HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Վազաշենցի գերեզմանափորի հույսն աստված է ու աղավնին

«Տյու մենակ աշխատացրու, գործ տու անեմ»,- գյուղամիջյան խանութում համագյուղացիներից մեկին խնդրում էր Նիկոլը՝ 58 տարեկան, ժամանակից շուտ ծերացած դեմքով վազաշենցին։

Զրուցակիցը Նիկոլին հուսադրեց․ «Ամսի 1-ին կգաս, հանքում քեզ պահակ կնշանակեմ»։ Նիկոլն ուրախությունից սկսեց լացել։ «Արա, հմի վեր լաց ես ըլնըմ, էս մարդիկ ի՞նչ անեն»,- ասաց խանութպանը։

Հարցրի՝ ո՞վ է Նիկոլը։ «Եսիմ, հիվանդ րեխա ունի, աղքատ, ճյուրը տարած մարդ ա, ստեղ-ընդեղ նոքարություն ա անըմ, որ րեխին պահի։ Աշխատող մարդ ա, բայց էս խեղճուկրակը ի՞նչ գործ ա ճարելու գյուղում։ Տղան էլ անաշխատունակ ա»,- ասաց խանութպանը։

Նիկոլի ձեռքին մի փոքր տոպրակ վերմիշել ու սիգարետ էր։ «Ա՛յ, տրանշե եմ քանդել, հազար դրամ աշխատել, էսա իմ էսօրվա աշխատածը»,- պատմեց։

Նիկոլ Հակոբյանը Տավուշի մարզի Վազաշեն գյուղ է տեղափոխվել Ադրբեջանի Շամխոր քաղաքից, 1980 թվականին։ Ունի երեք երեխա։ Երկու դուստրերը Երեւանում խանութպան ու մատուցող են աշխատում։

Նիկոլը հիմա Վազաշենի իր խրճիթում բնակվում է որդու հետ։ Խրճիթն ուղիղ ադրբեջանական սահմանապահների նշանառության տակ է։ Նախկինում դրա փոխարեն տնակ էր, որը մի քանի անգամ հրետակոծվել է։

Նիկոլը, ֆինանսական միջոցներ չունենալով, առանց ցեմենտի, իր եւ որդու համար, շիկահողի ու ջրի խառնուրդով տուն է պատել։ Խոնավ, անշուք տուն է, ճաքած պատերով։ Չես հասկանում՝ խոհանոցը որն է, ննջասենյակն ու հյուրասենյակը՝ որը։ Երբ Նիկոլին հարցրի՝ սա ի՞նչ սենյակ է, պատասխանեց․ «Ես ի՞նչ գիտեմ՝ ինչ սենյակ ա։ Տյու ասա՝ սա ի՞նչ սենյակ ա»։

Դարպասին Նիկոլը կարմիր ներկով գրել է՝ «Տեր իմ Աստված, օգնիր մեզ»։ Զանգի վերեւում էլ խաղաղության խորհրդանիշ աղավնի է նկարել։

1992 թվականի դեկտեմբերի 29-ին, լույսը չբացված, ադրբեջանական ջոկատները մտել էին Վազաշեն։ Գյուղ մտնող ճանապարհը հենց Միջնահանդն է, որտեղ բնակվում է Նիկոլի ընտանիքը։

Նիկոլի կինը՝ Էլեոնորան, որին հարեւանները Շարմաղ են անվանում, սպանվել է ադրբեջանցիների ձեռքով։

Ադրբեջանական զինվորները կողոպտել, մորթել, բռնաբարել էին խաղաղ բնակիչներին։ Այդ օրը, իբր թե փորձելով թաքնվել, թաղամասի մի քանի կանայք մտել էին հարեւաններից մեկի նկուղ։ Ադրբեջանցիները, ինչպես պատմեց Նիկոլի հարեւանությամբ ապրող Գայանեն, Էլեոնորային ու գյուղի կանանցից մեկ ուրիշին քարշ էին տվել դեպի գերեզմանոց ու էնտեղ մորթել։

Նիկոլը կնոջ սպանության մանրամասները չի պատմում, ասում է՝ «ես ինչ իմանամ, ինչ ա կատարվել»։

Նիկոլի որդին՝ Նվերը, այդ դեպքերի ժամանակ 3 տարեկան է եղել։ Նվերն արդեն 28 տարեկան է, 3-րդ կարգի հաշմանդամ, տեսողության խնդիրների պատճառով` աշխատելու սահմանափակ հնարավորություններով։ Ամեն գործ չէ, որ կարող է անել։

«Էս բետոնի վրա խազեր ա ցույց տալիս։ Մութ ժամանակ ավելի վատ է։ Լույսով էլ շատ հեռուն չեմ տեսնում, պղտորվում ա»,- ասում է՝ «շատ հեռու» ասելով` նկատի ունենալով 6-7 մետր հեռու ցանկապատը։

Երբ մոտենում էինք Նվերին՝ ծանոթանալու, չէր կողմնորոշվում, թե որ կողմ նայի։ Քանի դեռ հեռու ենք՝ նա այլ ուղղությամբ է նայում, որքան մոտենում ենք, հայացքն ավելի է ուղղվում դեպի մեզ։

Բժշկական ախտորոշումը՝ ցանցաթաղանթի պիգմենտային դեգեներացիա։ Խնդիրը եղել է մանկությունից, աստիճանաբար մեծացել է։

«Հայաստանում, բժիշկն ա ասել, որ նման վիրահատություն չեն անում։ Ես չգիտեմ էլ՝ սա կբուժվի՞, չի՞ բուժվի։ Ինձ միայն ասել են՝ էստեղ չի բուժվի»,- պատմեց Նվերը։

Ակնաբույժը դեղ է նշանակել՝ «Ռետինալամին», որի մեկ սրվակն արժե 46 հազար դրամ։ Երեք-չորս ամիսը մեկ պետք է մեկ սրվակ ներարկվի։ Այս դեղը, ըստ Նվերի, ավելի շատ եղած տեսողությունը պահպանելու համար է։

Մի անգամ սրսկվել է ու դադարեցրել։ Հաշմանդամության թոշակը պետք է երեք ամիս կուտակի, որ ի վիճակի լինի մեկ սրվակ գնել։

«Էս րեխեն առողջական խնդիր ունի։ Սկի աչք ունեցողը չի կարըմ աշխատանք գտնի, էս րեխեն ի՞նչ աշխատանք գտնի։ Տեսողությունն, իրոք որ, լավ չի»,- ասում է հարեւանուհին։

«Պապան փորձում ա գործ ճարի։ Անում ա՝ ինչ պատահի։ Ես չեմ կարում աշխատեմ»,- ասում է Նվերը։ Շատ կարճ ժամանակ է կարողացել աշխատել, հիմնականում՝ շինարարության մեջ։

«Ապրում են շատ վատ վիճակում։ Երեք երեխա է մեծացրել, առանց կնոջ, նոքարությամբ․․․ Գյուղում թաղում ա լինում, ասում են՝ Նիկոլ, արի փոսը կտրի։ Գերեզմանի փոս ա կտրում, որ փող աշխատի, երեխուն պահի։ Մեջքահան ա ըլնում։ Իշի պես գործ ա անըմ, ապրըմ»,- ասում է մյուս հարեւանը՝ Արտուշ Ղուկասյանը։

«Պատ շարըմ եմ, սվաղ անըմ եմ, շպակլյովկա անըմ եմ, ամեն գործ էլ անըմ եմ․․․ Գործ տու՝ անեմ։ Գործ տու՝ անեմ»,-խնդրում էր Նիկոլը։

Նվերը չի ուզում ամուսնանալ։ Հիմնական պատճառը տան պայմաններն են։ Ո՞վ կցանկանա հարս գնալ մի տուն, որտեղ խոնավ է ու մութ, ճաքած, հողե պատերով։

Երբ հեռանում էինք Հակոբյանների տնից, Նիկոլը ձեն էր տալիս․ «Չմոռանաք, եթե մի ադեալ, մի տեղաշոր ունեք՝ հաջորդ գալուց բերեք․․․»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter