HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հրուշակագործ. «Շուկան փակեցին մեր դեմ. բիզնեսս արտերկիր եմ տեղափոխելու»

Տարիներ շարունակ հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող Սաթիկ Աչիկյանը որոշել է թողնել բիզնեսն ու մեկնել արտերկիր՝ նույն բիզնեսով զբաղվելու։ Ասում է՝  հիմնական սպառման շուկա հանդիսացող սուպերմարկետները փակել են դռներն իրենց առջև, հարկերն էլ բարձր են։

Տիկին Սաթիկը ծնունդով Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից է։ Իր արտադրած հրուշակեղենի շարքում առանձնացնում է հենց «Քյավառի» գաթան։ 8 տարի առաջ արտադրամաս է հիմնել Երևանում և Գավառից հրավիրված մի քանի կանանց հետ սկսել հրուշակեղեն արտադրել «Սաթենիկ Հրուշակեղեն» ապրանքանիշով՝ որպես անհատ ձեռներեց։

«Գործունեության առաջին 6 տարիներին արտադրության շարունակական աճ ենք գրանցել, ակայն վերջին երկու տարում խիստ նվազել են ծավալները։ Անկումն այնքան մեծ է, որ շրջանառության հարկի պահանջը մեզ վրա չի տարածվում։ Եթե մինչև վերջին երկու տարին արտադրում էինք 500 կգ մինչև 1 տոննա հրուշակեղեն, ապա այսօր՝ արտադրվում է առավելագույնը 50 կգ։  Ես այս տարվա հունվարի 17-ից «կանգնած եմ»։ Իմ բիզնեսը հիմա տվել եմ վարձույթով։ Մնացել է իմ անունը, բրենդը։ Աշխատում են փոքր ծավալներով։ Շուկան փակեցին մեր դեմ։ Սուպերմարկետները փակեցին դռները մեր դեմ, քանի որ չենք կարողանում տալ ԱԱՀ-ով հարկվողի հաշիվ-ապրանքագիր։  Բացի այդ, սուպերմարկետներում մեր արտադրանքը հաջողության էր հասել, և հիմա նույն սուպերմարկետները, տեսնելով որ մեր արտադրանքը լավ է վաճառվում, իրենք են սկսել արտադրել նույնից ու մեզ դուրս մղել շուկայից»,- «Հետք»-ի հետ զրույցում պատմեց տիկին Սաթիկը։

Ըստ նրա, եթե առաջ աշխատում էին բոլոր սուպերմարկետների ու խոշոր խանութների հետ, ապա այսօր՝ մեկ սուպերմարկետի և փոքր խանութների ու կրպակների հետ. «Մեր արտադրության սկզբում, երբ մեր գաթան, որն իսկապես ավանդական հայկական է, առաջարկեցինք սուպերմարկետներին ու խանութներին, իրենց կողմից հետաքրքրություն առաջացավ և սկսեցինք համագործակցել։ Իսկ այսօր արտադրամասն աշխատում է շատ փոքր ծավալներով»։

«Ուզում եք, որ անկե՞ղծ խոսեմ,- ասում է նա ու շարունակում,- hարկերը բարձր են և ես շատ պարզ ասում եմ՝ դրա պատճառով է, որ մարդիկ աշխատում են ստվերում։ Իսկ սպառող ընկերությունը, սուպերմարկետները ասում են՝ ես չեմ կարող քեզ հետ աշխատել, որովհետև դու չես կարողանում տալ ԱԱՀ-ով հարկվող հաշիվ-ապրանքագիր։ Գնա, աշխատիր քեզ պես փոքր ընկերության հետ։ Իսկ ո՞վ է փոքրը։  Փոքրին չեն թողնում, որ շնչի։ Փոքր խանութները հերթով փակվում են»։

Բանն այն է, որ թե «Սաթենիկ Հրուշակեղեն»-ը, և թե մնացած փոքր ընկերությունները շրջանառության հարկ վճարողներ են։ Սակայն սուպերմարկետները նրանցից պահանջել են անցնել ԱԱՀ վճարող համարվողների դաշտ՝ նշելով, որ իրենց առաջ պահանջ է դրվել մատակարարներից ապրանքներն ընդունել բոլոր համապատասխան փաստաթղթերով։ Իսկ դա ենթադրում է հարկային լրացուցիչ բեռ փոքր ընկերությունների համար։ Մյուս կողմից էլ նույն սուպերմարկետները սկսել են արտադրել նույնանման և նույն որակի ապրանքներ և հրաժարվել այն գնել փոքր մատակարարներից։

«Բիզնեսս տեղափոխելու եմ արտերկիր։ Առաջիկա տարիներին Գերմանիայում ենք ապրելու։ Ամենայն հավանականությամբ, հենց այնտեղ էլ կաշխատեմ։   Իմ աշխատակիցները հիմա աշխատում  են նույն արտադրամասում։ Ես իրենց ևս պատրաստվում եմ տեղափոխել արտերկիր՝ այնտեղ բիզնեսս շարունակելու համար»,- նշեց Ս. Աչիկյանը։

Հարցին, թե ինչ անկնալիքներ կան Կառավարությունից, գործարարը պատասխանում է. «Էլ ոչ մի հույս չունեմ։  Այնքան դուռ ծեծեցի, ոչ մեկը չբացվեց։ Վաճառում եմ իմ շարժական ու անշարժ գույքը, որ տեղափոխվեմ։ Իմ սեփական խոհանոցում ստեղծված բիզնեսն այսօր փակվում է։ Ինչու՞. որովհետև չեն նստում տետ առ տետ՝ լսելու մեր խնդիրները։  Վերևներից ասում են գնացեք ու ձեր հարցերը լուծեք այն ընկերությունների հետ, որոնք չեն վաճառում ձեր ապրանքը, այսինքն՝ սուպերմարկետի տնօրինության»։

առաջին լուսանկարում՝ Սաթիկ Աչիկյանը (աջից)

Մեկնաբանություններ (4)

Գագո
Ուղղակի տիկինը մրցակցությանը չի դիմացել.էդքան բան. Բինսես անելու համար պետքա իմանալ օրենքները և ենթարկվել դրանց ոչ թե անընդատ պահանջել, որ օրենքը փոխեն ձեր օգտին. Գերմանիայումել լիքը օրենքներ կան, որ Ձեզ դուր չեն գա, օրինակ գոյություն ունի պարտադիր բժշկական ավահովագրություն. Բացի հարկերից Ձեր ցանկացած աշխատողի համար պիտի վճարեք աշխատավարձի 7,5 տոկոսը. Ցանկացած աշխատող պարտավորա տիրապտել գերմաներենին, ձեր աշխատողների համար աշխատանքային վիզա պետք է ձևակերպեք. Մի խոսքով խսիտ կասկածում եմ, որ դուք Գերմանիայում կարող եք բիզնես անել. Եթե ստեղ չեք կարողացել այնտեղ առավել ևս չեք կարողանա.
Հրաչ
եթե օրենք չիմանաին 6 տարի հաջող բիզնես չէին ունենա: իսկ սուպերմակետները բնականսար ունեն բոլոր հնարավւրությունները իրենց կամքը թելադրելու թե արտադրղի թե սպարողի վրա: մի ձև կա որ այդ շխթաններից պռծնելու դա կոպերատիվ մեծ խանութներ բացելն է որտեղ սպառողը արտադրողը խանութում աշխատողը կլինեն այդ խանութի փայատերերը: մասին աշխատել է պետք սովօրել:
Գագո
Բիզնեսը կարա երկար տարիներ աշխատի հետո սնանկանա, պատահելա համաշխարային գիգանտներ են սնանկացել։ Հաշիվ-ապրանքագիրա ուզում սուպերմարկետը տու, հա մի քիչ ավել հարկ կտաս, բայց մեծ սպառման շուկան ձեռքիցդ բաց չես թողի։ Ուղղակի մեր բիզնեսմնենների մեծ մասը փոքր թե մեծ սովոր են ստվերում աշխատեն ու հենց մի փոքր գործերը վատանումա բողոքեն բոլորին մեղադրեն բացի իրանցից։ Ու մեկել բոլորին թվումա թե դրսերում փլավ են բաժանում, Գերմանիայի սուպերմարկենտերը սրտատրոփ սպասում են քյավառի գաթային։ՃՃ
Լիլիթ
Հարգելի Գագո, խնդիրը նրանում չէ, որ «Սաթենիկ հրուշակեղենը» և իր նման փոքր ձեեռնարկություն ունեցողները չեն ուզում հաշիվ ապրանքագրեր տալ սուպերմարկետներին ,այլ այն , որ իրենց կողմից տրամադրված , օրենքի պահանջին համապատասխանող հաշիվ ապրանքագիրը խոշոր գործարարը, որը աշխատում է ԱԱՀ-ով չի կարողանում հաշվանցել/պակասեցնել, որպես ծախս ցույց տալ, արդյունքում այդ սուպերմարկետը սպիտցված է լիբնում 20 տոկոս ԱԱՀ-ն ինքը վճարել , ինչը բնականաբար ձեռնտու չէ, այդ իսկ պատճառով էլ նրանք հրաժարվում են փոքրերի հետ աշխատելուց: Սա օրենսդրական բաց է և կարևոր է , որ որոշում կայացնողները իրենց ուշադրության շրջանակից բաց չթողնեն փոքր բիզնեսի խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter