HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Տեսուչներն աղքատներին հայտնաբերելն իրենց խնդիրը չեն համարում

Աբովյանի վարչատարածքի Ակունք գյուղում բնակիչներին խնդրեցինք մատնացույց անել գյուղի ամենաաղքատներին: Մատնանշեցին երեք ընտանիքի, որոնց հետ այնքան էլ համամիտ չէր Ակունքի համայնքապետը, որն իր հերթին թվարկեց երեք իր կարծիքով ավելի աղքատ այլ ընտանիքներ: Այնուամենայնիվ, այս ընտանիքներն աղքատ էին, սակայն նրանցից միայն մեկն էր նպաստառու եւ միայն այն պատճառով, որ նրանց ամուսնությունը գրանցված չէր եւ կինը միայնակ մոր կարգավիճակ ուներ: Այս երեւույթը միայն Ակունքին չէր բնորոշ, որպես կանոն համայնքի ամենաաղքատ ընտանիքները ներառված չեն Աղքատության ընտանեկան նպաստի համակարգում (ԱԸՆ): Միայն Ջրաբեր գյուղից Օսիպյանների ընտանիքին նպաստառու չհամարելը, որոնցից ավելի կարիքավորի դժվար է պատկերացնել, բավարար է նման պնդում անելու համար: 

Նման դեպքերում բնակչությունը հիմնականում մեղադրում է համայնքապետերին եւ վերջիններս էլ դժգոհ չեն, որ համայնքի բնակչությունը նպաստ նշանակելու հարցում իրենց է համարում հիմնական դերակատարը: Չէ` որ բոլոր, հատկապես տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ այդ հանգամանքը կարեւոր դերակատարություն ունի: Դա էր պատճառը, որ վերացվեց առավել անապահով ընտանիքներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու համայնքին տրված 5% քվոտան, քանի որ յուրաքանչյուր համայնքապետ ներկայացնում էր միայն իրեն ձայն տվողներին: Ներկայումս համայնքի աղքատներին հայտնաբերելու պարտավորվածությունը փոխանցվել է միայն տեսուչներին, սակայն կյանքը ցույց է տալիս, որ նրանք այդպիսի պարտավորվածություն իրականում չեն ստանձնել: 

«Եթե ասենք, որ գյուղական բնակավայրերում բոլոր կարիքավորներն են ուշադրության կենտրոնում, ճիշտ չի լինի: Երբեմն, իրոք, բացարձակ կարիքավոր ընտանիքը նպաստ չի ստանում: Նա անհրաժեշտ միավորը չի հավաքում»,- ասաց Կոտայքի մարզի Աբովյանի տարածքային սոցիալական ծառայության պետ Արտավազդ Ստեփանյանը: Պրն. Ստեփանյանը բացատրեց, որ ԱԸՆ-ն շատ նրբություններ ունի, եւ ամենափոքր դետալը կարող է ազդել ընտանիքի կարիքավորության աստիճանի վրա: Իր հերթին բերեց օրինակներ. ծանր վիճակում գտնվող ընտանիք է, ապրում են կիսանկուղային, բետոնե շինության մեջ: Ընտանիքի գլխավորը զբաղվում է սեզոնային անասնապահությամբ եւ վարձատրվում է, սակայն նրա վաստակի մասին ոչ մեկը տեղեկանք չի կարող տալ եւ, եթե այդ գումարը մուտքագրեն, կզրկվեն նպաստից: «Բայց ո`նց բացատրեմ, որ նրանք ամենառեալ ստացողներն են»,-ավելացրեց ծառայության պետը: 

Պրն. Ստեփանյանը գտնում է, որ անապահովության սահմանային միավորի չափանիշը բավարարում է աշխատանքը կազմակերպելու համար, բայց միակ ճիշտ տարբերակը չի, որովհետեւ շատ աղքատ ընտանիքների միավորները չեն բավարարում եւ զրկվում են նպաստից, իսկ կան ապահովված ընտանիքներ, որոնք ապահովում են սահմանված միավորը: «Մենք ի`նչ ճանապարհով պետք է ապացուցենք, որ այդ ընտանիքն ապահովված է: Բազմաթիվ պաշտոնական տեղեկանքներ ենք ստանում, կարո`ղ ենք պնդել, որ բոլոր այն տեղեկանքները, որոնց տակ կան իրավաբանական անձանց կնիքներ ու ստորագրություններ, բացարձակ համապատասխանում են իրականությանը: Իհարկե` ոչ»,- հաստատեց Աբովյանի սոցծառայության պետը: 

«Եթե հասարակության մեջ կա այդպիսի մտածելակերպ, որ սոցծառայության ոլորտում կա կոռուպցիա, ես դա կարող եմ ընդունել եւ չընդունել, որովհետև միանշանակ բոլորի համար պատասխան տալ չեմ կարող»,-ասաց նա, ավելացնելով, որ ձգտել են իրենց մոտ բացառել այդ երևույթը: Սակայն ենթադրում է, որ նման քայլ կատարելու հնարավորություն կա, որովհետեւ ընդհանուր աղքատություն կա, բայց ի վիճակի չեն բոլորին ապահովել միանվագ ընտանեկան նպաստով կամ դրամական օգնությամբ: Ավելացնենք եւս մի կարեւոր հանգամանք` վերահսկողական մեխանիզմներ չկան, եղածն էլ գործող չէ: 

Այսպես. փաստագրումն ավարտելուց հետո սոցիալական ծառայության տեսուչը 25 օրյա ժամկետում պետք է մանրակրկիտ ուսումնասիրի եւ առաջարկություն ներկայացնի քաղաքացուն նպաստ նշանակելու կամ մերժելու մասին: Սոցիալական ծառայության աշխատակիցներից ոչ ոք չբացառեց, որ գյուղական տարածքում եկամուտ դիտվող անասնագլխաքանակի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը ճշտելիս` տեսուչը կարող է տեսնել, որ անասնագլխաքանակը ճիշտ չի նշված, բայց ընտանիքն էլ աղքատ ընտանիք է, գործարքի մեջ մտնի տվյալ ընտանիքի հետ եւ աչք փակի չգրանցված տվյալների վրա: Կամ ընտանիքը փաստագրվել է, սակայն ամուսինը Ռուսաստանում փող է աշխատում, կինն էլ այստեղ նպաստ է ստանում եւ հարեւաններն այդ տեսնում են: 

Նպաստ նշանակելու իրավունքը վերապահված է սոցծառայություններին, որից հետո նրանց առաջարկությամբ պետական գանձապետարանից նպաստի վճարման գումարը ստանում է կապի նախարարության օղակը` «Հայփոստ» բաժանմունքը: Փոստատարները պարտավոր են նպաստը հասցնել նպաստառուին: Հրահանգում գրված է, եթե փոստատարը տվյալ ընտանիքի մասին ստանում է անուղղակի տեղեկատվություն` պարտավոր է հաղորդել իր տնօրենին, վերջինս էլ` սոցծառայությանը: «Դա անտրամաբանական է: Ավելին, եթե նա այդպիսի տեղեկություն ունի, գործարքի մեջ է մտնում քաղաքացու հետ եւ գումարը կիսում է»,- շեշտեց պրն Ստեփանյանը: 

Ծառայության պետը գտնում է, որ ճիշտ կլինի փաստագրումից հետո սոցծառայությունները հիմնավոր ստուգայցեր կատարեն տարածքներում: «Իսկ դուք պահանջեք, որ Ջրվեժից մինչեւ Գեղարդ գյուղը մի տեսուչ գնա ստուգայցի: Աբովյանից մինչեւ Գեղարդ 47 կմ է, երկու շաբաթը չի բավարարի դրա համար, դա ֆինանսական հնարավորությունների հետ է կապված: Ինչո`վ գնան, պետք է համայնքապետերին խնդրեն, որ մեքենա տրամադրի: Այդ ժամանակ էլ կախվածությունն է մեծանում համայնքապետից, անպայման մեկի համար կդիմի` բարեկամի կամ ձայն տվողի»: 

«Անձամբ գնալ` ուսումնասիրելը ճիշտ Է: Սակայն այսօր տեսուչին տրված անձամբ ստուգելու, տեղում ճշտելու իրավունքը ձեւական բնույթ է կրում: Նրանք ի վիճակի չեն դա անելու, որովհետեւ մեծ գումարների հետ է կապված»,- ասում է Կոտայքի մարզի Եղվարդի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ` Սերգեյ Ասիրյանը: Նրա կարծիքով աղքատության նշանակման բալային համակարգն արդարացված չէ եւ ճիշտն այն կլինի, որ սոցծառայության աշխատողները գնան համայնք, հավաքեն ժողովրդին ու ղեկավարությանը, միասին որոշեն ամենակարիքավորներին ու գումարն էլ բաշխեն ըստ այդմ: «Թող առաջնորդվեն իրենց տեսածով»,-ասում է Ս. Ասիրյանը: 

Երեք մլն բնակչություն ունեցող Հայաստանի հանրապետությունն ունի 550 սոցիալական աշխատող, որից 55-ը գործակալության տնօրեններ են: Մեկ տեսուչը սպասարկում է 450-600 նպաստառու եւ միանվագ նպաստ ստացող ընտանիքի: Համեմատության համար նշենք, որ Լատվիայի սոցիալական աջակցության մասին օրենքով 1000 բնակչի հաշվով պետք է լինի առնվազն 1 սոցիալական աշխատանքի մասնագետ: Իռլանդացի խորհրդականները հայաստանցի գոծընկերներին հայտնել էին, որ իրենց երկրում սոցծառայության աշխատողը սպասարկում է առնվազան 30-40 կարիքավոր ընտանիքի, այսինքն` նա կարող է շաբաթական մեկ անգամ այցելել այդ ընտանիքին եւ ամեն ինչ տեսնել: 

«Մենք սպասում ենք, որ ԱԸՆ համակարգում մշակեն այնպիսի մեխանիզմ, որը քաղաքացուն հարկադրի, թույլ չտա, շահագրգռի սոցիալական ծառայությունից չթաքցնելու իր եկամուտը»,- ասում է պրն. Ստեփանյանը: 

Ժողովրդի կողմից զանգվածային կեղծումներ են տեղի ունենում: Ինչի ասես չեն դիմում մարդիկ նպստառու դառնալու համար. մորթում են անասունը, վաճառում են հողը, գործարքի մեջ մտնում սոցիալական ծառայության տեսուչների հետ: Զառ գյուղում տարեց մի կին դժգոհում էր, որ դադարեցրել են իրենց նպաստը: Համագյուղացիները հայտնեցին, որ նպաստ էին ստանում, քանի որ գյուղապետը թաքցրել էր նրանց միակ կովի գոյությունը, երբ հայտնի դարձավ այդ մասին, զրկեցին նպաստից: Նրանք կովը մորթեցին, որպեսզի նպաստ ստանան: Նման դեպքերում տեսուչների օգնությունն այն է լինում, որ հուշում են, թե տեղեկանքներն ինչպես պատրաստեն` «լավության» դիմաց ստանալով մեկ ամսվա նպաստը: Այս մեկը գիտեին նպաստառու դառնալու հավակնություն ունեցող գրեթե բոլոր ընտանիքները: 

Իհարկե, բոլորի համար չէ, որ ընդունելի է այս տարբերակը: Զովք գյուղի բնակչուհի Անահիտ Սարգսյանի ընտանիքը նպաստ չի ստանում, չնայած տակառ հիշեցնող մի ցիստեռի մեջ են բնակվում ամուսնու ու 3 անչափահաս երեխաների հետ` ամռանն այրվելով տապից, իսկ ձմռանն այդ երկաթը ոչնչով չես տաքացնի: Ամուսինը հիվանդ է, բայց հաշմանդամության կարգ չունի, ընտանիքի ունեցած 1 կովը եկամուտ է համարվել եւ նպաստառու չեն դարձել: «Սենյակների առաջ օրերով պետք է հերթ կանգնեմ, ստացած գումարի մի մասն էլ տամ իրենց, որ նպաստ նշանակեն: Գարե բոքոն կուտեմ, բայց անօրինականություն չեմ ուզում անել, ինձ «քեռիներ» պետք չեն նպաստ ստանալու համար»,- ասաց ամուսինը` Գեղամ Մովսիսյանը: 

Քաղաքացիների հետ գործարքի մեջ մտնելու հիմնական պատճառ նշում են տեսուչների ցածր աշխատավարձը: Սոցիալական ծառայողների 60-70%-ը քաղծառայողների կրտսեր խմբում է ընդգրկվել, որի համար չի պահանջվում կրթություն: Սա նշանակում է` նրանք չունեն աշխատանքային փորձ, հետեւաբար` նաեւ ցածր աշխատավարձ, ոչ ինքնուրունություն: Ամսական 22-30 հազար դրամ աշխատավարձ ստացող տեսուչին է տրվել սոցիալական բյուջեի 70%-ը տնօրինելու իրավունքը: «Մենք պետք է տեսուչին բավարար աշխատավարձ տանք եւ նրանից արդյունք պահանջենք: Այսինքն, նա պետք է հասկանա, որ ինքը քաղ. ծառայող է եւ տեղը կորցնելուն պես շատ դժվարությունների կհանդիպի»,- կարծում է Ա. Ստեփանյանը: 

Երեւանում վիճակն ավելի անմխիթար է. տեսուչները քաղծառայողներ չեն եւ նրանց մեջ կան տասնամյա կրթությամբ եւ մասնագիտական ուսումնական հաստատություններ ավարտածներ: Երեւանում տեսուչը 13 հազար դրամ աշխատավարձ է ստանում եւ 1 տեսուչին տրված է 450-ից ավելի նպաստառու եւ ոչ նպաստառու ընտանիքներին դրամ հատկացնելու գործը: Մայրաքաղաքի սոցծառայության ֆինանսական ծախսերը պետք է հոգան թաղապետերը: Աշխատանքները կազմակերպելու համար թաղապետարանն օրական 4լ բենզին է բաժին հանում նրանց եւ լավագույն դեպքում շահագործման ոչ ենթակա մի մեքենա: «Կան բնակիչներ, որոնց մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու համար մեքենա է պետք կամ մի քանի հոգով ենք տնային ստուգայց կատարում` անաչառությունը ապահովելու համար: Քաղաքային տրանսպորտով երթեւեկելու դեպքում անգամ բավականաչափ մեծ գումար է 35 հազար դրամ աշխատավարձ ստացող ծառայության պետի եւ 13 հազար դրամ վաստակող տեսուչի համար»,- ասում են նրանք, նշելով, որ հիմնականում չեն փոխհատուցվում դրա դիմաց:

Սոցիալական քաղաքականությունը մշակվում է նախարարությունում, իսկ կազմակերպչական մասը մարզերում հանձնված է մարզային ստորաբաժանումներին, Երեւան քաղաքում` թաղապետարաններին ու քաղաքապետարանին: Վերջինը դարձել է միջնորդ օղակ նախարարության ու թաղապետարանի միջեւ: Առհասարակ քաղաքային սոցիալական ծառայությունների պետերը դժգոհում են իրենց վրա դրված ծանր պարտականությունից. «Երեք վերահսկող ունենք` թաղապետարան, քաղաքապետարան եւ նախարարություն»: Գոհ էին միայն վերջինից. «Միայն օգնում են աշխատանքների կազմակերպմանը, իսկ մյուս երկուսը չենք հասկանում ինչի համար են, գոնե մեկին հաշվետու լինենք»: 

«Սոցիալական աշխատողը մեծ ուժ է» 

Սոցիալական ծառայությունները ստեղծվեցին 1993թ.-ին եւ ՀՀ Սահմանադրությունն ընդունելուց հետո, 1996թ.-ին Սոցիալական ապահովության նախարարությունից անցան մարզային ենթակայության: Շահե`ց դրանից սոցիալական ծառայությունը կամ հանրությունը` ստորեւ փորձենք տալ պատասխանը: 99թ.-ի մայիսին, խորհրդարանական ընտրություններից հետո, տարածքային կառավարման նախարար Դ. Զադոյանին ՀՀ Ազգային Անվտանգությունը մի նամակ է ուղարկել` առաջարկելով մարզպետարանների ենթակայությունից ետ վերցնել սոցիալական ծառայություններն ու Կենսաթոշակային ֆոնդը: ԱԱՆ-ից ստացված գրությունը ուղղարկվել է բոլոր մարզպետներին, միաժամանակ դարձել կառավարության քննարկման թեմա: Լավատեղյակները նշում են, որ վարչապետ Վ. Սարգսյանն ընդունել էր ԱԱՆ-ից արված առաջարկը, սակայն մարզպետները պայքարում էին սոցիալական ծառայությունները պահելու համար: Հարցը կառավարությունում քննարկման թեմա է դարձել հոկտեմբերի 27-ի նախօրեին, սակայն հաջորդ կառավարությանն այդպես էլ չի հաջողվել համոզել, որ Վ. Սարգսյանը սոցծառայությունը մարզային ենթակայությունից ՀՀ սոցապնախարարությանը վերադարձնելու համաձայնություն էր տվել: 

Սոցիալական աշխատողները պնդում են, որ այսօր էլ իրավիճակը չի փոխվել: «Սոցիալական աշխատողը մեծ ուժ է: Ընտրությունների ժամանակահատվածում ճնշումներ են լինում թե' դիմության, թե' ընդդիմության կողմից: Մենք նման ենք բուտերբրոտի նրբերշիկի` վերեւից սեղմում են, ներքեւից սեղմում»,-ասում է նրանցից մեկը:

 

Ընտրությունների շրջանում հազվադեպ չեն նաեւ կադրային փոփոխությունները: Հնարավոր է, որ մի մարզպետ իր քմահաճույքով սրան կամ նրան նշանակի ծառայության պետ կամ ազատի պաշտոնից, եւ դրան չի փրկում անգամ քաղծառայողի կարգավիճակը: Թեպետ թաղապետարաններին անցնելուց հետո նոր լրամշակված կանոնադրություն չկա, թե ով պետք է սոցծառայության պետին նշանակի կամ ազատի աշխատանքից, սակայն մայրաքաղաքում այս գործընթացը լիովին կառավարում է թաղապետը:

Մեզ հայտնի վերջին փոփոխությունը կատարվեց Երեւանում, երբ հերթական ընտրությունից առաջ 2003թ.-ի սեպտեմբերի 3-ին Աջափնյակ եւ Դավիթաշենի թաղապետը աշխատանքից ազատվելու դիմում էր պարտադրել գրել տարածքի սոցիալական ծառայության պետին: Վերջինս հրաժարվել էր նրան տրամադրել նպաստառուների ցուցակը, որն անհատական ծածկագրերի մասին օրենքի համաձայն չի թույլատրվում հրապարակային դարձնել:

Սակայն եղան սոցծառայության պետեր, որոնք չժխտեցին ցուցակն ամբողջապես ընտրական նպատակին ծառայեցնելը եւ աշխատակիցներին ընտրական հանձնաժողովներում ընդգրկելը: Ավելին, քննադատեցին իրենց այն գործընկերներին, որոնք ինչ-որ տեղ չէին համագործակցել թաղապետի ու մարզպետի հետ եւ արդյունքում ազատվել էին աշխատանքից:

Քանի որ մայրաքաղաքում սոցիալական ծառայության աշխատողները քաղծառայողներ չեն, նրանք կաշկանդված չեն նաեւ ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելով` սկսած թաղապետի ընտրությունից եւ ավարտած նախագահական ընտրություններով: Քաղծառայության մասին օրենքով առավել մեծացվեց սոցիալական ծառայության աշխատակցի կախվածությունը մարզպետից: Մարզերում տեսուչներին նշանակում եւ դասային աստիճանը շնորհում է աշխատակազմի ղեկավարը: Գործակալության պետին նշանակում է աշխատակազմի ղեկավարը, իսկ դասային աստիճանը շնորհում է մարզպետը: Այսինքն, նրա աշխատավարձի չափը ուղղակիորեն պայմանավորված է մարզպետի բարյացկամությունից, քանի որ դասային աստիճանից է կախված գործակալության պետի եւ տեսուչների աշխատավարձի չափը:

Չնայած դրան, ծառայության պետերը նշում են, որ նպաստների համակարգը հանրապետության պաշտոնյաների համար գումարային ոչ մի եկամտի աղբյուր չի ստեղծում, բացի նրանից, որ ծառայության պետի պաշտոնում նշանակվելու համար 3000-4000 դոլար պետք է վճարի նշանակողին, որը մարզերում փաստացի մարզպետն է, իսկ մայրաքաղաքում` թաղապետերը: Մեր հարցին, թե ինչու է մարդը պատրաստ 3000-4000 դոլար կաշառք տալ այդ պաշտոնն զբաղեցնելու համար, երբ գիտի, որ մեկ տարի հետո պաշտոնյայի փոփոխության հետ ինքը եւս կարող է դուրս մղվել` ծառայության պետերից մեկն ուղղեց ինձ` «ոչ թե մեկ տարի, այլ հնարավոր է, որ մեկ ամիս հետո ազատվի աշխատանքից»: Սակայն, նրա ասելով, գումար տվողը շատ մեծ ախորժակ է ունենում եւ մի պարզ թվաբանական հաշվարկով է առաջնորդվում, որը տեղում հաշվարկելով ներկայացրեց մեզ. օրինակ, տարածքում կա 1700 նպաստառու, եթե անգամ 700-ից չվերցնի (նրա ասելով, գրեթե բոլորն էլ գումար տալիս են), մնացած 1000-ից 5000-ական դրամ վերցնելով` կստացվի 5000 դոլար, որը միանգամայն ձեռնտու է անգամ կարճ ժամանակ պաշտոնավարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter