HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

ABC.AM դոմեյնը բաժանորդից գաղտնի վաճառվել է օտարերկրացու

2017թ. մարտ ամսին Արա Խաչատրյանը, ցանկանալով ստուգել նոր կայքի համար դոմեյն անվան հասանելիությունը, մուտք է գործել օպերատորի կայք և զարմանքով հայտնաբերել, որ իրեն պատկանող abc.am դոմեյնի դիմաց այլևս իր անունը չկա գրված։

«Անմիջապես կապվեցի դոմեյնը գրանցած ընկերության հետ, - ասում է Արան, - պարզվեց, որ ես ինքս եմ պահանջել օպերատորի փոփոխություն, և գրանցումը «ՆԵԹՍԻՍ» ռեգիստրար ընկերությունից տեղափոխել «Էյ-Բի-Սի-Դոմեյն» ընկերություն, որի միջոցով էլ կատարվել է դոմեյնի բաժանորդի փոփոխությունը։ Դարձյալ ի զարմանս ինձ` այդ փոփոխությունը կատարվել է իմ իսկ գրավոր համաձայնությամբ. իբր ինձ պատկանող էլեկտրոնային փոստով նամակ եմ ուղարկել և հրաժարվել եմ դոմեյնից` հօգուտ ինչ-որ չինացու»։

Դոմեյն «ՆԵԹՍԻՍ» ընկերության հետ կնքած պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2017թ. մայիսի 25-ին, ինչը նշանակում էր, որ Արան չի խախտել պայմանագրի այն կետը, որով պահանջվում է տարեկան վճարի ժամանակին վճարում, և օպերատորն իրավունք չուներ այն վաճառելու:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ,  որով Արա Խաչատրյանը ճանաչվել է որպես տուժող: Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, սակայն  գործը կասեցվել է 2017 թ. մայիսի 26-ի որոշմամբ՝ հանցագործության մեջ մեղադրվող անձի ինքնությունը պարզված չլինելու հիմքով: Որոշման մեջ նշված է, որ իրավական փոխօգնության հայց է ուղարկվել ԱՄՆ և Չինաստան, և մինչև պատասխանների ստացումը քննչական կոմիտեն այլ գործողությունների իրականացումը նպատակահարմար չի գտնում: ԱՄՆ-ի իրավապահների օգնությամբ քննչական մարմինը ցանկանում էր պարզել, թե ինչ հանգամանքներում է կատարվել Խաչատրյանի էլ. հասցեի հափշտակությունը: Չինաստանից հայցվող փոխօգնությամբ քննչական մարմինը փորձում է հայտնաբերել դոմեյնի նոր տիրոջը՝ Ռաո Ժիֆենգին, և նրա միջոցով պարզելու մի շարք հարցեր:

Արա Խաչատրյանը նշում է, որ abc.am դոմեյնն իրեն է պատկանել 2007թ_ից, իսկ այս տարի ուներ կնքած մեծ շահութաբերությամբ բիզնես պայմանագիր, որի շրջանականերում սահմանված բիզնես գործության առանցքում հենց այս դոմեյն հասցեն էր: Սա նշանակում է, որ կորցնելով դոմեյնն՝ իր ընկերությունը մեծ վնասներ է կրում:

Խաչատրյանը «Էյ-Բի-Սի-Դոմեն» ընկերությունից պահանջել է դադարեցնել չինացու հետ կնքած պայմանագիրը և դոմեյնը վերադարձնել օրինական տիրոջը՝ իրեն, քանի որ իր հետ կնքած պայմանագրի դադարեցումը չի կատարվել նույն պայմանններով, ինչ դրա կնքումն էր: Սա նշանակում էր, որ վերոհիշյալ գործողությունների համար ընկերությունը որպես հիմք պետք է ներկայացներ իր կողմից ստորագրված գրավոր դիմում, մինչդեռ հիմքը իր էլեկտրոնային հասցեից ուղարկված նամակն է, որին կցված է անձնագրի պատճենը: 

«Էյ-Բի-Սի-Դոմեյն» ընկերությունը պնդում է, որ բարեխիղճ է գտնվել, սակայն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում

«Էյ-Բի-Սի-Դոմեյն» ընկերության տնօրեն Գրիգորի Սաղյանը նախ «Հետքին» խնդրեց հրաժարվել նյութը տպագրելուց՝ պատճառաբանելով, որ կտուժի հենց ինքը՝ Արա Խաչատրյանը, որի արարքը՝ նախաքննության գաղտնիքի հրապարակումը, կարող է պատճառ դառնալ վերջինիս դեմ քրեական հետապնդում սկսելու համար։ Այնուհետև, նա փորձեց Խաչատրյանին վարկաբեկող անձնական տվյալներ նշել՝ լրագրողին խորհուրդ տալով հեռու մնալ «կասկածելի մարդուց» և այս թեմայից:  

«Էյ-Բի-Սի-Դոմեյն» ընկերության տնօրեն Գրիգորի Սաղյանը հերքում է ընկերության կողմից` առանց բաժանորդի համաձայնության դոմեյնի վաճառքը երրորդ անձին։

Սաղյանը պնդում է, որ իրավատիրոջ փոփոխումը տվյալ դեպքում տեղի է ունեցել հենց իր՝ Արա Խաչատրյանի գրավոր համաձայնությամբ. այստեղ կասկած լինել չի կարող։  Ըստ նրա՝ Արա Խաչատրյանը տվել է իր գրավոր համաձայնությունը՝ էլեկտրոնային փոստով ուղարկելով նամակ և կցելով անձնագրի պատճենը, որը ընկերությունը բավարար է համարել։  Այն հարցին՝ արդյոք այդպես էր սահմանված հենց պայմանագրով, Գ․Սաղյանը պատասխանում է, որ ստորագրության պարտադիր պայման պայմանագրով սահմանված չի եղել, ուստի, չի կարելի պնդել, որ կոնտակտային հասցեից ուղարկված նամակը ընկերությունը չէր կարող բաժանորդի փոփոխության համար հիմք չհամարել:

Գ․Սաղյանը, սակայն, երկար չի ցանկանում խոսել՝ նշելով, որ հանդիպում ունի և ստիված է դուրս գալ: Խորհուրդ է տալիս մեկ ուրիշ անգամ այցելել:

«Էլ. փոստիս գաղտնաբառը կոտրել են»,-եղել է դոմեյնի ձեռքբերման առաջարկ

Արա Խաչատրյանը պնդում է, որ նամակն ուղարկվել է իր էլ. փոստից անհայտ անձի կողմից՝ իր գաղտնաբառը կոտրելու միջոցով։ Խաչատրյանն ինքն անտեղյակ է եղել գործարքից, ավելին, նա այժմ էլ չի կարողանում մուտք գործել իր էլեկտրոնային փոստ։  Ակնհայտորեն, դա եղել է մեկը, ում ձեռքի տակ կար իր անձնագրի պատճենը:

Ավելին, կատարվածից հետո Խաչատրյանը հիշել է, որ մեկ տարի առաջ դոմեյնը վաճառելու առաջարկ է ստացել, սակայն մերժել է:

«Նույնիսկ չցանկացա լսել, թե ինչ գին են առաջարկում, - ասում է Արան, - «էս չե՞ս ուզում իմանալ, թե ինչ գին է առաջարկվում» հարցին պատասխանեցի՝ ոչ, մարդը շատ զարմացավ: Հետո փորձեց հեռախոսահամար թողնել, բայց ցավոք չեմ պահել»:

Մի քանի գրավոր դիմումներներով պահանջելով դոմեյնը գրանցած ընկերությունից, այնուհետև նաև «Ինտերնետ տեխնոլոգիաների  կենտրոն» ՍՊԸ-ի  տնօրեն ու «Ինտերնետ հանրության» ՀԿ-ի նախագահ Արման Ներսիսյանից իր խախտված իրավունքների վերականգնում և դոմեյն հասցեի վերադարձ և ստանալով մերժում` Արա Խաչատրյանը դիմում է ոստիկանությանը:

«Ինտերնետ հանրության» ՀԿ-ի նախագահ Արման Ներսիսյանի դիրքորոշումը

Բոլոր դոմեյն անվանումները, նախքան դրանց հատկացումը դիմողին, հաստատվում են «Ինտերնետ հանրության» ՀԿ-ի կողմից (ISOC AM), որը հանդիսանում է AMNIC-ը կամ AM NIC-ը՝ Հայկական ցանցի ինֆորմացիոն կենտրոնը  (Armenia Network Information Centre) գործարկող կազմակերպությունը: Սա AM և ՀԱՅ երկրի կոդի բարձրագույն մակարդակի դոմեյնների (top level domains - TLD)  գրանցման ռեգիստրն է: AM NIC-ը շահույթ չի հետապնդում: Դրա հիմնական գործառույթներն են նաև դոմեյն անվան գրանցման հաստատումը, դոմեյնների տվյալների բազայի կառավարումը: Առանց AMNIC-ի հաստատման ռեգիստրար ընկերությունը դոմեյն չի կարող տրամադրել:  Հայաստանում այժմ գործում են 27 ռեգիստրար ընկերություններ:

«Ինտերնետ հանրության» ՀԿ-ի նախագահ Արման Ներսիսյանը հրաժարվում է պատասխանել «Հետքի» հարցերին ՝ նշելով, որ հարցազրույց չի տալիս:

«Դրա համար գոյություն ունի պատասխանատու անձ, որը տվյալ պահին երկրում չէ,_ նշում է Ներսիսյանը,_ եթե կան հարցադրումներ, դրանք տվեք գրավոր, մեկ օրում չեմ խոստանում, բայց մի քանի օրվա ընթացքում պաշտոնապես կպատասխանենք: Մենք հետևողական ենք մեզ ուղղված բոլոր հարցադրումներին. այդ պատասխանը, խնդրեմ, հրապարակե՛ք»:

Իրավիճակի մեկնաբանելուց հրաժարվելը Ներսիսյանը պատճառաբանում է իր իրավական գիտելիքների պակասով:

Մինչդեռ Արա Խաչատրյանը նշում է, որ այլ ռեգիստրարներից փորձել է ճշտել ռեգիստրարի կամ դոմեյնի իրավատիրոջ փոփոխության ընթացակարգը: Վերջինի դեպքում ստորագրությամբ հաստատված գրավոր համաձայնությունը՝ պարտադիր նախապայման է:  Նա ասում է, որ արդեն երկու ամիս է, ինչ AMNIC-ի ղեկավարից պահանջել է կազմակերպության կանոնադրությունը, սակայն վերջինս հրաժարվում է այն տրամադրել՝ պատճառաբանելով, որ այն հրապարակված է amnic.net կայքում: Իսկ երբ խնդրել է կոնկրետ նշել, թե կայքի որ հատվածում է այն, Ներսիսյանը մատնացույց է արել amnic.net կայքի Հաճախ տրվող հարցեր բաժնին:

Ինչո՞ւ շարունակել խնդիրը, եթե կարելի էր պարզ լուծում տալ

Ըստ Խաչատրյանի՝ չինացու անձնական տվյալներն ակնհայտորեն կեղծված են, որովհետև նշված կոնտակտային էլ. հասցեով կամ հեռախոսահամարով հնարավոր չէ կապ հաստատել վերջինիս հետ: Բացի այդ, գործում եղած մի շարք փաստեր հուշում են, որ հանցագործության հետքերը պետք է փնտրել ոչ թե արտերկրում, այլ հենց երկրի ներսում:

Ըստ Արայի՝ «Էյ-Բի-Սի-Դոմեյնի» տնօրեն Գրիգորի Սաղյանը հրաժարվում է վերադարձնել դոմեյնը Խաչարյանին՝ պատճառաբանելով, որ չինացին կարող է դատի տալ ընկերությանը՝ որպես փոխհատուցում պահանջելով մեկ միլիոն դոլար, բայց Սաղյանը նույնիսկ չի փորձել չինացուն տեղեկացնել, որ դոմեյնի նախկին տերը պնդում է գործարքը չեղյալ հայտարարելու մասին: 

«Սաղյանը կարող էր խնդրել չինացուց իրեն ուղարկել իմ՝ վերջինիս հետ ունեցած նամակագրությունը, ներկայացնել հեռախոսազանգերի վերաբերյալ ապացույցներ, բանկային փոխանցման ապացույցը, և պարզապես բոլոր հետագա հարցերը անիմաստ կդառնային: Այլ պարագայում, եթե նրա նամակներին նույնպես չեն պատասխանում, ապա ինչպես սահմանված է իրենց կանոններով, բաժանորդի սպասարկումը պետք է դադարեցվի, իսկ դոմեյնը վերադարձվի օրինական տիրոջը։ Մինչդեռ Սաղյանը երբևիցե ո՛չ իրեն և ո՛չ էլ քննիչին այդպիսի ապացույցներ չի ներկայացրել: Եթե Սաղյանը պնդում է, որ ես ինքս եմ վաճառել դոմեյնը, հետո փոշմանել եմ, ապա  ինչո՞ւ չի փորձում դա պարզել` պարզապես հետևելով հենց իրենց սահմանած կանոններին»,-ասում է Արա Խաչատրյանը:: 

Ըստ Գ․Սաղյանի՝ դոմեյն անվանումը գրանցելը բավականին դյուրին գործընթաց է, պարզապես հարկավոր է նշել կոնտակտային ճիշտ տեղեկություններ, վճարել ընդամենը 12000 դրամ, կցել ստորագրված պայմանագիրը և անձնագրի պատճենը կամ ընկերության գրանցման փաստաթղթերի պատճենները (իրավաբանական անձի դեպքում): Ռեգիստրար ընկերությունը ընդամենը 20000 դրամով հնարավորություն է տալիս դոմեյնը փակ գրանցելու, որի դեպքում  բաժանորդի կոնտակտային տվյալներն, ինչպիսիք են` դոմեյնի իրավատիրոջ անունը, փոստային և էլ.փոստի հասցեները, հեռախոսահամարը, հանրության համար կլինեն անհասանելի: Կայքում տեղ գտած տեղեկության համաձայն՝ «Պատվիրատուի տվյալներին «հասանելիության սահմանափակում» ծառայությունը տրամադրվում է միայն Կատարողի և Պատվիրատուի միջև թղթային պայմանագիր կնքելու պարագայում»: Այսինքն՝ նույնիսկ այն դեպքում, եթե վերջինիս ապահովվել է դոմեյնի հասանելիության սահմանափակումը՝ պրոքսի սերվերի գործարկման միջոցով, ապա ցանկացած պարագայում ռեգիստրար ընկերությունը տիրապետում է բաժանորդի իրական տվյալներին, այլ պարագայում, հետևելով սահմանված կանոններին, այն պարտավոր է անմիջապես դադարեցնել ծառայությունը:

Արա Խաչատրյանը կարծում է, որ բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ իր՝ abc.am դոմեյնը, հետաքրքրել է «հզոր» մեկին, որը, երկու ընկերությունների վրա ճնշում գործադրելով, տիրացել է դրան:  Նա չի պատրաստվում հետ կանգնել իր` խախտված իրավունքները վերականգնելու մտադրությունից, մանավանդ, որ գործում կան զեղծարարության անհերքելի ապացույցներ,  և պատրաստվում է բողոքարկել քննիչի որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter