HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառը պատերազմ. հայրենադարձները եւ կյանքի ապասովետականացումը

Աղասի Թադևոսյան, Մշակութային մարդաբան 

2-րդ աշխարհամարտից հետո կապիտալիստական եւ սոցիալիստական համակարգերի միջև սկսվել էր առճակատում կամ, ինչպես ասում են՝ Սառը պատերազմ։ Դրա գլխավոր առանցքն, իհարկե, սպառազինությունների մրցավազքն էր, բայց կար նաեւ գաղափարախոսական սուր պայքար: ԽՍՀՄ-ում անընդունելի, կամ ավելին՝ դատապարտելի էին համարվում կապիտալիզմի գաղափարները,գեղագիտությունը, ապրելակերպն ու արվեստը, իսկ սոցիալիստականին դրա հակադրումը պարզապես մահացու մեղք էր։ 

Այդ տարիները համընկան Խորհրդային Հայաստան ներգաղթի ալիքի հետ: Հայրենադարձները, որ մեծավ մասամբ գալիս էին կապիտալիստական երկրներից, այդ ապրելակերպի, հայացքների, արժեքների փաստացի կրողներն էին եւ չէին հասկանում, թե ի՞նչ համակարգում են իրենք հայտնվել։ Հանդիպումը խորհրդային բիրտ իրողությունների հետ նրանց «օգնեց» շատ արագ հասկանալ նոր համակարգի ծուղակները: «Կապիտալիզմի գործակալներ», «խորհրդային կարգերի թշնամիներ» եւ նմանատիպ այլ պիտակավորումներ ստանալու, բանտարկվելու, աքսորվելու վախից նրանք շատ արագ սահմանափակվեցին ու խորհրդահայ իրականությանը համապատասխանացրեցին Հայաստան-Հայրենիքից իրենց ունեցած ակնկալիքները՝ հրաժարվելով այնպիսի պրակտիկաներից, որոնք կարող էին բնութագրվել որպես կապիտալիստական:

Մյուս կողմից՝ իշխանություններն իրականացնում էին հայրենադարձներին գաղափարապես դաստիարակելու միջոցառումներ: Ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանն իր «20-րդ դարի հայրենադարձությունը հայոց ինքնության համակարգում» մենագրության մեջ նկարագրում է կուսակցական կառույցների կողմից հայրենադարձների հետ տարվող աշխատանքը, որի նպատակը ներգաղթողներին սոցիալիստական գաղափարախոսության եւ արժեքների կրողներ դարձնելն էր, «բուրժուական մտածողությունից» ձերբազատելը: Բայց այդ աշխատանքն իր դերը չէրկատարում: Հայրենադարձների ուղեղները դժվար էր լվանալ պրոպագանդիստական ճառերով, որոնց ողջ դատարկությունն ի հայտ էր գալիս «հոնդեղների» եւ Սովետի կյանքի ու իրողությունների համեմատության մեջ:

 Հայրենադարձների հիմնական մասն այդպես էլ մնաց ապասովետական, եթե չասենք՝ հակասովետական: Նրանք չէին կարող բարձրաձայն արտահայտվել, բայց իրենց վարքով, «հոսդեղի» կյանքը նկարագրող հումորով, առօրյա կյանքով ու պրակտիկաներով սովետական չէին։ Հայաստանում հայտնվելու առաջին օրերից նրանք արդեն իսկ խախտում էին սովետական միապաղաղ իրականությունը՝ իրենց հագուկապի, սննդի, բարեկրթության, վարվելակարգի առանձնահատկություններով դառնալով դրա քննադատը: Իրենց գոյությամբ նրանք փաստում էին խորհրդային իրականության թշվառությունը։

1950-ականների վերջերին հեռավոր գյուղից Երևան տեղափոխված եւ «ախպարական» թաղամասերից մեկում բնակություն հաստատած մի կին պատմում է, որ երբ առաջին անգամ խանութում հայտնվել է կաթի հերթում, ուշադրությունը գրավել են «ախպար» կանայք, որոնք իրենց հագուստով, պահվածքով, խոսքով ու շարժուձևով շատ տարբեր էին եւ անսովոր:

Կնոջ կարծիքով` նրանք նման չէին սովետական մարդկանց եւ ավելի շատ արտ,ասահմանյան ֆիլմերի կերպարներ էին հիշեցնում։ «Այդ մարդիկ շատ կուլտուրական էին: Ինձ իրենց կուլտուրականությունը շատ դուր էր գալիս եւ ես ուրախ եմ, որ գալով Երևան` հայտնվեցի նման հարևանների միջավայրում: Ես նրանցից շատ բան սովորեցի: Իմ հարեւանների մեջ կային դերձակներ, ովքեր ունեին արտասահմանյան մոդայի (նորաձեւության) ամսագրեր: Նրանք իրենց շորերն իրենք էին կարում` այդ ամսագրերի մոդելները նայելով: Թաղամասում բնակվող տեղացի կանանց դրանք շատ դուր էին գալիս ու աստիճանաբար, շատերը սկսեցին «իմպորտնի» կտորեղեն ճարել, որն էլի ախպարներն էին բերում կամ էլ ձեռք էինք բերում խանութներից, ծանոթ վաճառողներին ավել գումար վճարելով ու «տակից» գնելով»: Այդ ամսագրերից ընտրում էինք գեղեցիկ հագուստներ ու, արտասահմանյան կտորեղենը տալով դերձակին, պատվիրում էինք դրանք: Ախպարների շնորհիվ մեր թաղամասի կանայք սկսեցին գեղեցիկ հագնվել: Շատերը հրաժարվում էին սովետական գործարանային անորակ ու անճաշակ հագուստներից, որոնք վաճառվում էին սովետական հանրախանութների հագուստի բաժիններում»:

1960-70-ականները խորհրդային հասարակության կյանքում շրջադարձային էին։ Ամբողջ աշխարհում տեղի էին ունենում լուրջ փոփոխություններ: Արևմտյան աշխարհը մտնում էր ժողովրդավարական ազատությունների նոր փուլ: ԱՄՆ-ի մի շարք համալսարանական քաղաքներում, Ֆրանսիայում ծավալված ուսանողական ու երիտասարդական շարժումները, որոնք ուղեկցվում էին մշակութային կամ սեքսուալ հեղափոխության ալիքով, երիտասարդության շրջանում նոր գաղափարների, մասնավորապես՝ անձնական կյանքի ազատականացման ու արդիականացման բուռն վերելքի պատճառ դարձան:

Երիտասարդությունը փոխում էր իր կենսակերպը, ձևավորվում էր այսպես կոչված ջինսի մշակույթը, որը ջարդում էր կաշկանդող հագուստի պրատիկաների պայմանականությունները: Կանայք ազատականացնում էին իրենց վարքն ու հագուստը, դուրս գալիս տնային տնտեսուհիների ավանդական դերերից, կոտրում կնոջ մասին հասարակությունում տիրապետող կարծրատիպերը եւ, ձեռք բերելով նոր սոցիալական դերակատարումներ՝ պայքարում տղամարդկանց հետ հավասար իրավունքների համար: Ռոքը՝ որպես մարդու անհատականությունը կաշկանդող սոցիալական բարքերի ու կարծրատիպերի դեմ բողոքի երաժշտություն, տարածվում էր երիտասարդության մեջ, փոխում նրա կենսափիլիսոփայությունն ու աշխարհընկալումները:

Աշխարհում տեղի ունեցող այս փոթորկալից իրադարաձությունները, չնայած «երկաթե վարագույրի» կարծրությանը, ներթափանցում էին նաև Խորհրդային Միություն: Խորհրդային ամեն հանրապետություն ուներ «երկաթե վարագույրում» ճեղքեր գտնելու իր առանձնահատկությունները: Հայաստանում Արևմուտքի հետ կապերի միջնորդը դարձան հայրենադարձ-ախպարները եւ հայկական Սփյուռքը:

Հատկապես 1970-ականներին հայրենադարձների համար համեմատաբար հեշտացվեցին արտասահմանում բնակվող իրենց հարազատներին որպես զբոսաշրջիկ այցելելու հնարավորությունները: Սփյուռքից նույնպես հնարավոր էր հյուր գալ Հայաստանում բնակվող ազգականներին: Կապերի այս աշխուժացումը հանգեցնում էր թշնամական համարվող բուրժուական բարքերի եւ առօրյայի մասին տեղեկությունների ներթափանցման, որի գագաթնակետը կարելի է համարել ջինսի մշակույթի մուտքը Հայաստան:

1970-ականների սկիզբը հեղափոխական էր նաև խորհրդահայ երիտասարդության համար: Մեծ տարածում ստացավ Սառը պատերազմի կոնտեքստում քննադատավող բուրժուական երիտասարդության ընդօրինակումը: Երևանում հայտնվեցին մինի յուբկաներով (կարճ փեշ) ու ջինսե տաբատներով առաջին աղջիկները, հոլիդեյ շալվարներով, «պլատֆորմ» կոչվող կոշիկներով երկարամազ ու երկար բակենբարդներով հիպի տղաները: Բանասացներից շատերի վկայությամբ, Հայաստանի երիտասարդությունն ամբողջ ԽՍՀՄ-ում ամենալավ հագնվողներից էր եւ դա, անշուշտ, Սփյուռքի հետ սկսված աշխույժ անցուդարձի շնորհիվ։

 

Այդ տարիներին կար «Տուրիստի տունը», որն ուղղակիորեն կապված էր հայրենադարձների եւ նրանց Սփյուռքի բարեկամների հետ։ Արտասահման այցելող հայրենադարձները կամ նրանց սփյուռքահայ հյուրերն «ազատ աշխարհից» ԽՍՀՄ-ում արգելված տարբեր տեսակի ապրանք էին ներկրում եւ գաղտնի զբաղվում դրանց վաճառքով: «Տուրիստի տանից» հնարավոր էր ձեռք բերել ջինսե տաբատներ, արտասահմանյան, այսպես կոչված՝ «ֆիրմա» վերնաշապիկներ, գործվածք, օծանելիք, արեւային ակնոց, ծամոն, ծխախոտ։ Հատկապես Իրանից եւ Լիբանանից եկողները հաջողում էին Հայաստան «ներմուծել» գործվածքի թոփեր, որոնք վաճառվում էին մետրերով։ Այս ամենն իրականացվում էր հնարավորին չափ գաղտնի, քանի որ բռնվելու դեպքում «ինքնագործ վաճառականները» կարող էին լուրջ տհաճություններ ունենալ՝ ընդհուպ մինչեւ ազատազրկում։ Խորհրդային Միությունում մասնավոր անձանց առևտրով զբաղվելն արգելված էր օրենքով: Պատահում էին ճարպիկ առևտրականներ, որոնք լեզու էին գտնում վերեւների հետ, կաշառում նրանց եւ շարունակում ինքնատիպ այս բիզնեսը։ Իմիջիայլոց, վերեւների հետ լեզու գտնելն այնքան էլ բարդ չէր, որովհետեւ «տուրիստի տներից» հիմնականում օգտվում էին նույն այդ վերեւների ընտանիքների անդամները։ 

Այսինքն, կարելի է ասել, որ Սփյուռքի հետ հայրենադարձների աշխուժացած կապերն այդ տարիներին հնարավորություն տվեցին Հայաստան ներմուծել արևմտյան կյանքի այնպիսի տարրեր, որոնք «մեծ վտանգ» էին ներկայացնում։ Այսպիսով՝ հայրենադարձները եղան հասարակական այն խավը, որը նպաստեց ԽՍՀՄ պարտությանը՝ Սառը պատերազմի գաղափարախոսական ոլորտում։ Արևմտյան բուրժուական միջավայրից ներմուծվող հագուստի, ժամանցի, հաղորդակցման եւ այլ պրակտիկաներով նրանք մերժեցին պաշտոնապես քարոզվող խորհրդայինը եւ ապասովետականացրեցին հասարակական տարածությունները:

…………………………………………..

Հոդվածը պատրաստվել է «Երկու կյանք։ Սառը պատերազմը եւ հայերի արտագաղթը» նախագծի շրջանակում՝ National Endowment for Democracy-ի (NED) դրամաշնորհով։

Մեկնաբանություններ (1)

Samo
This article is good. The other side of it is that people that came to homeland not for the promise of milk and honey but to find peace. Left the country because no peace was given. Now the history repeats itself. May you have peace. samo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter