HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էպիլեպսիա ունեցող երեխային հաշմանդամության կարգ չեն տալիս. հանձնաժոողովն ասում է՝ պետք է հավաստել հիվանդությունը

Մետաքսյա Մելիքյանը արդեն երկրորդ տարին է չի կարողանում հաշմանդամության կարգ ձևակերպել 8-ամյա դստեր՝ Նաիրայի համար։ Ասում է՝ երեխան երկու տարեկանից էպիլեպսիա, ինչպես նաև՝ ի ծնե մտավոր հետամնացություն ունի, սակայն «Արթմեդ» բժշկական կենտրոնի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը արդեն երկրորդ անգամ է հաշմանդամության կարգ չի տալիս՝ պատճառաբանելով, որ երեխան առողջ է։

Մետաքսյան ունի երկու աղջիկ՝ 12-ամյա Մելինեն և 8-ամյա Նաիրան։ Երկու երեխաներն էլ  հաշմանդամություն ունեն և սովորում են թիվ 17 հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների դպրոցում։ Մոր խոսքով՝ փոքր աղջիկը՝ Նաիրան, էպիլեպտիկ ցնցումներ է ունենում, ամեն օր ընդունում է դեղեր, սակայն բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովին չի կարողանում հավաստել, որ երեխան առողջական խնդիրներ ունի։

Այս տարվա մարտ ամսին Մետաքսյան կրկին դիմել է առողջապահության նախարարություն՝ հաշմանդամության կարգ ստանալու համար, սակայն հանձնաժողովը կրկին մերժել է երեխային կարգ տրամադրել։ Մոր խոսքով՝ բժիշկներն ասել են, որ երեխան առողջ և աշխույժ է՝ չնայած ներկայացրել է հիվանդանոցներից և բժիշկներից ստացած, երեխայի հիվանդությունը հավաստող էպիկրիզները։

«Ուզում եմ իմանամ՝ եթե իմ երեխան առողջ ա, ինչի՞ ունի ութ հատ էպիկրիզ, երկու տարեկանից պառկել ա հիվանդանոց, ունի թեթև մտավոր հետամնացություն և էպիլեպսիա։ Եթե իմ երեխեն առողջ ա, ինչի՞ էսքան թղթերը հիմա իմ մոտ են»,-հարցնում է Մետաքսյան։

Նաիրան այժմ կրկին սովորում է առաջին դասարանում, քանի որ նախորդ տարի ցնցումների պատճառով ունեցել է բացակայություններ, դասերից հետ է մնացել և չի կարողացել ավարտել ողջ տարվա դասապրոցեսը։

Բժշկասոցիալական գործակալության համակարգող-խորհրդատու Անուշ Սիմոյանը, ուսումնասիրելով Նաիրա Մկրտչյանին հաշմանդամության կարգի տրամադրման  դիմումի մերժման փաստաթղթերը, «Հետք»-ին հայտնեց, որ մասնագետները հաշմանդամության կարգը տրամադրում են՝ ըստ իրենց ներկայացրած փաստաթղթերի։ Ըստ նրա՝ Մետաքսյայի ներկայացրած փաստաթղթերով չի հիմնավորվել, որ երեխան հաշմանդամություն ունի։ Ասում է՝ իրենք չեն մերժում, որ երեխան հաշմանդամություն ունի, սակայն դրանք պետք է ապացուցել նաև բժշկական փաստաթղթերով։

Սիմոնյանի փոխանցմամբ՝ ծնողի ներկայացրած փաստաթղթերով երեխան ունի հոգեկան աննշան խանգարում, որը «չի բերում» կենսագործունեության որևէ աստիճանի սահմանափակման։

Անդրադառնալով երեխայի էպիլեպտիկ նոպաների առկայությանը՝ Անուշ Սիմոյանը կրկին հավաստեց, որ դրանց մասով որևէ օբյեկտիվ փաստաթուղթ չի ներկայացվել, չի մանրամասնվել դրանց բնույթը, տևողությունը, ծանրության աստիճանը։

Ասում է՝ հնարավոր է երեխան էպիլեպտիկ նոպաներ է ունենում, մայրը երեխային կարողանում է դուրս բերել  նոպայից, բժշկական հաստատություն չի դիմում, նոպաների հաճախականության մասին գրանցում չի կատարվում, սակայն հիվանդությունը հավաստելու համար անհրաժեշտ է կատարել այս աշխատանքները։

Համակարգող-խորհրդատուի փոխանցմամբ՝ եթե այս ամիսներին ընթացքում նոպաները կրկնվեն, բժիշկը դրանք հավաստող փաստաթուղթ տրամադրի, մայրը նորից կարող է դիմել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով՝ հաշմանդամության կարգի տրամադրման համար։

Մետաքսյան այս պարզաբանումից հետո հավելեց, որ երեխային օրական մեկ հաբ «Депакин Энтерик» տեսակի դեղահաբ է տալիս, քանի որ եթե չտա, երեխան կընկնի ցնցումների մեջ, կդողացնի, կունենա փսխումներ և աչքերը մի ուղղությամբ սևեռած կնստի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter