HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քալեջյանների փախստական ընտանիքն ու Հայաստանում չապաստանածները

Հայաստանում ապաստան հայցողները, մինչ փախստականի կարգավիճակ ստանալը բնակվում են միգրացիոն պետական ծառայության հատուկ կացարանում, իսկ դրանից հետո տեղափոխվում՝ ինտեգրացիոն կենտրոն։ Պետական այս հաստատությունները գտնվում են Նոր Նորքի առաջին զանգվածի նույն շենքում։

72-ամյա Արտաշես Քալեջյանը կնոջ և որդու հետ բնակվում է փախստականների համար նախատեսված հատուկ կացարանում։ Նրանց հատկացված մի քանի քմ-անոց սենյակում երեք մահճակալ է, մեկ պահարան ու մի սեղան։

Ընտանիքը Հայաստան է եկել Սիրիայից՝ պատերազմի օրերին։

Ընտանիքի անդամներից առաջինը Հայաստան է տեղափոխվել Արտաշեսի 31-ամյա որդին, ապա Արտաշեսի կինը, դրանից վեց ամիս անց՝ 2016թ.-ի հունվարի 1-ին, Հայաստան է ժամանել Արտաշեսը։

Նախորդ տարի ընտանիքի երեք անդամները ստացել են Հայաստանի քաղաքացիություն և անձնագիր։ Արտաշեսի փոխանցմամբ՝ մի քանի ամիս առաջ հայտնել են, որ մինչ օգոստոս ընտանիքը պետք է լքի կացարանը։

Ընտանիքի անդամներից մշտական աշխատանք միայն Արտաշեսի որդին ունի, ամսական ստանում է 80 000 դրամ, Արտաշեսի կինը երբեմն խոհարարություն է անում, Սիրիայում խոհարար է աշխատել, իսկ 72-ամյա Արտաշեսը առողջական խնդիրներ ունի, աշխատել չի կարող։

Արտաշեսը մտահոգվում է, որ անգամ այս պայմաններում, երբ տան վարձ չեն տալիս, դժվարությամբ են կարողանում ապրել, իսկ այն ժամանակ, երբ լքեն կացարանը, մտածում է՝ հետ կվերադառնան Հալեպ, քանի որ այստեղ ապրելու միջոց չեն կարող գտնել։

Վիտալի Գրիգորյանը բնակվում է նույն շենքի ինտեգրացիոն կենտրոնում։ Նրան Հայաստան է բերել ուկրաինական քաղաքացիական պատերազմը։ Վիտալին Կիևից տեղափոխվել է Հայաստան և այդ ժամանակվանից, որպես փախստական, միայնակ բնակվում է այս կենտրոնում։ Այժմ չի աշխատում, դժգոհ չէ հայաստանյան պայմաններից, բայց ակնկալածի պես չէ։

Հատուկ կացարանում հանգրվանածներին միգրացիոն պետական ծառայությունը տասն օրը մեկ անգամ տալիս է սննդի և հիգիենայի առաջին անհրաժեշտության պարագաներ։

2000թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ հունիսի 20-ը ճանաչվել է փախստականների համաշխարհային օր։

«Փախստականների և ապաստանի մասին» օրենքով՝ Հայաստանը ապաստան է տրամադրում բոլոր այն անձանց, ովքեր ենթարկվել են հետապնդումների կամ իրենց կյանքին, ազատությանը լուրջ վտանգ սպառնալու հետևանքով ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակության կամ քաղաքացիության երկիրը։

Հայաստանում ապաստանած օտարերկրացիները փախստականի կարգավիճակ են ստանում, իսկ փախստական համարվում են նրանք, ովքեր ռասսայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելիության կամ քաղաքական հայացքների համար ենթարկվել են հետապնդման և չեն կարող կամ չեն ցանկանում օգտվել այդ երկրի պաշտապանությունից։

Ապաստան ստանալու համար օտարերկրացին դիմում է Բավրայի, Բագրատաշենի, Մեղրիի, Այրումի, Գոգավանի սահմանակետերից մեկը կամ «Զվարթնոց» օդանավակայան:

Ովքեր չապաստանեցին Հայաստանում

2014թ.-ից մինչ 2017թ.-ի մարտ ամիս Հայաստանը  մերժել է ապաստան տրամադրելու խնդրով դիմած 96 անձի։ Ապաստանի տրամադրման մերժումները կայացրել են միգրացիոն պետական ծառայությունը կամ դատական մարմինները։

2014թ.-ից սկսած, տարեցտարի ավելացել են ապաստանի տրամադրման դիմումների մերժումների քանակը։ Օրինակ՝ եթե 2014թ.-ին Հայաստանը հրաժարվել է ապաստան տրամադրել 11 անձի, ապա 2016թ.-ին այդ թիվը հասել է 41-ի։

Ընդհանուր առմամբ , 2014թ.-ից մինչ 2017թ.-ի մարտ Հայաստանում ապաստան ստանալու նպատակով դիմել են 375 անձ՝ աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներից, ինչպիսիք են` Բահրեյնը, Բենին, Եմենը, Կամերունը, Նիգերիան, Կոտ դ՝ Իվուարը, Կուբան և այլն:

Ամենաշատ դիմումները ստացվել են Իրանից, Իրաքից, Թուրքիայից, Ուկրաինայից, Սիրիայից։ 2014թ.-ից ապաստան ստանալու 375 դիմումներից Հայաստանը մերժել է 96-ը կամ մոտ 26 %-ը։

Վերջին 3 տարիներին ապաստան ստանալու ամենաշատ մերժումները ստացել են Իրանի քաղաքացիները։ Հայաստանը Իրանից, ապաստանի տրամադրման 59 դիմում է ստացել և 35-ը, որը կազմում է դիմումների 59 %-ը, մերժել։

Իրանից հետո Հայաստանում ամենամեծ քանակով ապաստանի դիմումների մերժում ստացել են Իրաքից դիմածները։ Հետաքրքրական է, որ Հայաստանում ապաստանելու համար հաճախ դիմել են Արևմտյան Աֆրիկայի երկրներից և օրինակ, մերժվել են Մալիի, Բենինի, Նոր Գվինեայի քաղաքացիները։

Ինչու Հայաստանում չեն ստանում ապաստան

Միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը հավաստիացնում է՝ Հայաստանը պատրաստ է ապաստան տրամադրել բոլոր այն անձանց, որոնց փաստաթղթերը համապատասխանում են ապաստանի տրամադրման պահանջներին։

Փաստաթղթերը միգրացիոն ծառայությունն ուսումնասիրում է երեքից վեց ամսվա ընթացքում, սակայն լինում են դեպքեր, երբ այն ուսումնասիրվում է արագացված ռեժիմով՝ հաշվի առնելով դեպքի կարևորությունը։ Մինչ ապաստանի տրամադրումը, ապաստան հայցողը բնակվում է հատուկ կացարանում, ստանում անձնագրին փոխարինող փաստաթուղթ, սննդի և հիգիենայի առաջին անհրաժեշտության պարագաներ։

Եթե ապաստան հայցողը ստանում է փախստականի կարգավիճակ, նրան տրամադրվում է ճանապարհորդական անձնագիր, և նա տեղափոխվում է ինտեգրման կենտրոն։

                                                  Անձնագրին փոխարինող փաստաթուղթ

Ճամփորդական անձնագիր

Իրանի քաղաքացիների ապաստանի դիմումների մերժումը բաժնի պետը պայմանավորում է փաստաթղթերի ոչ հավաստիությամբ կամ այդ կարգավիճակին չհամապատասխանելու փաստի արձանագրմամբ։

Սիրիայից  ստացված ապաստանի դիմումները, Աղաբաբյանի փոխանցմամբ՝  մեծամասամբ ընդունվել են՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակը։

Աղաբաբյանը հիշում է, որ 2011 թվականին Կոտ դ'Իվուարից Հայաստան ժամանած ֆուտբոլիստներից վեցը ֆուբոլային խաղից հետո ապաստան ստանալու դիմում էին ներկայացրել, սակայն դրանք մերժվել էին։ Դրանից մի քանի ամիս անց Կոտ դ'Իվուարում պատերազմ էր սկսվել, այդ ֆուտբոլիստները նորից ապաստան ստանալու համար դիմել էին, և բավարարվել էր դիմումը՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակը։

Քանի որ արդեն իրավիճակը այդ երկրում կայունացել է, միգրացիոն ծառայությունը դադարեցրել է նրանց փախստականի կարգավիճակը և դիմել ոստիկանություն, նրանց արտաքսելու պահանջով, սակայն կոտդ'իվուարցիները միգրացիոն ծառայության որոշումը բողոքարկել են, և այն այժմ դատարանում է։ Այդ անձիք այլևս չեն բնակվում ծառայության ինտեգրացիոն կենտրոնում, ծառայությունը նրանցից շատերի մասին տեղեկություն էլ չունի։

Ծառայությունը այժմ հաշվարկում և դոնորներ է փնտրում Երևանի մերձակա տարածքում հատուկ կացարան կառուցելու համար։ Նրանք նախատեսել են այժմ գործող 45 տեղանոց կացարանի փոխարեն կառուցել 120 տեղանոց, միջազգային ստանդարտներին համապատասխան կացարան։ Նախնական տվյալներով՝ կացարանը կկառուցվի Աբովյան քաղաքի մերձակայքում, այժմ հողահատկացման աշխատանքներն են տարվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter