Անահիտ Բախշյանը «Մարտիկ» հիմնադրամը լուծարելու պահանջով կդիմի դատարան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով նաև «Մարտիկ» հիմնադրամի անդամ է, ցանկանում է դատական կարգով հասնել այդ հիմնադրամի լուծարմանը և առաջիկայում սկսելու է դատական գործընթաց: Ասում է՝ հիմնադրամը շեղվել է կանոնադրային նպատակներից և կարող է բազմաթիվ հիմնավորումներ բերել: «Պատրաստ եմ, այս հիմնադրամի լուծարումը պետք է սկսել ու ավարտին հասցնել: Իսկ այդ գումարները, որ անձեռնամխելի են, ըստ կանոնադրության, և միայն մի դեպքում կարող են օգտագործվել, եթե վերաբերում է Հայաստանի անվտանգությանն ու պաշտպանությանը սպառնացող վտանգին, պետք է օգտագործվեն բանակի ու զինվորի համար»,- ասում է Ա. Բախշյանը:
Նա վստահ է, եթե հանրապետության նախագահը, պաշտպանության նախարարը, Վեհափառը չցանկանան լուծարել հիմնադրամը, ապա ոչ մի դատավոր լուծարման որոշում չի կայացնի: Իսկ այս աղմուկը բարձրացնում է, որ նշված անձանց մոտ էլ վերաբերմունք փոխվի: Բանն այն է, որ, ըստ կանոնադրության ՀՀ նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և պաշտպանության նախարարի համաձայնությամբ միայն կարող են ծախսվել հիմնադրամի «մայր» գումարները:
«Եթե դատավորը լուծարման որոշում կայացրեց, ուրեմն Սերժ Սարգսյանն ասել է՝ այդպիսի որոշում կայացրու, եթե չարեց, ուրեմն ինչ-որ բան խանգարում է: Իսկ թե ինչն է խանգարում, ուզում եմ հասկանալ: Ուրեմն ինչ որ մի անձնական շահ ավելի զորավոր է նստած այդ մարդկանց մեջ, քան երկրի անվտանգությունը, զինվորը, որի մասին ամբիոններից շատ սիրուն խոսքեր են ասում»,- ավելացնում է ավագանու անդամը:
Անահիտ Բախշյանը նշեց, որ հիմնադրամի գործունեությամբ սկսել է հետաքրքրվել 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Նրա ասելով՝ ցանկացել է տեղեկանալ, թե հիմնադրամում կուտակված գումարները, որոնց մասին 2002թ-ից խոսում էր հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանը, ինչպես է ծախսվել բանակի համար:
«Այդ պրպտումները ինձ բերեցին այն համոզման, որ անցած տարիների ընթացքում կանոնադրությամբ սահմանված նպատակները և իրենց իրականացրած գործունեությունը չի համադրվում: Բացի 2016թ. հաշվետվությունից, մնացածում չկան կանոնադրական նպատակներին ծառայող ծրագրերի անունները, թե ինչ ծրագրեր են իրագործել: Կա ընդամենը մեկ թիվ, որ ծախսել են այսքան գումար: Իսկ 2016թ. հաշվետվությունն անձամբ ինձ տվել է տնօրենը՝ Սեդրակ Սեդրակյանը, որից հետո հրապարակվել է azdarar.am-ում և «Մարտիկ» հիմնադրամի էջում և այնտեղ տարբերություն կա»,-նշում է Ա. Բախշյանը:
Նրա ասելով՝ իրեն առձեռն տված հաշվետվության մեջ չկա այն ծրագիրը, որ կա «Մարտիկ» հիմնադրամի կայքում, իսկ ծրագիրն արժեցել է 8 մլն 615 հազար 900 դրամ: Այդ գումարի շրջանակում, համագործակցելով Արցախի պաշտպանութայան նախարարության հետ, ՊՆ 5 լավագույն հրամանատարներին պարգատրել են անվանական զենքով: Բախշյանն ասում է, որ զենքով պարգևատրելը նույնիսկ azdarar.am-ում հրապարակված հաշվետվության մեջ չի երևում:
Այս փաստերը հիմնադրամի անդամի մոտ տարաձայնություն է առաջացնում ընդհանուր ծախսած գումարների նկատմամբ: Ավելին, իրականացված 13 ծրագրերում կան այնպիսիները, որոնք կանոնադրական նպատակների հետ որևէ կապ չունեն: Սա ևս Բախշյանի համար հասկանալի չէ: Օրինակ՝ թե կանոնադրային որ նպատակներից ելնելով են ամանօրյա նվերներ տրվել սպաների 300 ընտանիքների՝ 4 մլն 650 հազար դրամի չափով, կամ՝ 672 հազար դրամի ամանօրյա նվերների հանձնում պաշտպանական դիրքերում: Ի՞նչ կապ ունի ՀՕՄ-ի Արցախի մեկուսի կառույցի հետ մի համաֆինանսավորված ծրագիր, որը կոչվում է «Մայրական երախտագիտություն»:
Ավագանու անդամն ասում է, որ հիմնադրամը պետք է բանակին, հայ զինվորին ծառայեր, այլ ոչ թե ազատամարտիկի մոր տան տանիքը վերանորոգեր: Ըստ Բախշյանի, նվերներ տալը, տանիք վերանորոգելը հիմնադրամի գործը չէ, այդ աշխատանքն անում են այլ մարդիկ:
Անահիտ Բախշյանը հիշեցրեց, թե ինչն է հիմնադրամի կանոնադրական նպատակը: Հիմնադրամի նպատակն է՝ աջակցել ՀՀ զինված ուժերի սպայական կազմի կրթմանն ու վերապատրաստմանը, այդ նպատակի նյութատեխնիկական բազայի հարստացմանը, ռազմական գիտության զարգացմանը: Ասում է, որ որևէ հաշվետվության մեջ որևէ ձևով չի երևում, թե քանի սպա է հիմնադրամի աջակցությամբ վերապատրաստվել, կրթվել, քանի զինվորի է օգնել, որ ստանա այն կրթությունը, որը նրա մոտ ցանկություն առաջացնի հետագայում աշխատել, որպես սպա: Լինի լավ սպա այն դեպքում, երբ 2002թ. Արթուր Աղաբեկյանը հայտարարում էր՝ 5 տարի հետո անկիրթ սպա չենք ունենալու Հայոց բանակում:
«Հիմա անկիրթ սպա ունենք, թե չունենք: Մենք բոլորս շատ ուրախ կլինեինք, որ այդ լոզունգն իրականանար, բայց բոլորս տեսնում ենք, թե ինչքան անկիրթ սպաներ կան մեր բանակում և այդ անկրթության հետևանքով ինչեր են լինում, ինչ դժվախտ պատահարներ են լինում»,-ասում է Ա. Բախշյանը:
Հիմնադրամի անդամը բոլորի, այդ թվում՝ հանրապետության նախագահի և պաշտպանության նախարարի ուշադրությունն է ցանկանում հրավիրել կանոնադրային մի դրույթի վրա, որը վերաբերում է լուծարմանը: Ասում է, որ այդ հարցում պատրաստ է համագործակցել բոլորի հետ: Նույնիսկ պաշտպանության նախարարին է դիմել:
«2016թ. ապրիլին օրհասական վիճակում էր Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգությունը: Մենք ազգովի կանգնեցինք՝ մի կողմ դնելով բոլոր տարակարծությունները բոլոր մարդկանց հետ և ազգը կանգնեց իր զինվորի կողքին: Մենք թուլություն ունենք բանակի նկատմամբ, մենք լսում ենք բանակի դժվարությունների մասին, անձամբ ես մոռանում եմ՝ ով է նախագահը, ով է նախարարը: Բայց այս զգացմունքը շահագործվում է այն նույն մարդկանց կողմից, ովքեր պարտավոր էին 2016թ. ապրիլը կանխել: Նաև «Մարտիկ» հիմնադամը, որի միջոցները պետք է ծախսվեին»,-ասւմ է ավագանու անդամը:
Անահիտ Բախշյանի խոսքերով՝ 2016թ. հուլիսին անձամբ է եղել Արցախի դիրքերում և տեսել է այն փոփոխությունները, որ մի քանի ամսում է արվել: Այնտեղ շատ պատասխանատուներ ասել են, որ ինչ չէր արվել 20 տարիների ընթացքում, արվել է այդ մի քանի ամիսների ընթացքում:
«Բա ուր էր «Մարտիկ» հիմնադրամը: Հայաստանին և Արցախին սպառնացող ավելի մեծ վտանգը էլ ո՞րն է»,-հավելում է Բախշյանը:
Նրա ասելով՝ լուծարելուց հետո, հիմնադրամում կուտակված 1 միլիոն դոլարից ավել գումարը, որի չափը երևում է անդամների թվից, պետք է ծախսվի «Մուրացանի» զինվորական հոսպիտալի կապիտալ վերանորոգման համար:
«Այնտեղ այսօր պատի մի կողմում պառկած է անդամահատված կամ լուրջ վնասվածք ստացած զինվորը, իսկ մյուս կողմում շինարարություն է գնում, խողովակներ են փոխում, փոշու մեջ կորած: Սա ոնց կարող ենք հանդուրժել: Իսկ երկրորդը, զինհաշմանդամության վերականգնողական կենտրոնը, որը ակտիվ գործում է ոչ պետական հովանավորությամբ, պետք է պետությունը հովանավորի: Վերականգնողական կենտրոնում աշխատողները հրաշքներ են գործում: Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը առաջին հիվանդանոցում մեկ ամբողջ հարկ է հատկացրել զինհաշմանդամներին, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ևս աջակցում է, բայց պետությունն այնտեղ անելիք ունի»,- հավելում է Անահիտ Բախշյանը:
Ըստ նրա՝ 2016թ. հիմնադրամին միակ անդամակցողն ինքն է եղել, քանի որ գնալով վստահությունը նվազել է: Ասում է՝ նախոդ տարվա մինչև հունիս ամիսը հիմնադրամի կայքում գրված է եղել «Հայխնայբանկի» հաշվեհամար, այնինչ երկար տարիներ է արդեն այդ բանկը չի գործում: Երբ այդ հարցը բարձրացրել է, որ ցանկանում է հիմնադրամի անդամ դառնալ, բայց գրված է մի բանկի հաշվեհամար, որը չի գործում, կայքում փոխվել է հաշվեհամարը:
Նա բանկից հետաքրքվել է, որ 2010 թվականից է «Արդշինբանկ»-ում հաշվեհամարը բացվել, իսկ այդ մասին հրապարակային տեղեկատվություն չի տարածվել:
Բացի այդ, ոչ հրապարակային աշխատանքը ևս նպաստել է նրան, որ անդամակցողներ չլինեն: Այս ամենև բերում է նրան, որ հիմնադրամը պետք է լուծարվի և հնարավորինս շուտ:
Հիմնադրամից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Հեռախոսազանգերին չէին պատասխանում:
Մեկնաբանել