HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Բալկանյան զբոսանք հայկական պաշտպանությունում, կամ երբ ընտրական փուլն անցնելու մասին մտածելը միամտություն է

Այն, որ Պոդգորիցայում դժվար խաղ էր լինելու, ֆուտբոլից հասկացող ոչ մեկ չէր կասկածում: Դեռ Երեւանում տեսել էինք, որ Մոնտենեգրոն արագ ֆուտբոլ է խաղում եւ ունի բավականին լավ կատարողներ՝ թիմի ավագ Ստեւան Յովետիչի գլխավորությամբ: Բայց միաժամանակ դժվար էր հավատալ, որ արդեն 2-րդ րոպեին մեր ընտրանին կարող է հայտնվել հետապնդողի դերում: Անկեղծ ասած, ինքս չէի բացառում, որ հենց առաջին 5-10 րոպեներին մերոնք կարող են չդիմանալ տանտերերի ճնշմանն ու գոլ ընդունել:

Բայց ասել, թե առաջին գոլը ճնշման արդյունք էր, սխալ կլինի: Պատճառը պաշտպանության աջ եզրում խաղացող Հրայր Մկոյանի դանդաղկոտությունն էր: Նախորդ հոդվածում ենթադրել էինք, որ Պետրոսյանը դաշտ է դուրս բերելու Հայրապետյան-Անդոնյան-Մկոյան-Ոսկանյան քառյակը՝ հավելելով, որ գուցե Ոսկանյանը խաղա կենտրոնում, իսկ Մկոյանը՝ աջում: Այդպես էլ եղավ, միայն թե ձախում խաղաց Դաղբաշյանը: Հրայր Մկոյանին նախկինում եւս տեսել ենք աջ պաշտպանի գոտում, սակայն պարբերաբար ականատես ենք եղել, որ նրա արագությունը եզրային խաղացողի պահանջներին չի բավարարում: Իրականում նույնը պետք է ասել նաեւ Ոսկանյանի մասին, այնպես որ այս դեպքում մնում էր հույսը դնել փորձի ու ճիշտ դիրք ընտրելու կարողության վրա: Բայց երբ դիմացինդ քեզ գերազանցում է արագությամբ, ճարպկությամբ ու ֆիզպատրաստությամբ, դժվար թե կարողանաս որեւէ բան անել:

Բնականաբար, հետադարձ հայացքով հեշտ է դատողություններ անելը, բայց մյուս կողմից տարօրինակ էր, որ Արտակ Եդիգարյանը դաշտում չէ, մասնավորապես՝ հենակետայինի գոտում, այլապես նա, ունենալով թե պաշտպանի, թե կիսապաշտպանի փորձ, կարող էր ամրացնել թիկունքը, մանավանդ որ արագությամբ գերազանցում է նույն Մկոյանին ու Ոսկանյանին:

2-րդ րոպեին Մկոյանի բացթողումը, դրա հետեւանքով պաշտպանության աջ եզրից դեպի տուգանային հրապարակ հասած փոխանցումը ավարտվեց Ֆատոս Բեչիրայի գրագետ հարվածով ու գոլով: Նույնիսկ այս դեպքում, թվում է, կենտրոնականներից Ոսկանյանը պարտավոր էր սահանկումով հասնել գնդակին: Ստացվեց այնպես, որ Մկոյանն իր դիրքում թերացավ, կենտրոնականներն էլ չկարողացան «փակել» Բեչիրային, ով երկուսի արանքում հաղթող դուրս եկավ:    

Պիտի շեշտենք, որ սա պարզապես հրաշալի սկիզբ էր դաշտի տերերի համար թեկուզ միայն այն առումով, որ Մոնտենեգրոն վերջին 2 պաշտոնական խաղերում պարտություն էր կրել, թիմը ճնշման տակ էր ու սեփական հանդիսատեսի առաջ պարտավոր էր ամեն ինչ անել՝ կրկին չհիասթափեցնելու համար: Իսկ այդ նպատակով Տումբակովիչի թիմը պիտի շարունակ սպառնար մեր դարպասին, գրոհեր ու միաժամանակ մտածեր իր դարպասի անառիկության մասին՝ աչքի առաջ ունենալով երեւանյան փորձը: Ու եղավ այնպես, որ արագ գոլը բալկանցիներին չթողեց դույզն-ինչ տանջվել, հակառակը՝ նրանց այլեւս մնում էր մտածել հուսալի պաշտպանության եւ առիթի դեպքում սուր հակագրոհների մասին: Դա էր պատճառը, որ գոլից հետո շուրջ 25 րոպե մեր թիմը թվացյալ առավելություն ուներ, ինչը նյութականի վերածել այդպես էլ չկարողացավ:

Պաշտպանության կազմին անդրադարձանք, սակայն ամենամեծ անակնկալը Մխիթարյանի՝ հենակետային գոտում խաղալն էր. նա զույգ էր կազմել Արտակ Գրիգորյանին: Ֆուտբոլասերները գուցե հիշեն, որ Հենոն հավաքականում էլի է խաղացել այս դիրքում: «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Սերբիա-Հայաստան (2-0) խաղից հետո թիմը գլխավորող Սարգիս Հովսեփյանն ասել էր. «Հնարավոր է, որ Մխիթարյանը ենթահարձակվողի դիրքում ավելի օգտակար կլիներ, բայց ես կարծում եմ, որ մեր հավաքականում նրա ճիշտ դիրքը հենակետային գոտին է: Եթե ունենայինք 3-4 Մխիթարյան, նրան կխաղացնեինք հարձակմանն ավելի մոտ, սակայն մենք ունենք միայն մեկ Հենրիխ: Մխիթարյանը շատ լավ է խաղում հենակետայինի գոտում: Մեր գրոհների մեծ մասը հենց նա է ստեղծում: Հասկանում եմ, որ լավ կլիներ, եթե նա խաղար հարձակմանն ավելի մոտ, սակայն եթե կենտրոնը հանձնես մրցակցին, շատ բարդ կլինի»:

Թվում է, թե այսպիսի պատճառաբանություն կարող է բերել նաեւ Արթուր Պետրոսյանը, բայց արդյոք դրանից հավաքականը շահեց: Զարմանալի է, որ հաղթանակի մասին մտածող թիմի ավագն ու շարժիչ ուժը նույնիսկ գոլ ընդունելուց հետո մնում է հենակետայինի գոտում, երբ նրա կարիքը երեւում է առջեւում: Այո, ենթահարձակվողի դիրքում Մարկոսն էր, որին կարելի է համարել երեկվա խաղում մեր թիմում լավագույնը. մարդը ներդնում էր իր ուժերը, փորձում էր, մասնավորապես, Կորյանի հետ խաղարկումներով հաջողության հասնել, հեռվից հարվածներ էր կատարում, բայց... Դեռ Սենթ Քիթս եւ Նեւիսի հետ ընկերական խաղում ակներեւ էր, որ Մարկոսն ամեն կերպ ուզում է աչքի ընկնել, սակայն նրա հարվածները շեղ էին ստացվում, իսկ այս անգամ՝ դարպասապահի վրա: Եղավ դրվագ, երբ Կորյանի փոխանցումից հետո նա մեն-մենակ մնաց Պետկովիչի դեմ, սակայն վերջինս փրկեց իր թիմին: Մարկոսի հանդեպ ամենայն հարգանքով պիտի ասենք, որ նա Մխիթարյան չէ: Եվ եթե նույնիսկ հենակետայինի դիրքում հայտնված Հենոն Արթուր Պետրոսյանի «գաղտնի զենքն» էր, ով պիտի թիկունքից սուր անցումներ ձեռնարկեր, նման բան էլ չտեսանք: Մխիթարյանը գրեթե ամբողջ խաղի ընթացքում (բացառությամբ գոլային փոխանցման) այդպես էլ մնաց ստվերում, այնինչ նրա «աստղային» գործընկեր Յովետիչն իր թիմի դիրիժորի փայտիկը ձեռքից վայր չդրեց ոչ մի վայրկյան:

Մեր առաջատարը խաղում էր պաշտպաններից «կես քայլ» առաջ, բայց ի՞նչ պիտի աներ այդ գոտում նա, եթե թիկունքում «հրաշքներ էին գործում» պաշտպաններն ու դարպասապահը: Դեռ մինչեւ 28-րդ րոպեն կարելի էր երկրորդ գոլը տեսնել մեր դարպասին, եթե Բեչիրայն իր համառությամբ կարողանար գնդակը փախցնել Ոսկանյանից, ով հերթական անգամ դանդաղելու պատճառով գրեթե իրենից առաջ էր թողել մրցակցին:

Խնդիրն այն էր, որ Հայաստանի հավաքականը, տարվելով պատասխան գոլը խփելու մեծ ցանկությամբ, մերկացրել էր թիկունքը, ու բալկանցիների համար բաց տարածություններն օգտագործելու հիանալի առիթներ էին ընձեռվում, մանավանդ որ պաշտպաններին փոխօգնությունը ուշանում էր կամ էլ ուղղակի չկար:

Բայց 28-րդ րոպեին մեր թիմին չօգնեցին նույնիսկ Ոսկանյանի, Անդոնյանի ու Մկոյանի միացյալ ջանքերը, որոնք մեկտեղվել էին կենտրոնական պաշտպանի գոտում ու փորձում էին փակել Յովետիչի հարվածը: Վերջինս իր տեխնիկական զինանոցի կիրառմամբ գնդակը հարմարեցրեց ձախ ոտքին ու այդ հնարքով ձեռնունայն թողեց աջ եզրից այստեղ եկած Մկոյանին, ում սահանկումն անհույս էր, իսկ մյուս երկուսը մնացին դիտորդի կարգավիճակում: Կտրուկ եւ դիպուկ հարվածը Բեգլարյանին եւս ոչ մի շանս չթողեց՝ 2-0:  

Մոնտենեգրոյի գրոհային դուետը՝ Բեչիրայն ու Յովետիչը, իսկական զբոսանք էին սկսել մեր պաշտպանությունում: Առաջինն իր արագությամբ գերազանցեց Անդոնյանին ու շատ լավ հարվածեց, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին, դե իսկ թիմի ավագը երկու գեղեցիկ գոլ խփեց: 54-րդ րոպեին նա գրոհի ձախ եզրում մեկ շարժումով ազատվեց Ոսկանյանի հսկողությունից ու գնդակը կախեց ցանցի մեջ, իսկ 82-րդ րոպեին աջ եզրից եկած օդային փոխանցումն ավարտին հասցրեց շրջադարձ գեղեցիկ հարվածով: Երկու դեպքում էլ մեր աջ, կենտրոնական ու ձախ պաշտպանները զուտ դիտորդներ էին: Մի դրվագում նույնիսկ, երբ գրոհը զարգացավ ու ավարտվեց աջ, այսինքն՝ մեր պաշտպանության ձախ եզրից, այդ դիրքի խաղացող Գագիկ Դաղբաշյանը նահանջելիս երեւաց վերջին պահին:

Դե իսկ դարպասապահ Արսեն Բեգլարյանի խաղն առանձին թեմա է: Հավաքականում իր առաջին ելույթներում նա աչքի էր ընկնում անվստահ գործողություններով հատկապես դարպասից դուրս գալիս՝ օդային պայքարում: Մինչ օրս այդ թերությունը նրա խաղում առկա է: Մյուսը տուգանային հրապարակից անհարկի դուրս գալն է: Այս շրջափուլի Դանիայի դեմ առաջին խաղում 11-մետրանոցը հետ մղելուց հետո Բեգլարյանը կրկին նման ռիսկի էր դիմել: Երեկվա խաղում այդպիսի երկու դրվագ եղավ. մի դեպքում, երբ պարզից էլ պարզ էր, որ չի հասցնի դուրս եկող գնդակի հետեւից, նա վազեց ու, բնականաբար, չհասավ դրան, մյուսում կրկին անհասկանալի կերպով փորձում էր դիմային գծից դուրս եկող գնդակը թիկունքով պահել Յովետիչից, ում ճարպկությունն ու խորամանկությունը մեր թիմում, թերեւս, ոչ ոք չունի: 24-ամյա Արսենի այս անհաշվենկատ քայլը կարող էր հերթական գոլի վերածվել, եթե անպաշտպան դարպասի հարեւանությամբ գտնվող Եդիգարյանը չապահովագրեր: Պատահական չէ, որ իր կոշտությամբ ու համառությամբ հայտնի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը վերջերս բառացիորեն խնդրում էր, որ Յուրչենկոն գա հավաքական՝ նշելով, թե նրան ու Բեգլարյանին չի կարելի համեմատել:

Ցավոք, քանի դեռ մենք նման պաշտպանություն ունենք (խոսքն առաջին հերթին ոչ թե թիմային պաշտպանության, այլ հենց այդ օղակի ու դարպասապահի մասին է. շեշտենք, որ սա վերաբերում է ոչ թե անձանց, այլ նրանց խաղին), ոչ միայն աշխարհի, այլեւ Եվրոպայի առաջնություններին մասնակցելու մասին պիտի մոռանանք:  

Հայաստանի հավաքականն անցկացրած 6 խաղում խփել է 7 գոլ, բաց թողել 14-ը: Այսինքն՝ ամեն խփած գոլին ի պատասխան մերոնք ընդունել են երկուսը, իսկ այլ կերպ՝ ամեն խաղում ավելի քան 2 գոլ են բաց թողել: Եթե այս ընտրական շրջափուլի մեկնարկում նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հիշեցնում էր կարմիր քարտերի, արագ բաց թողած գոլերի մասին, հիմա նու՞յնպես դատապարտված ենք լսել նման պատճառների մասին: Իրականում չի կարելի ասել, թե թիմը հանձնվեց առաջին կամ երկրորդ գոլից հետո, բայց փաստն այն է, որ ոչ առջեւում, ոչ առավելեւս թիկունքում հուսադրող բան չտեսանք:

Գրոհի հատվածում եթե ինչ-որ փորձեր էլ կային, մրցակիցն ավելի արագ էր կողմնորոշվում ու փակում էր փոխանցումների ճանապարհը: Սուր ծայրում հանդես եկող Ռուսլան Կորյանը, չնայած ֆիզիկական տվյալներ ունի, բայց մենապայքարներում ու դիրքային պայքարում ավելի շատ պարտվում էր: Եվ չնայած հենց նա 89-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո խփեց հեղինակության գոլը, իրականում այդ պահին գտնվում էր խաղից դուրս վիճակում: Կորյանին չի հերիքում ճկունությունը, խորամանկությունը, «գնդակի գող» կոչվող հարձակվողներին հատուկ հոտառությունը, մանեւրելու, անընդհատ բաց տարածություններ փնտրելու, փոխանցման ժամանակ էլ գնդակից «կառչելու» ունակությունը:

Հավաքականի հաջորդ պաշտոնական հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 1-ին Ռումինիայի հարկի տակ: Թիմի իրական կարողությունները երեւում են կարգ ունեցող ընտրանիների հետ խաղերում: Ցավոք, այս առումով ուրախանալու քիչ բան ունենք: Անկայուն ելույթները, այդ թվում՝ խոշոր հաշվով պարտությունները, մտածելու տեղիք են տալիս. եթե նույնիսկ Արթուր Պետրոսյանի մտքի խորքում Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլն է, ու նա ապագայի թիմ է պատրաստում, ովքե՞ր են լինելու այդ թիմի անդամները՝ պարբերաբար վատ ու հավաքականին ոչ հարիր խաղ ցուցադրող նույն դեմքե՞րը:

Մխիթարյանի, Ղազարյանի, Մանուչարյանի, Մարկոսի ու Արասի սերնդին արժանի փոխարինողներ չեն երեւում (մեկ-երկու անունները չհաշված, որոնք իրենց տեղը դեռ պիտի վաստակեն), իսկ այս խաղացողները մոտեցել են 30-ի շեմին կամ արդեն անցել են այն:

Հ.Գ. ԱԱ-2018-ի ընտրական 5-րդ խմբում կայացած մյուս խաղերում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Ղազախստան-Դանիա՝ 1-3, Լեհաստան-Ռումինիա՝ 3-1: Մրցաշարային աղյուսակը 6 տուրից հետո ունի հետեւյալ տեսքը.  

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter