HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

10 մլն դոլարի ասֆալտապատում և բարեկարգում Ջերմուկում

Ջերմուկ քաղաքի երկու հատվածներն այնքան են տարբերվում իրարից, որ անգամ տեղաբնակները, «Ջերմուկ» ասելով, հասկանում են քաղաքի առողջարանային հատվածը միայն, իսկ քաղաքի մյուս՝ հիմնականում բնակելի հատվածը, այդպես էլ շարունակում է մնալ որպես օտար մի մասնիկ՝  «Ձախափ» անունով: Իրական Ջերմուկին առավել մոտիկից ծանոթանալու, ջերմուկցու հոգսերն ու ապրելակերպը պատկերացնելու համար պետք է գոնե մեկ շաբաթ ապրել Ձախափում: Զբոսաշրջիկի կամ առողջարաններում բուժվողի կարգավիճակով Ջերմուկ այցելողների հիմնական մասն այդպես էլ անհաղորդ է մնում քաղաքի այն մյուս՝ Ձախափում առկա հիմնախնդիրներին, իսկ դրանք քիչ չեն:

Զբոսաշրջիկը՝ այցելելով Ջերմուկ, հիմնականում սահմանափակվում է կենտրոնի թվացյալ բարեկարգ պատկերներով: Նույն Աջափում, որտեղ հիմնականում տեղակայված են առողջարանները եւ շատ քիչ թվով բնակելիներ՝ ծայրամասային հատվածներում գրեթե նույն պատկերն է, ինչ ձախափում: Ջերմուկում, խորհրդային ու հետխորհրդային տարիներին կառուցված բնակելիներն արտաքինից կարող էին անգամ օրինակելի թվալ, եթե չլինեին բնակիչների կողմից բաց պատշգամբների հետ կատարած ձեւափոխությունները՝ սեփական ճաշակի ու հնարավորությունների սահմաններում: Առողջարանային այս քաղաքում եւս, ինչպես հանրապետության մյուս բնակավայրերում, թեեւ քիչ, սակայն առկա են քաղաքաշինական աղավաղումներ: «Բայց դե գոնե թփերն ու ծառեն են տեղում՝ պահպանում ենք»,-կատակում են ջերմուկցիները:

Ձախափում շենքերի միջեւ եղած ընդարձակ բակային տարածքներն ամբողջությամբ թաղված են կանաչի մեջ, սակայն դրանք չեն ծառայում որպես հանգստի գոտի: Բնակիչները դրանք վերածել են փոքրիկ տնամերձերի՝ կանաչի, կարտոֆիլ, լոբի, անգամ ելակ են մշակում, նաեւ պտղատու ծառեր են տնկել՝ փրկելով տարածքները աղբանոցի վերածվելու վտանգից:

Ձախափում հազվագյուտ տեղերում կարելի է հանդիպել ասֆալտի շերտը պահպանած բակային տարածքի կամ փողոցի: Շատ բակերում փոսերը ծածկելու նպատակով ընդամենը կարմիր ավազ է փռած: Մայթերի վրա տեղ-տեղ պահպանված ասֆալտի շերտը խոսում է խորհրդային տարիներին արված որակյալ աշխատանքի մասին: Անցած 30-40 տարիներին այդ ամենից միայն պատառիկներ են պահպանվել: Անմխիթար վիճակում են նաեւ բազմաբնակարանների մուտքերն ու տանիքները:

«Ամբողջը փոխելու ենք, հիմնանորոգելու ենք, բարեկարգելու ենք»,-վստահեցնում է Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս անգամ շինարարական աշխատանքները սկսելու են հենց «Ձախափ» թաղամասից: Համաշխարհային բանկի տրամադրած վարկային 10 մլն ԱՄՆ դոլար գումարով ամբողջովին հիմնանորոգվելու են Ջերմուկի երկու հատվածների փողոցները, մայթերը, բակերն են բարեկարգվելու, գիշերային լուսավորության ցանցն է թարմացվելու, շենքերի տանիքներն են նորացվելու, խաղահրապարակներ են տեղադրվելու, հանգստի գոտիներն են ավելացվելու:

«Առողջարանային հատվածում 12 հա այգի ունենք, որ պիտի բարեկարգվի, տեսքի բերվի: Վերջին տարիներին մնալով անխնամ՝ տարածքը վերածվել է անտառի եւ գրեթե չի օգտագործվում, որպես հանգստի գոտի,-ասում է Վարդան Հովհաննիսյանը,-նոր զբոսայգի է կառուցվելու Ձախափում՝ Ազատամարտիկների փողոցի վերջնամասում, որ նախատեսված էր գենպլանով, սակայն գումարների բացակայության պատճառով իրականություն չէր դառնում»:

Ընդհանուր առմամբ աշխատանքներ են իրականացվելու 75 հազար քմ-ի վրա, թեպետ նախագծի նախնական տարբերակում նախատեսված է եղել 50 հազար քմ: Նախագծա-նախահաշվային աշխատանքների ընթացքում կառուցապատվող տարածքներն ավելացել են: Քանի որ օգոստոս ամիսը Ջերմուկի համար զբոսաշրջության սեզոնի բարձրակետն է, ապա ասֆալտապատման աշխատանքները կմեկնարկեն Ձախափից:

«Նախագծա-նախահաշվային աշխատանքների համար արդեն իսկ տրամադրվել է մոտ 40 մլն դրամ, աշխատանքներն իրականացնում է Երեւան նախագծային ինստիտուտը: Հույս ունենք, որ մեկ ամսից կավարտեն, շինկազմակերպության մրցույթ կհայտարարվի, ու արդեն օգոստոսին շինաշխատանքները կսկսենք,-նկատում է քաղաքապետը,-մեր ծրագրերում կա նաեւ ամֆիթատրոնի, հեծանվային վազքուղիների կառուցում, սպորտկոմպլեքսի պահանջարկն է մեծ, որ չունենք, եւ Ջերմուկ այցելող երիտասարդները ձանձրանում են: Անպայման լուծելու ենք բակերում երեխաների համար խաղահրապարակների հարցը, նստարաններ են տեղադրվելու բնակիչների համար»:

Այս ծրագրով նախատեսված չէ Ջերմուկ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Հերհեր եւ Կարմրաշեն գյուղերի ճանապարհների նորոգում: 10 մլն ԱՄՆ դոլարն ամբողջությամբ ուղղվելու է Ջերմուկի ենթակառուցվածքներին, որոշակի մասնաբաժին կհասնի նաեւ Կեչուտի կենտրոնական հատվածում գտնվող հրապարակի բարեկարգմանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter