HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

«Heart of Gold». Նիլ Յանգի միակ ու անփոխարինելի «ոսկին» իր ստեղծագործական «բերքահավաքից»

Կանադացի երգիչ, երգահան Նիլ Յանգի երգացանկում մի շատ գեղեցիկ երգ կա, որը բազմիցս է հնչել նաև հայտնի տարբեր երաժիշտների կատարմամբ: Նրանք, իհարկե, երգը ներկայացրել են հին ու նոր ժանրային, ոճային մեկնաբանություններով, քանի որ ստեղծագործական տարածքները, որոնցում հարմարավետորեն տեղավորվել է չորս տասնամյակից ավել կենսագրություն ունեցող այդ երգը, տարբեր էին այնքան, որքան ջազն ու քանթրին, դիսկոն և ռոքը:

«Heart of Gold». ահա նա, որին վիճակված էր դառնալու երաժշտի միակ թիվ մեկ սինգլը ամերիկյան սանդղակում, և, միաժամանակ, լավագույններից մեկը՝ բոլոր ժամանակների համար սահմանվող շարքերում:

Նիլ Յանգն այս երգը գրեց իր համար բավականին ծանր մի ժամանակաշրջանում: Դա 1971թվականն էր, և երաժիշտը մեջքի վնասվածքի պատճառով ի վիճակի չէր երկար կանգնած մնալ: Իր ստեղծագործական կյանքի այս փուլում նա ստիպված եղավ հրաժարվել էլեկտրական կիթառից, ուստի երգը, ինչպես նաև նոր ալբոմի մյուս գործերը («Harvest», որում ներառված էր) նա նվագեց ակուստիկ կիթառով: Յանգն այստեղ, շնորհիվ ցավազրկողների, կարծես թե խաղաղ տրամադրության մեջ է, համենայն դեպս այդպես է փոխանցում երգը: Սակայն ոսկե սրտեր որոնողի կյանքն իրականում գնալով բարդանում էր ու անձնական ողբերգությունների դեմ առնում: Հաջորդող մի քանի տարիները նրա խնդիրներին ավելի խորը հարվածներ հասցրեցին. որդին ծնվեց մանկական ուղեղային կաթվածով, ամենամոտ ընկերներից՝ Դենի Ուիթենը հանկարծամահ եղավ թմրադեղերի հետևանքով, ապա՝ բաժանում սիրելի կնոջից և այլն:  Երգչի «The Ditch Trilogy»-ն այս ամենի մեջ է ծնվել: Սակայն, հավանաբար, ինչպես «Heart of Gold»-ում է զգացվում, լուսավորի ձգտումը, փնտրելն ու հուսալը նրան այնուամենայնիվ ոտքի կանգնեցրին:

Երգը ձայնագրվեց 1971թ. փետրվարին, «Harvest» (բերք, հունձ, բերքահավաք) ալբոմի համար: Ի տարբերություն նախորդների, այս ալբոմը, պայմանավորված վերը նշված տրամադրությամբ, ավելի մեղմ է, հանդարտ, լիրիկական թախծով ու կյանքի հարցական կողմերի փիլիսոփայությամբ:

Ակուստիկ ձևաչափով այս քանթրի բալլադը, որը Յանգը կատարում է զուգահեռաբար շրթհարմոնի մասնակցությամբ, նոր ալբոմի հաջողության բանալին էր:

«Heart of Gold»-ն, այսպես ասած, հապշտապ խցկվեց ձայնագրման աշխատանքների մեջ ու ընդամենը երկու փորձով ավարտվեց: Ն. Յանգն այդ ժամանակ Նեշվիլում էր (Թենեսի նահանգ)՝ մասնակցելու Ջոնի Քեշի հեռուստատեսային մի համերգի, որպես հրավիրյալ երաժիշտ: Նույն առիթով այստեղ էին գտնվում մի քանի երաժիշտներ ևս: Պրոդյուսեր Էլիոթ Մեյզերը նոր էր բացել իր ձայնագրման ստուդիան՝ «Quadrafonic Studios»-ը, ուստի նա առիթը բաց չթողեց և որոշեց մի երեկո հանդիպում-ընթրիք կազմակերպել՝ հրավիրելով տարբեր քաղաքներից այստեղ հավաքված և տեղացի երաժիշտներին, այս բնագավառի մի շարք հյուրերի: Լինդա Ռոնսթանդ, Ջեյմս Թեյլոր և այլք, որոնցից ոմանք շուտով պիտի հայտնվեին Մեյզերի ստուդիայում՝ Յանգի նոր երգերի ձայնագրությանը մասնակցելու:

Երբ Էլիոթ Մեյզերը Նիլ Յանգին պատմեց իր մտահղացման մասին, այն է, թե՝ օգտագործել Նեշվիլում գտնվելու առիթն ու «Quadrafonic Studios»-ում գործի անցնել, Յանգին շատ դուր եկավ այն: Նորաբաց այդ ստուդիայում արդեն աշխատել էր այդ տարիներին հայտնի «Area Code 615»-ը, ինքը մեծ ուրախությամբ կուզենար այնտեղ հայտնվել: Երգիչն ասաց, որ նոր գործեր ունի, որոնք երբեմն կատարում է իր «ճանապարհներին». ուրեմն ժամանակն էր նույն այդ ժամանակն ու նրա ընձեռած առիթը վայելելու: Երբ Յանգն ասաց, որ իրեն մի քանի երգերի համար բասիստ, հարվածորդ և կիթառահար է պակասում, Մեյզերը արագ որոշում կայացրեց: Կիրակի օրը պետք է ձայնագրություն անել, իսկ դա գրեթե խենթության հավասար մի բան էր:  Նա թերթեց նեշվիլյան երաժշտական կյանքի ներկա էջերն իր հիշողությունում և իսկույն այստեղ բերեց հարվածորդ Քենի Բաթրիին: Բասիստ Թիմ Դրամոնդին նա բառացիորեն «բերման ենթարկեց» փողոցից. մարդը դուրս էր եկել ուղղակի զբոսնելու և հանկարծ հայտնվեց ստուդիայում՝ նոտաների առջև: Քիչ անց դուռը բացվեց և ներս մտավ նաև կիթառահար Բեն Քիթը:

Երաժիշտներն առանձին միմյանց չէին էլ ճանաչում, նրանցից ոմանք Յանգին երևի հանդիպում էին առաջին և վերջին անգամ: Բայց սա ամենևին էլ չխանգարեց նրանց՝ միասին ստեղծելու Յանգի և աշխարհում ամենասիրված ալբոմներից մեկը` «Harvest»-ը: Իսկ մի երեկո, Ջոնի Քեշի շոուի ավարտից հետո, պրոդյուսեր Մեյզերը դարձյալ անակնկալ ներս բերեց արդեն բեք վոկալ խմբին՝ Լինդա Ռոնսթանդին և Ջեյմս Թեյլորին:

Եվ ձայնագրվեց «Heart of Gold»-ը: Այն ալբոմի 2-րդ սինգլն էր, որը թողարկվեց 1972թ.: Վայելելով մեծ մասսայականություն և՛ Կանադայում, և՛ ԱՄՆ-ում երգը դարձավ, ինչպես նշեցինք, Յանգի միակ թիվ մեկը ողջ ստեղծագործական կյանքում: Իսկ ահա բազմահամ ու բազմագույն երաժշտախմբից ստեղծված «Harvest»-ը ամենահաջողվածն էր, ամենավաճառվածն ու ամենահայտնին:

 

1985թ. հարցազրույցներից մեկում Բոբ Դիլընը նշում է, որ չնայած Յանգի ստեղծագործության հանդեպ մեծ հարգանքին՝ ինքը տանել չէր կարողանում «Heart of Gold»-ը: Դա շարունակ հնչում էր ռադիոկայաններից: 1972թվականին, երբ երգը լույս տեսավ, նա ապրում էր Արիզոնայում և ստիպված էր ընդունել, որ  տեղական լսարանում երգը ամենամեծ հիթն էր: « Ես միշտ սիրել եմ Նիլ Յանգին, բայց ամեն անգամ երբ հնչում էր «Heart of Gold»-ը, ատում էի ուղղակի: Մի անգամ նույնիսկ անհանգստության զգացում ապրեցի: Կարծում եմ, որ այն բավականին երկար մնաց առաջին հորիզոնականում, և ես  ինքս ինձ ասացի. «Գրողը տանի, սա կարծես ես լինեմ: Այն հնչում է ճիշտ իմ նման: Այնպիսի զգացում ունեի, որ ինչ-որ մեկը խլել էր իմ ունեցվածքն ու փախել նրա հետ… »:

 2005թ. Նիլ Յանգի «Heart of Gold»-ը ճանաչվեց կանադական բոլոր ժամանակներ երրորդ լավագույն երգը («CBC Radio One»-ի կողմից): Այն օգտագործվել է մի քանի տարբեր ֆիլմերում, ընդգրկվել բազմաթիվ արտիստների համերգային ծրագրերում: Երգի քավըր տարբերակներից ամենահայտնին համարվում է Ուիլի Նելսոնի կատարումը, որը 1987թ. գրավեց 44-րդ հորիզոնականը բիլբորդյան «Քանթրի թեժ սինգլներ»-ի շարքում:

 Գլխավոր լուսանկարը՝ Հենրի Դիլցի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter