HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրեղեն ապացույցները պետք է պահպանի պետությունը

Իրեղեն ապացույցները, անշուշտ, պետք է պահպանի պետությունը, ավելին` դրանք պիտի պահպանվեն երկար տարիներ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտարարեց բռնի մահվան դեպքեր քննող դատաբժիշկ, սերբ պրոֆեսոր Ջորջ Ալեմպիևիչը: 

Մեր պետությունը դեռ շարունակում է օրինական ուժի մեջ մտած դատավճիռներից հետո ոչնչացնել իրեղեն ապացույցները, ինչը վերացնում է գիտության զարգացմամբ, նոր, ժամանակակից տեխնոլոգիաների, փորձաքննությունների կիրառմամբ հասնել քրեական գործերի վերաբացման տասնյակ տարիներ անց:  

Պրոֆեսորը շեշտեց` իրեղեն ապացույցները պետք է ամբողջությամբ պահպանվեն, ոչ միայն դրանցից անջատված նմուշները կամ կենսաբանական նյութերը: Հասկանալի է, որ մեծ ծավալի մասին է խոսքը, բայց պետության պարտավորությունը պիտի լինի դա: Պետք է լինեն տարածքներ, որտեղ դրանք պիտի պահպանվեն: 

«Հատկապես դա վերաբերում է այն երկրներին, որտեղ կան տարածաշրջանային կոնֆլիկտներ: Որքան էլ ցավալի է` հարևան Վրաստանն ավելի քան 10 տարի առաջ է անցել Հայաստանից այս ոլորտի զարգացման առումով»,-ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի իրավապաշտպան, իրավաբան Նարե Արամյանը: 

Ջորջ Ալեմպիևիչը երկար տարիներ աշխատում է զանգվածային հուղարկավորությունների, պատերազմի հետևանքով մահացած անձանց գործերի քննության վրա: Նա ասում է, որ այս դեպքում չափազանց դժվար է նույնականացնել անձին, շատ կարևոր է, որ որևէ իրեղեն ապացույց չվրիպի մասնագետի աչքից, չկորչի: 

Պրոֆեսոր Ալեմպիևիչը կարևորում է նաև անկախ փորձագիտական կենտրոնների ստեղծումը, ինչը ևս զարգացած է եվրոպական երկրներում: Այդ կենտրոնների տված եզրակացությունները դիտվում են որպես ապացույց դատարանում: 

Սերբ դատաբժիշկն այս օրերին Հայաստանում էր իր պորտուգալացի գործընկերոջ` պրոֆեսոր Դուարտե Վիեյրայի հետ: Նրանք հրավիրված էին Հայաստանի ՄԻ պաշտպանի գրասենյակի և «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի կողմից: Հուլիսի 11-12-ին նրանք երկօրյա դասընթաց էին վարում «Ապօրինի մահվան հավանական դեպքերի քննության մասին Մինեսոտայի արձանագրության» վերաբերյալ: 

Մինեսոտայի արձանագրության նպատակն է ապօրինի մահվան հավանական դեպքի և բռնի անհետացման կասկածվող դեպքի արդյունավետ քննության խթանումը, դրա միջոցով կյանքի և առաջնային արդարադատության, հաշվետվողականության իրավունքի պաշտպանությունը: Արձանագրությունը կիրառվում է «ապօրինի մահվան հավանական բոլոր դեպքերի» և բռնի անհետացման կասկածվող դեպքերի քննության նկատմամբ: 

Դասընթացին մասնակցել են ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչներ, հիստոլոգներ, անթրոպոլոգներ, դատաբժիշկներ, փաստաբաններ և բժիշկներ։ Մասնակիցները դասընթացի ավարտին ստացել են վկայականներ:

 

ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում հետևյալ նորությունը, ըստ որի` Պաշտպանն իրավունք կունենա դիմելու իրավասու մարմիններին՝ բողոքի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ ընթացող քննության  հանգամանքների վերաբերյալ փորձագիտական հետազոտություններ իրականացնելու և դրանց արդյունքում կազմված եզրակացությունները ստանալու: 

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի իրավապաշտպան, իրավաբան Նարե Արամյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ ի տարբերություն այլ պետությունների` մեզ համար սա առաջին քայլն է, երբ, բացի քննչական մարմիններից, մեկ այլ կառույցի տրվում է իրավասություն փորձաքննություն պահանջելու: 

Նարե Արամյանը նշում է, որ մարդկային ու մասնագիտական ռեսուրսների առումով մեր պետությունը թեև չի զիջում եվրապական երկրներին, այդուհանդերձ, չափազանց զիջում է օրենսդրական, ընթացակարգային կարգավորումների և հատկապես ժամանակակից սարքավորումների առումով: 

«Տպավորություն թող չլինի, թե բոլոր եվրոպական երկրներում, որտեղ զարգացած է տնտեսությունը, ունեն լավ բազա բռնի մահվան դեպքերը լավագույնս քննելու առումով: Կան երկրներ, որոնք այնքան էլ զարգացած տնտեսություն չունեն, բայց այս ոլորտում առաջատար են: Օրինակ` Պորտուգալիան, որտեղ լավագույնս զարգացած է դատաբժշկությունը` թե´ ընթացակարգերի, թե´ կիրառական տեսանկյունից»,-ասում է Նարե Արամյանը: 

Օրինակ` Պորտուգալիայում բոլոր պատկան մարմինների համագործակցությունը պարտադիր է: Բացի այդ, այնքան հեշտացված են ընթացակարգերը, որ յուրաքանչյուր ոք համապատասխան կառույցին դատաբժշկական փորձաքննություն պատվիրելու իրավունք ունի: Դատաբժիշկը, օրինակ, Պորտուգալիայում հազվադեպ է մտնում դատարան մտնում, նա նույնիսկ առցանց է ներկայացնում իր եզրակացությունը: 

Պորտուգալացի պրոֆեսոր Դուարտե Վիեյրան շրջում է աշխարհի տարբեր երկրներում ու ներկայացնում Պորտուգալիայի փորձը բռնի մահվան կամ առողջությանը վնաս պատճառելու քննության մասին: Օրինակ` եթե անձին բռնաբարել են, նա դիմում է դատաբժշկական կենտրոն, ստանում եզրակացություն ու դիմում դատարան: Այսպես անձը չի կորցնում ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter