HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի առաջին «արևային գյուղը»

Դիանա Ղազարյան, Սարո Բաղդասարյան

Հայաստանում ստեղծվել է առաջին «արևային գյուղը»։ Այս տարվա մարտ ամսից Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքն անցել է արևային էներգիայի օգտագործման։

Գյուղի բնակչության շուրջ 90 տոկոսը՝ 70 տուն, արդեն ունի արևային ջրատաքացուցիչներ և ինքնուրույն ապահովում է կենցաղային տաք ջրի պահանջարկը։

Գյուղի 29 տներում էլ տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ, որոնք արևի ճառագայթներից կլանած էներգիան վերածում են էլեկտրաէներգիայի, ոմանց էլ տրամադրվել են էներգախնայող լամպեր, որոնք մի քանի անգամ նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսը։

Այս տներն արևային էներգիայի կայաններով ապահովելու համար կառավարությունը ծախսել է 40 մլն դրամ։

Լեռնամերձը հիմնադրվել է 1924 թվականին։ Հիմնադրման օրվանից գյուղը գազամատակարարում չի ունեցել։ Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց համայնքապետարանի քարտուղար Ազատ Գրիգորյանը, գյուղը գազամատակարարմամբ ապահովելու համար գյուղապետերը բազմիցս դիմել են կառավարություն, սակայն խնդիրը չի լուծվել։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ հաշվարկվել է, որ գյուղը, գազամատակարարմամբ ապահովելու համար, անհրաժեշտ է 95 մլն դրամ, սակայն այդ գումարը կառավարությունը չի ունեցել, այն ֆինանսավորելու համար դոնոր կազմակերպություններ էլ չեն հայտնվել։

Այս տարվա հունվար ամսին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է գյուղ, և լեռնամերձցիները կրկին հիշեցրել են գյուղը գազիֆիկացնելու մասին։ Կառավարությունում քննարկվել են գազիֆիկացմանն այլընտրանք գտնելու տարբերակները, և որոշվել է տեղադրել արևային էներգիայով կայաններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter