HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Անտա՞ռը պահեն, թե՞ ժողովրդին. գյուղն առաջարկում է իր լուծումը

Անձեռնմխելի անտառներով շրջապատված Ծավ գյուղում լավ են գիտակցում բնության արժեքը, սակայն գազ չունենալու պատճառով կենցաղային նպատակներով ու ցուրտը հաղթահարելու համար ստիպված են փայտ վառել, որը հայթայթելը փորձության պես մի բան է: Գյուղը պատկան մարմիններին առաջարկում է իր տարբերակը՝ այլընտրանքային էներգիայի կիրառում եւ էկոտուրիզմի զարգացում:

Սյունիքի մարզի հարավ-արեւելյան հատվածը՝ Կապանից մինչեւ Ծավ, էկոտուրիզմի զարգացման հրաշալի տարածաշրջան է: Այստեղ են գտնվում Խուստուփ լեռը, Հալիձորի բերդը, Վահանավանքը, Շիկահողի արգելոցը, «Սոսիների պուրակ» արգելավայրը, Ակսել Բակունցի նկարագրած Մթնաձորի անտառն ու Բասուտա գետը: Բայց նշվածը եղածի չնչին մասն է միայն, ու թե տեղացի, թե դրսից եկած զբոսաշրջիկները տեսնելու շատ բան ունեն:

Այս տարածաշրջանի ամենահարավային բնակավայրը Ծավ գյուղն է, որի միջով անցնում է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը: Ճիշտ է՝ այսօր օգտագործվում է առավել կարճ ու հարմար Կապան-Քաջարան-Մեղրի մայրուղին, սակայն Կապան-Շիկահող-Ծավ-Մեղրի ճանապարհն ունի իր ռազմավարական նշանակությունը:     

Տեղացիները պատմում են, որ Ծավ անունն առաջացել է ծով բառից: Ըստ այդմ՝ ժամանակին այստեղ՝ Ծավ (Բասուտա) գետի ձորում, լիճ է եղել, որը տեղացիները ծով են կոչել: Ծովով են պայմանավորում նաեւ գյուղի բոլոր կետերից երեւացող Նավսաքար լեռան անունը, որի լանջին է գտնվում Նավս միջնադարյան գյուղատեղին: Դրա անունն էլ առաջացել է նավ բառից: Հետագայում, ըստ շրջանառվող պատմության, լճի ջրերը հեռացել են, այն դադարել է գոյություն ունենալ, սակայն տարածքի անունը պահպանվել է:    

Բարի հուշեր սովխոզից

Խորհրդային տարիներին Ծավի Հունան Ավետիսյանի անվան սովետական տնտեսության (սովխոզ) մեջ էին մտնում նաեւ Շիշկերտ ու Ներքին Հանդ գյուղերը: Ծավի համայնքապետ Սեյրան Զաքարյանը, ով շիշկերտցի է, պատմում է, որ ամենամեծը հենց Շիշկերտն էր, սակայն 1968-ի երկրաշարժից հետո այդ գյուղի բնակչության մեծ մասը հեռացել է՝ տեղափոխվելով Ծավ, Կապան, Երեւան, այլ վայրեր: Ծավ եկածների համար (Շիշկերտից 11-12 կմ է հեռու) այստեղ կառուցվել են 65 փայտե տներ, որոնցից մի քանիսը հիմա էլ կանգուն են:

Այն տարիներին Ծավի սովխոզը շուրջ 12000 գլուխ մանր եղջերավոր ուներ՝ այծ ու ոչխար, մոտ 1200 գլուխ էլ՝ խոշոր եղջերավոր: Զաքարյանը հիշում է, որ առաջավոր տնտեսություն ունեին, որը տարբեր պարգեւների է արժանացել: 1980-ականների վերջին տնտեսությունն ուներ մոտ 6000 մանր ու 1000 խոշոր եղջերավոր: Այսօր Ծավում անասունների թիվը փոքր է՝ ընդամենը շուրջ 240 խոշոր ու 50-ից էլ քիչ մանր եղջերավոր կա: Ծավի ղեկավարն ասում է, որ մարդիկ անասնապահությունից հետ են վարժվել: Խնդիրը ծախսն է:

440 բնակչություն ու 90 տնտեսություն ունեցող Ծավ համայնքի մեջ է մտնում նաեւ Շիշկերտը, որտեղ կա 6 տնտեսություն, իսկ ամռանը հասնում է 10-15-ի՝ պայմանավորված «դաչնիկների» տեղաշարժով: Ծավը երկու կողմից շրջապատված է Շիկահողի արգելոցով, գրեթե ամենուր անտառ է: Գյուղի խոտհարքներն ու արոտները հեռագնա են՝ գտնվում են Շիշկերտի ուղղությամբ՝ Ծավից մոտ 30 կմ հեռավորության վրա: Սեյրան Զաքարյանն ասում է, որ գյուղացիները պիտի վառելիք առնեն, մեքենայով գնան խոտ հնձեն, բերեն Ծավ, ինչը ձեռնտու չէ: Մյուս կողմից, ըստ նրա, անասնապահությամբ կարելի է զբաղվել հենց Շիշկերտում, բայց այնտեղ էլ քիչ են ապրողները: Հեռագնա են նաեւ ծավեցիների վարելահողերը, որոնց մշակումը նույնպես մեծ ծախս է պահանջում: Այդուհանդերձ, թե անասնապահությամբ, թե հողագործությամբ զբաղվողներ կան, բայց քիչ են: Պաշտոնապես համայնքն ունի 5407 հա արոտ, 236 հա խոտհարք, 114 հա վարելահող:    

Խմելու համար օգտագործում են գետի ջուրը՝ առանց ֆիլտրելու

Ծավը ոռոգման ջրի խնդիր չունի: Գետը կա, տարածքում շատ են աղբյուրները, տեղումներն էլ՝ իրենց հերթին: Ոռոգման ջուրն առավելապես օգտագործվում է տնամերձ հողամասերի համար, ոռոգում են հիմնականում ինքնահոս եղանակով: Փոխարենը խնդիր է խմելու ջուրը, ավելի ճիշտ՝ դրա որակը: Ս. Զաքարյանն ասում է, որ չնայած աղբյուրների թվին՝ դրանց ջուրը քանակապես չի բավարարում բնակչության կարիքները, ինչի հետեւանքով դիմել են գետի օգնությանը: Ըստ նրա՝ մի 20 տարուց ավելի գյուղը խմելու նպատակով օգտագործում է նաեւ Ծավ գետի ջուրը, որը, սակայն, չի ֆիլտրվում: Հարցին, թե արդյոք աղիքային հիվանդություններ չեն տարածվել դրա պատճառով, բացասական պատասխան է տալիս:

Ծավեցիների հիմնական զբաղմունքներից մեկը մեղվապահությունն է: Ոմանք ամռանը փեթակները տանում են վերեւ՝ Շիշկերտ: Սա ալպիական մեղր է, որը լավ համբավ ունի Սյունիքում եւ դրանից դուրս:

Կապանից Ծավ հասնելը թանկ հաճույք է

Բայց Շիշկերտ հասնելը նույնպես խնդրահարույց է, քանի որ Ծավ-Շիշկերտ ճանապարհի մի մասն է միայն ասֆալտապատ: Դեպի Մեղրի թեքվող խաչմերուկից հետո մնացած 6 կմ-ը, համայնքապետի հավաստմամբ, շատ վատ վիճակում է:

Կարելի է ասել, որ միջպետական ճանապարհի առկայությունից Ծավը շահել է: Կապանից մինչեւ այստեղ 35 կմ է, ու չնայած ամբողջ ճանապարհը ոլորաններ են, որոնցով բարձրանում ու իջնում ես, պարբերաբար հայտնվելով ձորերի մեջ նստած ամպերից վեր, իսկ հետո էլ՝ դրանց մեջ, այդուհանդերձ, քաղաքից կարելի է գյուղ հասնել 40-45 րոպեում: Շատ չէ, բայց հարցն այն է, որ տրանսպորտ չկա: Ընդամենը 35 կմ տարածությունը գյուղը մեկուսացրել է: Եթե Երեւանից Կապան գնացող տաքսուն վճարում ես 6000 դրամ, ապա մարզկենտրոնից Ծավ տաքսիները տանում են 8000-ով: Սա, իհարկե, շատ թանկ հաճույք է:

Սեյրան Զաքարյանն ասում է, որ այս ուղղությամբ՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ, տրանսպորտ չի աշխատում արդեն մի երկու տարի: Մարդիկ հույսն իրենց կամ ծանոթ-անծանոթների մեքենաների վրա են դնում: Ըստ գյուղապետի՝ նախկինում գիծն ավտոբուս էր շահագործում, հետո մի հոգի իր «ԳԱԶել»-ով աշխատեց: Օրական մի անգամ էր գնում-գալիս, արժեքը՝ 800 դրամ: Բայց դա երկար չտեւեց: Ծավի համայնքապետը նշում է, որ չնայած երթուղու շահագործման մրցույթներ են կազմակերպվում, մասնակցող չկա, ենթադրում է, որ մասնավորին ձեռնտու չեն ճանապարհի երկարությունն ու ոլորանները: Այս տարվա ԱԺ ընտրությունների իր քարոզարշավում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը խոստացել է լուծել տրանսպորտի հարցը, սակայն մինչ օրս որեւէ նորություն չունեն Ծավում:   

«Անտա՞ռը պահենք, թե՞ ժողովրդին»

Ճանապարհից բացի՝ գյուղի մյուս ամենամեծ խնդիրը գազիֆիկացված չլինելն է: Ծավն ունի 3634 հա հատուկ պահպանվող տարածքների հողեր եւ 2113 հա անտառային հողեր: Առաջինը Շիկահողի արգելոցի վերահսկողության տակ է, երկրորդը՝ «Հայանտառի»: Գազ չլինելու պատճառով գյուղացին պիտի փայտ վառի, սակայն արգելոցից նույնիսկ թափուկ տանելն արգելվում է, իսկ անտառտնտեսությունում չոր փայտն ու թափուկը, ըստ Ս. Զաքարյանի, քիչ է: Նրա ասելով՝ «Հայանտառը» թույլատրում է 8 խմ անվճար թափուկ հավաքել, դրանից ավելին վճարովի է:   

«Մարդիկ երբեմն թաքուն կտրում են, բայց ի՞նչ անենք՝ անտա՞ռը պահենք, թե՞ ժողովրդին,- հռետորական հարց է տալիս Ծավի համայնքապետն, ու ինքն էլ պատասխանում,- լավ կլինի, որ երկուսն էլ կարողանանք պահենք, բայց չենք կարող ժողովրդին ասել՝ դուք մրսեք, սառեք, բայց անտառը պիտի կանգնուն մնա: Ո՞նց կլինի»:

Տարվա մեջ Ծավում միջինը 5-6 հոգու տուգանում են ապօրինի ծառահատումների պատճառով: Տուգանքի չափը սովորաբար 100-200 հազար դրամ է: Գյուղապետը պատմում է, որ պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող իրենց նախկին անտառապահի գործն այժմ քննվում է դատարանում:

«Գազի խնդիրը գերակա է: Մեր ծրագրերում միշտ նշում ենք: Նախընտրական խոստումներում միշտ ասել են, որ կլինի: Հիմա Շիկահողի արգելոցի ծրագիր կա, խոսք են տվել, որ կարող է այդ ծրագրով գազիֆիկացվի, որովհետեւ հատուկ պահպանվող տարածքների մեծ մասը մեր շրջակա անտառներն են, իսկ բնակիչները տարին կլոր փայտ են վառում»,- ասում է Սեյրան Զաքարյանը:

Ծավեցիներն իրենց սեփական հողատարածքներին հասնելու համար նաեւ ստիպված են լինում արգելոցի ղեկավարությունից թույլտվություն ստանալ, քանի որ ճանապարհների մի մասն անցնում է արգելոցի տարածքով, իսկ դրանց վրա ուղեփակոցներ են տեղադրված: Գյուղապետը, սակայն, նշում է, որ անասունների թվի նվազման պատճառով հիմա մարդիկ քիչ են գնում:  

Արեւային էներգիան՝ ապօրինի ծառահատումների այլընտրանք

Թվում է, թե Ծավում լավ են պատկերացնում անտառի ու բնության արժեքը: Գյուղի զարգացման 5-ամյա ծրագրում, որը մարզպետարանին ներկայացվել է անցյալ տարվա դեկտեմբերին, նշվել է այլընտրանքային էներգիայի կիրառման կարեւորության մասին: Ըստ Ս. Զաքարյանի՝ ծրագիրը օգտակար կլինի ոչ միայն Ծավի դպրոցին, մանկապարտեզին, գյուղապետարանին, այլեւ շրջակա այն բնակավայրերին, որոնք հատուկ պահպանվող տարածքների հարեւանությամբ են: Համայնքի ղեկավարի կարծիքով՝ մասնավորապես, արեւային էներգիայի օգտագործումով կարելի է ապահովել թե տաք ջուրը, թե ջեռուցումը:

Հայտնի է, որ արեւային էներգիայի կիրառման համար գլխավորն արեւի ճառագայթների առկայությունն է, իսկ համայնքի ղեկավարի ասելով՝ Ծավի եղանակային պայմանները բարենպաստ են: Հետաքրքիր է, որ եթե Ծավում կարկուտ գրեթե չի լինում, ապա 8 կմ հեռավորության վրա գտնվող Սրաշենում, ինչպես ծավեցիներն են ասում, կարկուտն ավերածություններ է գործում: Սեյրան Զաքարյանն ասում է, որ տարածքում հակակարկտային կայաններ չկան, ապա ժպտում, թե եթե ինչ-որ տեղ կա էլ, ապա մեկ է՝ լավ էլ ավերում է:

Արեւային էներգիայի իրենց ծրագրի մասին Ծավի համայնքապետն ասում է. «Որեւէ արձագանք դեռ չենք ստացել, բայց ասել են, որ խելքին մոտիկ ծրագիր է: Հույս ունենք, որ կլինի»:  

Աշխատատեղերի խնդիրը

Ծավն ունի միջանակարգ դպրոց, մանկապարտեզ, փոստ, բուժկետ: Միակ բուժակը գյուղապետի եղբայրն է, ով ապրում է Շիշկերտում: Ս. Զաքարյանը, սակայն, նշում է, որ մասնագիտությամբ ինքն էլ է բուժակ ու հարկ եղած դեպքում օգնում է բնակիչներին: Ծավում նաեւ հացի փուռ է բացվել, դրա հարեւանությամբ՝ ակումբի մեծ դահլիճում, դիսկոտեկ է գործում, երիտասարդների համար նաեւ խաղասենյակ կա համայնքում:   

Գետի վրա գործում է «Լեսոմա» ԲԲԸ-ի «Ծավ» փոքր հէկը, որտեղ, ըստ գյուղապետի, 17-18 հոգի է աշխատում, բոլորն էլ համայնքից են: Գյուղում նաեւ ձկնաբուծարան կա, սակայն 20 տարուց ավելի չի գործում: Սեյրան Զաքարյանն ասում է, որ այստեղ ժամանակին ծիածանափայլ իշխան էին բուծում ու իրացնում, սակայն սեփականատերը մահացել է, երբեմն նրա բարեկամներն են կարճ ժամանակով աշխատեցրել բուծարանը, ինչից հետո նորից փակվել է:

Համայնքի ղեկավարն իբրեւ կարեւոր խնդիր նշում է նաեւ աշխատատեղերի ստեղծումը՝ շեշտելով, որ վերջին 10 տարիներին մոտ 30-40 ընտանիքներ, հիմնականում՝ երիտասարդներ, դուրս են եկել Ծավից: Հեռացողները գլխավորապես Կապան ու Քաջարան են գնում՝ այնտեղի հանքերում աշխատելու: Ծավեցիների 25-30 տոկոսը, եթե ոչ ավելին, վարկառու է: Ու չնայած նրանք գյուղվարկ են վերցնում, շատ քչերն են նպատակային օգտագործում, քանի որ այդ բեռի տակ մտնում են՝ մեկ այլ վարկ կամ պարտք մարելու համար: «Իսկ երբ տեսնում են, որ խրվում են, փախնում են, նման մի փախստական ունենք»,- ասում է գյուղապետը, ով նույնպես վարկառու է:

Դիտարկմանը, թե գյուղում աշխատատեղի հարցը հնարավոր չէ համեմատել քաղաքի պայմանների հետ, քանի որ գյուղացին ունի հող, անասուն, որից կարող է օգուտ ստանալ՝ ի տարբերություն ասֆալտի վրա ապրող քաղաքացու, Սեյրան Զաքարյանն ասում է, որ ներկա իրավիճակում Ծավում ապրող գյուղացին հեռվում գտնվող իր հողը մշակելուց եւ անասուն պահելուց շահ չի կարող ունենալ, դրանից օգտվելու են հիմնականում մսի կամ պտուղ-բանջարեղենի վերավաճառողները, որոնք ապրանքն իրացնում են Կապանում: Փոխարենը համոզված է, որ միանգամայն այլ պատկեր կլինի, եթե այստեղ զարգանա էկոտուրիզմը:

Էկոտուրիզմը՝ գյուղի ապագա

«Տուրիզմի ուղղությամբ զբաղվում էր Շիկահող արգելոցի աշխատակազմը,- պատմում է Ծավի ղեկավարը,- Շիկահող գյուղում արգելոցը հյուրատուն ունի, ժամանակ առ ժամանակ տուրիստներին իրենց աշխատողները տանում են, էստեղ էլ են բերում, բնությունը, պատմական վայրերն են ցույց տալիս: Իմ կարծիքով՝ էկոտուրիզմը Ծավում կաշխատի, գյուղացիները զբոսաշրջիկներին տներ կհատկացնեն, իրենց մթերքը տեղում կիրացնեն: Տուրիզմը դրական ազդեցություն կունենա»:

Ծավում զբոսաշրջության զարգացման մասին նույնպես նշվել է անցյալ տարի ներկայացված համայնքի զարգացման 5-ամյա ծրագրում, սակայն այսքանով հանդերձ, Ս. Զաքարյանը տարակուսում է, թե ինչ պիտի լինի խոշորացման ծրագրից հետո:

Ծավը կդառնա Կապանի թաղամաս

Բանն այն է, որ Ծավը ու Շիշկերտը Կապանի տարածաշրջանի 35 այլ բնակավայրերի պես միավորվելու են մարզկենտրոնին: Ազգային ժողովն արդեն ընդունել է օրենքի համապատասխան փոփոխությունը, նոյեմբերի 5-ին էլ կայանալու են Կապանի համայնքապետի ընտրությունները: Նորընտիր համայնքապետը քաղաքին միացած գյուղական նախկին համայնքներում նշանակելու է լիազորներ եւ օպերատորներ: Ծավի առայժմ պաշտոնավարող եւ փաստորեն վերջին գյուղապետն ասում է, որ օպերատորը պատասխանատու կլինի գործավարության, վիճակագրական տվյալների լրացման եւ այլ տիպի աշխատանքների համար:    

Այսօր Ծավի համայնքապետարանի ենթակայության տակ են աշխատակազմը եւ մանկապարտեզը՝ 5-ական աշխատողներով: Սեյրան Զաքարյանը ենթադրում է, որ 10-ից վերը նշված 2-ը կմնան, քանի որ Կապանի համայնքապետը, թերեւս, չի ցանկանա 10 երեխայի համար մանկապարտեզ պահել: Ծավի բյուջեն այսօր 10 մլն դրամ է, որը բավարարում է նվազագույն ծախսերին՝ գյուղապետարանի ու մանկապարտեզի աշխատավարձերին, վերջինիս փոքրիկների սննդին:

Ըստ Ս. Զաքարյանի՝ Կապանի թաղամաս դարձող Ծավի բնակիչներին խոստացել են, որ խոշորացման դեպքում տարբեր խնդիրներ կլուծվեն, այդ թվում՝ տրանսպորտի: Մեր հարցին, թե ի՞նչ միջոցներով պիտի լուծվեն, գյուղապետը կեսկատակ-կեսլուրջ ասում է՝ քաղաքի հարուստ բյուջեի:

Հ.Գ. Առաջիկայում «Հետքը» կանդրադառնա Կապանի խոշորացմանը:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter