HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Այս աղբանոցը 40 ընտանիք է կերակրում

Այս աղբանոցը գտնվում է Աբովյան քաղաքի ու Ջրաբեր գյուղի միջանկյալ մի հատվածում: Տհաճ է մտածելն անգամ, որ աղբանոցը գտնվում է քաղաքի հենց քթի տակ, էլ չենք խոսում էկոլոգիական աննպատակահարմարության մասին: Սակայն մեր օրերում անպետք ոչինչ չկա եւ աղբանոցն էլ մարդիկ ջանում են ծառայեցնել ինչ-որ բանի: Ահա այս աղբանոցը 40 ընտանիք է կերակրում: Աղբը փորփրողներից մեկի հետ մեր զրույցը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների ու խմբագրումների: 

Ամեն օր ոտքով Աբովյանից գալիս ենք այս աղբանոցը: Փոսեր կան, որտեղ ժամանակին սիրուս է թափված եղել, դրանք ռազմական նշանակության դետալներ են, որոնց մեջ պղինձ ու ալյումին կա: Տանում ենք հանձնում, մի կերպ հաց ենք վաստակում: Սրանից օրական 1200-1300դրամ եմ վաստակում` հազիվ հաց, մակարոն, մարգարին եմ գնում, կոմունալ ծախսեր չեմ կարողանում տալ: Նպաստ չեմ ստանում, թոշակառու չեմ: Նախկինում Սիրուսի գործարանում եմ աշխատել, երեք տղա ունեմ, մեկը Ռուսաստանում է, մյուս երկուսն էլ` տանն են, աշխատանք չունեն: Երբեմն գնում բանվորություն են անում, յոլա ենք գնում: 

Այստեղ եկողները հիմնականում խելացի, կիրթ, աշխատանք չունեցող մարդիկ են: Օրինակ, մեկը նախկին ՊԱԿ-ի աշխատակից է: Մի մասը Աբովյանից են, Բյուրեղավանից, բոլորս էլ իրար ճանաչում ենք: Գալիս ենք իրար պատմում մեր ցավերն ու դարդերը: Այս դարում ամբողջ աշխարհն ապրում, ծաղկում, լիանում է, իսկ մեր նման մարդիկ գալիս են էս աղբանոցը: Սա մեր պրեզիդենտի ամենավատ վիճակը պետք է լինի: 

-Տարածքների համար չե՞ք վիճում:

-Չէ, ի՞նչ վիճել, ամեն մեկը մի բան է հավաքում. մեկը` երկաթ, մյուսը` ապակի, էն մյուսը պղինձ, ռադիոմաս, կուլտուրական գործ են անում, ճիշտ է զիբիլը մնում է զիբիլ: Եկել եմ փորփրեմ, տեսնեմ, որտեղ սիրուս կա թափած, մաղը բերեմ մաղեմ հանեմ միջից: Սիրուսում աշխատել եմ Էներգոկորպուսի բաժնում`ազոտ, կիսլորոդ, վադավոդ, ամբողջ ցեխերին, նաեւ շրջանին ապահով էլ ենք դրանցով: Օպերատոր եմ եղել, լավ աշխատավարձ եմ ստացել, բայց մեր ղեկավարներն էլ մեզ հետ այսօր անաշխատանք են:

-Կներկայանա՞ք:

-Անուն-ազգանունս ասելու կարիք չկա, Աբովյան քաղաքում բոլորն ինձ ճանաչում են: Տասը տարի էս աղբն եմ քանդում, 50 տարեկան եմ, թոշակի էլ չեմ հասնի: Էնքան թունավոր նյութեր կան էս աղբի մեջ, որ շնչում ենք, գնում է մեր թոքերը: Մոտ 40 հոգի կլինեն այստեղ եկողները: Մարդ ինքն իր համար պետք է ստեղծագործի, պայքարի, ապրի, թե չէ ինչ է` մարդիկ երազի պես են ապրում, միլիոններ են դիզում, գնում ու ոչինչ չեն հասկանում, ոչինչ չեն անում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter