HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ստարտափ. Chessify-ի շնորհիվ աշխարհում առաջին անգամ համակարգիչը մարդկային ոճով շախմատ կխաղա

Մանե Գևորգյան

Դպրոցականների շախմատի խնդիրները լուծելու համար խելացի հարևաններին օգնության կանչելու կարիք այլևս չի լինի. Chessify ստարտափի հեղինակները ստեղծել են մի հավելված, որը թույլ է տալիս հեռախոսով գրքից նկարել շախմատի խնդիրը, թվայնացնել, ստանալ խաղաքարերի դիրքի վերաբերյալ վերլուծություններ։

Chessify-ի համահիմնադիր և ղեկավար Գոռ Վարդանյանն ասում է. «Երեք երեխաներիցս երկուսը շախմատի դասերի էին գնում. ընդամենը յոթ-ութ տարեկանում ստիպված էին երկար ժամանակ մատիտով դասագրքի վրա գծել, քարերը տեղաշարժելու համար գծագրեր անել,  փորձել, աչք ցավեցնել։ Որոշեցինք ստեղծել մի հավելված, որի միջոցով հիմա հնարավոր է գրքից խնդիրը հեռախոսով նկարել, թվայնացնել ու հանգիստ վրան աշխատել, տեղաշարժել խաղաքարերը, վիզուալ ավելի հեշտ պատկերացնել հետագա քայլերը։ Դրանից բացի, կա նաև անալիզատոր, որը ոչ թե պարզապես լուծումն է ասում, այլ, խաղաքարի որոշակի դիրքի վերաբերյալ հնարավոր երեք քայլ է ցույց տալիս, ասում է՝ այդ դիրքում սպիտակն է ուժեղ, թե սևը և որքանով է ուժեղ։ Այսինքն՝ երեխան կարող է փորձել, եթե չստացվի, նոր օգտվի այդ գործառույթից ու երեք քայլերից ընտրի իր ուզածը։ Սա, իհարկե, ուսուցողական է, բայց հավելվածին ավելացրել ենք նաև ծնողական վերահսկողություն. ծնողները կարող են անջատել վերլուծելու ֆունկցիան կամ կոդ դնել՝ մինչև երեխան ինքնուրույն կլուծի, հետո կստուգեն։ Chessify-ը իրական շախմատային խաղի ժամանակ կարող է ծառայել նաև որպես ժամացույց։ Այն ապահովում է կարևոր խաղերի ուղիղ հեռարձակում՝ խորը վերլուծություններով»։

Այս հավելվածը շուկայում հիմա համապատասխան մրցակիցներ չունի։ Գոռի խոսքերով՝ թվայնացման գործառույթը կատարող ընդամենը մեկ հավելված կա, որը շատ թերություններ ունի։ Օրինակ՝ կարող ես նկարել կոնկրետ դասագրքերից, որոնց մեջ ներառված չեն հայկական գրքերը, չես կարող նկարել և թվայնացնել էկրանից։ Իսկ հիմա այս և այլ խնդիրներ արդեն լուծված են։  Chessify-ը  ընդամենը մի քանի ամսում անդրոիդ համակարգում  80.000 ներբեռնում է ունեցել։ Հավելվածն արդեն թարգմանված է 10 լեզվով։ Օգտագործողների 96%-ը արտերկրից է։ Ամենաշատ օգտատերեր ունեցող երկրների հնգյակն է՝  Հնդկաստան, ԱՄՆ, Ռուսաստան, Գերմանիա, Նորվեգիա։

Գոռն ասում է. «Մենք չէինք էլ մտածում միջազգային շուկա դուրս գալու մասին, մենք ընդամենն ուզում էինք երեխաների ու ծնողների գործը հեշտացնող համակարգ մշակել։ Ստարտափը սկզբում նույնիսկ կոչվում էր Chessfimee: Հումորային բան էինք մտածել, որ մարդիկ հարցնեին՝ ի՞նչ ստարտափ է, պատասխանեինք՝ չես ֆայմի, բայց հիմքում, իհարկե, անգլերեն chess` շախմատ բառն էր։ Քանի որ օտարերկրացիները դա դժվար էին հասկանում, գրում, որոշեցինք վերաբրենդավորել ու դարձնել Chessify։ Վերջինս որպես առանձին ստարտափ ձևավորվել և առանձնացել է 2011 թվականից գործող Fimetech ծրագրային ապահովման ընկերությունից, որի հիմնադիրը ես եմ։ Ծանր ալգորիթմական, մաթեմատիկական մոդելներով և բարդ ինժեներական լուծումներ տվող ընկերություն ենք՝ չիպ դիզայնի հետ կապված բարդ խնդիրներ ենք լուծում, կոմպիլատորներ ենք գրում:

Հիմա դրանից առանձին գործում է Chessify , որը, բացի այդ հավելվածից, նոր լուծումներ է առաջարկում նաև պրոֆեսիոնալ շախմատիստների համար»։

Chessify-ը ամպային սարքավորումների շնորհիվ լուծում է պրոֆեսիոնալ շախմատիստների պարապելու խնդիրը։ Գոռը բացատրում է. «Շախմատիստներն օրական մի քանի ժամ պարապում են հենց համակարգչի հետ։ Գոյություն ունեն անալիզատորներ, որոնցով դիրք են ընտրում, իսկ ծրագիրը վերլուծում է, հուշում՝ ոնց պետք է խաղան, իրենք էլ գրի են առնում, ուսումնասիրում ու այդպես տարբեր դիրքեր դիտարկելով` պարապում։ Անալիզ անող ծրագիրը շատ ծանր ծրագիր է, ինչն էլ նշանակում է՝ որքան մեծ են քո համակարգչային ռեսուրսներն, այնքան քո փորձով դու առավել ես դիմացինից, որովհետև քո ամեն պարապմունքը, օրինակ, տասը անգամ ավելի արդյունավետ է եղել։ Այս դեպքում անալիզատորից ոչինչ կախված չէ, քանի որ բոլորը պարապում են նույն ծրագրերով։ Խնդիրը համակարգչի հզորությունն է։  Զարմացանք, երբ ուսումնասիրեցինք ու տեսանք, որ շուկայում այս հարցում հստակ բաց կա։ Յուրաքանչյուր շախմատիստ փորձել է այդ հարցն իր համար ինչ-որ կերպ լուծել. մեկը  երեք հազար դոլարանոց, մյուսը՝ հազար դոլարանոց սերվեր է գնել ու փորձում է աշխատել, մինչդեռ 21-րդ դարում այդ խնդիրները հնարավոր է լուծել ամպային սարքավորումների միջոցով։ Տանն այդ համակարգիչները շատ էլեկտրաէներգիա են ծախսում, ծրագրի ապահովման խնդիրներ են լինում, փչանում է, նույնքան գումար է ծախսվում նոր ինչ-որ բան տեղադրելու համար։ Դրա փոխարեն մենք շախմատիստին առաջարկում ենք ամպային լուծում, որը թույլ է տալիս պարապել ոչ միայն տանը, այլև ցանկացած տեղ, աշխարհի ցանկացած ծայրում. հարկավոր է միայն ինտերնետ, որի միջոցով կմիանաս համակարգին։ Մրցակիցները նույնպես այս հարցը փորձել են լուծել, բայց լավ չի ստացվել։ Ի տարբերություն մյուսների՝ մենք, օրինակ, շախմատիստներին թույլ ենք տալիս համակարգից օգտվել րոպեավճարով։ Եթե շախմատիստը մրցումից առաջ ուզում է ինչ-որ բան ստուգել, կարող է ցանկացած տեղից բացել իր հաշիվը, որը նախապես լիցքավորել է, միանա համակարգին, ընդամենը մի քանի րոպե փորձարկի ինչ-որ դիրք ու վճարի րոպեի և ոչ թե ժամի կամ օրվա համար»։ 

Ստարտափի հեղինակներն աշխատում են Հայաստանի շախմատիստների, այդ թվում 2016 թվականի Հայաստանի շախմատի առաջնության հաղթող Զավեն Անդրիասյանի հետ՝ նրան տրամադրում են ծրագիրն ու արձագանքների հիման վրա փոփոխություններ կատարում ու զարգանում։ 

Chessify-ն արդեն ունի օգտատերեր, որոնք վճարում են ծառայությունների համար։ Գոռը նշում է. «Ստարտափների դեպքում գումարը շատ կարևոր է։ Հայտնի օրինակ է, որ, երբ ընկերներիցդ, ծանոթներիցդ կարծիք ես հարցնում, բոլորը հիմնականում ասում են՝ շատ լավ միտք է՝ թեկուզ չնեղացնելու համար։ Երբ սկսում են ծառայության համար վճարել, միայն այդ ժամանակ կարող ես վստահ ասել, որ բիզնես-գաղափարը հաջողվել է։ Դրա համար ամեն վճարումից մենք իրոք ուրախանում ենք, ևս մեկ անգամ գիտակցում, որ ճիշտ ճանապարհով ենք գնում»։ 

Աշխարհում կան շախմատային տարբեր վերլուծող գործիքներ, որոնք իրականում նույն հիմքն ունեն։ Chessify-ի թիմը հիմա ստեղծում է սեփական՝ արհեստական բանականության վրա հիմնված անալիզատորը, որը համակարգչին թույլ կտա խաղալ մարդու նման։ «Վերցնում ենք բոլոր մարդկանց խաղացած պարտիաները, որոնք հասանելի են, դրանց հիման վրա ստեղծում արհեստական բանականություն, որը կփորձի հենց մարդկանց նման էլ մտածել։ Երբ պարապում ես համակարգչի հետ, այն կարող է շատ խորը վերլուծել քայլերը, բայց դա շախմատիստի համար ամենաօգտակար բանը չէ, որովհետև իրական խաղի ժամանակ մրցակիցն այդպես չի մտածում։ Բացի այդ ինքն էլ շախմատի տախտակի առջև չի կարող այդքանը հաշվարկել։ Արդյոք էլ իմաստ կա՞ պարապել երեսուն քայլ հաշվարկող համակարգչի հետ, երբ դու առավելագույնը, օրինակ, վեց քայլ ես հաշվարկում։ Ավելին՝ կան դեպքեր, երբ մարդ քայլն անում է ոչ թե շատ մտածելուց հետո, այլ որոշակի ինտուիտիվ մակարդակում։ Այսինքն՝ այս համակարգը երբեմն կսխալվի, բայց վերլուծող գործիքները թույլ չեն տա, որ այդ սխալները լինեն հասարակ ու պարզ։ Հիմա, նույն հիմքի վրա ծրագիր ենք գրում, որը կսովորի կոնկրետ մարդու խաղային ոճը։ Թվում է՝ անհավանական է, բայց վստահ ենք, որ կստացվի։ Գրեթե բոլոր շախմատիստների խաղերն օնլայն հասանելի են։ Դրանք վերցնում, մշակում ենք, ու շախմատիստը խաղից առաջ կարող է հասկանալ մրցակցի խաղալու ոճը»։ 

Chessify-ը կլինի նաև առաջինը, որը թույլ կտա 3D ձևաչափով թվայնացնել խաղատախտակը։

2016  թվականին Chessify-ը, մրցակցելով 158 ստարտափի հետ, դարձել է Armenia StartUp Cup-ի հաղթող, 2017-ի ապրիլին Իսպանիայում Startup Olé-ի շրջանակում ներկայացրել է այս հարթակը, իսկ վերջերս դարձել նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաղթողներից մեկն ու ստացել 50.000 եվրո։

Ինչպես Գոռն է նշում՝ սա միակ դեպքն է, երբ միջազգային ընկերությունների հետ համագործակցելիս ոչ ոք չի հարցնում՝ որտե՞ղ է Հայաստանը կամ այն չի շփոթում Ալբանիայի, Ռումինիայի կամ մեկ այլ պետության հետ։ Բոլորը լավ գիտեն Հայաստանը՝ որպես մի պետություն, որն ունի շախմատային անցյալ, ներկա, իսկ հիմա էլ Chessify-ի միջոցով փորձում ենք ներդրում ունենալ ապագայի հարցում։

Լուսանկարները՝ SMEDA, GIZ 

Մեկնաբանություններ (2)

Աննա
Որ շախմատը մեզ օգնել
Von
Bright youth creating exports that require no shipments via air, nor truck nor rail. This is part of the future

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter