ հարձակվել էին «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի վրա, խլել բջջային հեռախոսն ու ջնջել դրանում առկա կարեւոր՝ ենթադրյալ ընտրակաշաքի բաժանման մասին ինֆորմացիան, թվում էր ամեն ինչ այդքանով կավարտվի:

Այսօր, սակայն, «Ելք» դաշինքի նախընտրական թիմը, երեկվա տեղի ունեցածը բացահայտելու գործողություններ իրականացնելուն զուգահեռ (ընդ որում, դաշինքի համակիրները ամբողջ գիշեր հերթապահել էին ՀՀԿ-ի՝ ոստիկանության կողմից կապարակնքված շտաբի մոտ) փորձում էր վերահսկել ՀՀԿ-ի նախընտրական շտաբներում տեղի ունեցող գործողությունները:

Բանն այն է, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում, Տարոնի Մարգարյանի շտաբների մոտ կային մարդկանց կուտակումներ, եւ որ շատ ուշագրավ է՝ լրագրողների կամ «Ելք»-ի թեկնածուների առաջ շտաբների դռները փակվում էին:

«Ելք»-ի ներկայացուցիչները տեղեկություն էին ստացել, որ շտաբներում ընտրակաշառք է բաժանվում:

Ֆեյսբուքում ուղիղ եթերներ էին իրականացվում Նիկոլ Փաշինյանի եւ Գեւորգ Գորգիսյանի կողմից, որտեղ երեւում էր, թե ինչպես են մարզված, մկանուտ երիտասարդ տղաները տասնյակ րոպեներ շարունակ ներսից փակ պահում շտաբների դռները:

Փաշինյանին ու լրագրողներին հաջողվեց շտաբ մտնել միայն այն դեպքում, երբ այնտեղից դուրս եկավ Արաբկիրի նախկին թաղապետ, ներկայումս Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանն ու բոլորին ներս հրավիրում, Փաշինյանին հրավիրում զրույցի:

Շտաբում վիրավորական տոնով էին խոսում լրագրողների հետ, հետո էլ վիճաբանություն տեղի ունեցավ Փաշինյանի ու ՀՀԿ-ականների միջեւ, ու Անտոնյանի ձեռնարկած զրույցը դրանով էլ ավարտվեց:

Մինչ այդ, նույն շտաբում ՀՀԿ-ականները խոչընդոտել էին Armtimes.com կայքի լրագրողներ Տաթեւ Խաչատրյանի եւ Տիրայր Մուրադյանի աշխատանքը:

Օրվա ընթացքում «Ելք»-ը նաեւ դիմում ներկայացրեց ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանչել ՀՀԿ-ի գրանցումը Երեւանի ավագանու ընտրություններում:

Հաշվի առնելով իրավիճակը, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ նախապես քարոզչական նպատակներով հայտարարված երեկոյան երթը փոխում է իր նպատակը: Պատգամավորը երթի հրավիրեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեմ են ընտրակաշառքին:

«Շատ կոնկրետ հարց եմ բարձրացնում՝ քանի՞ քաղաքի կա Երեւան քաղաքում, որ պատրաստ է դուրս գալ եւ ձայն բարձրացնել ընդդեմ ընտրակաշառքի: Անկախ իր քաղաքական հայացքներից: Դա երթ է ընդդեմ էս բեսպրեդելի եւ ընտրակաշառքի: Ես պատրաստ եմ ցանկացած քաղաքական քայլի, որպեսզի էս բեսպրեդելի վերջը տալ: Բայց հարց եմ տալիս՝ քանի՞ քաղաքացի կա, որ պատրաստ է էս բռի մեքենան ջարդել: Մենք Կոմիտասով, Բաղրամյան պողոտայով երթ ենք կազմակերպում: Եկեք՝ քանի քաղաքացի կա»,-հայտարարեց Փաշինյանը:

Մեկ ժամ չանցած՝ սրան հաջորդեց մեկ այլ իրադարձություն: Նիկոլ Փաշինյանը ասուլիս հրավիրեց «Ելք»-ի շտաբում եւ հայտարարեց, որ իրենց ձեռքի տակ է հայտնվել փաստաթղթերի տրցակներ, որոնք հաստատում են ՀՀԿ-ի կողմից կազմակերպված ընտրակաշառք բաժանելու փաստը:

Ինչպես ինքը ԱԺ պատգամավորը հայտարարեց, ՀՀԿ-ի Արաբկիրի շտաբից մի կին մոտակա աղբամանի մեջ էր լցրել մի ամբողջ պարկ թղթեր, ինչը չի վրիպել «Ելք»-ի համակիրներից մեկի աչքից, եւ տրցակները դաշինքի շտաբում ուսումնասիրելու արդյունքում ի հայտ են եկել անհերքելի փաստեր, որ Տարոն Մարգարյանը եւ ՀՀԿ-ն ընտրակեղծարարության են դիմել:

Թղթերից մեկն, օրինակ, ոստիկանության Արաբկիրի բաժնից՝ 010270202 հեռապոսահամարից ՀՀԿ շտաբ ուղարկված ֆաքս-հաղորդագրություն է, որտեղ, սկսած հրամանատարական կազմից, մասնավորապես՝ գնդապետ Խաչիկ Ավետիսյանից, նշված են անուններ եւ թվեր, որոնք, ըստ Փաշինյանի, նշանակում են, որ այս կամ այն ծառայողը տվյալ քանակի քվեներ է բերելու ՀՀԿ-ին:

Բացի այդ, տրցակում հայտնաբերվել է կաշառք տալու ինստրուկցիա, պայմանագիր, որ պետք է կնքվի ընտրողի հետ, վերջինիս պարտադիր ստորագրությամբ՝ գումար վերցնելու մասին:

«Ելք»-ի ունեցած թղթերի մեջ նաեւ կա գումար բաժանողների ցուցակը՝ ըստ նրանց բերած քվեների եւ այլն:

Ասուլիսից հետո հերթական միջադեպը տեղի ունեցավ, այս անգամ՝ Կյուրեղյան փողոցում, երեկվանից կապարակնքված ՀՀԿ շտաբի մոտ: Այստեղ քննչական գործողություն էր իրականացվում՝ զննություն, որին մասնակցում էր նաեւ «Ելք» դաշինքի անդամներից մեկը:

Լուրեր տարածվեցին, որ վերջինիս հետ շտաբի ներսում վիրավորական տոնով են խոսում, խնդիր կա: Նիկոլ Փաշինյանը այցելեց Կուրղինյան փողոց եւ պահանջեց ոստիկաններից, որպեսզի չխոչընդոտեն իր մուտքը շտաբ:

Ոստիկանները փակել էին շտաբի մուտքը, ինչը առաջացրեց դաշինքի համակիրների դժգոհությունը: Սկսվեց քաշքշոց, որի արդյունքում Փաշինյանին հաջողվեց մուտք գործել շտաբ: Կարեւոր տեղեկատվությունը, որ նա հայտնեց ներսից, հետեւյալն էր՝ ոստիկանները գողացել են ընտրակաշառքի ցուցակները:

Այս պահին «Ելք» դաշինքը երթ է անցկացնում մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայով:

Նոր մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:

Մինչ այդ, ՀՀԿ-ն օրվա վերջում հայտարարություն է տարածել, ներկայանալով մաքուր ձեռքերով ընտրությունների գնացող քաղաքական ուժի կերպարով:

«Ներկայացված նյութերը որևէ առնչություն չունեն ՀՀԿ նախընտրական գործունեության հետ: Մեր ենթաշտաբերը տեղերում նախընտրական գումար չեն առաջարկում, չեն բաժանում: Միաժամանակ գնահատում ենք ուղեցույցի՝ հումորով գրված տեքստը և այն ներկայացնողի կատարողական վարպետությունը: Ներկայացված նյութերի իրական ծագումը և միջադեպի հետ կապված այլ հանգամանքներ պարզելու դեպքում շնորհակալ կլինենք իրավապահ մարմիններին: Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքական մրցակիցներին զերծ մնալ քարոզչական ապատեղեկատվական գործողություններից, չպիտակավորել մյուս մասնակիցներին, գնալ քաղաքապետի ընտրություններին մաքուր ձեռքերով և մաքուր խղճով»,-ասված է կուսակցության հաղորդագրության մեջ:

Իսկ ոստիկանությունը հայտարարել է, որ ՊՊԾ գնդից դուրս եկած ցուցակի մասով ընթանում է ծառայողական քննություն:

«Ելք»-ի ձեռք բերած փաստաթղթերի մի մասը՝ ստորեւ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter