HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բասենում պատրաստվում են հանրաքվեի ընդդեմ համայնքների խոշորացման ծրագրի

Գյուղի սկզբնամասում հավաքված տարեց բասենցիների խոսակցության թեման ԱԺ-ում հաստատված համայնքների խոշորացման հերթական ծրագիրն է: Այն, որ Բասենը եւ եւս 7 համայնք ընդգրկվելու են խոշորացվող Ախուրյան փնջում, հայտնի էր դեռ տարեսկզբին: Գյուղում մի քանի ամիս է «հեղափոխական» տրամադրություններ են: Ինչպես եւ հարեւան Ջրառատում, բասենցիները եւս վճռական են տրամադրված՝ չեն ուզում միանալ որեւէ համայնքի:

«Գիտես ի՞նչ, աղջիկ ջան, մարդ վառելն ուրիշ է, խաշելը մե տեսակմ՝ ուրիշ: Հըմի մեզի խաշելով կտանջեն,-ասում է Բասեն համայնքի բնակիչ Անուշավան Սիմոնյանը,- ոչ գուկան, ոչ կարծիք գիմանան՝ մենակ մե գլուխ կճվան՝ խոշորացեք: Տես քեզի ինչ կըսեմ, մենք գյուղովի գուզենք միանանք Երեւանին՝ դե թող միացնեն: Մեկից խոշրնանք-պրծնինք, մեզի ըդիգ ձեռ կուդա, բայց կենե՞ն, չեն էնե: Ընբես չէ, օր մենք խոշորացում չենք տեսել, ըդուր փորձը չունինք: 1950-ականներին մեր գյուղը միացրել են Հովիտի հետ: Պարելով գնացել միացել են՝ տարիմ հետո իրար «մոռթելով» բաժնվել են: Նույն բանն էլ ըստեղ կեղնի: Պապական խոսք կա՝ շատվոր շնվոր, քչվոր՝ տնվոր: Ինչի՞ շատվորնանք, լավ է ըսպես քչով, մարդավարի, նորմալ կապրինք»:

Բասենի համայնքապետարանում ասեղ գցելու տեղ չկա: Բակում եւս մարդիկ են հավաքված: Տարեց բասենցիները տեղավորվել են նախասրահի աթոռներին, երիտասարդները կանգնած են՝ հենված պատին, ու բոլորի քննարկման թեման համայնքների խոշորացումն է: «Քուն ու դադարն էլ ենք կորցրել էս անտեր խոշորացման երեսից»,-խոստովանում է բասենցիներից մեկը: «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի շերենցյան հայտնի արտահայտությամբ տարեց բասենցիներից Ռաֆիկ Առաքելյանը դիմում է ինձ.«Հլը ընձի էլ հարց տուր, ընկեր լրագրող»: Հետո պատճառաբանում, որ կյանք տեսած մարդ է, գլխով շատ բան է անցել, ու ինքը ջահելներից էլ լավ է հասկանում խոշորացման վնասները.

Տղամարդկանցից ոչ պակաս մտահոգ են նաեւ բասենցի կանայք: Կատակում են. «Ամառը մենք ենք գյուղի տեր-տիրականը, ձմեռը՝ տղամարդիկ, մեզ էլ կանհանգստացնե էդ հարցը, մենք էլ մեր պրոբլեմներն ունինք, մանավանդ օր մանկապարտեզի հարց կա: Մեկ էլ տեսար ըսին, թե Բասենի մանկապարտեզին չենք ֆինանսավորե, թող փակվի, երեխեքին բերեք Ախուրյանի մանկապարտեզները: Ըսենք, որ գյուղերն օր չունին, էլի հասկնանք՝ իրանք թող տանին, բայց մերը օրինակելի է դաժե Ախուրյանի երեք մանկապարտեզներից հեչ մեկը չեն կրնա հետը մրցե: Իբր էս տաս տարվա մեջ թեթեւըմ առաջընթաց եղավ գյուղի համար, հըմի գուզեն հետ զարգեն»,-նկատում է Լուսիկ Սարիբեկյանը:

Բասենի ավագանու անդամ Մհեր Սարգսյանն ասում է, որ պետք չէ տպավորություն ստանալ, թե իրենք միայն բացասական վերաբերմունք ունեն համայնքների խոշորացման վերաբերյալ: Նրա կարծիքով, այդ ծրագիրն առավել ձեռնտու տարբերակ է թույլ համայնքների, բայց ոչ՝ Բասենի համար: «Բասենի նման նախաձեռնող համայնքներին պետք չէ վերցնել ու արհեստականորեն խցկել որեւէ փնջի մեջ՝ դանդաղեցնելով զարգացման տեմպը, որոշ հարցերում էլ՝ արգելակելով,- ասում է Մհեր Սարգսյանը,-Ախուրյանի փունջը ձեւավորվելու է 8 համայնքներից, որոնց մեջ Բասենն իր զարգացվածությամբ, կարելի է ասել մի քանի քայլ առաջ է, բայց քանի որ բնակչության թվով զիջում ենք՝ չենք կարող հավակնել կենտրոն լինելուն ու այլեւս պիտի կախվածություն ունենանք փունջը ղեկավարողի քմահաճույքից»:

Մհեր Սարգսյանի փոխանցմամբ, գյուղի բնակիչները պատրաստվում են դիմել ավագանուն՝ հանրաքվե անցկացնելու համար: Այդ նպատակով ստորագրահավաք է ընթանում Բասենում: «Գիտենք, տեղյակ ենք, որ հանրաքվեի արդյունքները հաշվի չեն առնելու, բայց մենք ցանկանում ենք մեր սահմանադրական իրավունքն իրացնել,- բացատրում է Մհեր Սարգսյանը,- եթե նախարարությունից չեն ուզում գալ ու մեր կարծիքը հարցնել, մենք ցանկանում ենք հանրաքվեի միջոցով դա արտահայտել, որովետեւ միայն ստրուկն է, որ ձայնի իրավունք չունի, իսկ մենք մեզ ստրուկ չենք համարում»:

1780 բնակիչ ունեցող Բասենում բնակիչները հավասարաչափ զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ: Ունեն 1900 հա արոտ, 120 հա վարելահող, մոտ 1800 գլուխ խոշոր եւ 4000 գլուխ  մանր եղջերավոր անասուն: Անջրդի տարածքներ կան, որոնք նույնպես մշակում են: «Հաջողությամբ կարողանում ենք օգտվել պետության տված աջակցություններից՝ սերմնացու է, վառելիք է ու էս վերջին 8-9 տարին էդ առումով կարելի է ասել շատ հաջող է, բացառությամբ էս տարվա, որ մեկ ամիս գյուղնախարարությունը պարարտանյութն ուշացրեց, ու մենք աշնանը մեր ակնկալած բերքը հաստատ չենք ստանա»,-ասում է Բասենի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

Համայնքապետը մտավախություն ունի, որ նմանատիպ ծրագրերի իրականացումը հետագայում եւս կարող է ուշանալ, ու այս անգամ պատճառը կարող է լինել խոշորացված համայնքի ղեկավարությունը: Համլետ Պետրոսյանն ասում է, որ համայնքների խոշորացման ծրագիրը մեկ-երկու քայլով էլ է հեռացնում հասարակ ժողովրդին իշխանություններից: «Եթե հիմա բնակիչը կարողանում է ընտրված ղեկավարին անմիջապես պահանջներ ներկայացնի, ապա արդեն մեծ համայնքի ղեկավարի հետ շփումը դժվարանալու է: Դա էլ է հասկանալի, որովհետեւ 10-15  հազար բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը կդժվարանա թեկուզ ֆիզիկապես բոլորի խնդիրները լսելու եւ արձագանքելու: Սա հաջողությամբ լուծվում է հիմնականում փոքր համայնքներում»:

Բասենի բյուջեն 35 մլն դրամ է, որից 11 մլն դրամը սեփական եկամուտներն են, դոտացիան՝ 24 մլն դրամը: Համայնքում 2013թ.-ից լուրջ ծրագրեր են իրականացնում: Ցածր ածխածնային տեխնոլոգիաների գործնական կիրառման փորձի ներդրման ծրագրի արդյունքում 3,5 տարի Բասենի մանկապարտեզը ջեռուցվել եւ տաք ջրով է ապահովվել արեւային ջրատաքացուցիչների միջոցով: Մանկապարտեզի հարեւանությամբ, 60 քմ-ի վրա ստեղծված ջերմոցը 4-րդ տարին է օրգանիկ բանջարեղեն է ապահովում փոքրիկներին: Անցած տարի բիովառելքի ծրագրի ներդրման արդյունավետությունը համայնքում առաջնահերթ զգացել են հենց փոքրիկ բասենցիները: Ձմռանը մանկապարտեզի ջեռուցումը կազմակերպվել է պելետով(բիովառելիք):

«2008թ,-ին համայնքի ղեկավար ընտրվելուց անմիջապես հետո առաջին ծրագիրը, որ իրականացրել եմ, ծառատունկն է եղել: Հետո եկեղեցին ենք մաքրել, կարգի բերել, դաշտամիջյան ճանապարհներն ենք մաքրել, հետո խմելու ջրի ծրագիրն ենք արել: 2011թ.-ին մանկապարտեզն ենք բացել 60 երեխայի համար: Նախագծա-նախահաշվային փաստաթղթերով նախատեսվել էր 17 մլն դրամ, մենք համայնքով դա կարողացանք 8 մլն դրամի սահմաններում անել` գումարի կեսը խնայելով ու այլ ծրագրի ուղղելով: 2013թ.-ին արեւային ջրատաքացուցիչներ տեղադրվեց, ջերմոց ունեցանք մանկապարտեզի համար, օրգանական պարարտանյութի հարցը լուծեցինք, անցած տարի պելետի արտադրությունը հիմնեցինք: Հիմա ես հարց եմ ուզում տալ. արդյո՞ք խոշորացված համայնքի ղեկավարը պատրաստ է մեզ աջակցելու մեր հետագա ծրագրերի համար, թե պիտի ասի՝ համբերեք, մինչեւ մյուսներն էլ զարգանան»,- հարցնում է Բասենի ղեկավարը:

Համայնքների խոշորացման ծրագրում բասենցիներին անհանգստացնող մյուս հանգամանքը համայնքային սեփականության խոշորացումն է: «Սա լուրջ հարց է ու ինձ համար շատ անհասկանալի, թե ինչու է համայնքային սեփականություն արոտները, շինությունները, վարելահողերը, որոնք վարձակալությամբ են տրվում, դա էլ խոշորացվում, կենտրոնացվում է մի տեղ: Մենք համայնքում հավաքվել, ընդհանուր հայտարարի ենք եկել, որ օրինական կարգով մրցույթն անցկացնելիս առաջնահերթություն տալիս ենք երիտասարդ ընտանիքներին, քիչ հողակտոր ունեցողներին, որ մարդիկ մնան գյուղում, հույս ունենան վաղվա օրվա նկատմամբ: Իսկ եթե խոշորացում եղավ, կգա մի մեծահարուստ ֆերմեր, որ կվերցնի ամբողջը կամ մեծ հողակտորները, կարող են ասել, որ անում են օրինական ճանապարհով, բայց կունեզրկեն մյուսներին,-մտահոգվում է Բասենի համայնքապետը,-բացի դրանից՝ Ախուրյան, Արեւիկ, Այգաբաց համայնքները սահմանակից են Բասենի վարչական տարածքին: Երեք համայնքն էլ չունեն արոտներ: Մենք 1900 հա արոտ ունենք, եւ իրենք անօրինական կերպով որոշ չափով մեր արոտներից օգտվում են, որն էլ անընդահատ վեճերի առիթ է ստեղծում: Հողային սեփականությունը խոշորացնելուց հետո մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու»:

Բասենի համայնքապետն ասում է, որ իրենց հաջողության գաղտնիքը համայնքների զարգացման ծրագրերին արագ արձագանքելու կարողությունն է: Եթե պահանջվում է ծրագրում 10-20 տոկոսային ներդրմամբ մասնակցություն, իրենք պատրաստակամ են ներդնել 30-50 տոկոս: «Նման գործելակերպը նպաստում է, որ առաջնահերթ մեր ծրագիրը ֆինանսավորվի, որովհետեւ դոնորն էլ է տեսնում, որ պատրաստակամ ենք: Իրենք նայում են նաեւ նախորդ ծրագրերի արդյունքներին: Արդյո՞ք խոշորացված համայնքի ղեկավարը կհամաձայնվի, որ առաջնահերթ մեր ծրագրերը ֆինանսավորվեն կամ պահպանվեն արդեն իսկ արվածները: Փնջի մեջ մտնող Կամոն տարրական ճանապարհ չունի: Վաղը մյուս օրը պիտի ասեն՝ էդ ենք սարքում, դրա վրա ենք գումար ծախսելու, Բասեն, դու գնա համբերի, մինչեւ մնացածի հարցերը լուծենք»,-նկատում է Համլետ Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter