HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կապիտան, ո՞նց եք, ասեց՝ ես լավ եմ, դուք զինվորիս նայեք»․ հրամանատարի վերջին խոսքերը

«Ճանապարհին բժիշկը վաշտիս հրամանատարին հարցրեց՝ կապիտան, ո՞նց եք, ասեց՝ ես լավ եմ, դուք զինվորիս նայեք։  Դրանք կապիտան Հովսեփ Կիրակոսյանի վերջին խոսքերն էին, Մարտակերտում նա մահացավ»,- պատմում է  Վարժիկ Համբարյանը։  

Վանաձորցի Վարժիկ Համբարյանը ապրիլյան ռազմական գործողութոյւնների  առաջին վիրավորներից է: Նա ողնաշարի ու ոտքի հատվածում բազմակի բեկորային վիրավորվում է ստացել ապրիլի 2-ին՝ Մատաղիսի  զորամասի  տարածքում:

«Ապրիլի 2-ի լուսաբացին տագնապ  տվեցին: Մենք սակրավորներ ենք, դիրքեր չբարձրացրին: Գրադի, թե մինամյոտի բեկորներից վիրավորեցինք  երեքով՝ ես,  Մարգարյան Նոդարը՝ Գուգարքից  ու վաշտիս հրամանատարը՝ Հովսեփ Կիրակոսյանը՝ Էջմիածնից»,- պատմում է  Վարժիկը:  

Վիրավորվելուց հետո Նոդար Մարգարյանը տեղում մահացել է, Վարժիկին ու Հ. Կիրակոսյանին տեղափոխել են Մարտակերտ:

Հրամանատրի մասին խոսելիս Վարժիկը ժպտում է, ասում է՝ «խիստ պահանջկոտ էր, բայց նաև կատակասեր, համարյա ամեն օր ժպիտը դեմքին էր, բայց որ տեղը գալիս էր՝ պահանջում էլ էր»:

Վարժիկին  տեղափոխել են հոսպիտալից հոսպիտալ. Մարտակերտի հոսպիտալ, հետո՝ Ստեփանակերտ,  ապա՝ Գորիս: Գորիսում նրան վիրահատել են:

Տղայի վիրավորվելու մասին մայրն իմացել է վիրահատությունից հետո միայն:

«Ապրիլի 2-ին հարսս եկավ, թե՝ իմացե՞լ ես, Ղարաբաղ պատերազմ է: Խառնվեցինք իրար, զանգում ենք, պատասխան չկա: Անհանգիստ վիճակում էինք: Մեկ էլ Վարժիկը զանգեց, թե՝ մամ, հոսպիտալում եմ, մի թեթև քերծվածք է, բերել են հոսպիտալ: Չհավատացի, ասեցի փոքր քերծվածքի համար քեզ կտանեին բուժկետ, հոսպիտալ չէին տանի...  Մի քանի ժամը մեկ զանգում էր, թե ստեղ են տեղափոխել, ընդեղ են տեղափոխել: Մեկ էլ զանգեց, թե՝ ես արդեն Գորիսում եմ, վիրավորվել էի, վիրահատել են»,- հիշում է մայրը՝ Իրինան:

Վիրահատելուց հետո Վարժիկին տեղափոխել են Երևան՝ Սուրբ Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոն, ապա՝ զինվորական հոսպիտալ:

Զինվորական հոսպիտալում անցկացրած 2,5 ամիսների ընթացքում Վարժիկն ու սենյակակից տղաները բազմաթիվ հյուրեր են ունեցել:  

«Անընդհատ գալիս էին դպրոցներից, պարի խմբերից, ամեն տեղից գալիս էին, նվերներ էին բերում, նամակներ, ֆինանսական օգնություն: Զինվորներին տեր էին էղնում: Միշտ ասում էին՝ մենք ձեզ հետ ենք»,- պատմում է Վարժիկն ու ցույց տալիս ստացած նամակները, որոնք նվեր ստացած հայրենասիրական երգերի ժողովածուի հետ պահում է դարակում:

Բուժմանը զուգահեռ Վարժիկը հետևել է  նաև սահմանում տեղի ունեցող զարգացումներին: Ամենացավալին, ասում է, ավիրված Թալիշի  ու խոշտանգված ծերերի կադրերն էին:

Ծառայության  մի մասը Թալիշում անցկացրած Վարժիկը եթեր հեռարձակված կադրերում նկատել է նաև ծանոթ մարդկանց տները:

«Մի 20 օրով մեզ տարել էին Թալիշ, էդ ժամանակ խաղաղ էր, գյուղում բնակչությունը լիքը, ծանոթացել էինք գյուղացիներից մի քանիսի հետ, մի քանիսի հետ մոտիկ հարաբերություներ ունեինք: Որ ուվալնենի էին տալիս, դուրս էինք գալիս, մեր մոտիկ գյուղացիների տներ գնում»,- պատմում է Վարժիկը:

«Հոսպիտալում որ Թալիշի կադրերը նայում էր, ասում էր՝ այ, էս մարդու տանը սուրճ ենք խմել,  էս մեկի տանը հաց ենք կերել»,-հիշում է մայրը:

2,5 ամիս բուժվելուց հետո Վարժիկը վերադարձել է Մատաղիս: Պարզվել է, սակրավոների վաշտը կրկին Թալիշում է: Մեկնել է Թալիշ, միացել տղաներին: Վեց ամիս՝ մինչև 2016թ.-ի տարեվերջ ծառայել են Թալիշում: Բայց դա բոլորովին այլ Թալիշ էր, ոչ այն, որն իրենք էին թողել:

«Գյուղից բան չէր մնացել, լրիվ ավիրված էր: Պոստերն ահագին մոտիկացել էին, մեջտեղի հեռավորությունը քիչ էր: Բլինդաժներն էինք վերանորոգում, նոր դիրքեր էինք սարքում, դիրքերից առաջ ականապատում էինք»,- ասում է Վարժիկը:

Վերջինիս խոսքով ապրիլի 2-ից հետո իր ու բոլոր տղաների մոտ շատ բան էր փոխվել թե՛ զգացողությունների, թե՛ մոտեցումների առումով:

«Մինչև էդ չէինք զգում լրջությունը, արյուն չէինք տեսել, մահ չէինք տեսել: Բայց երբ լրջությունը հասկանում ես, վախենում ես: Մենակ հիմար մարդը չի վախենա»,-նշում է նա:

Ծառայակից ընկերների ու ընդհանրապես հայ զինվորի մասին խոսելիս ասում է՝ ով ոնց կարողացել ա, իրան բաժին հասած դիրքը պահել ա:

Ծանր օրերը հաղթահարելուն օգնել են նաև հրամանատարները, ովքեր Վարժիկի ասելով «էդ օրերին ավելի ջանուղուրբանով էին զինվորների հետ»:

Այս տարվա հունվարի 17-ին զորացրված երիտասարդը մինչև հիմա էլ անընդհատ հետևում է սահմանային  լրահոսին: Հատկապես Մատաղիսին վերաբերող լուրերը բաց չի թողնում:

«Միշտ ընդեղի մասին եմ մտածում: Չնայած զորացրվել եմ, բայց մինչև հիմա էլ ուշքս Մատաղիսում է, կապը տղեքի հետ պահում եմ: Էդ հիշողությունները չես կարող հանես քո մեջից», -ասում է Վարժիկը:

Սպիացող վերքերը դեռ զգացնել են տալիս: Ոտքի մեջ մնացած մանր բեկորները բժիշկները խոստացել են հեռացնել ավելի ուշ՝ կապսուլավորվելուց հետո:

«Մինչև հիմա ցավեր ունի ոտքերի ու մեջքի շրջանում, չի կարում շատ կանգնի, քայլի, անընդհատ ուզում է պառկի կամ նստի, գլխապտույտ, գլխացավ ունի»,-ասում է մայրը։

9-ամյա կրթություն ստանալուց հետո՝ 17 տարեկանից կահույքագործությամբ զբաղված տղան դեռևս ոչ մի աշխատանք չի կարողանում անել. առողջական վիճակը թույլ չի տալիս:

Տղային Լոռու մարզպետարանից առաջարկել են որևէ մասնագիտություն ընտրել ու շարունակել ուսումը՝ խոստանալով հոգալ ուսման ծախսերը: Վարժիկը, սակայն,  հիմա մտածում է միայն առողջական վիճակը կայունացնելու ու աշխատելու մասին:

«Բանակ գնալուց առաջ փոքր քրոջը խոստացել էր գա ու նրա ուսման վարձն իր աշխատանքով հոգա: Երկու տարի է, քույրը սպասում է»,- ժպտում է մայրը:  

5 հոգանոց ընտանիքը բնակվում է քաղաքի ծայրամասում գտնվող մեկսենյականոց բնակարանում: Վարժիկի հաջորդ նպատակը մեծ տուն ձեռք բերելն է:

Զորացրվելուց հետո տղայի զինվորական գրքույկում վիրավորված լինելու մասին   որևէ նշում արված չէ:

«Զինգրքույկի մեջ գրել են մարտական հերթապահություն, բայց եթե մարդը վիավորվել է, մարտական հերթապահությունը դրա հետ ի՞նչ կապ ունի, պետք է գրվեր քառօրյա պատերազմի մասնակից ու գրվեր՝ վիրավորվել է: Չէ՞ որ գրքույկում  դրա համար տեղեր կա: Ոչ էն են գրել, ոչ՝ էն»,- դժգոհում է Իրինան:

Այս հարցով մայրը գրավոր դիմել է պաշտպանության նախարարություն: Սպասում են պատասխանի:

Գայանե Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter