HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5000 դրամանոց խրախուսանք. ի՞նչ խնդիր է լուծում ուսանողական կրթաթոշակը

Անուշ Թորոսյան

Հայաստանում բուհական դասագրքերի արժեքը տատանվում է 2000 - 5000 դրամի սահմաններում, ուսանողներին հատկացվող կրթաթոշակը կայուն է՝ ամսական 5 000 դրամ: Ուսանողներն ասում են՝ կրթաթոշակը լավագույն դեպքում կարող է իրենց ազատել միայն ճանապարհածախսից, իսկ գիրք գնելու, պատճենելու, գրենական պիտույքների համար, բնական է, այդ գումարն աննշան է:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հաղորդակցություն, մեդիա և հասարակություն» մագիստրոսական ծրագրում սովորող Մարինե Խաչատրյանը գերազանցության համար ամսական մոտ 6000 դրամ կրթաթոշակ է ստանում: Մարինեն նշում է՝ այդ գումարով ուսանողը լավագույն դեպքում ճանապարհածախսը կարող է հոգալ, իսկ դասագրքեր գնելու համար այն բավարար չէ:

Մարինեն լուծումը գտել է՝ շատ գրքեր համացանցում է կարդում. եթե հայերեն թարգմանված էլ չեն, ապա ռուսերենով կամ անգլերենով հասանելի են լինում: «Համալսարանի գրադարաններում գրքերի քիչ օրինակներ կան, հետևաբար, եթե դրանք չեն հասցնում գրադարանից վերցնել, ուսանողները պետք է պատճենահանեն»,- ասում է նա:

Բուհերում կրթաթոշակ ստացողների երկու խավ կա. ուսանողներ կան, որոնք անգամ «մոռանում են» կրթաթոշակը հանել բանկոմատից, և հակառակը՝ կան ուսանողներ, որոնք սրտատրոփ սպասում են կրթաթոշակի օրվան:

Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը նշում է, որ նախկինում՝ 80-ականների վերջին` մինչև 90-ականների կեսերը, Հայաստանում կրթաթոշակը խրախուսող նշանակություն ուներ. կային ֆակուլտետներ, որտեղ սովորելը դժվար էր, կրթաթոշակը՝ բարձր: Այդպես էր, օրինակ, մեխանիկայի, մաթեմատիկայի ֆակուլտետներում, հետագայում, երբ վճարովի կրթության համակարգը ներմուծվեց, բյուջեի վիճակը վատացավ, ուսումնական տեղերն ավելացան, արդեն ռոտացիոն համակարգ մտավ: Ու քանի որ աշխատավարձի, կենսաթոշակի հարցերը խեղդեցին, պարզ էր, որ պետության համար այլևս կրթաթոշակն առաջնահերթություն չէր, պետությունը մտածում էր՝ «ես քեզ արդեն առավելություն եմ տվել՝ անվճար կրթություն»:

5000 դրամ կրթաթոշակն այսօր, ըստ Խաչատրյանի, սիմվոլիկ դեր ունի, իսկ եթե ավելի սթափ դիտարկենք, անարդյունավետ մի բան է, որովհետև նույնիսկ անապահով ուսանողի համար այդ գումարն էական չէ, մանավանդ՝ շատ քիչ են անապահով ուսանողները, որոնք կրթաթոշակ են ստանում: Խաչատրյանը կարծում է՝ այդ գումարը պետք է ավելի արդյունավետ օգտագործվի: «Մենք այսօր Հայաստանում ունենք շատ երեխաներ, ովքեր գումարի պատճառով իրենց ուզած ֆակուլտետը չեն դիմում, բուհ չեն դիմում, գուցե նրանց օգնենք: Մյուս բանը, որ կարելի է անել, այդ գումարով ամառային դպրոցներ կազմակերպելն է ուսանողների համար. դա շատ կարևոր է, կարող է ավելի արդյունավետ լինել հետ մնացող, անապահով ուսանողների համար: Կամ էլ` կարելի է գումարն ուղղել ռեսուրս-կենտրոններին, լրացուցիչ պարապմունքներին, այսինքն՝ կարելի է այնպես անել, որ շատերն օգտվեն դրանից»,- ասում է փորձագետը:

Խաչատրյանի համոզմամբ՝ այսօր անվճար համակարգում սովորողների մի զգալի մասն ապահով խավից է, և անհասկանալի է՝ ինչու՞ են նրանց տալիս այդ գումարը, որի կարիքը չունեն էլ: Կարելի է այդ գումարը համակարգի համար օգտագործել: Փորձագետը չի բացառում, որ կրթաթոշակ ստացողների մեջ կարող են լինել նաև անապահով ուսանողներ, բայց եթե նույնիսկ 40-50 տոկոսն ապահով են, ապա իրենց այդ գումարը պետք չէ:

«Բուհերի ֆինանսական վիճակը ծանր է, պետությունը չի օգնում. անունը դրել ենք պետական, բայց պետությունը բյուջեի քսան տոկոսն է տալիս, այսինքն՝ բուհն ավելի շատ հարկ է տալիս, քան պետությունից փող ստանում, դա էլ է խնդիր»,- ասում է նա: Խաչատրյանը նշում է՝ սա նաև որակի վրա է ազդում. չի կարելի բուհը թողնել վարձավճարների հույսին, չի կարելի կրթությունն ամբողջությամբ առևտրայնացնել. եթե խանութպանը կամ ապրանք արտադրողը պետք է հաճախորդին հարմարվի, ապա այստեղ սովորողը պետք է հարմարվի կրթությանը, եթե հարմարվեցիր, ապա դա կարող է բերել նշաձողի իջեցմանը: Այդուհանդերձ, բուհը ստիպված է լինում նշաձողն իջեցնել, քանի որ կախված է ուսանողից ու նրա վարձավճարներից և ուզում է հարմարվել նրան: Բուհերը հումանիտար ֆակուլտետների վարձավճարների մի մասն էլ ուղղում են բնագիտական ֆակուլտետների պահպանմանը:

«Ուսանողների բացակայությունները շատ են, քանի որ աշխատում են, բայց կարո՞ղ ենք հեռացնել. եթե հեռացնենք, երեսուն տոկոսին պիտի հեռացնենք»,- նկատում է Խաչատրյանը՝ հավելելով, որ ինքը բուհերի ինքնավարության կողմնակից է:

ՀՀ ԿԳՆ բարձրագույն  և հետբուհական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Սասուն Մելիքյանի խոսքով՝ թեպետ իսկապես ուսանողական կրթաթոշակն այնքան էլ մեծ չէ, որ ֆինանսական ինչ-ինչ հարցեր լուծի, բայց շատ ուսանողներ կան, որոնց դեպքում այդ 5 000-ն էլ է դեր խաղում:

Մելիքյանի խոսքով՝ նախարարությունում այդ ուղղությամբ քննարկումներ եղել են, անգամ այդ գումարը կենտրոնացնելու և իբրև ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու տարբերակ է քննարկվել: «Ներկա տարբերակն ավելի զանգվածային հատկացում է. պետպատվերով ընդունվածներն են օգտվում այս կենսաթոշակի իրավունքից, մյուսները՝ ոչ: Բայց այս հարցն էլ է քննարկման առարկա: Իհարկե, լավ կլինի, որ կրթաթոշակը բարձրացվի, սակայն այստեղ էլ գալիս են բյուջեից ֆինանսավորման խնդիրները և երկրի տնտեսական զարգացման մակարդակի հարցը՝ կարո՞ղ է, արդյոք, պետությունն այդքան վճարել»,- ասում է ԿԳՆ ներկայացուցիչը:

Կրթաթոշակների հատկացման գործընթացին մասնակից են նաև բուհերը. բուհի կանոնադրությամբ սահմանվում է անվանական կրթաթոշակ, որով արտաբյուջեի՝ վճարովի համակարգից գոյացած բյուջեի հաշվին լավագույններին անվանական կրթաթոշակ է հատկացվում:

Զարգացած և զարգացող մի շարք երկրներում և Հայաստանում կրթաթոշակի չափերը համեմատելի չեն: Ռուսաստանում, օրինակ, ուսանողներին տրվող կրթաթոշակը 1340 ռուբլի է (10 800 դրամ), 2017-ից նախատեսվում է ամենամյա ավելացում. 2017-ին կրթաթոշակը կդառնա 1419 ռուբլի (մոտ 11 500 դրամ), 2018-ին` 1487 ռուբլի (մոտ 12 000 դրամ), իսկ 2019-ին` 1554 ռուբլի (մոտ 12 500 դրամ): Բարձր կրթաթոշակ ստանում են գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները: 2016-2017 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ունեցողները ստանում են 5 000 - 7 000 ռուբլի (40 000 - 56 000 դրամ) կրթաթոշակ:

Ղազախստանում նվազագույն կամ սովորական կրթաթոշակը 20 949 թենգե է (մոտ 30 000 դրամ), իսկ բարձր կրթաթոշակը` 24 091 թենգե (մոտ 36 000 դրամ):

Գերմանիայում կրթաթոշակ չկա. բոլորը վճարում են, գումարը սիմվոլիկ է՝ մի քանի հարյուր եվրո, այն էլ՝ ինչ-ինչ ծախսերի համար. դա ուսման վարձ չի համարվում, քանի որ Գերմանիայում ուսումն անվճար է: Կրթաթոշակ ոչ ոք չի ստանում. եթե ծնողների եկամուտը ցածր է, ապա ուսանողին տալիս են որոշակի գումար՝ կեցության ծախսերը հոգալու համար, որի 50 տոկոսը նա պետք է վերադարձնի, երբ սկսի աշխատել:

Վրաստանում պետությունը կրթաթոշակ է հատկացնում այն ուսանողներին, որոնք աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ, ընդ որում՝ կապ չունի՝ ուսանողն անվճար համակարգում է սովորում, թե վճարովի: Պետությունն ուսանողներին հատկացնում է 100 լարի (մոտ 20 000 դրամ) կրթաթոշակ:

Ուկրաինայում 2017-ից կրթաթոշակ կստանան բուհերի կազմած ռեյտինգային ցուցակի առաջատար դիրքերում հայտնված ուսանողները: Կրթաթոշակի նվազագույն չափը 830 գրիվեն է (մոտ 15 300 դրամ), իսկ լավագույն ուսանողները կստանան 1600 գրիվեն (մոտ 29 500 դրամ): Ընդ որում՝ կարևորվում է ուսանողի ընտրած մասնագիտությունը: Բարդ մասնագիտությունների դեպքում կրթաթոշակը կարող է հասնել 2036 գրիվենի (մոտ 37 500 դրամ):

Կառավարության նոր ծրագրով կրթության ոլորտում նախատեսվում են բարեփոխումներ, որոնք չեն շրջանցել նաև կրթաթոշակների խնդիրը: Մինչև 2018 թվականի ավարտը նախատեսվում է վերանայել բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական ֆինանսավորման մեխանիզմները և ուսանողական կրթաթոշակների ու նպաստների տրամադրման սկզբունքները: Հայաստանում կրթաթոշակը համարվում է պետական ֆինանսական խրախուսանք: Հուսանք՝ վերանայումից հետո այն կդառնա առավել հասցեական ու արդյունավետ, հստակ կամրագրվի պետական կրթաթոշակի դերն ու նշանակությունը, համապատասխանաբար՝ նաև չափը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter