HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

6-րդ վարչությունը տարիներ անց կրկին քրեական գործ է հարուցել «Նաիրիտ գործարանի» չարաշահումների դեպքով

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների դիմումի հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (հայտնի որպես 6-րդ վարչություն) կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով, Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նաիրիտցիներն իրենց դիմումում նշել են, որ «Նաիրիտ գործարան»  ՓԲԸ-ի ղեկավարությունը, կառավարության որոշ պաշտոնատար անձանց թողտվությամբ կատարել է խոշոր չափի չարաշահումներ և խնդրել են իրենց դիմումի հիման վրա կատարել մանրակրկիտ ուսումնասիրություններ գործարանի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ:

Նաիրիտցիները վկայակոչել են «Հետքի» տարիներ առաջ հրապարակած բացահայտումները և հայտնել, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ղեկավարությունը ՀՀ կառավարության համաձայնությամբ, շուրջ 10 մլն դոլար վարկային միջոցներով ձեռք է բերել Միջպետական բանկում գրավադրված «Մեգատեքս» ընկերության բաժնետոմսերը ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի  պահեստային տարածքների ընդլայնման և արտադրվող արտադրանքի պահեստավորման համար» հիմնավորմամբ:

«Անհասկանալի է, թե ինչու է ՀՀ կառավարության համապատասխան ներկայացուցիչը, ով հանդիսանում է տնօրենների խորհրդի անդամ, տվել իր համաձայնությունը՝ լավ իմանալով, որ  «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում գտնվող պահեստային տարածքներում կարելի է պահեստավորել յուրաքանչյուր ամիս շուրջ 5000 տոննա արտադրանք, այն դեպքում, երբ գործարանը յուրաքանչյուր ամիս կարող էր արտադրել առավելագույնը 1000 տոննա կաուչուկ: Անհասկանալի է նաև այն, որ բաժնետոմսերի ձեռք բերումից շուրջ հինգ ամիս անց, նույն բաժնետոմսերը գրավ են դրվում «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ- ում, որի դիմաց ստացվում են ընդամենը 900 հազ. դոլար գումար՝ աշխատավարձերի վճարման համար: Գտնում ենք, որ միայն այս գործարքով կատարվել է գործարանի ֆինանսական միջոցների շուրջ 10 մլն դոլարի վատնում»,- նշել են նաիրիտցիները:

Հիշեցնենք, որ «Մեգատեքս գրուպ»-ը նախկին մահուդի գործարանն էր: Դրա բաժնետեր ընկերություններից մեկը հիմնադրել էին գործարանի նախկին տնօրեն, Միջպետական բանկի հայաստանյան ներկայացուցիչ Վահան Մելքոնյանի հարազատները` քույրը, քրոջ ամուսինը և նրանց որդին: Մելքոնյանն ինքն էլ բաժնեմաս ուներ այնտեղ:



«Մեգատեքս գրուպ»-ի բաժնետոմսերի գնումից հետո` 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, նույն բաժնետոմսերի վերագնահատում էր արվել և արձանագրվել էր արժեքի նվազում: Գործարանի ղեկավարությունը՝ ի դեմս նաև Վահան Մելքոնյանի, «դատողություններ» էր արել, և «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ի ավելի քան 3,5 մլրդ դրամով գնված բաժնետոմսերն արդեն գնահատվել են շուրջ 2,9 մլրդ դրամ: Իսկ 2011-ի վերջում` 2.5 մլրդ դրամ (6 մլն դոլար): 

«Նաիրիտ գործարանը» 2010-ի օգոստոսի 19-ին «Ինթերնեշնլ կապիտալ գրուպ լիմիթիդ» բրիտանական  ընկերությանն էր վաճառել «Մեգատեքս գրուպ»-ի բաժնետոմսերն ընդամենը 972 հազար դոլարով  և ավելի քան 3 մլն դոլարի հետգնման իրավունքով:  Բաժնետոմսերը, հիշեցնենք, գնվել էին 9,4 մլն դոլարով, վաճառվել՝ 1 մլն-ին չհասնող գումարով և ավելի քան 3 մլն-ով հետգնման պայմանով:

Նաիրիտիցիները նաև նշել են, որ բացի այս ամենից, 2009թ. առաջին կիսամյակում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ստացել է շուրջ 35 մլն դոլար վարկային միջոց, որը պետք է ուղղվեր գործարանի վերազինմանը, բայց անհասկանալի պատճառով ուղղվել է բաժնետիրոջ և ինչ-որ դանիական ֆինանսական ընկերության պարտքի մարմանը:

«Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ 2009թ. մայիս ամսին Նաիրիտ գործարանում եղավ խոշոր վթար, ինչի պատճառով եղան մարդկային զոհեր: Գտնում ենք, եթե այդ վարկային միջոցներն ուղղվեին ըստ նպատակի՝ գործարանի վերազինմանը, ապա վթարը և մարդկային զոհերը չէին լինի: Եվ այս ամենը կատարվել է ՀՀ կառավարության թողտվության կամ էլ հովանավորչության ներքո: Նմանատիպ չարաշահումներ Նաիրիտ գործարանում եղել են շատ անգամներ, որոնց մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել։ Մենք գտնում ենք, որ գործարանը հայտնվել է այս իրավիճակում հենց այդ չարաշահումների պատճառով»,- նշել են գործարանի աշխատակիցները:

Նրանք  պահանջել են  իրենց դիմումն ընդունել որպես հայտարարություն և համարել հիմք՝ քրեական գործ բացելու և մեղավորներից գումարները գանձելու համար, որի արդյունքում այդ միջոցները կարող են ուղղվել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ին ներկայացված Նաիրիտ գործարանի վերագործարկման ծրագրի կատարմանը։

Քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ 6-րդ վարչության պետի տեղակալ, 1-ին վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Արիստակեսյանը նշել է, որ նաիրիտցիների դիմումի հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որոնցում առկա են 214 հոդվածի 2-րդ մասով նախատեսված առևերևույթ հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար հիմքեր ու քրեական գործ հարուցելու օրինական առիթ: Գնդապետ Արիստակեսյանը որոշել է քրեական գործ հարուցել կազմակերրպության ծառայողների կողմից իրենց կարգադրիչ լիազորություններն այդ կազմարեպության շահերին հակառակ ու իրենց կամ ուրիշ կազմակերպությունների օգտին օգտագործելով, կազմակերպության օրինական շահերին ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս պատճառելու առևերևույթ դեպքի առթիվ:

Այն ուղարկվել է գլխավոր դատախազություն` ըստ քննչական ենթակայության հետագա ընթացքը լուծելու համար:

Հիշեցնենք, որ 2013-ին, երբ «Հետքը» սկսել էր հրապարակել հոդվածների շարք, որոնք ակնհայտ էին դարձնում, որ օֆշորային ընկերությունների և տարաբնույթ այլ գործարքների միջոցով փոշիացվել էին «Նաիրիտ գործարանի» համար վերցված 180 մլն դոլար վարկային միջոցները, դատախազությունը մեր հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն էր սկսել և նախապատրաստված նյութերն ուղարկել ոստիկանություն` Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն (6-րդ վարչություն):

Ամիսներ շարունակ գործը ձգձգելուց հետո ոստիկանության 6-րդ վարչությունն այն փոխանցել էր Քննչական գլխավոր վարչություն, որտեղ էլ քրեական գործի հարուցումը մերժվել էր հանցակազմի բացակայության հիմքով:

Այդ ժամանակ Ոստիկանության պետը Վլադիմիր Գասպարյանն էր, հիմա էլ է նա գլխավորում կառույցը, սակայն փոփոխություններ են եղել գլխավոր դատախազության համակարգում: Թե ինչ ընթացք կստանա այս անգամ «Նաիրիտի» գործը «կոռուպցիայի դեմ պայքարը» դրոշակ դարձրած կառույցի վերահսկողությամբ, պարզ կդառնա առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter