HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Սրճարանի շինարարություն՝ հուշարձան-շենքում

Բնակիչները ցնցումներ են զգում, իսկ կառուցապատողն ասում է, որ շենքը կդիմանա 9 բալանոց երկրաշարժի

Աբովյան 32 շենքի բնակիչ Սեդրակ Առաքելյանն ասում է, որ երբ մոտ 3 շաբաթ առաջ շինարարները շենքի կիսանկուղային հարկում քանդում էին հենքային պատը, հարևաններից մեկը գնաց՝ այդ աշխատանքներին հետևելու, որպեսզի այնպես քանդեն պատը, որ 77 տարի առաջ կառուցված «էս շենքը չնստի գոնե, որ գնանք ձեռքերով պահենք գոնե»: «Դա ռեակցիա էր մարդկանց, որոնք չգիտեին՝ ինչ անեին, գոնե մի բան փորձեին անել»,- հավելում է նույն շենքի բնակիչ Աշոտ Բալայանը:

Վեց ամիս առաջ կառուցապատող Աշոտ Սիմոնյանը գնել է շենքի նկուղային հարկը և հուլիսի 20-ին այնտեղ շինարարություն անելու թույլտվություն ստացել: Նա «Հետքին» ասաց, որ 5 ամիս է՝ շինարարական աշխատանքներ է անում, որոնց ավարտից հետո տարածքում մանկական սրճարան է բացելու: Աբովյան 32-ի բնակիչները սկսել են անհանգստանալ մոտ 1,5 ամիս առաջ, երբ 77-ամյա շենքի նկուղից «սկսեցին դխկդխկոցներ լսվել»:

Բնակիչների դիմումին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը հայտնել է, որ շինարարությունն իրականացվում է քաղաքապետարանի հետ համաձայնեցված նախագծի և Աշոտ Սիմոնյանին տրված շինարարության թույլտվության համաձայն, իսկ «նախագիծն անցել է համապատասխան փորձաքննություն, որի հիման վրա տրվել է մասնագիտական դրական եզրակացություն»:

Աբովյան 32 շենքի կիսանկուղային հարկը

Բնակիչները նմանատիպ պատասխան են ստացել նաև քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ, ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Սևադա Հայրապետյանից: Նախագծային փաստաթղթերը մշակել է «ԱՇՆ Փրոջեքթ» ՍՊԸ-ն, նախագիծն ուսումնասիրել է «Լավո» ՍՊԸ-ի փորձաքննությունը և օբյեկտի ճարտարապետական ու կոնստրուկտորական մասերը երաշխավորել հաստատման ու համաձայնեցման:

Աբովյան 32-ի բնակիչներն էլ դիմել են իրենց ծանոթ ճարտարապետներին, ովքեր իրենց հերթին փորձաքննության են ենթարկել շինարարության թույլտվությունը և այլ փաստաթղթեր: Ըստ այդ ճարտարապետների ոչ պաշտոնական կարծիքի՝ քաղաքապետարանի թույլտվության մեջ մի շարք խախտումներ ու թերություններ կան՝ սկսած ճարտարապետահատակագծային առաջադրանքից, վերջացրած նախագծով:

Կառուցապատողը 1,9 մետրի չափով հենքային պատ է հանել շենքի նկուղում, ինչի արդյունքում 3,3 մետր բացվածք է առաջացել, ինչը նախատեսված է նախագծով: Աշոտ Բալայանն ասում է, որ նկուղում հենքային պատերի միջև հեռավորությունը չպետք է լինի 2 մետրից ավելի: Աշոտ Սիմոնյանը համամիտ չէ:

«Բոլոր ծառայությունները եկել են, իրենց եզրակացությունը տվել են, նոր հանել ենք 1,90 մետրը՝ մի փոքր մասը, ու շատ ամրացրել եմ, լրիվ երկաթային մաս եմ մտցրել, ու բետոն է: Ճարտարապետը ասում է՝ 100 տոկոսով կպահի, 15 հարկ էլ կպահի»,- ասում է կառուցապատողը:

Աբովյան 32 շենքի հուշատախտակները

Մինչդեռ բնակիչների խնդրանքով փորձաքննություն անցկացրած ճարտարապետներն ասել են, որ 1934 թ. շենքում ցանկացած հենքային պատ հանելը վտանգավոր է սեյսմակայունության տեսանկյունից, քանի որ շենքում մետաղական կոնստրուկցիաները շատ քիչ են: «Սա հին շենք է: Փոխանակ ամրացնեն՝ հենքային պատ են հանում»,- ասում է Սեդրակ Առաքելյանը:

Բացի դրանից՝ Աբովյան 32-ը, ըստ կառավարության 2004 թ. N 1616-Ն որոշման, ներառված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, և ըստ ճարտարապետների ոչ պաշտոնական փորձաքննության՝ այնտեղ նման շինարարական աշխատանքներ անելու համար պետք է Հուշարձանների պահպանության գործակալության թույլտվությունը:

Շինարարությունը սկսվելուց հետո շենքի բնակարաններում ճաքեր են առաջացել: 5-րդ հարկի բնակիչ Անուշ Առաքելյանը ցույց է տալիս պատի ճաքը, որը ժամանակին շատ նեղ էր, իսկ հիմա լայնացել ու խորացել է: Ճաքերի վրա փակցված թղթերը պատռվել են, այսինքն՝ ճաքերը դեռ գործում են:

«Իրենք կարող են էդ թուղթը պատռել, որովհետև չեն ուզում, որ ես էստեղ գործ անեմ: Ես բարձրացել եմ 1-ին հարկից մինչև վերջ, մինչ էդ պատը հանելը տեսել եմ ես էդ ճաքերը: Բոլորը հին ճաքեր են»,- ասում է Աշոտ Սիմոնյանը՝ հավելելով, որ ճաքերն առաջացել են 77 տարվա ընթացքում, նաև բնակիչների կատարած վերանորոգման աշխատանքների արդյունքում:

Անուշ Առաքելյանի բնակարանի պատի ճաքը

Անուշ Առաքելյանը չի հերքում, որ իրենց տանը նախկինում էլ են ճաքեր եղել, բայց պնդում է, որ որոշ ճաքեր առաջացել կամ խորացել են հենց նկուղում շինարարությունը սկսվելուց հետո: Նա ասում է, որ շինարարության ժամանակ ցնցումներ է զգացել, դղրդոց լսել:

«Ի՞նչ ցնցում պիտի զգան իրենք: Մի ամիս առաջ էր, չէ՞, երկրաշարժ եղավ: Բոլորը իմացան՝ բացի էս շենքից: Ես էստեղ էի, ես իրենց ասեցի՝ իմացա՞ք երկրաշարժը: Ոչ մեկ չի զգացել: Ես շատ եմ ամրացրել. սա դարձել է 9-10 բալանոց շենք»,- հակադարձում է Աշոտ Սիմոնյանը:

Կառուցապատողի խոսքերով՝ ինքը փոխել է ամբողջ շենքի կոյուղու փտած, 1934 թ.-ից հետո չփոխված խողովակները, ազատվել է նկուղի առնետներից: Որպես բարեգործություն՝ փոխել է նաև բակի՝ 20 տարի չգործող լողավազանի կոյուղին, նույնիսկ բնակիչներին առաջարկել է փոխել շինարարներին, եթե չեն հավանում նրանց, բնակիչների պահանջով իր նախատեսածից ավելի բետոնային աշխատանքներ է արել:

«Մի քանի անգամ սա իմ վրա թանկացել է, բայց ես ուզել եմ՝ ամուր լինի: Նկուղային տարածքում անհարթ հողածածկ է եղել: Ես հավասարացրել եմ էս հողածածկը, բոլոր սյուները, բոլոր պատերը ամրացրել եմ և բոլոր պատերի տակով երկաթային և բետոնային աշխատանքներով փակել եմ»,- իր կատարածն է թվարկում Աշոտ Սիմոնյանը:

Աշոտ Սիմոնյանի գնած տարածքին պատկից նկուղը

Սակայն բնակիչները մտավախություն ունեն, որ Աշոտ Սիմոնյանը նաև «կզավթի ընդհանուր օգտագործման տարածքներ»: «Ես դեռ չեմ ասում, թե ինչ է սպասվում մեր բակին»,- մտահոգվում է Սեդրակ Առաքելյանը:

Պատճառն այն է, որ կառուցապատողը աշխատանքներ է կատարում նաև իր գնած տարածքին պատկից նկուղային տարածքում, որը ընդհանուր օգտագործման է: «Քանի որ դա իր կողքին է, ինքը որոշել է, որ կարող է սրա հետ աշխատել: Օրենքով ինքը պետք է սրա համար թույլտվություն հարցնի բոլոր բնակիչներից»,- ասում է Աշոտ Բալայանը:

Աշոտ Սիմոնյանն էլ նշում է, որ այդ նկուղային տարածքը եղել է բնակշահագործման տնտեսությանը («ԺԷԿ»), տարածքում լրիվ աղբ ու առնետներ են եղել, իսկ հոսանքի եռաֆազ բաց լարերը շատ վտանգավոր էին երեխաների և անօթևան մարդկանց համար, ովքեր կարող էին մտնել տարածք: Ինքը մաքրել է տարածքը, հոսանքի նոր լարեր անցկացրել, իսկ դռան վրա կողպեք է դրել, քանի որ մաքրման աշխատանքներ կատարելիս ժամանակավոր շինանյութ է դրել այդ տարածքում: Կառուցապատողը հավաստիացնում է, որ տարածքի բանալին տալու է կամ բնակիչներին, կամ բնակշահագործման տնտեսությանը:

«Որ տեսան՝ էստեղ մաքրում ենք, իմացան՝ մենք սա զավթել ենք: Եթե ԺԷԿ-ը համաձայնվի կամ ուզի, ես կարող եմ մի հատ էլ սվաղ անեմ: Բարեկարգեմ տամ: Բարեգործություն: Սա եթե ես ուզենայի «զավթել», ես էստեղ աշխատանքներ կանեի, չէ՞,- ասում է Աշոտ Սիմոնյանը և միանգամից հավելում:- Դա իմը չի: «ԺԷԿ»-ինն էր, մեր բոլորինն է՝ իրենցն էլ է, իմն էլ է. ես էլ եմ արդեն էստեղի բնակիչ՝ նույն իրավունքներով»:

Սեդրակ Առաքելյան

Բնակիչները մտավախություն ունեն, որ կառուցապատողը կարող է նաև «փողոցը նվաճել, դուրս գալ դեպի մայթ» և նկուղի առջևում ստեղծել երկրորդ «Փարիզյան սուրճ»՝ հանդիպակաց մայթին գտնվող «Փարիզյան սուրճի» օրինակով: Մի քանի օր առաջ Աբովյան փողոցի կողմից նկուղի մուտքը փակված էր ցելոֆաններով, և շինարարություն էր ընթանում նաև նկուղի առջևում:

Աշոտ Սիմոնյանը հավաստիացնում է, որ մայթին սրճարան բացելու մտադրություն չունի, իսկ փողոցի կողմից դեպի նկուղ տանող աստիճանները ցելոֆանով ծածկել էր բարեկարգելու նպատակով:

«Իրենք էդ ցելոֆանները որ տեսան, սկսեցին այ էդպես իմ հետևից ընկնել: Պրոյեկտով 20 սմ՝ 1 աստիճան ավելանում է էնտեղ, որ հավասար իջնի: Ես մի փոքր ավել պիտի ծածկեմ, որ աշխատանք անեմ, չէ՞: Աստիճանները քանդված էին, կոտրված աստիճանները ես փոխում էի ու էս պատուհանը պետք է բացեի, էստեղ ավազով պիտի մաքրեի, գեղեցկացնեի»,- ասում է նա: Բնակիչների բողոքից հետո արդեն մոտ 15 օր է՝ քաղաքապետարանը դադարեցրել է նկուղի առջև կատարվող աշխատանքները:

Առաջիկա օրերին Աբովյան 32-ի բնակիչները կոլեկտիվ հայցով դիմելու են դատարան: Աշոտ Բալայանի խոսքերով՝ հայցապահանջը, ամենայն հավանականությամբ, կլինի նախագծի թույլտվությունը հետ կանչելը և «օրենքով ու նորմերին համապատասխան» նախագիծ մշակելը: Նրանք նաև դատարանից պահանջելու են, որ անցկացվի նախագծի և շինարարության թույլտվության պաշտոնական փորձաքննություն:

Աբովյան 32 շենքը

«Մենք ուզում ենք իմանալ, որ այս թուղթը ոչ թե ֆիկցիա է, որ եկել են, ինչ-որ մեկին 2 կոպեկ փող են տվել, ու ինքը գրել է էնպես, ինչպես պետք էր պատվիրատուին, այլ մարդիկ ստորագրություն և կնիք դնելիս պատասխանատու են իրենց արածների համար: Մենք չենք հավատում, որ սա պատասխանատու մարդկանց կողմից տրված բան է, և ուզում ենք օրինական սա ճշտել: Մենք ուզում ենք, որ քաղաքապետարանը սրա համար պատասխան տա»,- ասում է Աշոտ Բալայանը:

«Բնակիչները չեն ուզում ու վերջ: Մանկական սրճարան: Ի՞նչ վատ բան է, որ իրենք բողոքում են: Ուրիշները 5 ամսում արդեն բացում աշխատում են: Ես 5-6 ամիս է՝ ամրացնում եմ էս բոլորը: Ես սպասել եմ 3 ամիս, մինչև ինձ թույլտվություն են տվել: Բոլոր ծառայությունները եկել նայել են, ամեն ինչով հաստատվել է, նոր ինձ թույլտվություն են տվել»,- իր հերթին ասում է Աշոտ Սիմոնյանը:

Նա հավաստիացնում է, որ անձամբ է որոշել Աբովյան 32 շենքի նկուղում մանկական սրճարան բացել և նախաձեռնել նախագծի մշակումը: «Ոչ մի հովանավորող չունեմ ես»,- ասում է նա՝ հերքելով բնակիչների այն ենթադրությունը, որ իր մեջքին մարդ կա կանգնած:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter