HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պետական պարտքը հատեց 6 մլրդ դոլարի շեմն ու դեռ կաճի

Հայաստանի պետական պարտքն այս տարվա ապրիլի վերջի դրությամբ հատել է 6 մլրդ դոլարի շեմն ու կազմել շուրջ 6.037 մլրդ ԱՄՆ դոլար։ Միայն մեկ ամսում այն ավելացել է մոտ 41 մլն դոլարով կամ 0.7%-ով, իսկ այս տարեսկզբի համեմատ՝ 95 մլն դոլարով կամ 1.6%-ով։

Ընդհանուր պարտքից 4.852 մլրդ դոլարը մեր արտաքին պետական պարտքն է, իսկ 1.185 մլրդ դոլարը՝ ներքին պարտքը։ Թե մեկը, թե մյուսն ավելացել են տարեսկզբի համեմատ։ Ու չնայած ներքին պարտքի ծավալը շատ ավելի փոքր է, սակայն այն նախորդ տարվանից սկսած` ավելի մեծ տեմպերով է աճում։ Կառավարությունը դա բացատրում է ընդհանուր պարտքի կազմում ներքին պարտքի կշիռն ավելացնելու նպատակադրությամբ՝ հիմնականում նշելով, որ ներքին պարտքի պարագայում երկիրը զերծ է մնում արտարժույթի տատանումների բացասական հետևանքներից։ 

Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է մոտ 47 մլն դոլարով կամ մոտ 1%-ով, իսկ ներքին պարտքը՝  48.5 մլն դոլարով կամ 4.3%-ով։ 

Արտաքին պարտքի գերակշիռ մասը ՀՀ կառավարության պարտքն է։ Իսկ ներքին պարտքի կազմում, որը ևս Կառավարության պարտքն է, առյուծի բաժինը ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերն են։ Կառավարության ընդհանուր պարտքը կազմել է 5.514 մլրդ դոլար։

Պետական պարտքը ՀՆԱ-ի մոտ 58%-ն է

Դրամային արտահայտությամբ ապրիլի վերջի դրությամբ ընդհանուր պետական պարտքը կազմել է 2 տրլն 926.2  մլրդ դրամ, որից 2 տրլն 351.8 մլրդ դրամը արտաքին պարտքն է, իսկ 574.348  մլրդ դրամը՝ ներքին պարտքը։

Պետական պարտքի բեռը գնահատելու համար ամենից հաճախ հաշվարկվում է, թե պարտքը նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) քանի տոկոսն է կազմում, այսինքն՝ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը։ 2016 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն, ըստ վիճծառայության, կազմել է 5 տրլն  79.9 մլրդ դրամ։ Ստացվում է, որ այս տարվա ապրիլի վերջի դրությամբ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է մոտ 57.6%: 2015-ի վերջի դրությամբ, օրինակ, այս ցուցանիշը  մոտ 49% էր։

«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի համաձայն` կառավարության պարտքը  տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի  60%-ը: Այս պահանջին չհամապատասխանող պետական պարտք առաջացնող գործարքն առ ոչինչ է:

Ուշադրություն դարձնենք, որ այս սահմանափակումը վերաբերում է ոչ թե ընդհանուր պարտքին, այլ՝ միայն կառավարության պարտքին։ Դեռևս երկու տարի առաջ այն վերաբերում էր ընդհանուր պարտքին, սակայն Կառավարության առաջարկով պարզապես «պետական» բառը փոխարինվեց «կառավարություն» բառով, ինչն, ըստ երևույթին, նոր պարտքեր ներգրավելու հնարավորություն ստանալու համար էր։ 

Ապրիլի վերջի դրությամբ` կառավարության պարտքը կազմել է  2 տրլն 672.6 մլրդ դրամ (մոտ 2.098 տրլն դրամ արտաքին պարտքը և 574.3 մլրդ դրամ ներքին պարտքը)։ Ըստ այդմ՝ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 52.6% է: 

Այսինքն՝ թեև  պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը բավականին մոտ է 60%-ի շեմին, սակայն  միայն կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը փոքր-ինչ ավելի «բարվոք» վիճակում է։ Շնորհիվ օրենքում կատարված փոփոխության, որի մասին նշեցինք, Կառավարությունն այսօր կարողանում է պնդել, որ երկրի ուսերին ծանրացած պարտքն այնքան էլ մոտ չէ օրենքով սահմանված վերին շեմին։ Լրագրողների հետ զրույցներում թե ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, թե Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը շեշտում են, որ պետական պարտքը կառավարելի մակարդակում է և մտահոգիչ ոչինչ չկա։ Մինչդեռ այն շարունակելու է աճել, որպեսզի լրացվի  բյուջեի դեֆիցիտը։   

Թե որքանով կաճի ընդհանուր պարտքը, հայտնի չէ, սակայն միայն Կառավարության պարտքի առավելագույն շեմը կարելի է հաշվել. այն չի գերազանցի ՀՆԱ-ի 60%-ը, այսինքն՝ 3 տրլն 48 մլրդ դրամը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter