HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Շինարարության ոլորտն «ուշքի չի գալիս»

2009 թվականի շեշտակի անկումից հետո  շինարարության ոլորտը Հայաստանում «ուշքի չի գալիս»։ Մինչ այդ, այս ոլորտն աճում էր արագընթաց տեմպով։ Այդ երևույթը տարիներ անց վարչապետ Տիգրան Սարգսյանի հեղինակությամբ «շինարարական փուչիկ» անվանումը ստացավ։ Նա հայտարարեց, որ մինչև 2008-2009-ի ճգնաժամը Հայաստանում «շինարարական փուչիկ» էր ձևավորվել, այսինքն՝ ոլորտում գրանցվել էր ոչ որակական աճ, որը չդիմացավ տնտեսական ճգնաժամին։ Այդ տարիների իշխանությունը՝ ի դեմ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, չընդունեց  դիտարկումը, որ շինարարության ոլորտը 2009-ից սկսեց փլուզվել այն պատճառով, որ մինչ այդ անառողջ աճ էր գրանցվել։ 

Այնուամենայնիվ, փաստերը ցույց են տալիս, որ առ այսօր չի հաջողվում այս ոլորտում էական փոփոխություններ ու առաջընթաց գրանցել։ Հանրապետությունում կատարված շինարարության ծավալները վկայում են, որ 2008թ.-ից ի վեր աճ է գրանցվել միայն 2014 թվականին, այն էլ՝ չնչին: 

Ինֆոգրաֆիկայում ներկայացված են շինարարության ծավալները` ընթացիկ գներով։ Զուգահեռաբար նշվածը տարվա փոփոխությունն է՝ աճը կամ նվազումը, նախորդ տարվա նկատմամբ։ Որոշ տարիների ցուցանիշներ, օրինակ՝ 2015-ինը, ընթերցողի համար կարող են տարօրինակ թվալ, քանի որ ծավալները ընթացիկ գներով աճել են, սակայն, իրականում, ոլորտում նվազում է գրանցվել։ Բանն այն է, որ վիճակագրության մեջ այդ տարվա իրական փոփոխությունը հասկանալու համար ապրանքը հաշվարկում են նախորդ տարվա գներով։ Դրանք համադրելի գներն են։ 

Մեր դեպքում 2015թ.-ի շինարարության ծավալներում, երբ հաշվարկել են 2014թ.-ի գներով, անկում է արձանագրվել։ Իսկ ընթացիկ գներով 2015թ.-ի ծավալներն ավելի մեծ են ստացվել, քանի որ ոլորտում թանկացում է եղել։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Անկումը շարունակվում է նաև այսօր, ընդ որում՝ երկնիշ ցուցանիշով։ Այս տարվա հունվար-մայիսին, ըստ Ազգային վիճակագրական (ՀՀ ԱՎԾ) ծառայության ամենաթարմ տվյալների, հանրապետությունում գրանցված շինարարության ծավալները կազմել են մոտ 78.6 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն 12.1%-ով նվազել է։ Շինարարությունը հիմնականում կատարվում է կազմակերպությունների, միջազգային վարկերի, բնակչության միջոցների ու պետբյուջեի հաշվին։ Ըստ ԱՎԾ տվյալների

Ինչպես տեսնում եք, ամենամեծ մասնաբաժինը ապահովում են կազմակերպությունները։ Նրանց կատարած շինարարության ծավալները, նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ, 2.8%-ով նվազել են։ Կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարության ծավալում օտարերկրյա ներդրողների միջոցները կազմել են ընդամենը մոտ 6 մլրդ դրամ կամ ընդհանուրի 15%-ը, ինչն էլ ցույց է տալիս, որ ներդրումների պակասը ևս շինարարության ոլորտի զարգացումը խոչընդոտող գործոններից է։ 

Առավել մտահոգիչ է բնակչության միջոցներով կատարվող շինարարության ցուցանիշը (19.6 մլրդ դրամ), որը նվազել է  6.4%-ով։ Սա էլ իր հերթին վկայում է բնակչության ցածր գնողունակության մասին։ Նկատենք, որ շինարարական բումի տարիներին բնակչության միջոցներով շինարարությունը՝ անհատական բնակարանաշինությունը, զգալի ծավալներ ու ազդեցություն է ունեցել ընդհանուր աճի վրա։ 

Միջազգային վարկերի հաշվին կատարվող շինարարության ծավալներն էլ պակասել են 39.5%-ով։ Դրանք Համաշխարհային բանկից, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկից, Ասիական զարգացման բանկից, Ռուսաստանից և այլ աղբյուրներից ստացված վարկերն են։ 

Նվազել է նաև պետբյուջեի միջոցներով կատարվող շինարարությունը՝ 23.1%-ով։                               Աճ է գրանցվել միայն համայնքների միջոցներով իրականացվող շինարարության մասով՝ 26.5%-ով։ Սակայն այն էական ազդեցություն չի ունեցել ընդհանուր շինարարության վրա, քանի որ համայնքների միջոցով շինարարության ծավալները փոքր են։ 

Որպես շինարարության ոլորտում շարունակական անկման պատճառներ մասնագետները  հիմնականում առանձնացնում են նախ երկրում ընդհանուր տնտեսության վիճակն ու կառավարումը, որը բավարար մակարդակում չէ այս ոլորտը զարգացնելու համար, հետո, ինչպես նշեցինք, բնակչության կրկին ոչ բավարար գնողունակության աստիճանը, օտարերկրյա ներդրումների պակասը։ Իսկ առավել հաճախ շեշտադրվում է արտագաղթը։

Այսօրվա միտումները հուշում են, որ շինարարության ոլորտում, գոնե առաջիկայում, էական առաջընթացներ սպասել չի կարելի։ 

Ո՞ր ոլորտներում է շինարարությունը համեմատաբար ակտիվ 

Հայաստանում շինարարության ամենամեծ մասնաբաժինը ապահովում է անշարժ գույքի հետ կապված գործունեությունը։ Հաջորդում են տրանսպորտի ոլորտը և էլեկտրականության, գազի, գոլորշու, լավորակ օդի մատակարարումը։ Այս տարվա առաջին հինգ ամսում 78.6 մլրդ դրամ շինարարություն ընդհանուր ծավալի 32.3%-ը ապահովել է անշարժ գույքի հետ կապված գործունեությունը։ Այն ներառում է նաև սեփական անշարժ գույքի առուվաճառքի, սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հանձնում, վարձակալություն և այլն։ 

Ըստ ԱՎԾ տվյալների

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter