HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի առևտուրը ԵԱՏՄ-ի ներսում. իրական պատկերը՝ ուռճացվածի կողքին

«Եթե ամփոփեմ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելու երկու տարվա արդյունքներն, ապա առաջին ակնհայտ արդյունքը Հայաստանի ապրանքաշրջանառությունն է Միության անդամ երկրների հետ։ Այն տարեցտարի աճել է։ 2016 թվականին միայն ՌԴ Հայաստանից պատրաստի արտադրանքի արտահանումն աճել է 51.3%-ով, իսկ դեպի Ղազախստան, Ղրղզստան և Բելառուս այն աճել է անգամներով։ Այն շուկաների ազատականացումը, որն իր մեջ պարունակում էր ԵԱՏՄ-ն, իր արդյունքները տվեց»,- այսօր հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը «ՀՀ-ն երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում. առաջին արդյունքները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ:

Նախարարը պնդում է, որ եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին, ապա «ավելի մեծ տնտեսական խնդիրներ կառաջանային, քան հիմա»։

Չնայած թե´ քննարկմանը, թե´ լրագրողների հետ զրույցում նախարարը չներկայացրեց տվյալներ, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակումներում կարելի է գտնել ցուցանիշներն ու հասկանալ, թե ինչ դեր ունի Հայաստանը ԵԱՏՄ առևտրում, ինչի հաշվին է աճել դեպի ՌԴ արտահանումը և ինչ առևտուր է անում մյուս երեք երկրների հետ։ Իսկ այդ տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանից արտահանումն աճել է, սակայն այս պահին Հայաստանը ԵԱՏՄ-ի ներսում արտահանման ամենափոքր կշիռն ունի, բացի ՌԴ-ից` մյուս երեք երկրների հետ առևտրային թույլ հարաբերությունների մեջ է, իսկ դեպի ՌԴ արտահանումն աճել է մեծապես թունդ ալկոհոլային խմիչքի, մասնավորապես՝ կոնյակի արտահանման ծավալների ավելացման հաշվին։

ԵԱՏՄ. փոխադարձ առևտուրը

Այսպիսով, հանձնաժողովի ամենաթարմ տվյալներով՝ այս տարվա հունվար-ապրիլին ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 15.9 մլրդ դոլար՝ 2016 թվականի նույն ժամանահատվածի համեմատ աճելով 27.5%-ով։ Այս տվյալը ցույց է տալիս ԵԱՏՄ անդամ հինգ երկրների՝ Միության ներսում կատարված արտահանման արժեքների գումարը։

Որպես արտահանող Հայաստանին բաժին է հասնում այս ընդհանուր առևտրաշրջանառության ընդամենը 0.9%-ը: Ընդ որում, մնացած չորս երկրների համեմատ, սա ամենափոքր մասնաբաժինն է։ Ամենամեծ կշիռը Ռուսաստանինն է՝ 62.8%:

Իսկ որպես ներմուծող` Հայաստանին բաժին է ընկնում 2.4%-ը։ Սա նշանակում է, որ այս Միության ներսում մեր երկիրն առավել գնորդի, քան վաճառողի դերում է։ Այդ կարգավիճակում են նաև Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ Եվ միայն Ռուսաստանն է, որ ավելի շատ մատակարարել է, քան ներկրել. արտահանմամբ զբաղեցրել է 62.8%-ը, ներմուծմամբ՝ 34.8%-ը։

Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների' հունվար-ապրիլին Հայաստանը ԵԱՏՄ երկրներ է արտահանել 134.5 մլն դոլարի ապրանք, որից 131 մլն դոլարը կամ մոտ 98%-ը՝ դեպի Ռուսաստան։ Այսինքն՝ Միության մյուս երկրներում հայկական ապրանքները պահանջարկ չեն վայելում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից ՌԴ արտահանումն աճել է 25.9%-ով։

Ուշագրավ է, որ Ս. Կարայանն այսօր իր խոսքում շեշտեց, որ 2016 թվականին Հայաստանից ՌԴ պատրաստի արտադրանքի արտահանումն ավելի քան կիսով չափ աճել է։ Իսկ դեպի մյուս երկրներ՝ Ղազախստան, Բելառուս ու Ղրղզստան, աճել է անգամներով։ Եվ կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանն այս երկրների հետ սկսել է ակտիվ առևտուր անել։ Սակայն, դա ընդամենը չափազանցություն է։ Մեկ այլ հարց է, թե որքանով է աճել արտահանումը, եւ արտահանման ինչ ծավալների մասին է խոսքը։ Օրինակ, եթե այս տարի արտահանվել է 1 տոննա ծիրան, հաջորդ տարի՝ 2 տոննա, ապա կստացվի արտահանումն աճել է 2 անգամ։ Սակայն, խոսքն ընդամենը 1 տոննայով աճի մասին է։ Նույնն էլ Հայաստանի առևտուրն է Միության անդամ երեք երկների հետ, որն այնքան փոքր է, որ նույնիսկ ոչ մեծ ծավալի տեղաշարժի պարագայում անգամներով աճեր են գրանցվում։

Մասնավորապես, այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից դեպի Ղրղզստան արտահանումը կազմել է ընդամենը 0.3 մլն դոլար, աճը՝ 2.4 անգամ։ Շատ «տպավորիչ» աճ է։

Հայաստանից Ղազախստան արտահանումը կազմել է ընդամենը 1.3 մլն դոլար, աճը՝ 97.7%:

Դեպի Բելառուս արտահանվել է 1.7 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 25.5%-ով նվազել է։

Նույն ժամանակահատվածում Հայաստանը ԵԱՏՄ երկրներից ներմուծել է մոտ 375 մլն դոլարի ապրանք, որի 98%-ը' կրկին Ռուսաստանից։

Բելառուսի համար ևս հիմնական շուկան Ռուսաստանն է։ Արտահանել է ընդհանուր առմամբ 4 մլրդ դոլարի ապրանք, որից 3.8 մլրդ դոլարը՝ դեպի Ռուսաստան (աճը՝ 31,7%):

Ղազախստանն արատահանել է շուրջ 1.6 մլրդ դոլարի ապրանք, որից 1.4 մլրդ դոլարը՝ դեպի Ռուսաստան (աճը՝ 34.5%):

Ղրղզստանն արտահանել է մոտ 188 մլն դոլարի, որից 100 մլն դոլարը՝ դեպի Ռուսաստան (աճը՝ 2 անգամ), 87 մլն դոլարը՝ Ղազախստան (անկումը՝ 12.2%):

Իսկ ամենամեծ մասնաբաժին ունեցող Ռուսաստանն արտահանել է 10 մլրդ դոլարի ապրանք, որից 5.7 մլրդ դոլարը՝ Բելառուս (17.4% աճ), 3.6 մլրդ դոլարը՝ Ղազախստան (38.8% աճ), 411 մլն դոլարը՝ Ղրղզստան (26.7% աճ), 330 մլն դոլարը՝ Հայաստան (19.5% աճ):

Ինչի հաշվին է աճել Հայաստանից արտահանումը

Հանձնաժողովը նաև մանրամասն տեղեկություններ է հրապարակում, թե որ երկրից ինչ ապրանքներ են արտահանվել ԵԱՏՄ տարածք։ Ինչպես արդեն նշեցինք, դեպի ԵԱՏՄ երկրներ Հայաստանից արտահանված ապրանքների 98%-ը «հանգրվանել են» Ռուսաստանում։ Հենց դեպի այդ երկիր ապրանքների հաշվին էլ աճ է գրանցվել։

Այսպես, Հայաստանից ԵԱՏՄ արտահանված 134.5 մլն դոլարից մոտ 57 մլն դոլարը միայն թունդ ալկոհոլային խմիչքն է (55.5 մլն դոլարը՝ դեպի ՌԴ), որի ներքո պետք է հասկանալ հիմնականում կոնյակը։ 2016-ի հունվար-ապրիլի համեմատ կոնյակի արտահանումն աճել է 69.5%-ով, և հենց դա էլ մեծապես նպաստել է դեպի ՌԴ արտահանման ընդհանուր աճին։

Մյուս արտահանված ապրանքատեսակներից յուրաքանչյուրի արժեքը չի գերազանցել 5 մլն դոլարը։ Աճել է նաև ձկան (արտահանման ընդհանուր ծավալը՝ 3.9 մլն դոլար, աճը՝ կրկնակի), դեղամիջոցների (մոտ 3 մլն դոլար, աճը՝ 4.5 անգամ), ծաղիկների (2.2 մլն դոլար, աճը՝ 2.7 անգամ) և այլ ապրանքների արտահանումը։ Սակայն, դրանց ծավալներն այնքան մեծ չեն, որ մեծ ազդեցություն թողած լինեն ընդհանուր աճի վրա։

Որոշ ապրանքատեսակների առումով անկում է գրանցվել, օրինակ՝ լոլիկի (4.8 մլն դոլար, նվազումը՝ 65.7%): Այս առնչությամբ բազմիցս նշվել է, որ նախորդ տարի, իրականում, թուրքական լոլիկն է հայկականի անվան տակ արտահանվել ՌԴ, սակայն Մաքսային ծառայությունն այդպես էլ չընդունեց ասվածը։ Շեշտակի նվազել է պանրի արտահանումը (1.1 մլն դոլար, նվազումը՝ 82%)։ Այս առումով ևս ամեն ինչ «մաքուր» չէր։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, Լեհաստանից ստացված տվյալների համաձայն` 2015-2016թթ. մեծ քանակությամբ պանիր է արտահանվել Հայաստան ու «կորել» ճանապարհին. ՀՀ մաքսային ծառայության տվյալներով` նման քանակ արձանագրված չէ։

Այսպիսով, թեև Հայաստանից ԵԱՏՄ, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ՌԴ արտահանումն աճել է, սակայն ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, ինչպես ներկայացնում են մեր պաշտոնյաները։

Հիշենք նաեւ, որ 2015 թվականին, երբ Հայաստանն արդեն ԵԱՏՄ-ի անդամ էր, արտահանումը նվազեց։

Իսկ ամենակարևոր հարցերից մեկը մնում է վիճահարույց՝ ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին։

Մեկնաբանություններ (1)

գագո
Վրաստանը չանդամկցեց ԵԱՏՄ-ին փոխարենը ԵՄ-ի ազատ առևտրի համաձայանագիր կնքես։ Ու ինչ եղավ։ http://www.ictsd.org/bridges-news/%D0%BC%D0%BE%D1%81%D1%82%D1%8B/news/%D0%B3%D1%80%D1%83%D0%B7%D0%B8%D1%8F-%D1%8D%D0%BA%D1%81%D0%BF%D0%BE%D1%80%D1%82-%D0%B2-%D0%B5%D1%81-%D1%81%D0%BD%D0%B8%D0%B7%D0%B8%D0%BB%D1%81%D1%8F-%D0%B0-%D0%B8%D0%BC%D0%BF%D0%BE%D1%80%D1%82-%D0%B5%D0%B2%D1%80%D0%BE%D0%BF%D0%B5%D0%B9%D1%81%D0%BA%D0%B8%D1%85-%D1%82%D0%BE%D0%B2%D0%B0%D1%80%D0%BE%D0%B2-%D1%81%D1%83%D1%89%D0%B5%D1%81%D1%82%D0%B2%D0%B5%D0%BD%D0%BD%D0%BE-%D0%B2%D1%8B%D1%80%D0%BE%D1%81 ԵՄ-ից ներմուծումը սրընթաց աճ ուարտահանումը կրճատվեց ընդանուր ներմուծումը մոտ անգամ գերազանցումա արտահանումը։ ԱՊՀ-ի երկրների հետել առևտուրը նվազեց։ Նույն պատկերնել Մոլդովայում ու Ուկրաինայում։ Եվրոպացիք ոսկե սարեր խոստնալով իրականում իրանց արտադրողների համար նոր շուկաներ բացեցին։ Իսկ վրացիք ու ընկերները պարզա որ ի վիճակի չեն մրցակցել եվրոպական արտադրողների հետ, արդյունքում ԱՊՀ-ի շուկաներ կորցրին դիմացը ոչ մի բան չստացան։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Վրաստանի դեպի ԵՄ արտահանման մեջ առյուծի բաժինը հանքերն են ապա պատկերը շատ ավելի տխուրա դառնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter