HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղի փոստի առաքանին միայն դատական և տուգանքի ծանուցումներն են

Լվացքի փոշի, ափսեներ լվանալու հեղուկ, զուգարանի թուղթ, սուրճ, տարբեր շրջանակներով օպտիկական ակնոցներ, մանկական ռեզինե կոշիկներ, երկու-երեք թերթ, ամսագրեր: Սա Ծավ գյուղի փոստի բաժանմունքն է, որտեղ, բացի նամակներից ու ծանրոցներից, վաճառում են նաև կենցաղային ապրանքներ: Փոստի միակ աշխատակիցը՝ Անժելա Ալեքսանյանը, ասում է, որ փոստային ծառայության հետ կապ չունեցող ապրանքները ստանում են օրինական ճանապարհով՝ հաշիվ-ապրանքագրով:

Տիկին Անժելան արդեն 46 տարի բացում-փակում է համայնքապետարանի շենքում տեղակայված փոստի դուռը: Թեև գյուղ է, ասում է, բայց աշխատանքային ժամերին միշտ հետևում է. անկախ գործ լինել-չլինելուց՝ գալիս բացում է փոստը: Ասում է՝ դա իր աշխատանքն է:

1971-ին աշխատանքի էր ընդունվել որպես Ծավի կապի բաժանմունքի վարիչ: Այն ժամանակ հեռախոսակապի պատվերներ էին ստանում, միացնում էին Երևան կամ այլ բնակավայրեր: Կատակում եմ, թե պատահում էր արդյոք, որ լսեր խոսակցությունը, տիկին Անժելան ժպտում է, թե ինչպես կարող էին լսել, բացառվում էր դա, երբ միացնում էին, իրենց մոտ այլևս անջատվում էր ազդանշանը, հնարավոր չէր ականջ դնել:

Տիկին Անժելան Շիշկերտ գյուղից է (Ծավ համայնքի կազմում է), որը հեռու է Ծավից 10-12 կմ: Դպրոցն ավարտելուց հետո գյուղխորհրդի քարտուղար է աշխատել, դրանից մեկ տարի անց աշխատանքի համար նոր ընտրություն պիտի լիներ, ու քանի որ ինքն անչափահաս էր այդ ժամանակ՝ 17 տարեկան, աշխատանքի չընդունեցին: Դրանից հետո մոտ 6 ամիս աշխատել է գյուղի մանկապարտեզի վարիչ: Այնուհետ մտել է կապի բաժանմունք, եղել հեռախոսավարուհի, ապա՝ վարիչ:

Հիշում է, որ նախկինում պարկով թերթ ու ամսագիր էին ստանում, բոլոր ընտանիքները բաժանորդագրված էին «Սովետական Հայաստան» ու «Պղնձի համար» թերթերին, իսկ հիմա «Սյունյաց երկիր» թերթից ընդամենը 2 օրինակ է ստանում, այն էլ միայն մեկն է վաճառվում: Պիտի դիմի, որ այլևս մեկ օրինակ ուղարկեն: Ըստ տիկին Անժելայի՝ շատ դեպքերում գյուղացիները թերթ են գնում, որ ինչ-որ բան փաթաթեն մեջը: Թերթի օրինակներից աթոռի հենակին է գցել, հարցնում եմ, թե որ ամսվա է, ասում է՝ նախորդ: Փոխարենը 10 օրինակ ամսագիր է վաճառում՝ հիմնականում առողջապահության մասին, իրացվում են նաև մանկական ամսագրերը, ներկելու ալբոմները:

Տիկին Անժելայի դեմքին հոգնություն կա: Ասում է՝ հիմա գործը թոշակ, նպաստ բաժանելն է, կոմունալ վճարներ ընդունելը: Միանյակ սպասարկում է Ծավ, Շիշկերտ, Ներքին Հանդ գյուղերը: 46 տարի է՝ մեքենա չեն տրամադրում դրա համար, իր գրպանից է վճարում՝ Շիշկերտ ու Ներքին Հանդ հասնելու համար:

Գյուղում նամակներ ստանում են բացառապես դատարաններից, ճանապարհային ոստիկանությունից, ԴԱՀԿ ծառայությունից և բանկերից: Նամակների թիվն ամսական հասնում է 50-ի: Անձնական նամակ գյուղը վաղուց չի ստացել, վերջին ծանրոցն էլ այստեղ հասել է մայիսին:

Ծավը ծերանում է, երիտասարդներից շատերը հեռանում են, որովհետև աշխատանք չունեն, հիմնականում թոշակառուներ են մնացել: Բնակիչներից մեծ մասը վարկ է վերցրել, բայց առավելապես ոչ թե գյուղատնտեսության մեջ օգտագործելու, այլ պարտքերը փակելու համար: Տիկին Անժելան նույնպես վարկ է վերցրել, որը որդու բուժման համար է:

Ինչպես մյուս օրերին, այս անգամ էլ տիկին Անժելայի փոստի դուռը բաց է մնում մինչև 17:00-ն:

Լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter