HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Մինուս»-ով ներդրումներն ու կառավարության վստահությունը

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում կատարված օտարեկրյա ներդրումների ցուցանիշները հակասում են  վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարած հեռանկարներին։ Կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, ավելի վաղ հայտարարել է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում  3.2 մլրդ դոլարի օտարերկրյա ներդրում է ներգրավելու հայաստանյան տնտեսություն, որից 830-840 մլն դոլարը պետք է ապահովվի արդեն այս տարի։  Մինչդեռ, ամենաթարմ տվյալները ցույց են տալիս, որ տարվա առաջին եռամսյակում ներդրումները բացասական մեծություն ունեն։ 

Օրերս Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է ներդրումների պատկերը՝ հունվար-մարտի կտրվածքով։ Այդ ընթացքում Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է -7.5 մլրդ դրամ (կամ -15.5 մլն դոլար)։ Հիշեցնենք՝ զուտ հոսքերը ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են:  Հետևաբար, առաջին եռամսյակի բացասական ցուցանիշը նշանակում է, որ  ավելի շատ մարումներ են կատարվել, օրինակ՝ վարկերի մարումների տեսքով, քան ստացումներ։ Այլ խոսքով՝ հայաստանյան տնտեսությունից ավելի շատ գումար է դուրս եկել, քան ներհոսել։ 

Միաժամանակ, 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատ ներդրումների զուտ հոսքերը պակասել են 9.2 մլրդ դրամով։ 

Ու չնայած այս ցուցանիշներին՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը երեկ լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ կառավարությունը  կկատարի ներդրումների հետ կապված նախընտրական խոստումները: Եվ որ այն ծրագրերը, որոնց մասին հայտարարվել է, բնականոն հունով առաջ են ընթանում։ 

Իհարկե, չի բացառվում, որ տարեվերջյան տվյալներով` 830-840 մլն դոլարի ներդրումներ իսկապես կատարված լինեն։ Չի բացառվում նաեւ, որ դրա մեծ մասն ապահովվելու է Ամուլսարի հանքի հետ կապված Lydian International ընկերության ներդրումների շնորհիվ։ Իսկ ընկերությունն այս կառավարության օրոք չէ, որ որոշել է ներդրումներ կատարել։ Այդ ներդրումների ու ծրագրերի մասին հայտնի էր ավելի վաղ, երբ կառավարության ղեկին ներկա դեմքերը չէին։ Մյուս կողմից էլ դեռ հարց է` Ամուլսարը բաց հանքի վերածելու նախագիծը ձեռքբերու՞մ է մեզ համար, թե՞ ոչ. այն, ինչպես պնդում են բնապահպանները, բնապահպանական լուրջ վտանգներ է պարունակում։  

Վիճծառայությունն առանձին ներկայացնում է նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը։ Այս տարի դրանք կազմել են 19.7 մլն դրամ (կամ 40.6 մլն դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4.7 մլրդ դրամով։ Ներդրումների մասին խոսելիս ամեն անգամ ստիպված ենք լինում ընթերցողին ծանրաբեռնել մեթոդաբանական բացատրություններով, քանի որ այն տեսքով, որով ԱՎԾ-ն ներկայացնում է այդ ցուցանիշները, ընկալելն այնքան էլ հեշտ չէ։ Այսպես` ներդրումների զուտ հոսքերը, որոնց մասին խոսեցինք և որոնք, փաստորեն, բացասական մեծություն ունեն, ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները։ Այլ ներդրումները, որոնց թվում են նաև վարկերն ու փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք ու ստացվելիք գումարները, ստացված ու տրված կանխավճարները, գործնականում կարող են արտահայտված լինել այնպիսի բացասական մեծությամբ (ստացումների և մարումների տարբերության հաշվին), որի արդյունքում ընդամենը ներդրումների հանրագումարը կարող է ավելի փոքր լինել, քան ուղղակի ներդրումներինը։ Դա է պատճառը, որ ներդրումների ընդհանուր ցուցանիշը բացասական է, սակայն ուղղակի ներդրումները դրական արդյունք ունեն։ 

Նշված մեթոդաբանությամբ ներդրումները հաշվարկվում են 2014 թվականից սկսած։ Այս տարվա առաջին եռամսյակում ներդրումների զուտ հոսքերն ամենացածրն են 2014-ից ի վեր։  

Ով որքան է ներդրել 

Ինչպես ավելի վաղ գրել ենք, 2016 թվականի տարեկան տվյալներով ևս ներդրումների նվազում է արձանագրվել, հատկապես` Ռուսաստանից «հոսած» գումարների մասով։ Այդ միտումը շարունակվել է նաև այս տարվա առաջին եռամսյակում. Ռուսաստանից կատարված ներդրումների զուտ հոսքերը մոտ 11.2 մլրդ դրամով նվազել են։ 13.5 մլրդ դրամով էլ նվազել են ԱՄԷ-ից հոսող ներդրումները։ 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Կիպրոսից, Լյուքսեմբուրգից, Միացյալ Թագավորությունից հոսած ներդրումները բացասական մեծություն ունեին. փողի արտահոսքն ավելի մեծ էր եղել, քան ներհոսքը։ Իսկ այս տարվա առաջին երեք ամիսներին այս երկրներից եկող գումարներն ավելացել են։ 

Ինֆոգրաֆիկայում առանձնացրել ենք այն երկրները, որոնք Հայաստանում  կատարված ներդրումների ծավալներով կամ զգալի դրական, կամ բացասական արդյունք են գրանցել։ 

Մնացած երկրների առումով ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը մեծ չէ։

Ցուցանիշները ներկայացված են մլն դրամով։

Իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալներն ըստ երկրների (մլն դրամ)
Create bar charts

Ինչպես տեսնում եք, Հայաստանում նոր ներդրող է հայտնվել՝ Ջերսին։ Այս երկրից նախորդ տարվա կեսերից սկսած ներդրումներ են կատարվում։ Դրանք հոսում են հանքարդյունաբերության ոլորտ։ Ենթադրաբար, խոսքը Lydian International-ի ներդրած գումարների մասին է. ընկերությունը գրանցված է Ջերսիում։ 

Հայաստան եկող ներդրումները հիմնականում ուղղվել են հանքարդյունաբերության, խմիչքների, ծխախոտի, հիմնային մետաղների արտադրության, հեռահաղորդակցության,  կացության կազմակերպման, ջրամատակարարման և առևտրի ոլորտներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter