HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Մենք էստեղ ընդհանուր լեզու կգտնենք մեր հողի հետ»,- Հայաստանում մնալու մասին ասում է 70-ամյա ռուս կինը

Աննա Յակուշեւային այդպես էլ չենք կարողանում լուսանկարել: Կտրականապես հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ մեր այցից առաջ մաքրություն էր անում, աշխատանքային հագուստով է ու չհարդարված: Մի քանի անգամ ներողություն է խնդրում իր արտաքին տեսքի համար, չնայած այդպես էլ չենք հասկանում, թե ինչու մարդը պիտի նեղվի տնային շորերով լինելու համար: Ներողություն է խնդրում նաեւ, թե տունը հավաքված չէ, չնայած իրականում ամեն ինչ շատ կոկիկ է ու մաքուր:

Մեր զրույցի մեխն ակամայից դառնում է հայերի ու ռուս մոլոկանների հարեւանությունը: 70-ամյա Աննա Ալեքսեեւնան ծնվել ու մեծացել է այստեղ՝ նախկին Կալինինոյում, այսօրվա Տաշիրում: Պատմում է, որ իրենց փողոցում գերազանցապես մոլոկաններ էին ապրում, որոնք 1980-ականներից սկսեցին հեռանալ Ուկրաինա ու Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս: Հետո այստեղ տեղափոխվեցին բաքվեցի փախստականներ, որոնք երկար չմնացին Տաշիրում: «Այս փողոցում մոլոկաններ էին, մի հարեւան ունեինք՝ ադրբեջանցի էր, բոլորն էլ լավ մարդիկ էին, իրար հետ նորմալ ապրում էինք: Մոլոկանները հիմնականում Ուկրաինա գնացին, խեղճ բաքվեցիներն էլ շուտ գնացին: Հիմա մեր փողոցում հիմնականում ֆրանկներ (կաթոլիկ հայեր- հեղ.) են Սարչապետից, վերջերս էլ մեր հարեւան Ֆյոդոր Պոպովը մահացավ»,- պատմում է տարեց կինը:

Աննա Ալեքսեեւնան մասնագիտությամբ բուժքույր է, 46 տարի աշխատել է, հիմա 55.000 դրամ թոշակ է ստանում, ասում է, որ իրականում փոքր գումար չէ այլ թոշակառուների ստացածի համեմատ, դժգոհ չի կարող լինել, սակայն աշխատանքային տարիներին մի քանի հիվանդություն է «բռնել», ու թոշակն այժմ չի հերիքում՝ դեղեր գնելու համար. «Ոնց մյուսներն են ապրում Հայաստանում, այնպես էլ ես»: Հիշում է, որ խորհրդային տարիներին արձակուրդներին միշտ կուրորտ էին գնում, իսկ հիմա բուժման համար նույնիսկ Վանաձոր հասնելն է խնդիր՝ միայն բժշկական ծառայությունները 36.000 դրամ արժեն, էլ ի՞նչ պիտի անի մնացած գումարով:  

Հայրը մահացել է 1967-ին ավտովթարից, եղբայրն ապրում է Մոսկվայում, Աննա Ալեքսեեւնայի ասելով՝ պաշտոնով մարդ է, քույրն էլ ամուսնացել է ու ապրում է Տաշիրի Մեդովկա գյուղում: Արդեն 5 տարի է, ինչ մահացել է մայրը ու, հիմա Աննա Ալեքսեեւնայի միակ ընկերը քրոջ աղջիկն է՝ դպրոցական Նադյուշան, որը Տաշիրում է սովորում: Հարցնում եմ՝ չե՞ք ամուսնացել, մի պահ լռում է. «Ստացվեց այնպես, որ իմ լավագույն ընկերուհին ինձնից տարավ սիրածս մարդուն: Այդպիսի ընկերուհիներ էլ են լինում, ինձնից ճարպիկ էր: Ես ու այդ տղան հարեւաններ էինք, 11 տարի միասին էինք սովորել, ինձ համար մեծ կորուստ էր: Հետո էլի ուզողներ կային, շրջապատս մեծ էր, բայց երեւի մենակություն է գրված… Եթե այդպես է գրված, ուրեմն կլինի, ինչպես որ եթե մարդու մահը եկել է, ուրեմն այդպես էլ կլինի, ոչ մի դեղ չի օգնի»:

70-ամյա կինը երանությամբ է հիշում անցած տարիները. «Ես մոլոկան եմ, մոլոկան, ու հեչ չեմ նեղվում, որ մոլոկան եմ: Մոլոկաններն ամենալավ, նորմալ ու բարի մարդիկ են: Բոլորն էլ մաքրակենցաղ ու կարգին մարդիկ են... Հորական տատս առավոտյան հինգին գալիս էր, բլիններ էր պատրաստում, ռուսական վառարան ունեինք, պապայենք հնդկահավ էին մորթում, հետո իրար հետեւից գալիս էին չորս հորքուրներս, նստում ճաշում էինք»: Հետո ասում է, որ հոր մահից հետո «հորքուրկաները» շատ են օգնել իրենց, ամեն կերպ աջակցել են, որ ընտանիքը ոտքի կանգնի:

Մոր մահից հետո էլ ամբողջ հարեւանությունը՝ փողոցը, Աննա Ալեքսեեւնայի պատմելով, իր թիկունքին կանգնած էր: Ասում է՝ գուցե նրանից է, որ հիմնականում ինքն է բուժում նրանց, որովհետեւ հարեւանները բժշկի քիչ են գնում, բայց շեշտում է նաեւ, որ իր արածի տասնապատիկի չափով պատասխան է ստանում. «Զորիկը ջրաչափը դրեց, Իշխանը օգնեց, ասում էր՝ ոչ մեկին չասես, ես կանեմ: Ո՞նց կարող եմ մոռանալ: Չեմ կարող»:   

Հարցնում եմ, թե ինչ է մտածում այսօրվա մասին, երբ մոլոկաններից շատերը Հայաստանից հեռացել են, մնացել են առավելապես տարեցները: «Թող աստված գնացողների հետ լինի, իսկ մենք էստեղ ընդհանուր լեզու կգտնենք մեր հողի հետ»,- բազմանշանակ պատասխանում է Աննա Ալեքսեեւնան: 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter