HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրանուշի ասեղով «նկարված» բնությունը

Ամալյա Մարգարյան

Մայրանուշը պայուսակից հանում է գունավոր թելերի խուրձն ու ասեղնագործության օղակը և սպիտակ սավանի վրա ասեղով գունավոր ծաղիկներ «նկարում»: Պատմում է, որ ասեղնագործության առաջին փորձերն արել է տարիներ առաջ՝ երեխաների բարձերի վրա, հետո ասեղնագործել տան սփռոցների, սավանների վրա:

Տիկին Մայրանուշը րոպեների ընթացքում ասեղի մի քանի հարվածով տերևներ, ծաղիկներ, թռչուններ է գործում: Ասում է, որ ամբողջ օրն օղակը ձեռքին աշխատում է: «Գնորդները երբ մոտենում են, տեսնում աշխատանքներս, չեն հավատում, որ ձեռքով է արվել, ստիպված ամբողջ օրն ասեղն ու օղակը ձեռքիս եմ պահում: Երբ գործընթացն իրենց աչքով են տեսնում, այդ ժամանակ սկսում են հավատալ»,-ասում է Մայրանուշ Ավչոյանը:

2014-ին Մայրանուշը որոշել է փոքր բիզնես հիմնադրել և իր ձեռքի աշխատանքները վաճառել «Վերնիսաժում»: Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով ներկայացնում է աշխատանքները և արտասահմանցի գնորդներ գտնում:

Մայրանուշն ասում է, որ իր ասեղնագործություններն առանձնանում են պարզությամբ: Նա կարևորում է բնության հետ կապը, դրա համար էլ բնության պատկերներ է կերտում. «Ասեղնագործում եմ հիմնականում նուռ, խաղող, սիրամարգ, հայկական լեռնաշխարհում աճող ծաղիկներ: Օգտագործում եմ հայկական մանրանկարչության դետալներ»:

Զրուցակիցս մասնագիտությամբ քիմիկոս է, դպրոցն ավարտելիս որոշել է նկարչություն սովորել, սակայն, հաշվի առնելով Սովետական Հայաստանի գործարանների թիվը, ընդունել է ընտանիքի անդամների խորհուրդը և քիմիական տեխնիկում ընդունվել:

Կատարած ընտրության համար չի զղջում, պատմում է, որ կրթության ընթացքում ստացած գիտելիքն օգնում է: «Գծագրեր անելիս կարողանում եմ ճիշտ համադրել, համաչափ պատկերներ ստանալ. դա կարևոր է»:

Մայրանուշը աղջկան՝ Հասմիկին ևս փոխանցել է ասեղնագործելու հմտությունները: Նա էլ մոր հետ հավասար աշխատում է. եզրակարեր անում, ասեղնագործում: Ասում է, որ ընտանեկան բիզնեսի համար փորձում է նոր գաղափարներ առաջարկել, ուսումնասիրում ասեղնագործության նոր միտումները:

Իսկ Մայրանուշի տղան՝ Կամսար Օհանյանը, մասնագիտությամբ նկարիչ է, սովորել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում: Կամսարը պատմում է, որ մանկուց սիրել է նկարել, առաջին նկարներն էլ արել է տան պատերին՝ գունավոր գրիչներով, մեխերով: Հիմա կտավների վրա յուղաներկով է նկարում, նաև` գրաֆիկաներ պատկերում: Կամսարի աշխատանքներում առանձնանում են սպիտակով սևի վրա արված նկարները, որտեղ սևը դառնում է ստվեր, սպիտակը՝ լույս:

«Ես ջնջելու փոխարեն նկարում եմ՝ օգտագործելով սպիտակ քողարկող ներկ: Այստեղ լույսի ու ստվերի խաղը հակառակ կողմից է արվում,-ասում է Կամսարը, հետո ավելացնում,- յուրաքանչյուր գործ պետք է նկարիչն ու արվեստաբանն ինքը հավանի, հետո ներկայացնի»:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter