HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում գիշերօթիկ խնամքի հաստատությունների բեռնաթափմանն ընդառաջ. երեխաներն ուրախ են, ծնողները՝ մտահոգ

Գայանե Սարգսյան

Լոռու մարզի Քարաբերդ համայնքում բնակվող Բաղրամյանների տուն հասնում ենք կեսօրին: Մեր այցի մասին տեղյակ բազմանդամ ընտանիքի բոլոր անդամներն ու նրանց հարևանները բակում սպասում են:

Ընտանիքին այցելելու առիթը առաջիկայում Լոռու մարզում մեկնարկող գիշերօթիկների բեռնաթափման պիլոտային ծրագիրն է (անհասկանալի է, թե ինչու է կառավարությունն այս բառը ընտրել-խմբ.): Այն ուղղակիորեն առնչվում է այս ընտանիքին. Բաղրամյանների 4 երեխաներն էլ հաճախում են Վանաձորի երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն:

Երեխաներից ավագը՝ Մոնիկան, 8-րդ դասարան է: Նա խնամքի կենտրոնում է երկրորդ դասարանից:

«Առաջին դասարանը սովորական դպրոց գնաց Վանաձորում ապրող քրոջս տնից: Հետո, որ իրանք գնացին Ռուսաստան, ստիպված ուղարկեցինք խնամքի կենտրոն»,- պատմում է հայրը՝ Մյասնիկը:

Դուստրերից Էլենը փոխադրվել է 5-րդ, Հայկուհին՝ երկրորդ դասարան: Ընտանիքի միակ տղան՝ 8-ամյա Սարոն ևս խնամքի կենտրոնի սան է:

Սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքում  երեխաներին խնամքի կենտրոն ուղարկելը նպատակահարմար են գտել` հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ գյուղում դպրոց չկա, իսկ ամեն օր Վանաձոր դպրոց տանել-բերելը չափազանց ծախսատար կլիներ:

Քարաբերդում համայնքային տրանսպորտ չկա: Գյուղից քաղաք մեկնողները հիմնականում օգտվում են տաքսի ծառայություններից:

«Երեխեքին ամեն ուրբաթ բերում ենք, երկուշաբթի տանում, տանելը-բերելը նստում է 4.000 դրամ»,- ասում է Մյասնիկը:

Ընտանիքը 48.000 դրամի չափով նպաստ է ստանում: Ամուսինները տանը կից փոքրիկ հողամասն են մշակում, երկու կովից ստացած կաթ-կաթնամթերքն էլ վաճառում են՝ ամենօրյա ծախսերը հոգալու համար:

Ամռան տապին խոնավահոտով լցված փոքրիկ տան երկու սենյակներից առաջինը միակ օգտագործելի տարածքն է Բաղրամյանների համար: Այն և´ հյուրասենյակ է, և´ ննջասենյակ, իսկ ձմռանը ծառայում է նաև որպես խոհանոց ու լոգարան:

Ամուսինները սոցիալական պայմանների մասին շատ խոսել չեն սիրում: «Օրվա հետ յոլա ենք գնում»,- ասում է Մյասնիկը:

Ծնողների փոխարեն ընտանիքի խնդիրների մասին ակտիվորեն բարձրաձայնում են հարևանները: «Ճիշտն ասեք, ինչի՞ չեք ասում: Յոլա գնալը ո՞րն ա, ախր դուք օրերով սոված եք էղնում»,- միջամտում է հյուր եկած  հարևանը՝ Վարազդատը:

Կինը՝ Անահիտը, ավելի քչախոս է: Ոչինչ չի ասում: Հետո միայն, ցույց տալով պատշգամբի իր բացօթյա խոհանոցը, ասում է. «Հանդի եղածն ենք բերում, սարքում, մի օր կանաչի, մի օր ավլուկ, սինդրիկ, բանջար: Ուտելու հարցում էլ չեմուչում չկա, ինչ էղնի, ուտում են երեխեքը, հարմարվում»:

Չորս անչափահաս երեխաների ծոնղներին հիմա միայն խնամքի կենտրոնի բեռնաթափման մասին լուրերն են մտահոգում:

«Ասել են, որ սեպտեմբերից խնամքի կենտրոնն էլ չպիտի աշխատի: Էնտեղ նախօրոք տեղյակ պահեցին, որ պետք ա փակվի»,- ասում է Մյասնիկը:

Երեխաների պատմելով` խնամքի կենտրոնում պայմանները շատ լավ են եղել: Չնայած դրան` նրանք ուրախ են, որ այսուհետ դպրոց են գնալու ու ամեն օր երեկոյան վերադառնալու տուն՝ ծնողների մոտ: «Ես ուզում եմ իմ մամայի ու պապայի կողքին լինեմ»,- ասում է Էլենը:

8-ամյա Սարոն ամենից շատ է ուրախացել խնամքի կենտրոնի փոխարեն հանրակրթական դպրոց գնալու համար:

«Ո՞ր երեխեն չի ուզի իր ծնողի հետ լինի կամ ո՞ր ծնողը՝ իր երեխու: Տղես էնքան դժվար հարմարվեց խնամքի կենտրոնում, քանի անգամ փախավ: Մինչև առավոտը լացուկոծով ճանապարհում էի, գնում տեղ էր հասնում, կյանքիս կեսը գնում էր»,- ուսումնական տարվա երկուշաբթիներն է հիշում Անահիտը:

Ընտանիքում արդեն հաշվարկել են. ամեն օր դպրոց գնալ-գալու դեպքում ամսական տաքսու ծախսը կկազմի 80.000-100.000 դրամ:

«Մի բան անիլ տեմ, բայց չգիտեմ` ոնց: Դպրոց չկա, աշխատանք չկա, բայց հո երեխանց էլ չեմ կարա ես անգրագետ թողամ: Պետք ա մի բան արվի, էլի, բայց թե ոնց... Սկզբից ասին գյուղապետարանը պետք ա տրանսպորտ հատկացնի, գյուղապետարանն էլ ասում ա՝ ես էդքան միջոց չունեմ»,- ասում է Մյասնիկը:

Քարաբերդի համայնքապետարանի կողմից ընտանիքին վերջին տարիներին տարեկան 50.000 դրամի չափով սոցիալական օգնություն է տրվում: Համայնքապետ Յուրիկ Շավելյանի խոսքով սա առավելագույնն է, որ համայնքը կարող է անել այս ընտանիքի համար:

«Գոնե մի տրանսպորտ աշխատեր, գյուղում ինչ-որ մի բան բարելավվեր երեխանց հմար: Այ մարդ, մենք հեչ արդեն, կարևորը երեխեքն են: Ոչ մի բան չեն անում, գյուղը հետ ա գնում ու առաջ չի գնում»,- ասում է երեխաների հայրը` մատնանշելով, որ հենց դպրոց չունենալու պատճառով են գյուղի դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքները հեռացել գյուղից:

Ներկայումս գյուղի միակ դպրոցահասակները Բաղրամյանների երեխաներն են: Չնայած դժվարություններին` ընտանիքում թե´ մեծերը, թե´ փոքրերը լավատես են:

Մոնիկան  երազում է բուժքույր դառնալու մասին: Հայկուհու երազանքն էլ խանութ ունենալն է, որ «պապան ինչ ուզի, էդ խանութից կարենա վերցնի»:

Մինչ երեխաները ոգևորված սպասում են սեպտեմբերին, ծնողները մտորումների մեջ են:

«Մարզպետարանում ասացին, որ որոշ չափով աջակցելու են նման ընտանիքներին»,- փորձում եմ հանգստացնել:

«Որոշ չափը ո՞րն է»,- զարմանում է Անահիտն ու մտովի հաշվարկում սպասվելիք ծախսերը:

Լոռու մարզպետարանում ևս այս հարցին դժվարանում են միանշանակ պատասխան տալ: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի խոսքով` ընտանիքներին հատկացվելիք աջակցության տեսակն ու չափը կորոշվի ընտանիքների կարիքների գնահատումներից հետո միայն:

«Նախատեսվում են որոշակի սոցիալական փաթեթներ: Ես չեմ կարող դեռևս թիվ կամ քանակ ասել: Տարբեր տիպի օգնություններ են լինելու: Աշխատելու ենք յուրաքանչյուր ընտանիքի կարիքների գնահատման համատեքստում հնարավորինս օգնություն ցուցաբերել»,- նշեց Ն. Սարգսյանը:

Վերջինս չբացառեց նաև, որ երեխաներին ընտանիք ընդունելու հարցում պատրաստ չլինելու դեպքում ներկայումս խնամքի կենտրոնում հաշվառված 104 երեխաների մի մասը որոշ ժամանակ էլ կմնան կենտրոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter