HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունի պահուստային ջրդի հողերը նախկին գյուղապետի որդին որպես խոտհարք է օգտագործում

Անասնապահ Ոսկան Ստեփանյանի որդին՝ Գևորգը, տարիներ շարունակ Ռուսաստանի դաշնություն է գնում՝ աշխատելու: Գևորգը երեք երեխա ունի:

«Նա սօր իրա երեխանցը ոչ քաղցրութին ա տվել, ոչ բան ա արել: Հմի ես Ձեզ մի բան ասեմ, իմ երեխին հող ա հասնում, 5 ջան ա, բայց ես կարում չեմ մի բան անեմ: Գնում եմ գեղապետի կուշտն, ասում ա` ես հող չունեմ, որ  սեփականաշնորհեմ: Տղաս իր հողը մշակելու հետ 2 ապրանք էլ պհի, յոլա կգնա: Ոչ թե երեխես Ռուսաստանի պոչը բռնի, գնա, գա՝ սոված մնա»,-ասում է Ոսկանը:

Գյուղապետարանից մեզ տրված տեղեկանքի համաձայն 2002թ.-ի ապրիլի 8-ին նախկին գյուղապետ Մելիք Այվազյանը ձևական աճուրդով ինքն իրեն 25 տարի ժամկետով վարձակալությամբ Օձունի վարչական տարածքից 43 հա պահուստային հող է տվել՝ 28 հա ջրովի, 8,9 հա` անջրդի վարելահողեր և  5,8 հա` խոտհարք:

2009թ.-ին հոր մահից հետո Մելիք Այվազյանի որդին՝ Բարսեղ Այվազյանը ժառանգել է հոր վարձակալած 43 հա պահուստային հողերը. «Էդ հողերը իմ անասնապահությանն աջակցում են: Էդ հողերից 10 հա-ն  ցորեն եմ ցանում: Ցորենն անասնապահության համար եմ օգտագործում, մի 30 հատ կթի կով կա, հորթեր ա, բան ա, էսենց կա, էլի: Էդ ձևով զբաղվում ենք: Ինչ իմ հերը թողել ա, ես իրենից հետո շարունակում եմ»,-հիմնավորում է Բարսեղ Այվազյանը:

Օձունի գյուղապետարանում Բարսեղ Այվազյանի անունով գույքագրված է 78 կով, որից 38-ը` կթու: Բարսեղը պատմում է, որ հորից ժառանգություն է մնացել նաև քարի ցեխը,  «Գլուրա» արտադրական կոոպերատիվը, որը գործարկում է Ալավերդի-Օձուն-Ստեփանավան ավտոբուսային երթուղին, Օձունի քոլեջի նախկին շենքը, մթերային խանութը, կաթի մթերման տեղամասը, լավաշի արտադրամասը և բազմաթիվ այլ անշարժ և շարժական գույք: Բարսեղը անցած ՏԻՄ ընտրությանն առաջադրվել է Օձունի գյուղապետի թեկնածու: Չի ընտրվել, սակայն չի հուսահատվել: Մտադիր է իր թեկնածությունն առաջադրել նաև տարեվերջին կայանալիք Օձունի խոշորացվող համայնքի ղեկավարի ընտրությանը: 

Խոտաշեն սար գնալիս «Նիվայի» օձունցի վարորդը նկատեց, որ սարվոր Ոսկան Ստեփանյանը իր ձիու հետ կանգնած  է Արխաշանի չոբանների մոտ: Իմանալով, որ Խոտաշեն ենք  գնում, Ոսկանը ձին թողեց չոբանների մոտ, նստեց «Նիվան»: Գնում էր չոբաններից մեկին այդ օրը փոխարինելու: Ոսկանը 60 անց  տղամարդ է: Դար ու փոս  ճանապարհին «Նիվան» մեկ աջ, մեկ ձախ է թեքվում: Թվում է`ուր որ է մեքենան կողքի թինկը կտա ու տեղից այլևս չի շարժվի:

Խոտաշենում սարվորների 6 ընտանիք էր ապրում: Ոսկանը սարում մենակ իր ընտանիքի անասունն է պահում: Ասում է՝ ուրիշի կովը սար բերելիս կաթնամթերքը շատ է տալիս՝ էլի դժգոհում են, քիչ է տալիս՝ էլի դժգոհում են: Ոսկան իր ունեցած 10 կովից 4-ը գյուղում է թողել՝ երեխաների մոտ: 6 կովից օրը 80-90  լիտր կաթ է ստանում. «Էդ կաթը Բարսեղ Այվազյանին եմ հանձնում, մի ժումը տալիս եմ, մի ժումը ես եմ մշակում»,-բացատրում է նա: Մյուս տղային 50 ոչխար է տվել՝ընտանիքը պահելու համար:

Ոսկանի մեծ հոգսը, սակայն, աշխատելու համար Ռուսաստան գնացող որդին է: Պատմում է, որ 150 ոչխար է ունեցել, էդ 50-ն է մնացել: Դժգոհում է, որ գյուղում աշխատողին չեն թողնում  իր համար աշխատի. «Հլե տենում են խելոք ապրում ես, ոնց են շանը փետին անում, տհե խելոք ապրողին էնքան փետով են անում, որ մին տանեն միլիցիա: Երեք ձիս 2004թ.-ի մարտի 6-ին եկան գոմիցը հանեցին, տարան: Ոնց մտահան անեմ ձիերիս: Մեր գեղըմը առանց միլիցիայի գողություն չկար: Միլիցիան անասնագողության գործում փայատեր ա»,-ասում է Ոսկանը:

«Որ մի 10 կոպեկ ես կորցնում, գետնին ման ես գալի, մի ձին 400 հազար դրամ է, բա դրա  հետ հանաք ենք անում»,-ավելացնում է կինը՝ Աիդան:

Ոսկանը պատմում է, որ Խոտաշենում 4000 մ խոտհարք ունի: Սարվորներն իր խոտհարքում տանում են իրենց  տավարն արածեցնում: «Հայտնում եմ գյուղապետին, ասում է` սենց չի, նենց ա»,- շարունակում է նա: Հետո դժգոհում է  առողջությունից՝ սրտից գանգատներ ունի. «Էն օրը ռադիոն հայտարարեց, թե սրտի ստենդի համար 1,5մլն դրամ տես տալ: Քո ուժը պատում է, տալիս ես, ապրիլ տես: Ես էլ կարում չեմ տամ՝ մեռնիլ տեմ: Հմի տհենց ա դառել»,-ասում է Ոսկանը:   

Սարվոր Արարատ Խեչումյանին հանդիպում եմ իր դագում: «Եթե կարգին ապրելիս լինեմ, կգա՞մ սարը: 10 կով եմ կթում»,-ասում է նա: Առաջին անգամ է Խոտաշենում կանգ առել, մենակ լինելու պատճառով այս տարի Սառնաղբյուր սար չի գնացել: Եթե ճամփա լիներ, մայիսի 4-ից Սառնաղբյուր սարում պետք է լիներ:

«Մեր գեղապետը լավ տղա է, բայց իրեն սարի՝ Բողազի ճամփեն սարքեց, մեր ճամփեն չսարքեց, որ մենք գնանք Սառնաղբյուր: Բա մեր սարը բրախած մնա, Աքարակի անասունը գա մեր խոտհարքներումը ըրածի՞: Խոտաշենը ձոր ա, էսա էգուց, էլօր  բոռը, մոծակը խեղդիլ տեն, կովը չտի կթվի: Հետո խմելու ջուր չկա: Իմ կովերը սովոր են, ամեն օր գնում են Սառնաղբյուր: Էնտեղ, որ մի կովից 10 կգ կաթ կթեի, Խոտաշենում 5 կգ եմ կթում: Օգուտ է՞, թե՞ վնաս է ինձ:  Բա խի՞ վնաս լինի»,-բացատրում է Արարատը:

Հետո պատմում է, որ գյուղապետարանի գրքում գրված է, որ 1 հա հող է պատկանում իր հանգուցյալ մորը՝ Ռոզա Փարեմուզյանին: Հողը քարտեզագրված չէ: Մոր մահից անցել են տարիներ, ինքն ամեն տարի հարկ է վճարում, բայց, Արարատի ասելով, գյուղապետը հողն իր վրա չի գրանցում:

Սառնաղբյուր սարի ճանապարհը «Նիվայի» վարորդը մի կերպ է հաղթահարում: Սարվորների դատարկ դագեքի մոտ մոլորված պտտվում էին Արարատ Խեչումյանի կովերը:

«Խորհրդային տարիներին Սառնաղբյուրը 300 գլուխ կովերի ամառանոցն է եղել»,-պատմում է Արարատ Խեչումյանը: Սառնաղբյուրից Գոլուրթ սարի ճանապարհն անցնում էր  արոտվայրերի միջով: Գոլուրթը Բարսեղ Այվազյանի անասունների ամառանոցն է, միայն նրա անասուններն էին արածում: Գոլուրթ և Ավլուկոտ ուրթ սարերը Օձունի ենթաշրջանի ամենաբարձրադիր ալպիական արոտավայրերն են: Գոլուրթում արոտվայրից ներքև ընկած գեղատեսիլ դաշտում Բարսեղի անասնապահների երկու դագեն էր:

Ավլուկոտ ուրթում սարվորներ չկան: Այդտեղ ավելուկ քաղելու էին գալիս  սարվոր կանայք: «Քանդված ճանապարհների պատճառով շատ սարվորներ իրենց տավարը Սառնաղբյուր, Գոլուրթ և Ավլուկոտ ուրթ սարեր չեն բերում»,-բացատրում  է «Նիվա» տաքսու վարորդ Ռոբերտը:

«Մի երկու օր առաջ տարել էի կաթի գումարը բաժանեմ: Սարի ժողովուրդը խնդրում է, որ ես մեր Խոտաշեն սար գնացող ճանապարհը սարքեմ: Խոտաշենի ճամփին սարվորների ավտոները գնալ-գալիս ջարդվում են: Ես սարվորներին ասել եմ դուք ֆիզիկական ուժը կազմակերպեք, ասեք` ինչքան ֆինանսական խնդիր կա, ես կլուծեմ, մեքենա կուղարկեմ, ինչ պետք է կանեմ, էդ ճանապարհը սարքենք: Իրենք ինձ դաժե ասում են` հիմա գյուղապետ չընտրվեցիր, սարի ճամփեն  չե՞ս սարքելու: Ես իրենց բացատրում եմ, որ չընտրվեցի, բայց սարքելու եմ»,- խոստանում է Բարսեղը:

«Օձունի երիտասարդ ընտանիքների  մեծ մասը գյուղապետարանից հող են պահանջում: 1991թ.-ին հողի սեփականաշնորհումը դադարեցնելուց հետո արդեն 35 տարի է`Օձունում հողի սեփականաշնորհում չի կատարվել: Եկող սերունդը չափահաս են դարձել, ընտանիք են կազմել, հող են ուզում: Ամենացավալին այն է, որ այս պայմաններում գյուղի պահուստային ջրդի հողերը Բարսեղ Այվազյանը դարձրել է խոտհարքներ: Ոչ նպատակային օգտագործվող պահուստային հողերով մենք Օձունում կարող ենք լուծել առնվազն 50 ընտանիքների սոցիալական խնդիր»,-բացատրում է գյուղապետ Ա.Տիտանյանը:

Վերջինիս նշում է, որ  Բողազ սարի ճամփան վերանորոգել է ոչ թե  համայնքի բյուջեի, այլ  իր սեփական միջոցներով: Սառնաղբյուր սարի ճանապարհը չի վերանորոգել, որովհետև  համայնքի բյուջեի միջոցները սուղ են: Բացի դա,  սարվորներից պարզել է, որ այս տարի այդ սարը բարձրանալու մտադրություն չունեն:

Ա. Տիտանյանը պարզաբանեց նաև Արարատ Խեչումյանի հողային խնդիրը. «Արարատն ուզում է առանց ժառանգության ճանաչման հանգուցյալ մոր  սեփականություն հողը գրվի իր անունով: Դա օրենքը թույլ չի տալիս: Մենք նրան բացատրել ենք գործող օրենքը: Նախ պետք է կադաստրում ժառանգության գործ բացվի, ժառանգությունը պետք է հաստատվի նոտարի կողմից, որից հետո Արարատը պետք է ստանա հողի սեփականության վկայական»: Գյուղապետը նաև նշեց, որ  եթե Բարսեղ Այվազյանը պատրաստ է վերանորոգել սարի ճանապարհը, ինքն էլ, որպես գյուղապետ, պատրաստ է այդ գործում աջակցել նրան. «Միայն թե ճանապարհը վերանորոգելու համար Բարսեղը պետք է ստանա Օձունի համայնքապետարանի թույլտվությունը: Նրա ներդրած գումարով ճանապարհը պետք է վերանորգվի ոչ թե սարվորների, այլ լիցենզավորված շինարարական կազմակերպության միջոցով»,-բացատրեց Ա.Տիտանյանը:

Բարսեղ Այվազյանն էլ պնդում է, որ պահուստային 43 հա  հողերի համար  պայմանագիր ունի, մինչև 2027թ.-ը էդ հողերը իրենը պետք է լինի, նոր դրանից հետո կփոխանցի գյուղապետարանին:  

Մեկնաբանություններ (20)

Այլ Օձունեցի
18 - ին: Եթե Լարիսան պատվեր է կատարել, ապա այդ պատվերը շատ էլ տեղին է եղել: Թիվ ու փաստ է նշված հոդվածում, գյուղի համար կենսական հարց է կախված, Իսկական Օձնեցին սրա մասին պիտի խոսեր, ոչ թե անձնական ճղճիմ թեմայի անցնելով, փորձեր փակել կարեւորագույն հարցը: Եթե պատվերով է, ինքդ էլ փորձիր, տեսնենք ոնց կստացվի:
Փաստաբան
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն,եթե հողամասի վարձակալը չի կատարում իր պարտավորությունները՝ մասնավորապես հողամասը չի օգտագործում նպատակային նշանակությամբ, ապա վարձատուն՝ տվյալ դեպքում համայնքը կարող է միակողմանի խզել պայմանագիրը՝ վաղաժամկետ: Այսինքն Օձունի ավագանին կարող է այս հարցին լուծում տալ և խզել վարձակալության պայմանագիրը: Եթե պայմանագիրը կնքվել է 2002 թվականին ապա ես համոզված եմ, որ և մրցույթը և դրա պետական գրացումը կատարվել են խախտումներով , քանի որ այդ ժամանակներում հնարավոր էր անել ամենինչ՝ առանց օրենսդրության պահպանման:Այս դեպքում համայնքի նախկին ղեկավարը ինքն է մրցույթ հայտարարել և ինքնել հաղթել է,դա ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի խախտում է: Որպես Օձունում մեծացած, բայց Օձունից անարդարության պատճառով հեռացած մարդ, առաջարկում եմ համայնքի ղեկավարին խզել վարձակալության պայմանագիրը, դա կլինի բոլոր օձունեցիների ցանկության կատարում
Իրավագետ
Հողերի սեփականաշնորհումն ու կառավարումը, ամեն ինչի հետ միասին, ՀՀ - ում կատարվել է հափշտապ, չմտածված ու անփույթ եղանակով, տեղիք տալով անթիվ չարաշահումների: Պահուստային հողերի վարձակալությունը թույլատրվում է միայն կարճ ժամկետով (1-2 տարով:) Ընդհանուր օգտագործման հողերը (արոտավայրեր, ճանապարհներ, խաղադաշտեր, բնական ջրավազաններ եւ այլն) չեն կարող սեփականաշնորհվել կամ վարձակալվել ընդհանրապես: Այսպիսով տվյալ անձի տիրապետությունը գյուղապետարանի կողմից պարզապես անվավեր պետք է ճանաչվի եւ հողերը վերադարձվի համայնքին: Եթե ինքը համաձայն չէ, կարող է վիճարկել դատական կարգով:
ԻԼԻՉ
Արամ ջան իհարկե շատ ճիշտ եք կառավարության համար էական չի թե համայնքներում ինչ է կատարվում.բայց ես նկատել եմ որ վերջին տարիներին գլխավոր ճանապարհի վրա տարբեր մարդիկ տարածք են գնել ու զբաղվում են առևտրով.ինչը նախկինում չկար ու հող ստանում էին միայն նախկին գյուղապետի մերձավորները.հիմա դա անհամեմատ է.իմ կարծիքով օձունի պատմությունը բաժանվում է մինչև 2008 թվականը ու դրանից հետո.չեք կարող հերքել որ օձունում ամեն տարի մի մեծ գործ չի արվում .ու թող չասեն որ հնարավորություն չկար.այն ժամանակ ավելի շատեր:եսել եմ համամիտ այդ հողերի վերադարձին.դրանք բոլորիս հողերն են ու մինչև հիմա այդպես թողնելը գյուղապետի բարի կամքի դրսևորում է
Արշակ
Հարգելի Լարիսա Փարեմուզյան, իսկ գյուղապետին չեք հարցրել, թե նա Բողազ սարի ճանապարհը իր միջոցներով վերանորոգելու համար ստացել է արդյոք Օձունի համայնքապետարանի թույլտվությունը և ճանապարհը վերանորգվել է արդյոք լիցենզավորված շինարարական կազմակերպության միջոցով, թե համայնքապետարանն էլ է համարում իր սեփական օբյեկտը: Իսկ Ռուզաննան շատ հետաքրքիր միտք է Ձեզ տվել, ինչու չեք ուզում գյուղապետի որոշումները ուսումնասիրել ու տեսնել գառան դեմքի տակ թաքնված բորենուն: Չէ որ Ձեզ ենթարկում են պռովակացիայի և մեղադրում ծախված լինելու մեջ:
Իրական Օձունեցի
Կարդալով այս պատմութունը հասկանում եմ, որ դուք` տիկին Լարիսա, պարապ եք մնացել ու ընկել եք ձեր հետեվից: Դուք գրում դուք պատասխանում եք նույն ոճով: Տեսնես ինչքանով են այդ պատվերը տվել: Ծախվելը վատ բան է: «Մարդս մարդ լինի»: Անցյալին եք վերադառնում, դա լավ չէէէէ, որ վերադառնանք ամեն մեկիդ անցիալին լավ չի լինի: Ապրեք ամեն մեկդ ձեր համար ևս մի մեղք մի գործեք...
ՌՈՒԶԱՆՆԱ
3. ՈՒզում եմ ասել, որ եթե ցանկանում եք գյուղապետի իրական դեմքը տեսնել, խնդրեք նրանից թող Ձեզ տրամադրի իր պաշտոնավարման տարիներին իր կողմից ընդունված որոշումները, կարգադրությունները և հրամանները, ու կտեսնեք թե գյուղապետը ում է օգնել, ինչքանով է օգնել, արդյոք նա եղել է սոցիալապես անապահով թե ոչ, ում ուսման վարձն է վճարել, ում է աշխատանքի ընդունել, ում ազատել, ում է խրախուսել կամ ում է նկատողություն տվել: Փորձեք եթե ունեք այդքան համարձակություն....
ՌՈՒԶԱՆՆԱ
2. Հաջորդ օրը փորձելուց հետո պատահաբար մտա Օձունի համայնքապետարանի կայքը, այնտեղ կար մի քանի բաժիններից մի քիչ տեղեկություններ, իրավական ակտերից կար միայն 2017 թվականի համայնքի ավագանու որոշումները, իսկ համայնքի ղեկավարի որոշումները և կարգադրությունները բացակայում էին: Հետո ավագանու որոշումներին ծանոթացա Լոռու մարզպետարանի կայքից և կուզենայի կանգ առնել մի կարևոր հանգամանքի վրա, այն է որ համայնքի ավագանին ամեն տարի հաջորդ տարվա բյուջեն հաստատելու ժամանակ նույն որոշմամբ սահմանել է նաև, որ սոցիալական օգնությունները և ուսման վարձերը հատկացնել համայնքի ղեկավարի կարգադրությունների համաձայն, ի դեպ նման կերպ վարվում են նաև այլ համայնքներ: Կոնկրետ կարգադրությունները չեն հրապարակվում պաշտոնական կայքում: Այսինքն համայնքապետարանը խախտում է օրենքը և մեր հարգելի վարչական վերահսկողություն իրականացնող մարմինները՝ մարզպետարանները, կարծես թե դա չեն նկատում:
ՌՈՒԶԱՆՆԱ
1. Հարգեի մեկնաբանություններ գրողներ ես երկարամյա աշխատանքային փորձ ունեմ և շատ լավ ծանոթ եմ ՏԻՄ ոլորտին և պատահաբար կարդալով նյութը եվ մեկնաբանությունները, որպես խոշոր համայնք ինձ շատ հետաքրքրեց Օձունը: Գործող ՏԻՄ օրենքով համայնքները պետք է ունենան պաշտոնական կայքեր, ընդ որում դա պարտադիր է բնականաբար Օձունի համար: Ամբողջ օրը փորձել եմ մուտք գործել Օձունի համայնքապետարանի կայք, բայց ապարդյուն, փոխարենը Օձունի ֆեյսբուքյան էջը միշտ ակտիվ էր:
Լոռեցի
(((Բարսեղը պատմում է, որ հորից ժառանգություն է մնացել նաև .... «Գլուրա» արտադրական կոոպերատիվը, որը գործարկում է Ալավերդի-Օձուն-Ստեփանավան ավտոբուսային երթուղին ...))) Էս մեկը բոլորովին չհասկացանք! Գիտենք որ, ժամանակին ողորմած Ալաբաշը հայտարարել էր թե՝ ,,էս ճամփյեն իմն ա, էկող գնացողը նալոգ տի տալ!,, (ով էլ չէր մուծում այդ ավերակ ճանապահի համար, ինքը հոփ-ստոպ էր անում!) Հիմա, փառք աստծու, այդ ճանապարհը պետական նշանակություն է ստացել ու բարեկարգվել: Սակայն որդին հայտարարում է որ ճանապարհն ինքն է ,,գործարկում,,: Այսինքն մի գեղեցիկ օր էլ նա է հարկ պահանջելու անցող դարձողից? Ով կբացատրի այս հարցը?
Արամ
Ես իհարկե չեմ ճանաչում ոչ մեկին և ոչ էլ մյուսին, բայց կասեմ, որ չեմ բացառում այն հանգամանքը, որ հիմա էլ հողեր են ստանում գործող գյուղապետի համախոհները, որովհետև նման երևույթը բնորոշ է ՀՀ բոլոր համայնքներին և Օձունը բացառություն չէ։ Ես համոզված եմ որ Օձունը չունի ոչ քաղաքաշինական քարտեզ, ոչ էլ գլխավոր հատակագիծ, ոչ էլ զարգացման ծրագրում նախատեսված է կոնկրետ հողերի օտարում։ Այսինքն ես ենթադրենք ուզում եմ իմ տանից, միանգամայն օրինական եղանակով և մեթոդներով ծանոթանալ Օձուն համայնքում առկա և վաճառման ենթակա հողերին, ես դա պարզապես չեմ կարող անել, որովհետև նման հնարավորություն պարզապես չկա, իսկ եթե դիմեմ համայնքի ղեկավարին և խնդրեմ վաճառել որոշակի տարածք համեմատաբար կենտրոնական վայրերում, կամ որևէ այլ վայրում դա էական չէ, համոզված եղեք որ գյուղապետը, կասի որ վաճառքի հող չկա։ Փոխարենը որոշ ժամանակ անց կարող եք նկատել, որ ինչ որ մեկը ինչ որ տեղ հող է գնել, որովհետև գյուղապետը նրան էր խոստացել, որովհետև նա էլ խոստացել էր ընտրությունների ժամանակ սատարել իրեն, որովհետև բոլորը հետապնդում են անձնական շահ և ոչ ոքին չի հուզում այն, թե ինչ է լինելու ասենք 50 տարի հետո․․․․․ Կուզենայի նաև ավելացնել, որ հողերի օտարումը աճուրդային եղանակով, կրում է ձևական բնույթ, իրականում ռեալ սակարկություն տեղի չի ունենում, Օձունն էլ բացառություն չէ, եթե կուզեք կարող էք համոզվել դրանում, պարզապես azdarar.am-ով հետևեք աճուրդի հայտարարություններին և միանգամայն ձևական նկատառումներով, աճուրդին մասնակցելու հայտ ներկայացրեք ու կտեսնեք, ու կհամոզվեք, որ այդ հողը խոստացած է, որ ձեզ պարզապես ցանկացած միջոցներով արանքից կհանեն․․․․ փորձեք և կհամոզվեք․․․․․
Արամ
Հարգելի Իլիչ, իմ տրամադրության տակ չկա ոչ մի փաստաթուղթ, հիմնավորում, ապացույց, ուղղակի ես չեմ հասկանում թե ինչու գյուղապետը իր պաշտոնավարման այս տարիների ընթացքում չի լուծել այսքան լուրջ և կարևորագույն հարցը, ինչու համայնքի ղեկավարը նախկինում կայացված առոչինչ իրավական ակտով Բարսեղ Այվազյանի տիրապետության տակ գտնվող հողերը հետ չի վերցնում և տալիս դրա կարիքը ունեցող գյուղացիներին: Լավ հասկացա հողը Բարսեղից վերցնելու և գյուղացիներին տրամադրելու կամ չտրամադրելու հարցը մի կողմ: Լավ կայացվել է անօրինական իրավական ակտ, ինչու չեն այն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչում: Իմ կարծիքով, իմ խորին համոզմամբ, դեռևս համայնքապետարանում շարունակվում են կայացվել նման հակաօրինական իրավական ակտեր, որով սուբյեկտներին բնականաբար դարձյալ անհիմն և անօրինական տրամադրվում են իրավունքներ կամ պարտականություններ.... և այդ գործընթացները շարունակվում են առ այսօր, ու դա չի հուզում ՀՀ կառավարությանը.....
Դավիթ
Դուք շատ ճիշտ եք նկատել Հարգելի Փաստաբան, եթե համայնքապետարաններից խնդրենք տրամադրել համապատասխան տեղեկություններ և դրանք լավ հետաքննեք, ապա կտեսնեք որ առնվազն մինչև 2006 թվականը, Օձունում և ոչ միայն, իրականացված աճուրդները մրցույթները, ընդունված որոշումները և շատ այլ փաստաթղթեր կամ շինծու են, կամ կեղծ են, կամ պարզապես օրենսդրությանը չեն համապատասխանում, որովհետև ավագանու անդամները եղել և մնում են գործող համայնքի ղեկավարների դրածո-ընտրվածները, և համայնքի ղեկավարներն ինչ ուզեցել են, ինչքան ուզեցել են, ինչպես ուզեցել են, արել են, և Օձունն էլ բացառություն չէ: Ես գիտեմ դեպքեր երբ անգամ ավագանու անդամներ են բացակայել ոչ թե գոնե համայնքից այլ ՀՀ-ից, սակայն բացում ես որոշումը և տեսնում որ մասնակցել է քվեարկությանը և հաստատել են բյուջեն, կամ հող են աճուրդով օտարել, կամ սոց. օգնություն են տրամադրել և այդպես շարունակ: ՈՒ սրա մեջ ամենակարևորն այն է որ վերադաս մարմինները՝ կոնկրետ մարզպետարանի կոնկրետ աշխատողը կամ աշխատողները տեղյակ են դրա մասին և պարզապես լռում են: ՀԵՏՔ-ը ինձ կարծում եմ կհասկանա, քանի որ պարբերաբար անդրադառնում է ՏԻՄ ոլորտին և մարզպետարանի կողմից իրականացվող վարչական վերահսկողության կասկածելի, անհասկանալի անգործությանը:
ԻԼԻՉ
Արամին...հարգելի արամ եթե գյուղապետը ուզենար վերցներ.դա կաներ մինչև բարսեղի ավագանիների ընտրվելը.այսինքն չունի ցանկություն իրա անունով գրանցի կամ վերցնի.հետո ՏՒՏԱՆՅԱՆԸ իրա աշխատանքով ապացուցելա որ վատություն ու թշնամություն չի ուզում.հոդվածում նա նշում է որ պատրաստ է համագործակցել ու սարի ճամփեն սարքել բարսեղւ հետ
Armen
ուզուլլարցի էտ քո նշած գյուղապետը 2008 թվականին ազատեց օձունը գիշատիչներից.գեղտ սարքեց ասֆալտապատ.լուսավոր.մաքուր,որ քու նմանը սենց խոսա?քո նմաններին չիել հասնում պետքա իրոք ուտեր.քանդեր.քեզել վախացրած պահեր որ տախտակ կարծիքտ չարտահայտեիր
Ուզուլլարցի
10 տարվա գյուղապետը հենց վրա ընգավ, որ կարար աշխատի, վռազ ջոգեց` որ ավելի լավ ա լափի։ Լափածի վրից գոնե մի բան ավելացնի ինքն էլ լափեց։ Էլ գյուղ կմնա? Դրանք իրանց լափելու դարդին են (ընտրվածն էլ, ընտրվել ուզողն էլ), խեղճ գեղացու համար ով ա մտածում???
Երևանաբնակ ՕՁՆԵՑԻ
Ինձ թվում է շատ պետք չէ բանի հետևից ընկնել,քամու բերածը քամին էլ տանում է,մի օր էլ կարթնանա կտեսնի ոչինչ չունի:
Արամ
Սա մեր երկրում առաջին և վերջին դեպքը չէ երբ ոմանք են խաղում, իսկ մեջտեղում տուժում է ոչնչից անտեղյակ և հույսերով ու սպասումներով ապրող միամիտ ժողովուրդը: Բարսեղ Այվազյանի տիրապետության ներքո գտնվող հողերը, որը համաձայն 2002թ.-ի ապրիլի 8-ին նախկին գյուղապետ Մելիք Այվազյանի կողմից կազմակերպված ձևական աճուրդով ինքն իրեն է տրամադրել 25 տարի վարձակալական ժամկետով, օրինակ ասենք դատարանով կարիլի է շատ հեշտ հետ վերցնել: Հիմա ինչ, գյուղապետը չի կարողանում անել դա, թե պարզապես չի ցանկանում: Կամ կան արդյոք երաշխիքներ, որ նշված հողերը հետ վերցնելուց հետո հիմա Էլ դրանք ձևական ավագանու որոշմամբ և ձևական աճուրդով, օրինակի համար ասենք մի 50 տարի ժամկետով չեն տրամադրվելու գյուղապետին, այլ տրամադրվելու են համայնքի ընտանիքներին: Երևի գյուղապետը չի ցանկանում հողերը հետ վերցնել, չնայած դրանք անօրինական եղանակով տրամադրված լինելու հանգամանքին, քանի որ գաղտնիք չէ, որ ոչ միայն Օձունում, այլև ՀՀ համայնքների 99.9 %-ում աճուրդները, մրցույթները, գնումները և այլն, կրում են բացառապես ձևական բնույթ և գյուղապետը երևի մտավախություն ունի, որ Բարսեղ Այվազյանից հողերը հետ վերցնելու դեպքում, նա իր կողմից, իր հովանավորությամբ առաջադրված և ընտրված ավագանու անդամների միջոցով կարող է դատարանով վիճարկել նաև ներկայիս գյուղապետի պաշտոնավարման ընթացքում նրա կողմից իրականացված աճուրդները: Եթե կարող եք, ապա ինձ հակառակն ապացուցեք, քանի որ ես ոչ մի տրամաբանություն չեն տեսնում նրա մեջ, որ 10 տարվա գյուղապետը, իր պաշտոնավարման այդ 10 տարիերի ընթացքում չի անդրադարձել նման կարևորագույն հարցին:
լեվան
Մի քշեր քնեց վեկացավ ու տեհավ յեքա օձունի ֆողերը իրաննա,իսկական երազանքի կատարման պես մի բանա էլի, բա ետքան ֆողը դրան խիեն տվե,բա մեկը չկա որ խլի հավասար բաժանի, պետկը չի վատություն անել ուղակի պետկա մարդուն բացատրել որ քեզ էտքան չի հասնըմ,: 50 հեկտար ֆողով 50 ընտանիք կարա իրա ապրուստը ստեղծի,լավ գոնե երկրից չի գնա
Լեվան
Որ վախտին ըղորմածիկ թոբլանը հափ էր անմ գեղի կեսը էդ ավագանի անթամներից մինը խի ծպտուն չեր հանմ թե ըսենց բան չի ըլի: հմի նրանցից սաղ կլեն մի քանիսը, էնա կանչեցեք ու իրանց հարցրեք թե հմի ոնց անենք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter