HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Կալանավորված սփյուռքահայը` նոր փորձաքար Հայաստան-Սփյուռք հարաբերություններում

Դեկտեմբերի 9-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է երկամսյա կալանք կիրառել «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանի նկատմամբ: 

«Հետքը» տասնյակ նամակներ էր ստանում սփյուռքից: Նամակագիրներն իրենց զայրույթն էին հայտնում բարեգործին կալանավորելու կապակցությամբ եւ իշխանություններից պահանջում անհապաղ ազատ արձակել Նարեկ Հարթունյանին: Ֆեյսբուքում ստեղծվեց խումբ` ի պաշտպանություն Նարեկի: Հասարակական ճնշումն ավելանում էր, արվեստագետներն արդեն նախատեսում էին զանազան ակցիաներ իրականացնել Երեւանում: Արդյունքում դեկտեմբերի 13-ին ՀՀ դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բ. Պետրոսյանը Նարեկ Հարթունյանին «կալանքից ազատելու մասին» որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ Հարթունյան ընտանիքը Երեւանում եւ Շուշիում հիմնել էր մշակույթի բացառիկ կենտրոններ եւ մոտ մեկ տասնամյակ իրականացնում է մշակութային նախագծեր: Այս ընտանիքը նաեւ ներդրումներ է կատարել Արցախի տարբեր շրջաններում, իսկ Քարվաճառի շրջանում հիմնել եւ բնակեցրել է Քնարավան գյուղը:

Սեւակ Արզարունին (Արծրունին) Հարթունյան ընտանիքի` Կարապետ Հարությունյանի, նրա որդիներ` Սարո եւ Նարեկ Հարթունյանների վստահված անձն է եղել 2003 թ.-ից: Նրանց անունից ձեռք է բերել հողամասեր, բնակելի տարածքներ, ինչպես նաեւ` Երեւանի ժամացույցի գործարանի 34 տոկոս բաժնետոմսերը: 2005 թ.-ից մինչ 2010 թ. սեպտեմբերի 11-ը հանձն է առել «Կոմիտաս Հարությունյան» ՍՊԸ-ի (հետագայում վերանվանվել է «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ) ղեկավարումը:

2009 թ. մայիսին նոտարական վավերացմամբ Կարապետ Հարությունյանը եւ նրա որդիներ Սարո եւ Նարեկ Հարթունյանները ստորագրել են պարտավորագիր, որով պարտավորվել են ՀՀ-ում ստացած ձեռնարկատիրական գործունեության մաքուր շահույթի 25%-ը տալ Սեւակ Արծրունուն, որն իր հերթին 9%-ը պետք է բաժին հաներ Արմեն Ազիզյանին: Նարեկ Հարթունյանը ձեռնարկատիրությամբ զբաղվելու մտադրություն չի ունեցել, սակայն նաեւ նրա կողմից պարտավորագիր ստորագրելու պայման է դրված եղել:

2010 թ. սեպտեմբերի 23-ին Սեւակ Արծրունին գրավոր հրաժարական է ներկայացրել: Հրաժարականի մեջ նա գրել է. «...Նկատի ունենալով Ձեր կողմից իմ նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը, Ձեր կողմից հետզհետե շեշտադրվող անվստահության մթնոլորտը, ինչպես նաեւ իմ անձնական կյանքի հետ առնչվող որոշ հանգամանքներ, սույնով Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը Ձեր նկատմամբ իմ ունեցած բոլոր պարտավորություններից»:

Նա հրաժարականի մեջ նաեւ նշել է.  «Ձեր հիմնարկների արձանագրած մաքուր շահույթի 25%-ը հատկացնելու եք ինձ` որպես շահաբաժին իմ կատարած աշխատանքի»:

Ինչի՞ց է առաջացել վերոհիշյալ անվստահությունը: Նարեկը հայտնաբերել էր, որ ընկերությունում բավականին մեծ դրամական միջոցներ են անհետացել եւ բացատրություն է պահանջել տնօրենից: Սրանից հետո ընկերությունը եւ Հարթունյանները հայտնվել են զանազան պատմությունների մեջ: Դրանք բազմաշերտ են` Նարեկ Հարթունյան-Սեւակ Արծրունի-Վլադիսլավ Մանգասարյան-Պետեկամուտների կոմիտե-ոստիկանության 6-րդ վարչություն-դատարաններ եւ պետական զանազան մարմիններ ու պաշտոնյաներ:

Սեւակ Արծրունին հայց է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Կարապետ Հարությունյանից եւ Նարեկ եւ Սարո Հարթունյաններից պահանջելով բռնագանձել պարտավորագրով նախատեսված 25% շահույթը: Պարտավորագրի մեջ մի ուշագրավ կետ կա, որի մասին արժե հիշատակել: 25%-ից 9-%-ը պետք է տրվի ՀՀ քաղաքացի Արմեն Ազիզյանին:

Ո՞վ է Արմեն Ազիզյանը, որին Սեւակ Արծրունին պետք է վճարի իր շահույթի 9-%-ը,  եւ որի մասին անպայման պետք է նշվեր պարտավորագրի մեջ: Ընկերությունում տարածված լուրերով` Արմեն Ազիզյանը «ԿԳԲ-ի աշխատակից» է, նա է զբաղվել իրավապահ մարմինների եւ ՊԵԿ-ի հետ հարցերի կարգավորմամբ:

Հետագայում պարզվել է, որ Արմեն Ազիզյանը ոչ միայն անձամբ է գումարներ ստացել, այլեւ, առանց աշխատանքի հաճախելու, իր կնոջն է որպես հաշվապահ ձեւակերպել «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ում եւ աշխատավարձի անվան տակ զգալի գումարներ ստացել: Նկարում փաստաթուղթ է, որտեղ նշված է, որ «...Սեւակ Արզարունին Հարթունյանների ընտանիքի կողմից Հայաստանյան աղբյուրներից ստացվելիք շահույթներից իրեն շահաբաժնից Արմեն Ազիզյանին վճարել է 143 հազար 721 դոլար»:

Ի դեպ, այդ ժամանակահատվածում ընկերությունն իբր վնասով էր աշխատում, եւ Կարապետ Հարությունյանն ու Սարո Հարթունյանը գումարներ էին տրամադրում ընկերությանը: Եթե Արմեն Ազիզյանին Սեւակ Արծրունին այդքան գումար է վճարել, ապա դժվար չէ կռահել, թե որքան գումար է վերցրել ինքը` գլխավոր տնօրեն Սեւակ Արծրունին: Սակայն ընկերության թղթերի մի մասը Արծրունին գնալիս վերցրել է իր հետ, եւ ընկերությունում առկա թղթերում դրանք չկան:

Իսկ ի՞նչ «արժեք» ուներ Սեւակ Արզարունու հրաժարականը, ինչ «նստեց» այն Հարթունյան ընտանիքի վրա: Բերենք առայժմ մի փաստ. Հարթունյանները Սեւակ Արզարունուն են տվել $1.260.000, որի դիմաց վերջինս 06.02.2011 թ. եռակողմ համաձայնագրի հիման վրա, Սարո Հարթունյանի անունից Մաշտոցի 33ա հասցեում 2010 թ. օգոստոսին ձեռք է բերել 1708քմ հասարակական տարածք, այնուհետեւ այն օտարել է, յուրացրել գումարը եւ առ այսօր այդ մասով ոչ մի հաշվետվություն չի ներկայացրել Հարթունյաններին:

Արզարունու, այսպես կոչված, հրաժարականը նախ եւ առաջ պահանջագիր էր: Նա պահանջում էր Հայաստանում Հարթունյանների հիմնարկների արձանագրած մաքուր շահույթի 25%-ը որպես շահաբաժին իրեն հատկացնել: 

Դատական պատմություն 

«Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ի անունից 2010 թ. դեկտեմբերին 120.000.000 ՀՀ դրամի վնասի հատուցման եւ Ընկերության փաստաթղթերի մի մասը ընկերությանը վերադարձնելու պահանջներով հայց է ներկայացվել Կարապետ Հարությունյանին պատկանած, սակայն մինչ 2010 թ. սեպտեմբեր ամիս ընկերության փաստացի ղեկավար Սեւակ Արզարունու եւ նրա ենթակա, ընկերության տնօրեն Ա. Մարտիրոսյանի դեմ (այժմ Արտյոմ Մարտիրոսյանը Սեւակ Արզարունուն պատկանող «Եռանավ» ՍՊԸ-ի տնօրենն է): Այս ընկերությունը էլիտար շենք է կառուցում Դավթաշեն թաղամասում:

Այդ պահից էլ սկսվում է Հարթունյանների ունեցվածքի «որսը», եւ քաոսը «գործարար-տնտեսական» դաշտից պայմանականորեն տեղափոխվել է իրավական դաշտ` հարկային մարմիններ եւ դատարան: Այդ շրջադարձի հիմքում այն հանգամանքներն են, որ նախ` Սեւակ Արզարունու դեմ կոնկրետ պահանջ էր ներկայացված, եւ նա պետք է պատասխան տար ինչպես ընկերությանը պատճառած վնասների, այնպես էլ Հարթունյանների հաշիվներից ստացած եւ յուրացրած գումարների համար: Բացի այդ, Սեւակ Արզարունուն տրված լիազորությունները դադարեցված էին, եւ այլեւս հնարավոր չէր նախկինում կիրառված մեթոդներով լիազորագրերի հիման վրա Հարթունյանների մնացած ունեցվածքին տիրանալ: Իսկ ամենամեծ գործարքը` Ժամացույցի գործարանի 34%-ի «օպերացիան», արդեն 90%-ով իրականացված էր, սակայն ավարտին չէր հասցվել:

Այսինքն, երկու խնդիր կար` Սեւակին պատասխանատվությունից ազատել եւ ավարտին հասցնել չիրականացված վերջին ծրագիրը` Ժամացույցի գործարանի 34%-ի «օպերացիան»: Այդ ծրագիրը հնարավոր էր իրականացնել միմիայն Հարթունյաններին իշխանական լծակներով վախեցնելու ճանապարհով: Եւ գործի դրվեց դատական իշխանությունը` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի 24.12.2010 թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Սեւակ Արայի Արզարունու հայցադիմումն ընդդեմ պատասխանողներ Նարեկ Կարապետի Հարթունյանի, Կարապետ Կարապետի Հարությունյանի, Սարո Կարապետի Հարթունյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին: 

Կենտրոնի դատարանում շուրջ մեկ տարի է, ինչ դատավոր Էդ. Ավետիսյանի նախագահությամբ, դատավարությունն ընթանում է Արզարունու հայցադիմումին կից ներկայացված «Հրաժարական»-ի բովանդակությանն ու տրամաբանությանը համահունչ: Առ այսօր, այսինքն` հայցադիմումը վարույթ ընդունելուց 1 տարի անց, դեռեւս բռնագանձման ենթակա գումարի չափը, այն է` հայցագինը, Սեւակ Արզարունու կողմից դատարան չի ներկայացվել: Այսինքն, ոչ դատարանին, ոչ էլ Հարթունյաններին հայտնի չէ, թե «խորհրդավոր» հայցադիմումով Սեւակ Արզարունին որքա՞ն գումար է ակնկալում բռնագանձել Հարթունյաններից:

Քաղաքացիական դատավարության նորմերի համաձայն` գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումում պարտադիր պետք է նշվի հայցագինը: Հայցագնով է որոշվում դատարան դիմելու համար վճարվելիք պետական տուրքի գումարի չափը: Ի դեպ, հայցադիմումով ներկայացվել է նաեւ պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդություն, եւ դատարանի 24.12.2010 թ. որոշմամբ այդ միջնորդությունը բավարարվել է: Իսկ որքա՞ն է հայցագինը, եւ որքա՞ն է դրա 2%-ը կազմող պետական տուրքի գումարը: Դատավորին այդ հարցերը չեն հետաքրքրում:

Եթե հաշվարկի համար հիմք ընդունենք դատարանի 24.12.2010 թ. մյուս որոշումը, որով «հայցագնի չափով» արգելանք է կիրառվել Հարթունյանների ողջ ունեցվածքի եւ նրանց պատկանող գործող-չգործող ընկերությունների վրա, ապա հայցագինը Հարթունյանների ամբողջ ունեցվածքի արժեքն է, իսկ պետական տուրքի գումարը` դրա արժեքի 2%-ը:

Իրականում, անհիմն հայցով դատարան դիմելը բացառապես ոչ իրավաչափ գործողություններով Հարթունյանների ունեցվածքի վրա ապօրինի արգելանք կիրառելու  նպատակ է հետապնդել, այն հաշվարկով, որ նախ` Հարթունյանները գիտակցեն, որ իրենց շահերի դատական պաշտպանությամբ արդյունքի չեն հասնի եւ հոգեբանական ճնշման տակ հրաժարվեն Արզարունու դեմ ներկայացված հայցից, ինչպես նաեւ` Ժամացույցի գործարանի բաժնետոմսերի պարտադրված գործարքի թելադրված պայմաններին համաձայնեն:

Դատարանի կիրառած հայցի ապահովման որոշումից էլ կարելի է որոշել հայցագինը, որից պարզվում է, որ հայցվորը հավակնում է Հարթունյանների ամբողջ ունեցվածքին: Իսկ 2011 թ. նոյեմբերի 21-ի իր որոշմամբ դատավոր Ավետիսյանը, անտեսելով պատասխանող կողմի դիրքորոշումն ու փաստարկները, ներկայացված հայցի շրջանակներից դուրս փորձաքննություն իրականացնելու որոշում է կայացրել եւ գործի վարույթը կասեցրել, ինչը կարող է մեկնաբանվել որպես Հարթունյանների ունեցվածքի գույքագրում եւ գնահատում եւ այդ ունեցվածքի եւ դրամական միջոցների անորոշ ժամկետով արգելադրում:

Տպավորություն է ստեղծվում, որ դատավոր Ավետիսյանը, արդար դատաքննության հասկացությունը մի կողմ դրած, կանխակալ կերպով Հարթունյանների սնանկության վարույթին ուղղված նախապատրաստական աշխատանքներ է տանում կամ էլ արհեստական խոչընդոտներ է ստեղծում, որ կիրառված արգելանքների հետեւանքով Հարթունյանները հնարավորություն չունենան հարկայինի կողմից քրեական գործով իրականացված վերստուգման արդյունքում անհիմն արձանագրված 111.000.000 ՀՀ դրամը վճարել եւ հարկադրված գնան Ժամացույցի գործարանի բաժնետոմսերի գործարքին, որից էլ հաշվանցվեն հարկային պարտավորության գումարները:

Այնինչ Սեւակ Արզարունու ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Հակոբյանը «Հետք»-ի 26 հուլիսի, 2011 թ. հոդվածում հետեւյալ կերպ է ներկայացրել պարոն Արզարունու դիրքորոշումը. «Հարթունյանների միջոցներից գումարներ վերցնելու փաստը Սեւակ Արզարունին ոչ միայն չի թաքցրել, այլեւ այդ մասին նշել է իր բոլոր գրավոր հաշվետվություններում եւ հայցադիմումի կապակցությամբ դատարան ներկայացված գրավոր պատասխանում: Մասնավորապես, պատասխանում նշված է. «Պետք է նշել, որ որոշակի գումարներ իսկապես վերցվել են, դրանք դուրս են գրվել Սեւակի կարգադրությամբ եւ տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի կատարմամբ` համապատասխան անդորրագրերով եւ ընկերության հիմնադրի գիտությամբ...»: Սեւակ Արզարունու եւ Հարթունյանների հարաբերություններում հարցը շատ ավելի պարզ է, քան ներկայացվում է: Հարթունյանները պահանջում են վերադարձնել վերցված գումարները, իսկ Սեւակը պահանջում է կատարել իրենց իսկ ստորագրած պարտավորագրերով առաջացած պարտավորությունները`  նախապես վերցված գումարների հաշվանցումով: Եթե Հարթունյանները գտնում են, որ Սեւակի աշխատանքի արդյունքում շահ չեն ունեցել, ապա դա ճշտելը շատ հեշտ է. հաշվենք` որքան ներդրում են կատարել Սեւակի ղեկավարած բիզնեսի ոլորտում, եւ հաշվենք, թե Սեւակի հրաժարականի պահին ինչ արժեքի գույք են ունեցել: Եթե իսկապես Սեւակը վնաս է հասցրել, ապա պատրաստ է հատուցել»:

Սեւակ Արզարունին էլ իր հայցադիմումում նշում է, որ գործել է Կարապետ Հարությունյանի հանձնարարությամբ եւ վերջինիս է հաշվետու եղել: Իսկ Նարեգ Հարթունյանի մասով նշում է, որ իր խորհրդով միայն 2010 թ. սեպտեմբերին է Նարեգին հրավիրել «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ: Այժմ պարզ է, թե «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ի եւ ձեռնարկատիրական գործունեության հետ որեւէ առնչություն չունեցող Նարեկ Հարթունյանին Սեւակն ինչու է հրավիրել ընկերություն: Սեւակը նպատակ է հետապնդել իր յուրացումների արդյունքում վարկերի եւ սեփականատեր Կարապետ Հարությունյանի միջոցների հաշվին գոյատեւող ընկերությունում տեղ գտած չարաշահումների պատասխանատվությունը փոխանցել այդ ոլորտում անփորձ Նարեկին:

Փաստորեն, Սեւակ Արզարունու համար էլ, իբր, դեռեւս պարզ չէ, թե իր գործունեության ժամանակահատվածում վնասե՞լ է Հարթունյաններին, թե՞ օգուտ է տվել: Սակայն Սեւակ Արզարունին եւ Արմեն Ազիզյանը միասին, որպես «կանխավճար» միլիոնավոր դոլարներ են վերցրել Հարթունյաններից եւ Կարապետ Հարությունյանին պատկանող «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ից: Արմեն Ազիզյանի կողմից վերցված գումարների ավելի քան 350.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ ստացականներ եւ համաձայնագիր է առկա: Յուրօրինակ թալանից անմասն չի մնացել նաեւ Ընկերության տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանը:

Կարապետ Հարությունյանին պատկանող եւ Սեւակ Արզարունու կողմից ղեկավարված միակ գործող կազմակերպությունն («Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ) առ այսօր վարկերի եւ Սարո Հարթունյանի հաշվին է գործում: Իսկ Արզարունու  մերձավորների կողմից գրված դիմումների եւ ինքնախոստովանական ցուցմունքների  հիման վրա «հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու փաստով» հարուցված քրեական գործով նշանակված վերստուգման արդյունքում շուրջ 105.000.000 ՀՀ դրամի պարտավորություն է առաջադրվել նույն կազմակերպությանը:

ՊԵԿ-ի քննիչ Ռաֆայել Մկրտչյանը, հակառակ Սեւակ Արզարունու եւ նրա փաստաբանի գրավոր բացատրություններին առ այն, որ «...որոշակի գումարներ իսկապես վերցվել են, դրանք դուրս են գրվել Սեւակի կարգադրությամբ եւ տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի կատարմամբ` համապատասխան անդորրագրերով եւ ընկերության հիմնադրի գիտությամբ...», 08.12.2011թ. հապճեպ, միեւնույն Արտյոմ Մարտիրոսյանից եւ Սեւակ Արզարունուց ցուցմունքի տեսքով սուտ հայտարարություններ է վերցնում այն մասին, որ մինչ 2010 թ. սեպտեմբերը Նարեկն է ղեկավարել ընկերությունը եւ հարկերից չարամտորեն խուսափելու, ինչպես նաեւ փողերի լվացման հիմքով մեղադրանք է առաջադրում Նարեկին եւ վերջինիս կալանավորում, իսկ երեք օր անց Նարեկին «ստիպված» են լինում ազատել:

Այսօր արդեն իսկ միանշանակ է, որ քննիչ Ռաֆայել Մկրտչյանը, Սեւակ Արզարունին եւ Արտյոմ Մարտիրոսյանը պետք է պատասխան տան ծանր հետեւանքներ առաջացրած այդ ստի եւ կեղծիքի համար:

Մեկնաբանություններ (9)

Karen
hargeli @ntercoxner uzum em dzez texyak pahel,vor inch verabervum e Artyom Martirosyanin,te ibrev na kexc cucmunqner e tvel peki qnnchakan varchutyunum,da sut e,es nra het ev inchpes myusneri het shpvel ev ashxatel em,na vorpes mard shat hoyakap mard e,ev vorpes ashxatakic,parzapes hima nra dirqoroshum@ uni ir lurj patcharner@,ete uzum eq imanal es amen@ Artyomi srtov el che,dra hamar aveli lav e lav irazekvac linel,heto haytararutyunner anel,Artyom jan es qo het em,erevi imacar ov em,ete voch,apa es imac ktam,baic chem kaskacum ,du lav analiz es anum...
Karen
Arain. Sevak@ ev Narek@ chunen hayastanyan mtacelakerp,vor ete harc unen irar het,apa irencic lav irenc hamar irenc harc@ miayn irenq karox en lucel,nranq sovor en dimel urishnerin,mec rezonans barcracnel,urishnern el gumarner poken ibrev lucum en talis irenc problemnerin,havataceq,vor aydpes e,es ho da lav gitem e axr...
Արա Armenia
Հարգելի հայեր, նախ խնդրում եմ մեզ համար մի կարևոր բան պարզենք: Մենք բոլորս էլ հայեր ենք և ցանկացած ապօրինի դրսևորում ցավ է բոլորիս համար: Ինձ համար նույն ցավն է թե ՀՀ քաղաքացի հայի իրավունքի խախտումը և թե ՀՀ քաղաքացի չհանդիսացող հայի իրավունքի խախտումը: Ի վերջո, եթե դիտարկենք սփյուռքահայերի տեսանկյունից, թե Սևակը և թե Նարեգը սփյուռքահայեր են: Հիմա ստացվում է, որ նրանք մեկը մյուսի դեմ մերկացնող և անվանարկող փաստեր են ներկայացնում, ինչից էլ օգտվում են երրորդ անձինք: Պարզ է, որ ամուսնալուծությունից հետո ամուսինները մեկը մյուսի գաղտնիքներ են բացահայտում: Նույն իրավիճակի հետ գործ ունենք այս դեպքում: Հիմա պետք է, թե Սևակը և թե Նարեգը խելացի գտնվեն և իրենց հարցերը լուծեն իրենց մեջ, որովհետև, եթե ֆինանսական խնդիրներն ընկնում են հարկային մարմինների ձեռքը, հարկերի մասով պետությունը պահանջատեր է դառնում: Իսկ Հայաստանում ներդրում անելը անվտանգ է: իհարկե կան որոշակի ռիսկեր, բայց դա կարելի է չեզոքացնել պրոֆեսիոնալ հաշվապահների և իրավաբանների միջոցով:
Aram_US
Amoooooooooooooooot.....Yes xosqer chem gtnum...Hayastanum invest anel@ shat bard .Shat apsos,vorovhetev aystex kan mardik ,vor patrast ein invest anel in to small businesses.....Hargeli Agalan Dngadzyan ays xosqer_ Մայր Հայրենիքը Սփիւռքից անջատելու (զուր) փորձերը եկէք թողենք թուրքերին:you must address directley to prasident & govorment of HAYASTAN Yete menq mez chanenq , voch mek mez chi kara ani.Yerevum e hargarjhan Agalan Dngadzyan@ palatakan dudukaharneric e.Amoot...
karen
es akanates em ete harcer kan kpatasxanem sirov,amen inchic texyak em
Hay
(MIASNAKAN JAVAXK) sevak arcrunin mer Vaagi ojare marec Savak Arcrunin Nareki nman mardun uzec banterum petecni ba Vaagi pes azniv ev makur mardun inch oria kkcelu dra hamar arandzin mardik asum ein mez vor dzer anunov mec poxera mtnum, Javaxk mekel azniv makur dzevov asum eink chka et dzev ban esor parzvuma vor ayd srikan Sevake mer anunov like poxera kerel. menk erek enk cheshtel vor mez oknutiun tvac atamnabujarani sarkere da oknutiuner isk inke mezanic mec gumar pox havakel tvec.
Agalan Dngadzyan
Այս յօդուածի խորագիրը եւ բովանդակութիւնը իրարու հետ վափշե կապ չունեն: .... Իսկ խորագիրը, ինքնին, սխալ է՝ իրողապէս եւ ըստ էութեան: ... Նարեկը պիտի չդառնայ Հայրենիք-Սփիւռք կարծեցեալ «հակամարտութեան» պատճառ: ... Ինք երբեք ու երբեւիցէ այդ ձեւով չի ըմբռնել այս տագնապալից կացութիւնը, այլ, ընդհակառակն: ... Մայր Հայրենիքը Սփիւռքից անջատելու (զուր) փորձերը եկէք թողենք թուրքերին:
Karen
Արցախի ,,ատմասկով'' լավ փողեր է կպցրել, մի հատ Չախալյանն ինչ է, որ բռնել չտան. Զատո դրսից էնքան քցվողներ կկպնեն:
Sandrik
Giteink vor Sevak Artsrunin moshenik e bayc ays astijani cheink patekarcnum. Hima arden hamozvac enk vor Vahag Chaxalyani bantum gtnvele paron Sevaki shnorkn e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter