HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Սանասարյան. «Անտառը ներսից հոշոտված է»

«Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանն համոզված է, որ երբ անտառում ծառ է հատվում, հնարավոր չէ, որ անտառապահն ու անտառապետը չհայտնաբերեն, նրանք տեղյակ են լինում:

Ըստ նրա՝ «Հայանտառի» կողմից էլ, հավանաբար, կատարվում են ծառահատումներ: Թեև կառույցը պետական է, բայց կառավարությունից ստացած ֆինանսավորումը ոչ լիարժեք է: Հակոբ Սանասարյանն ասում է, որ պետբյուջեից հատկացված գումարները չեն բավականացնում հոգալ ամբողջ ծախսերը՝ մոտ 1000 մարդու աշխատավարձեր վճարելը, անտառի վերականգնման աշխատանքներն անելը և այլն: Իսկ որպեսզի միջոցներ գտնի, ենթադրվում է, որ օգտվում է անտառից, այսինքն՝ ինչ պետք է վճարեր պետությունը, արվում է անտառի հաշվին:

Բնապահպանի խոսքով՝ անտառային հատումների մեկ այլ տեսակ կա. խոսքն օրենքի ուժով թույլ տրվող ապօրինի ծառահատումների մասին է: Որպես օրինակ նշում է Թեղուտը, երբ հատումներ սկսեցին մոտ 1600 հա տարածքում, որտեղ հարյուր հազարավոր հասուն ծառեր կային, 1-1,5 միլիոն և գուցե ավելին՝ մատղաշ ծառեր ու հարյուր հազարավոր թփեր: Բայց այդ հատումները ապօրինի չհամարվեցին:

Մեկ այլ վտանգավոր քայլ էլ բնապահպանը համարում է անտառը համայնքային կառավարման հանձնելը: Դրա համար ավելի շատ ֆինանսական միջոցներ են պահանջվելու՝ նոր կառույցներ ստեղծելու համար: Հ. Սանասարյանն ասում է՝ այդ դեպքում անտառը բզկտելու են: Շեշտում է, որ այդ մասին վկայում է համաշխարհային փորձը, երբ համայնքային կառավարման անցնելուց հետո անտառում ապօրինի գործողություններն ավելի են շատացել: Նշելով, որ նման փոփոխություն անելու համար Համաշխարհային բանկի կողմից դրամաշնորհների խոստումներ են եղել՝ Սանասարյանն ասում է. «7-8 տարի է՝ այդ խմորը թթվում է, մյուս կողմից՝ «Հայանտառը», ունենալով ֆինանասական դեֆիցիտ, եռանդուն պայքար չի մղում այդ գաղափարի դեմ»:

Դիտարկմանը, որ դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել «Դիլիջան» ազգային պարկի երկու աշխատակիցների կալանավորման ու մեղադրանք առաջադրելու մասին, բնապահպանը նշում է, որ երբ ակնհայտ և հրապարակային են ապօրինի ծառահատումների դեպքերը, դատախազությունը, իհարկե, պետք է արձագանքեր: Ըստ նրա՝ դա նորություն չէ:

Կանաչների միության նախագահը համաձայն է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մայիսի 11-ին բնապահպանության նախարարության աշխատողներին ուղղված այն հորդորին, թե «անտառի հերն անիծում են, դուք մեր ռեսուրսի պաշտպանն եք, պետք է չհանդուրժեք նման դեպքեր»: Միևնույն ժամանակ ավելացնում է, որ վարչապետը պետք է հոգ տանի, որպեսզի անտառները չդնեն հանքահանման տակ:

«Իջևանից Բերդ տանող ճանապարհի անտառը և համայնքային տարածքը միասին՝ մոտ 9 հազար հա, դրվել է հանքահանման տակ: Երկրաբանական ուսումնասիրության և շահագործման արտոնագիր են տվել, վարչապետը թող կանխի»,- նշում է Հ. Սանասարյանը: Նրա կարծիքով՝ այս պահին վտանգի տակ է նաև Թեղուտի մոտակայքից մինչև Հաղպատ գյուղի անտառային համակարգը: «Եթե խոսք կա անտառի պահպանության մասին, կառավարությունը պիտի թույլ չտա, որ չհիմնավորված, պետության շահերին հակասող ծրագրերը մտնեն շրջանառության մեջ»,- ասում է բնապահպանը՝ ավելացնելով, որ անտառը ներսից հոշոտված է:

Հակոբ Սանասարյանը մտահոգ է Հայաստանի ապագայի համար, ասում է՝ պետք է պարզ խոսել. անելանելի և անհուսալի վիճակ է: Դրա ականատեսն ենք, բայց ցուցաբերում ենք անհոգի, անխիղճ դիտորդի մոտեցում:

Երբ որևէ մեկի տունը կողոպտում են, ամեն ջանք թափում են խնդիրը լուծելու համար, իսկ հիմա, ըստ Հ. Սանասարյանի, երբ ամբողջ երկիրը բզկտում են, ընդերքի հարստությունը կողոպտում, թունավորում մեր կյանքի հենարանը՝ բնական միջավայրը, մենք բոլորս բացարձակ հանգիստ տանում ենք այդ ամենը: «Այսինքն՝ «հայրենիք», «ապագա» ձևի համար ենք օգտագործում, իսկ իրականում ոչ հայրենասեր ենք, ոչ պատվասեր, ոչ էլ մտածում ենք մեր ապագայի մասին: Որևէ երկրում եթե պետական գործիչներն այսքան սանձարձակ մոտեցում ցուցաբերեին, նրանց անպայման կպատժեին, իսկ մեզ մոտ պատիժ չեն ստանում՝ ոչ իրավական, ոչ անհատական դաշտում»,- ավելացնում է Կանաչների միության նախագահը:

Մեկնաբանություններ (1)

Անահիտ Շիրինյան
Ինչու՞ պետականորեն չստիպել որ մեղավորներն ու , ընդհանրապես, անտառ ավերիչները, օրինակ տնկեն ընկուզենու ընդարձակ այգիներ: Անահիտ Շիրինյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter