HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ֆերմեր Ասատուրի հաջողության բանաձեւը

Տաշիրցի ֆերմեր Ասատուր Հարությունյանի հետ հանդիպման պայմանավորվածություն դժվարությամբ ենք ձեռք բերում, առանձնապես չի սիրում հրապարակավ խոսել իր գործի մասին, չնայած որ տարիներ շարունակ դրա մեջ է ոչ միայն ինքը, այլեւ ընտանիքը: Այդուհանդերձ, հանդիպման ժամանակ ծավալված զրույցի ընթացքում պարզ է դառնում, որ Ասատուրը ոչ միայն համեստ ու իր գործին նվիրված մարդ է, այլեւ հետաքրքիր զրուցակից, որի կարծիքը գյուղատնտեսության ու ֆերմերության մասին հետաքրքիր է թեկուզ այն պատճառով, որ շաբլոն չէ ու հիմնված է երկարամյա փորձի վրա:

Մասնագիտությամբ անասնաբույծ է, սովորել է Երեւանում, աշխատել Կալինինոյի տոհմաբուծական ֆերմայում, եղել դրա անասնաբույծը, ապա տնօրենը: Պատմում է, որ անկախությունից հետո ֆերման մեկ-երկու տարի գործեց, ապա մասնավորեցվեց: 1991-ին Ասատուր Հարությունյանը որոշել է ընտանեկան ֆերմա հիմնել. ինքն էր, կինը, երեխաները: Սկսել են 5 գլուխ տավարից, որը ձեռք էին բերել Կալինինոյի նախկին սովխոզից: «Եթե անասնաբուծությանը լավ ես վերաբերվում, շատ արագ ավելանում է, իսկ եթե վատ, շատ արագ վերջանում է»,- ասում է ֆերմերը: Այն, որ մինչեւ 2000-ականները Հարությունյանների ֆերման աճ է գրանցել, խոսում է նրանց աշխատանքի արդյունավետության մասին:

Ընտանեկան բիզնեսի հիմնադիրն ու ղեկավարը պատմում է, որ 2006-ից սկսել են ավելի լուրջ հիմքերի վրա դնել ֆերմերությունն ու հիմա 50 գլուխ կթու կով ունեն: Մատղաշների թիվը տարվա ընթացքում տատանվում է, քանի որ անընդհատ ցիկլի մեջ են՝ ծնվում են, իսկ որոշ ժամանակ անց մտնում հիմնական անասնագլխաքանակի մեջ կամ էլ վաճառվում:

Ա. Հարությունյանն ասում է, որ արտադրող (բեղմնավորող) ցլեր չեն պահում, ունեն ցլացուներ, սակայն դրանց վաճառում են մսի համար կամ նրանց, ովքեր ֆերմայում արտադրող ցլի կարիք ունեն: Իսկ իրենք կիրառում են արհեստական բեղմնավորումը, սերմնահեղուկը գնում են «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամից (CARD), որն իր հերթին ներմուծում է արտասահմանից՝ ի թիվս գյուղատնտեսական տարբեր պարագաների ու սարքավորումների: Հիմնադրամի մասին ֆերմերը գովեստով է խոսում: Շեշտում է նաեւ, որ Տաշիրում արհեստական բեղմնավորումը միշտ էլ տարածված եղանակ է եղել, շրջիկ սերմնավորող-տեխնիկներ կան, որոնց հարկ եղած դեպքում կանչում են, նույնը վերաբերում է անասնաբուժական ծառայության աշխատակիցներին:

Ասատուրի ֆերմայի կովերը կովկասյան գորշ տավարի եւ հոլշտեյն (հոլանդական, գերմանական, դանիական), շվից (շվեյցարական), ջերսի (կոչվում է նաեւ ջերսեյան, անգլիական) ցեղերի երրորդ-չորրորդ սերնդի խառնածիններ են: Ջերսիներն աշխարհում ամենայուղոտ կաթ (5-6 % յուղայնություն) տվող կովերն են, դրանց կաթի մեջ բարձր է նաեւ սպիտակուցների քանակը, սակայն զանգվածով փոքր են (կովերը՝ 380-450 կգ): Փոխարենը հոլշտեյն կամ հոլանդական ցեղի կովերը ավելի խոշոր են (550-600 կգ) ու աշխարհում կաթնատու ցեղերի մեջ ամենատարածված են: Տաշիրցի ֆերմերն ասում է, որ չնայած խոշորության շնորհիվ հոլշտեյնն ավելի է գնահատվում, կաթնատվությամբ եւ ապրանքային նպատակների համար երկուսն էլ հարմար են ու իրար չեն զիջում: Դրսի ցեղերի հետ տրամախաչումը օգնել է կաթի արտադրությամբ զբաղվող ֆերմայում բարելավել ցուցանիշները թե քանակական, թե որակական տեսանկյունից:

Բազմափորձ ֆերմերն ասում է, որ լավ որակի կենդանիներ ու կեր ունենալը դեռ քիչ է լավ արտադրանք տալու համար: Նա առանձնացնում է 4 հիմնական գործոն. «Պետք է ունենալ լավ տեխնոլոգիա, լավ անասնաշենքեր, բարձր կերապահովվածություն ու լավ անասնաբուժական սպասարկում: Եթե բոլորը միաժամանակ են լինում, կունենանք ժամանակակից գյուղատնտեսություն, որի համար չենք ամաչի: Այսինքն՝ մեր կովը տարեկան գոնե 6000 լիտր կաթ կտա, ոչ թե 2000: Աշխարհի լավագույն երկրներում մի կովից 10-12 հազար լիտր են ստանում»:  

Գոմաղբն այսպես դուրս է բերվում ֆերմայից ու դառնում պարարտանյութ 

Չնայած Ասատուրը ռեկորդակիր կովեր չունի, նշում է, որ հանրապետության միջին ցուցանիշի կրկնակին է ստանում՝ կովերը տարեկան 3500-4000 լիտր կաթ են տալիս: Իսկ նպատակը 5000-6000-ին հասնելն է, ինչից ավելիին ֆերմերն այս պահին չի ձգտում: Ռեկորդների մասին էլ ասում է, որ դրանք գրանցվում էին խորհրդային տարիներին, բայց ոչ հիմա, հետո ավելացնում է, որ մեր երկրում ժամանակակից լավ ֆերմաներ շատ կան՝ Սպիտակում, Վայոց ձորում, Զանգեզուրում, Դիլիջանում:      

«Կոլխոզները մասնավորեցվեցին, կովերը բաժանվեցին, մարդիկ տարան իրենց տները, կապեցին, ու ամեն ինչ դրանով ավարտվեց: Բայց ապրանքային կաթ արտադրելու համար ֆերմերային տնտեսություններ պետք է լինեն, մյուս ուղղությունն էլ կոոպերատիվ ֆերմաներն են՝ տարբեր մարդկանց սեփականություն հարյուրավոր, հազարավոր գլուխ անասուններով»,- ասում է Ասատուր Հարությունյանը եւ միանգամից նշում, որ կոոպերատիվը մեր մենթալիտետի համար շատ ավելի բարդ է, ու հայերիս ավելի հեշտ է 20-50 գլուխ անասունով ֆերմերային տնտեսություններ ձեւավորելը, իսկ 1-2 գլուխ տավար պահելն ուղի չէ, դրանով հնարավոր չէ առաջ գնալ:

Ասատուրի ֆերման այսօր էլ ընտանեկան բիզնես է, աղջիկներն այլեւս առանձին են ապրում, մնացել են ինքը, կինը, որդին: Հիմա, սակայն, վարձու աշխատողներ ունեն՝ կթվորները, իսկ անասնապահներն, այսպես ասած, ընդհանուր սկզբունքով են, արածեցնում են ոչ միայն Ասատուրի, այլեւ ուրիշների նախիրները: Պատճառն այն է, որ անասնապահի վարձը գոյանում է գլխաքանակից, հետեւաբար ձեռնտու չէ քիչ անասուն տանելը, դրա համար էլ միավորում են:

Տաշիրցի ֆերմերն ասում է, որ իրենց տարածաշրջանը կաթնային տավարաբուծության իդեալական գոտի է, որը, սակայն, հիմա ճիշտ չի օգտագործվում: Բանն այն է, որ Տաշիրից արեւմուտք՝ դեպի Աշոցք, արտագնա ընդարձակ արոտավայրեր ունեն, սակայն համապատասխան պայմանների բացակայության պատճառով քիչ խմբեր են գնում այնտեղ:

«Արտագնա արոտավայրերն օգտագործելու համար մեծ գլխաքանակ է պետք, որպեսզի մարդիկ ամբողջ սեզոնով գնան այնտեղ, իսկ քիչ քանակի դեպքում դա չկա,- ասում է Ա. Հարությունյանը՝ նշելով, որ մարդիկ իրենց հետ վագոններով տանում են ամեն ինչ,- եթե տեղում կոմունիկացիներ լինեն, փոքր խմբերն էլ կգնան: Արոտավայրերի օգտագործումը կանխում է դրանց դեգրադացիան, այնինչ հիմա անասնագլխաքանակը կենտրոնացել է հարթավայրային հատվածում, իսկ վերեւները չեն օգտագործվում»: Ստացվում է, որ մի դեպքում արոտավայրերը տուժում են մասսայական, ինտենսիվ օգտագործումից, իսկ մյուսում՝ դրա բացակայությունից: Ասատուրի փոխանցմամբ՝ անձամբ իրեն ձեռնտու չէ արտագնան, սակայն շատերին ձեռք է տալիս, եթե, իհարկե, համապատասխան պայմաններ լինեն: Այդուհանդերձ, ըստ նրա, այսօր էլ մեկ տասնյակի չափ խմբեր կան, որոնք բարձրանում են սարերը, կան նաեւ, որ այնտեղ թողնում են միայն նախրապաններին, իսկ իրենք գնում են կիթի համար:

«Չեմ պատկերացնում Տաշիրում ապրող մարդու, ով անասնապահությամբ չի զբաղվում, տնամերձում կարտոֆիլ, կանաչի չի ցանում: Ուրեմն ինքն էստեղ իզուր է ապրում,- ասում է ֆերմերը,- կարող է ասածիս համար շատերն ինձ քարկոծեն՝ ասելով, որ ես ամեն ինչ ունեմ, բայց ես շատ եմ աշխատում, 15 տարի շարունակ արձակուրդ չեմ ունեցել, 1991-2000 թթ. օրական 18 ժամ էի աշխատում»:

Հիմա էլ Ասատուրի գործը քիչ չէ. անասունի համար ցորեն է աճեցնում, սիլոս պատրաստում, շուկայից թեփ առնում, որի կիլոգրամը 110-120 դրամ է: Ասում է՝ իդեալական կլիներ, եթե 100 դր լիներ, բայց եթե վաճառվում է այդ գնով, ուրեմն պահանջարկ կա, շուկայական հարաբերություններ են:  

Կովերին կթում են այս սարքերով

Շուկայի մասին խոսելիս ֆերմերը սառն է դատում՝ առանց հուզականության ու սուբյեկտիվության: Ասում է, որ ամռանը 15-20 տ կաթ են ստանում, ձմռանը՝ 8-10 տ: «Վաճառում ենք, կաթ լինի՝ իրացնելը պրոբլեմ չէ: Տաշիրում ոչ ոք չի կարող բողոքել, որ չի կարողանում իրացնել, էստեղ կաթը գնվում է անմիջապես»,- նշում է մեր զրուցակիցը: Դիտարկմանը, թե, օրինակ, Մարտունիում, գյուղացիները կաթն իրացնելու խնդիր ունեն ու ասում են, որ 80 դրամ է՝ հանքային ջրից էժան, Ասատուր Հարությունյանը պատասխանում է. «Չեմ կարծում, թե 120 դրամից էժան ապրանքային կաթ կա հանրապետությունում: Ապրանքային կաթն այն է, որ ֆերման օրական գոնե 100 լ արտադրում է, այսինքն՝ մարդ պիտի լինի, որ վառելիք ծախսի, մեքենայով գա ամեն օր, տանի, հանձնի: Գոնե 500 լ պետք է, որ այդ մարդը գումար աշխատի: Պատկերացրեք տատիկի կովի կաթը, որ 5 լիտր է, վարորդն այդպես 100 կետում պիտի չափի, վերցնի, տանի, հանձնի: Իսկ եթե կա ապրանքային կաթ՝ 100 լիտր, նա ավելի քիչ միջոցներ կծախսի, կկանգնի միայն 5 կետում: Եթե կա ապրանքային կաթ, կա նաեւ կաթի գին, ու կարելի է հանձնել նորմալ գնով: Այսինքն՝ կարող է տատանվել 120-ից մինչեւ 150, 170 դրամ:

Կաթը պահում են այստեղ

Ջերմուկից էժան լինելու համեմատությունը ճիշտ չէ, դրա գինը ձեւավորվում է շշալցումից, փաթեթավորումից, պիտակավորումից, ակցիզավորումից, խանութ բերելուց, հարկերն ու աշխատավարձերը վճարելուց: Այո, մենք երբեք չենք ասել, որ կաթի գինը էժան է, աշխարհի բոլոր ֆերմերներն էլ միշտ դժգոհ են, ֆրանսիացի ու հոլանդացի ֆերմերներն էլ են դժգոհ, ինչքան ես եմ տեղյակ, Հոլանդիայում կաթի լիտրը 30 եվրոցենտ արժե, այսինքն՝ 175-180 դրամ, մեզ մոտ մի քիչ ավելի էժան է, բայց մենք հոլանդացու չափ ծախսեր չենք անում, չնայած նրան իր երկիրն օգնում է: Ճիշտն այն համեմատությունն է, երբ նայում ենք, թե ինչքան ծախս ենք անում կաթ արտադրելիս ու ինչքանով ենք վաճառում, ինչքանով է մեզ ձեռնտու»:

Գյուղատնտեսական ոլորտին կառավարության աջակցության վերաբերյալ ֆերմերն իր դիտողություններն ունի. «Պետությունը որոշակի պետական ծրագրերով է օժանդակում՝ սերմերի հատկացում, դիզվառելիք, պարարտանյութ, լավ կլինի, որ դրանք շարունակական ու ընդլայնվող լինեն: Պետությունը հակակարկտային կայաններ պիտի տեղադրի: Տաշիրի շրջանում, ինչքան տեղյակ եմ, մեկական կայան կա Մեդովկայում ու Մեծավանում, բայց դրանք ֆերմերներն իրենց ծախսերով են տեղադրել: Տաշիրն ամենակարկտային տարածքներից է: Դրանով պիտի ԱԻՆ-ը զբաղվի, ոչ թե ես դիմեմ»:

Որպես պետական օժանդակության օրինակ հիշեցնում եմ, որ ժամանակին նախկին վարչապետը գյուղացիներին հուշում էր, թե ինչպես պետք է լվալ կովի կուրծը, իսկ գյուղնախարարի նախաձեռնությամբ օրհնվում էին արտերը: «Ըստ երեւույթին, նախարարն ու վարչապետը հուսահատությունից են նման բան ասում,- պատասխանում է Ա. Հարությունյանն ու մասնագիտական շեշտադրում անում,- եթե կովին շատ լավ պահես, կուրծը գոլ ջրով լվալու կարիք չկա ու նույնիսկ վնասակար է: Եթե գոմաղբի մեջ չպառկի, կարելի է ընդամենը անձեռոցիկով մաքրել ու կթել: Պետությունը պիտի ճիշտ քաղաքականություն վարի, լավ պայմաններ ստեղծի, իսկ երկրի բնակչությունը հարգի գյուղացուն:

Մեր գյուղատնտեսությունը շատ լավը կլինի էն ժամանակ, երբ բնակչությունը գյուղացուն գեղցի չասի: ԱՄՆ-ում ֆերմերը հարգված մարդ է, ազգի պարծանքն է, որը մեծ քանակությամբ մթերք է արտադրում, իսկ մեր գյուղացին հարգված չէ, ձեռք են առնում հեռուստացույցով, դա սարսափելի է, մարդուն թեւաթափ են անում, փոխարենը խրախուսել է պետք: Գյուղացուն փող պետք չի տալ, դա կարելի է անել միայն նրա կողմից կոնկրետ ծրագիր ներկայացնելու դեպքում՝ պայմանով, որ նրանից վերցնեն ոչ թե 24, այլ 5-6 տոկոս, որը նա կկարողանա վճարել, որովհետեւ իր արտադրությունից ակնկալելու է 10-20 տոկոս եկամուտ ու դրա կեսը կարող է տալ, բայց ոչ ամբողջը, թե չէ կսնանկանա»:

Ասատուր Հարությունյանն ապագայի հանդեպ լավատես է, բայց ամեն ինչի հիմքում դնում է աշխատանքն ու աշխատասիրությունը. «Եթե էս երկիրը չսիրեի, էստեղ չէինք լինի, գնալու հնարավորություններ ունեմ, կրթություն ունեմ, բայց էստեղ հող եմ մշակում, ցորեն եմ ցանում, կով եմ պահում… Ոչ մի տեղ չեմ գնալու, համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ուրիշ բան, որ աղբ ենք թափում գետերը, ծառերն ենք կտրում, ժողովուրդը աղքատ է, հազիվ է ծայրը ծայրին հասցնում: Բայց համոզված եմ, որ եթե մարդիկ շատ աշխատեն, հաստատ լավ կլինի»: 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter