HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Աշխարհի վերջը Մրգաստանում էր. կարկուտը ոչնչացրել է գյուղացիների ապրուստի միակ միջոցը

«Ես ըտենց կարկուտ չէի տեսել: Հրացանի պուլյա էր: Ձուն ո՞նց ա՝ մի կողմը` սուր, մյուս կողմը` կլոր: Երեւի 10-15 րոպե տեւեց, սրբեց տարավ ունեցածներս»:

«Մեքենան քաշել էինք ծառի տակ, չէինք կարըմ դուս գանք: Աչքներիս առաջ լոբին կտրում էր»,-երեկվա կարկուտն այսպես էին նկարագրում մրգաստանցիները:

Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում որեւէ բանջարաբոստանային կուլտուրա, որեւէ ծառ չի փրկվել երեկ երեկոյան տեղացած կարկուտից:

Հարյուրավոր հեկտարներով դաշտեր ու պտղատու այգիներ մեծ վնասներ են կրել: Բանջարաբոստանային կուլտուրաները ոչնչացել են ամբողջությամբ, իսկ պտուղները՝ մասամբ, բայց այն տեսքով, որ կա՝ շուկա տանելու չէ:

Իրավիճակից հուսահատված՝ մրգաստանցիներն այսօր փակել էին Արմավիրի մարզն Արագածոտնին կապող ավտոճանապարհը: Նրանց պահանջն ուղղված էր կառավարությանը՝ փոխհատուցել վնասները, սառեցնել բանկերի ու վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերը:

Մրգաստանցիները «Հետք»-ի հետ զրույցում պատմեցին, որ այգեգործությամբ զբաղվող յուրաքանչյուր ընտանիք նվազագույնը մի քանի միլիոնի, իսկ վատագույն դեպքում՝ մի քանի տասնյակ միլիոն դրամի վարկ ու պարտք ունի, որը ներդրվել է այգիների վրա:

Ընդ որում, նրանք որեւէ փոխհատուցում չեն ստացել նաեւ 2016 թվականին գրանցված կարկտահարության դիմաց:

«Էսօր պիտի լոբին քաղեի, տանեի շուկա: 6000 մետրից առնվազն 3-3,5 միլիոն դրամի եկամուտ էի հաշվել: Երեկվա կարկուտից հետո 10 դրամ էլ չեմ կարողանա ստանամ»,-ասաց Հրայր Հարությունյանը:

«Քյալամը սաղ ջարդած է, բադրիջանի ցողուները կտրվել ա, լոբին հավասարվել ա գետնին: Ես ի՞նչ անեմ»,-ավելացրեց մեկ ուրիշը:

Նրանք դժգոհ էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից ու գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հայրապետյանից, ովքեր, տեղեկանալով խնդրին, տեսնելով դաշտերը, ընդամենը ասել են. «Ժողովուրդ ջան, ցավակցում ենք ձեզ»:

Մրգաստանի տարածքում հակակարկտային կայաններ տեղակայված չեն:

Ոստիկաններին դժվարությամբ հաջողվեց ակցիան ցրել, ճանապարհը բացել: Սակայն այն կարող է շարունակվել վաղը, եթե կառավարությունն այսօր համարժեք չարձագանքի տեղի ունեցածին:

Արդեն այգիներում, այգեգործները պատմեցին, թե ինչ դժվարությամբ, ինչ զրկանքներով են զբաղվում գյուղատնտեսությամբ, ինչ ռիսկերի են ենթարկվում:

Արմավիրի մարզպետարանից տրամադրած տեղեկության համաձայն՝ հունիսի 12-ի կարկուտից տուժել են նաեւ Վաղարշապատի տարածաշրջանի Արագած, Ամբերդ, Դողս, Աղավնատուն համայնքները: Դաշտ գյուղը, օրինակ, համայնքի ղեկավարի խոսքով, հարյուր տոկոսանոց վնաս է կրել: Այստեղ եւ մյուս համայնքներում դեռեւս շարունակվում է վնասի հաշվարկը: Դրանք կամփոփվեն 1-2 օրվա ընթացքում:

Արագածոտնի մարզպետարանից հայտնած տեղեկատվության համաձայն՝ այս մարզի մի քանի համայնք կարկտահարվել են, սակայն առանձնապես մեծ վնաս չի պատճառվել: 

Տեսանյութերը՝ հեղինակի

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի 

Ֆոտոշարքը՝ այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter