HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1069 ձու՝ 48 երկրից. Յակով Զարգարյանի՝ նկարազարդ հավկիթների հավաքածուն

92-ամյա գրող, դաշնակահար, վաստակավոր մանկավարժ և պրոֆեսոր Յակով Զարգարյանը 1963 թվականից հավաքում է նկարազարդ հավկիթներ։ Պրոֆեսորի 54 տարվա հավաքածուում արդեն կա 1069 ձու՝ 48 երկրից, 108 քաղաքից։ Փայտե, կերամիկակակն, ապակե և պողպատե հավկիթների վրա աշխատել է 927 հեղինակ՝ աշխարհի տարբեր մայրցամաքներից։ 

Դաշնակահարը պատվիրում է փայտյա կամ այլ նյութից պատրաստված հավկիթներ, ապա դրանք կամ անձամբ, կամ ծանոթների միջոցով հանձնում նկարիչներին, որպեսզի նկարզարդեն դրանք։ Լինում են դեպքեր, երբ արտերկրից ցուցահանդեսներով Հայաստան ժամանած նկարիչներին է մոտենում, հանձնում մի հավկիթ՝ խնդրելով այն նկարազարդել և հետ ուղարկել։ Եղել է դեպք, որ հավկիթ է հանձնել նկարչի և նկարզարդ տարբերակը հետ ստացել 36 տարի անց։ 

Երաժիշտը նկազարդ հավկիթների իր այս հավաքածուն համարում է պատահականության արդյունք.1963 թվականին՝ Սուրբ Զատիկի օրերին, շքամուտքում հանդիպել է հարևանի երեխային, ում ձեռքին եղել է նկարզարդ ձու։ Ձվի գույները ջրի պատճառով խառնված են եղել։ Զարգարյանը տպավորվել է այդ գույների խառնուրդից ստացված պատկերով և խնդրել երեխային իրեն տալ այդ ձուն, սակայն երեխան մերժել է։ 

Ամիսներ անց պրոֆեսորի որդուց մանկապարտեզում նկարազարդ ձու են ուզել։ Այդ օրը՝ փայտագործի մոտից դուրս գալուց ժամեր անց, Զարգարյանը Սարյանի տուն-թանգարանում պատահաբար հանդիպել է Մարտիրոս Սարյանին և, մեկնելով վարպետից վերցրած փայտա ձվերից մեկը, խնդրել է նկարզարդել։ Ձեռքին եղած երկու ձվերն էլ տվել է այնտեղ կանգնած այլ նկարիչների, և այսպես սկսվել է հավաքվել Յակով Զարգարյանի նկարզարդ հավկիթների հավաքածուն։ 

Զարգարյանի հավաքածուում կան Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Լևոն Կոջոյանի, Մարտին Պետրոսյանի, Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) և այլ հայտնի նկարիչների նկարազարդած հավկիթները։ Հավաքածուի առաջին հավկիթը Սարյանն է նկարազարդել։

10 հավկիթ էլ Յակով Զարգարյանն է նկարզարդել։ Դրանցից մեկը նվիրել է զոհված զինծառայող ընկերների հիշատակին։ 

Զարգարյանի բնակարանը լիքն  է նկարներով, ձեռքի աշխատանքներով և փոքր քանդակներով։ Ասում է՝ չնայած երաժիշտ է, բայց ավելի շատ նկարիչ ընկերներ ունի և նրանց հետ ավելի շատ է հանդիպում։ 

Բնակարանի հյուրասենյակի և առանձնասենյակի չորս պատերից երեքին արդեն ամրացրել է ապակե դարակներ հավկիթները ցուցադրելու համար։ Կան դարակներ, որոնց վրա մի քանի շարք է դրել, որպեսզի ոչ  մի հավկիթ ցուցադրությունից դուրս չմնա։    

Հիմա էլ հետ ստանալու 50 նկարազարդ հավկիթ ունի։ Ասում է՝ դրանով կամփոփի իր հավաքածուն, քանի որ արդեն դնելու տեղ չկա։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter