HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ զինվորին... բանտից

Նախկին զինվոր, 20 տարեկանից՝ 21 տարի բանտում գտնվող Աշոտ Մանուկյանը նամակ է գրել այսօր բանակում ծառայող զինվորներին: Նամակը վերնագրել է «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ»:

Նամակի նախաբանում կարդում ենք. «Երկար տարիների զրկանքներից ու տառապանքներից հետո որոշեցի կիսվել ձեզ հետ, որպեսզի զերծ մնաք այն դաժան ճանապարհից, որի միջով անցել և դեռ շարունակում եմ ընթանալ ես»:

«Հետքն» անդրադարձել է Աշոտ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործին՝ գործի նյութերն ուսումնասիրելով դատարանների արխիվում: Շարքային Աշոտ Մանուկյանը, մեղադրվել է երեք զինվորների սպանության մեջ: Թե´ նախաքննության, թե´ դատավարության ժամանակ ցուցմունքներ է տվել, որ ինքն է կրակել երեք զինվորների վրա, իսկ պատճառը եղել է պարտքի շուրջ եղած վեճը: Հանցանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, դատապարտվել է մահապատժի` գնդակահարության ձևով (մահապատժի դատավճիռները 1991 թ.-ից չէին իրագործվում. մորատորիում էր հայտարարված, 2003 թ.-ին մահապատիժը հանրապետության նախագահի հրամանագրով փոխարինվեց ցմահ ազատազրկման):

Աշոտ Մանուկյանը կոտրում է հանրության մեջ տարածված կարծիքը, թե բանտում բոլորն ասում են, թե անմեղ են: Նա խոսում է մեղքի ու զղջման մասին: Իր գրած նամակով փորձում օգտակար լինել ներկայիս զինվորներին՝ նրանց սթափության կոչ անելով:

Նամակը տպագրվել է գրքույկի տեսքով՝ «Ասողիկ» հրատարակչության տպարանում՝ Էդուարդ Թովմասյանի աջակցությամբ:

Նամակը զինվորին ներկայացնում ենք ամբողջությամբ.

Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ…

1996 թվականին Հայաստանի  զորամասերից մեկում տեղի է ունենում սպանություն. երեք զինծառայող սպանված են, չորրորդ զինվորը, ով կատարել էր այդ սպանությունը, ձերբակալված է և դատապարտվել է մահապատժի՝ գնդակահարության:

Դժբախտություն, ողբերգություն, հանցագործություն և տառապանքներ… Սիրելի՛ զինվոր, սիրելի՛ եղբայր, ինչպես կցանկանաս անվանել կատարվածը՝ արդեն շատ ուշ է որևէ բան փոխել հնարավոր չէ: Հայրենիքը կորցրեց չորս զինվորի, չորս օջախի ծուխ մարվեց, չորս երիտասարդ կյանք մարվեց, ովքեր կարող էին լինել և՛ հայրենիքի լավ զինվոր, և՛ լավ քաղաքացի: Բայց տեղի ունեցավ սարսափելին, երեքը երկնքում են, չորրորդը՝ մարդասպանի խարանով, բանտում։

Երեք ընտանիք խրվեց անվերջանալի ցավերի և տառապանքների մեջ: Վեճ, կռիվ, անհանդուրժողականություն, տաքարյունություն, ինքնահաստատման փորձ. այս հինգ խնդիրները, որոնք ուղեկցում են որոշ երիտասարդներին իրենց «կայացման ճանապարհին», պատճառ են դառնում ողբերգության և մարդկանց անվերջանալի տառապանքների:

1994 թվականն էր, երբ զորակոչվեցի զինվորական ծառայության՝ պարտքս կատարելու հայրենիքիս: Մի սրբազան պարտք, որը ցանկացած պատանու և քաղաքացու համար է:

Այն հայրենասիրությունն է, որը մեր մեջ դաստիարակվում է ընտանիքում, դպրոցում, ամրապնդվում և միս ու արյուն է ստանում զինվորական ծառայության ժամանակ: Այդ ժամանակ պետք է գիտակցել և հասկանալ, որ քո ուսերին է դրված մի մեծ պատասխանատվություն, այդ ժամանակ պետք է հասկանալ, որ քո թիկունքում հայրենիքն է և մի ողջ ժողովուրդ՝ իրենց հոգսերով, խնդիրներով, տխրությամբ ու ուրախությամբ քեզ է ապավինում: Այդ ամենի հսկողը դո՛ւ ես և քեզ հետ կանգնած զինվոր ընկերներդ-եղբայրներդ, որ դո՛ւք եք ապահովվում ձեր ժողովրդի անդորրն ու խաղաղությունը:

Երկու տարի ծառայելով հայրենիքին՝ դուք մեծ գործ եք կատարում և շատ ավելի կարևոր է, որ այդ երկու տարին ձեր կյանքում հիշեք միայն որպես հայրենիքի հանդեպ ձեր պարտքը կատարած արժանապատիվ տարիներ, լավ ընկերներ ձեռք բերելու տարիներ:

Զինվորական տարիներին ձեռք բերված ընկերությունը ամբողջ կյանքում շարունակվում է, երբեմն շատ ցավալիորեն ճիշտ չենք գնահատում այդ երկու տարին, կատարում ենք չմտածված քայլեր, որոնք ամբողջ կյանքի համար դառնում են խարան՝ ողբերգություն և դժբախտություն, դառնում են երկար ու ձիգ տառապանքի տարիներ: Ինչ-որ սխալ և չմտածված քայլով տառապանքի ենք դատապարտում ոչ միայն մեզ և մեր հարազատներին, այլ ծառայակից այն զինվորներին և նրանց հարազատներին, ում նկատմամբ կատարել ենք անմարդկային դաժան և չմտածված արարք:

Պատանի հասակում շատ հեշտ է սխալվել և կատարել աններելի քայլ. իմ անձնական կյանքում դա տեղի է ունեցել: Եվ երկար տարիների զրկանքներից ու տառապանքներից հետո որոշեցի կիսվել ձեզ հետ, որպեսզի զերծ մնաք այն դաժան ճանապարհից, որի միջով անցել և դեռ շարունակում եմ ընթանալ ես: Հուսով եմ՝ ընթերցելով այս տողերը, գոնե մի պահ անհանդուրժելի թվացող իրավիճակում Ձեզ հարց կտաք՝ արժի՞ գնալ այդ քայլին, արժի՞ ավելի սրել, ավելի խորացնել իրավիճակը, թե ուղղակի մեծահոգաբար, սիրով հարթել ու վերջ դնել անցանկալի դժբախտություն բերող իրավիճակին: Հաստատ համոզված եղեք, սիրելի՛ զինվորներ, ոչինչ, ոչ մի առիթ և իրավիճակ չի կարող արդարացնել մեկ ուրիշին տառապանք պատճառելը:

Երկար տարիներ գտնվելով բանտում՝ շուրջ երկու տասնամյակ, քսան երկար ու ձիգ տարիներ, բավականին շատ մարդկանց եմ հանդիպել, ովքեր զինվորական ծառայության ժամանակ կատարել են հանցագործություն, և ամեն դեպքում սրտի ցավ եմ ապրել: Միայն այն, որ այդ մարդկանց հարազատները պիտի անցնեն նույն այն ճանապարհը, որով անցել են իմ հարազատները, երբ պատկերացնում ես այն մարդկանց վիճակը, ում հանդեպ կատարվել է հանցագործությունը, ցավն ավելի է կրկնապատկվում:

Մի պահ անկեղծ լինենք և հարց տանք ինքներս մեզ՝ արդյո՞ք իրավունք ունենք զրկել մարդկանց կյանքից և նրանց հարազատներին պատճառել վիշտ ու ցավ:

Ճաղերից այն կողմ կյանքը բոլորովին այլ երանգ ու նշանակություն ունի։ Երբ դու զրկված ես ազատությունից այն քեզ համար դառնում է ավելի թանկ, ավելի կարևոր, սկսում ես վերանայել արժեքներն ու անցածդ ճանապարհին նայելով՝ հասկանում ես, որ մի քանի րոպեն կարող է ճակատագրական լինել և ստիպել, որ հետագա կյանքդ վերածվի քաոսի։

Գլխավոր «հերոսը» դու ես, դու ես կրում մարդասպանի խարանը, իսկ եթե հնարավոր լիներ ետ տալ տարիները, առանց մի վայրկյան անգամ մտածելու, ես դեն կնետեի մարդասպանության գործիքն ու ծառայակիցներիս չէի զրկի գարուններից, ինձ էլ կազատեի այս մղձավանջից, կյանքից, որ առանց այն էլ կորսված է։

Զինվորական ծառայության ժամանակ լինում են վեճեր, կռիվներ, անհանդուրժողականություն, իհարկե կյանքում էլ են լինում նման իրավիճակներ, բայց երբևէ ինքներս մեզ հարց տվե՞լ ենք, որ ցանկացած վեճ, կռիվ կարող է ավարտվել ողբերգությամբ: Եթե նույնիսկ ճնշում ենք որևէ մեկի, ի՞նչ երաշխիք կա, որ այդ ճնշված մարդուն չենք ստիպում դառնալ հանցագործ, դառնալ ողբերգության, տառապանքի պատճառ: Ցանկացած մարդ ունի ինքնապաշտպանության բնազդ և մարդուն ճնշելուց այդ մարդու մեջ արթնացնում ենք ինքնապաշտպանության բնազդը, իսկ դրա հետևանքները կարող են ողբերգական լինել թե՛ ճնշողի,  թե՛ ճնշվողի համար:

Ինքս ծառայել եմ շուրջ մեկ տարի և չորս ամիս ու շատ լավ գիտեմ, թե ինչպիսի իրավիճակ է բանակում՝ միջանձնային հարաբերություններ, զինվորների անհանդուրժողականություն: Համոզված եմ, որ զինվորական ծառայության ժամանակ կատարված սպանությունները գիտակցված չեն եղել, դրանք ծագել են վեճերից՝ միջանձնային հարաբերությունները պաշտպանելիս:

Պատկերացնելն անգամ սարսափելի է, որ մի չնչին վեճից, մի փոքր անհանդուրժողականությունից տեղի է ունենում սպանություն և երկու ընտանիք՝ թե՛ մահացածի, թե՛ հանցանք կատարողի, իրենց ողջ կյանքում տառապանքի և ցավի մեջ են ապրում:

Սիրելի՛ զինվոր, մի՞թե ցանկանում ես, որ որևէ մեկի ընտանիքին կամ հենց քո ընտանիքին պատճառել այդ տառապանքները: Վստահ եմ, որ ո՛չ, ոչ մի զինվոր գիտակցված ցավ չի պատճառի ո՛չ իր ծառայակից ընկերոջը, ո՛չ էլ իր ընտանիքին:

Ստորև կներկայացնեմ այն պատմությունը, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ես  զինվորական ծառայության մեջ էի: Ինքս պատճառ դարձա երկու ընտանիքների դժբախտությանը: Ընթերցելով այս տողերը հուսով եմ և ցանկանում եմ վստահ լինել, որ ծառայության երկու տարիների ընթացքում կհիշեք այն և կլինեք զիջող, ներող, հանդուրժող և կգիտակցեք, որ որևէ չմտածված քայլի, սխալ արարքի պատասխանատուն ձեր ողջ կյանքում լինելու եք դուք և ձեր հարազատները:

1994 թվականի նոյեմբերին զորակոչվեցի նորաստեղծ Հայակական զինված ուժերում ծառայելու: Եռանդուն, աշխույժ պատանի էի, սիրում էի ունենալ շատ ընկերներ: Ծառայության առաջին իսկ օրերին Հայաստանի տարբեր շրջաններից զորակոչված զինծառայողների մեջ արդեն իսկ ունեի բազմաթիվ ընկերներ: Առաջին ամիսներին շատ էին լինում վեճեր, միջանձնային հարաբերությունների պարզաբանումներ, բայց այսպիսի դեպքերում երբեք չես մտածում, որ ցանկացած վիճաբանություն կարող է ողբերգական ավարտ ունենալ, ինչպես որ եղել է զինվորական ծառայության ժամանակ կատարված սպանությունների գերակշիռ մեծամասնությունների դեպքում:

Ծառայելով զորամասում շուրջ 10 ամիս՝ նախարարի հրամանով մեր զորամասից 20 զինծառայող տեղափոխվեցին ուրիշ զորամասեր՝ ծառայությունը շարունակելու: Նոր տեղափոխված զորամասում արդեն ծառայում էի շուրջ վեց ամիս, այդ ժամանակ էլ որոշեցի այցելել իմ նախկին զորամաս՝ հանդիպելու այնտեղ ծառայությունը շարունակող ընկերներիս:

Այս որոշումը առաջին սխալ քայլն էր. սխալ, որ ճակատագրական եղավ իմ կյանքում: Մեկնելով նախկին զորամաս՝ հանդիպեցի ընկերներիս, մնացի զորամասում, գիշերեցի այնտեղ: Իմանալով, որ ընկերներիցս մեկը՝ Գևորգը, զորամասից ոչ հեռու տեղակայված ռազմական կետում է, առավոտյան որոշեցի այցելել նրան: Այնտեղ էին նաև երեք զինծառայողներ, որոնցից մեկը՝ Վլադիկն էր (նրան ճանաչում էի, նա իմ շրջանից էր), մյուս երկուսը եղբայրներ էին՝ Սամվելն ու Սերգեյը, նրանք ծառայության էին զորակոչվել իմ տեղափոխվելուց հետո, այդ իսկ պատճառով նրանց չէի ճանաչում: Ծանոթացա եղբայրների հետ, մնացի ռազմական կետում գիշերելու: Շատ լավ հիշում եմ այդ օրը, տղաների մոտ սնունդ չկար, միայն մեկ հաց էր և թեյ, այն էլ առանց քաղցրի: Հացը բաժանեցինք հինգ հավասար մասերի, թեյ պատրաստեցինք ու զրուցեցինք մեր ծառայությունից: Խոսք ու զրույցի ժամանակ հիշեցինք, որ տեղափոխվելուց առաջ պարտքով գումար էի տվել Վլադիկին: Նա ասաց, որ գումարը կարող է տալ միայն 2-3 օրից: Ես էլ ասացի, որ չեմ կարող մնալ այստեղ, այդ ընթացքում կգնամ Երևան, կտեսնեմ հարազատներիս, ուսանող ընկերներիս, երբ վերադառնամ՝ կտաս գումարը: Քանի որ մի քանի օրից վերադառնալու էի, ընկերոջիցս՝ Գևորգից վերցրեցի նրա սապոգները, եղբայրներից մեկից՝ Սերգեից, քաղաքացիական բաճկոնը, իսկ իմ հագուստները թողնելով նրանց մետ՝ մեկնեցի Երևան:

Երկու օր մնացի Երևանում, հանդիպեցի հարազատներիս, ուսանող ընկերներիս, շրջեցի մեր գեղեցիկ ու հրաշք մայրաքաղաքում: Մտքովս իսկ չէր էլ անցնում, որ այդ երկու օրվա շրջագայությունը միգուցե վերջին անգամն է իմ կյանքում:  

Ինչքա՜ն գեղեցիկ ու անմոռանալի հուշեր կան պատանեկության տարիների հետ կապված և ինչքա՜ն էլ երազանքներ ու նպատակներ՝ ապագայի հետ կապված, բայց այդ բոլորը կարող են մի քանի վայրկյանում հօդս ցնդել, անէանալ, մնալ միայն հուշեր և դառը իրականություն՝ վիշտ, ցավ, տառապանք:

Երրորդ օրը վերադարձա տղաների մոտ: Սա երկրորդ ճակատագրական սխալն էր, որի հետևանքով մնացած ողջ կյանքում ինքս ինձ պիտի ասեմ՝ ինչո՞ւ չվերադարձա իմ զորամաս, ինչո՞ւ նորից հետ վերադարձա, բայց, ցավոք, արդեն ուշ է, ասված ցանկացած խոսք՝ ուշացված:

Վերադառնալով ռազմական կետ, իմացա, որ ընկերս՝ Գևորգը, մի քանի օրով տուն է գնացել, նույն օրը ցանկանում էի հետ վերադառնալ, բայց Վլադիկն ասաց, որ գումարը ուղարկել են, բայց տեղ չի հասել, առավոտյան տեղ կհասնի:

Անկեղծ ասաց ինձ մոտ էլ գումար չկար հետ վերադառնալու համար: Այդ չարաբաստիկ օրը եթե գումար ունենայի, չէի էլ սպասի այդ պարտքին, քանի որ զորամասից արդեն բացակայում էի հինգ օր, պետք է տեղ հասնեի, որպեսզի խնդիրներ չառաջանային: Բայց ստիպված էի մնալ, սպասել հաջորդ օրվան…

Ինչպես կարող է մարդ գուշակել, թե ի՞նչ է լինելու հաջորդ վայրկյանին… իհարկե, չի կարող…Բայց, իմ կարծիքով, մտածված ու գիտակցված քայլեր կատարելու դեպքում՝ հաջորդ վայրկյանին պատրաստված անկանխատեսելին կարելի է կանխել կամ գոնե մեղմել:

Քանի որ հետ գալ չէի կարող, ուստի մնացի ռազմական կետում: Տղաների մոտ նույն վիճակն էր՝ ո՛չ սնունդ կար, ո՛չ ծխախոտ: Որոշեցինք տղաներից մեկի հետ գնալ քաղաք՝ ծանոթներիցս մեկի տուն: Այդ զորամասում ծառայելու ժամանակ ծանոթացել, շփվել և մտերմություն էի արել քաղաքի բնակիչներից շատերի հետ, և բավականին ծանոթներ ու մտերիմներ ունեի: Ինձ հետ եկավ Սերգեյը, մենք երեկոյան ութի մոտակայքում հյուրընկալվեցինք ծանոթներիցս մեկի տանը: Սերգեին ծանոթացրեցի նրանց հետ, իմացան, որ ծառայում է կողքի զորամասում, ասացին, որ առանց ինձ էլ, երբ ցանկանա, կարող է այցելել իրենց, հարազատի պես կընդունեն:

Ծանոթներս իմանալով, որ տղաների մոտ ոչինչ չկա սնվելու, բավականին սնունդ ու ծխախոտ դրեցին մեզ հետ: Արդեն ուշ գիշեր էր, որ վերադարձանք ռազմական կետ: Երբ հասանք տղաների մոտ, կեսգիշերն անց էր, Վլադիկն ու Սամվելը արդեն քնած էին: Տղաներին արթնացրեցինք, միասին օգտվեցինք բերված սննդամթերքից ու քնեցինք:

Ո՞վ կմտածեր, որ առավոտյան պիտի վիճեինք, պիտի տեղի ունենար սարսափելին և 1996 թվականի փետրվարի 23-ը լինելու էր չորս երիտասարդի համար ողբերգական և դաժան մի օր, որը ես իմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում պիտի հիշեմ սրտի կսկիծով, ամբողջ մարմնովս սարսուռ պիտի անցնի և չկարողանամ գտնել մեկ բառի, շատ հասարակ բառի պատասխանը՝ ի՞նչու… ու՞մ կարող ես բացատրել կամ ո՞վ կհասկանա, կամ ի՞նչ բացատրես, ինչպե՞ս բացատրես տեղի է ունեցել սպանություն՝ երեք երիտասարդ այլևս չկան, երեք երազանք, երեք ապագա: Ոչ ոք չի կարող հասկանալ, դու բոլորի մոտ մարդասպան-հանցագործ ես, նույնիսկ, եթե քեզ ժպտում են: Այս խարանը մնալու է ողջ կյանքում՝ անջնջելի, աններելի, անընդունելի: Տարիները և մարդկային գիտակցությունը անողոք են: Տարիների տառապանքը, տեղի ունեցածի գիտակցումը ամենադաժան պատիժն են ցանկացած մարդու համար:

Առավոտյան արթնանալով՝ Վլադիկին ասացի, որ վերադառնալու համար մոտս գումար չկա, ես այդ հույսով  գնացի Երևան ու հետ վերադարձա այստեղ, առանց գումարի չեմ կարող իմ զորամաս հետ վերադառնալ: Այսօր անպայման պետք է վերադառնամ իմ զորամաս, արդեն հինգ օր է բացակայում եմ, կարող է խնդիրներ ունենալ: Վլադիկը պետք է գնար կողքի գյուղ, որպեսզի ուղարկված գումարը բերեր: Նա գնաց, ես ու եղբայրները մնացինք ռազմական կետում: Մոտ չորս ժամից Վլադիկը վերադարձավ՝ ասելով, որ գումարը տեղ չի հասել, իսկ ծանոթի մոտ էլ չի եղել, որ վերցնի: Այդ պահին մենք վիճեցինք, եղբայրները ներկա չէին մեր խոսակցությանը, նրանք դրսում էին: Ես զայրացած դուրս եկա կացարանից՝ մտածելով, գնամ կողքի քաղաք, ծանոթներիցս գումար խնդրեմ, որ հասնեմ զորամաս: Այդ պահին կացարանի մուտքի մոտ հանդիպեցի եղբայրներին,  տեսնելով, որ ես շատ զայրացած եմ դուրս գալիս, փորձեցին միջամտել: Նրանց ասացի, որ սա ձեր խնդիրը չէ ու մի խառնվեք: Բայց պատանեկան տաքարյունությունը երևի թույլ չտվեց եղբայրներին հետ քայլ կատարելու և վիճաբանությունը նոր թափ ստացավ: Այդ պահին սկսվեց մեկ-երկու րոպեի վիճաբանություն, քաշքշուկ և … ամեն ինչ ավարտվեց ողբերգությամբ՝ չորս զինվորներց երեքը սպանված են, մեկը՝  կալանավորված ու դատապարտված է մահվան:

Այսպիսի և նմանատիպ վեճեր, որոնք տեղի են ունեցել և դեռ տեղի են ունենում զինվորական ծառայության ժամանակ շատ եմ լսել և գտնվելով բանտում՝ շատերին եմ հանդիպել, գրեթե բոլորը ցավով, տառապանքով, ափսոսանքով են հիշում այդ անիմաստ, անտեղի վեճերը և բոլորին տանջում է մեկ հարց՝ ի՞նչու, ի՞նչի համար: Տարիների հեռվից ինքս ինձ հարց եմ տալիս, մի՞թե արժեր թողնել զորամասը և մեկ այլ զորամաս այցելել ընկերներին տեսնելու համար, իհարկե՝ ոչ, մի՞թե արժեր վիճաբանել ինչ-որ չնչին հարցի շուրջ, որը ունեցավ սարսափելի ողբերգական հետևանքներ, իհարկե՝ ոչ: Եվ այդ չնչին պատճառների հետևանքով երեք երիտասարդ սպանվեցին, չորրորդը խարանվեց մարդասպանի խարանով և դատապարտվեց մահվան: Պահի ազդեցության տակ չգիտակցված սխալ քայլը ամբողջ կյանքում դառնում է ողբերգության և տառապանքի պատճառ:

Սիրելի՛ զինվոր, սիրելի՛ եղբայր, ոչ ոք, գրեթե ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ ցավ, ինչ տառապանք է պատճառում սպանված զինվորի ծնողին, հարազատին: Չենք կարող հասկանալ ծնողի ցավը, տառապանքը: Նրանք այնքան նպատակներ ու երազանքներ ունեն իրենց զավակների հետ կապված, որոնք միանգամից անէանում են և մնում է միայն ցավ, սրտի կսկիծ:

Ի՞նչպես և ի՞նչով կարող է մարդ փոխհատուցել սպանությունը: Պատասխանը մեկն է՝ ոչնչով, անգամ սեփական գոյությանդ վերջ դնելով՝ չես կարող մյուսներին կյանքի կոչել։

Սիրելի՛ զինվոր, կցանկանայի, որ մեկընդմիշտ գիտակցենք մի պարզ ճշմարտություն, մեկ ուրիշին ցավ պատճառելով՝ ո՛չ մի լավ բանի չենք հասնելու, ո՛չ մի անուն ու հեղինակություն չենք ունենալու, հարուցելու ենք միայն ատելություն, նողկանք և զայրույթ: Լինում են նաև դեպքեր, որ նույնիսկ հարազատներդ քեզ չեն ներում, դու ինքդ քեզ չես ներում, չես կարողանում հասկանալ ինքդ քեզ ու քո կատարածը: Ուստի, շատ կարևոր է գիտակցել, որ երբեք, ոչ մի պարագայում չի կարելի որևէ մեկին ճնշել, ցավ պատճառել… Սեփական դառը կյանքիս փորձը թող լինի ձեզ օրինակ:

Կատարելով հանցագործություն, որը ինչպես իմացանք տեղի էր ունեցել անիմաստ վեճից, և երկար տարիներ կրելով պատիժս՝ ինձ հետ միասին պատժվել են հարազատներս՝ ակամայից դատապարտվելով տանջանքների, ցավի, տառապանքների: Եվ հավատացեք, հարազատներիս կյանքը ավելի դժվար է եղել, չէ որ նրանք տառապել ու տանջվել են իրենց զավակի համար:

Այս ամենի գիտակցումով և շուրջ քսան երկար ու ձիգ տարիներ պատիժ կրելով՝ ոչ ոք չի էլ կարող պատկերացնել ինչպի՜սի ապրումների մեջ եմ եղել, ինչպի՜սի տառապալից օրեր եմ անցկացրել: Հիմա դա կարևոր էլ չէ ու ոչ մեկին չի էլ հետաքրքրում, միայն չեմ ցանկանա, որ որևէ մեկի հետ այսպիսի դժբախտություն պատահի, որ որևէ մի զինվոր, մի հայ մարդ ապրի և զգա կորստյան վիշտը կամ անցնի զրկանքների, տառապանքների միջով, լինի խարանված:

Ընթերցելով այս տողերը հուսով եմ՝ մի պահ կմտածեք, որ ամեն մի զինվոր ունի ծնողներ, հարազատներ, սիրած աղջիկ, ընկերներ և այդ զինվորին ցավ պատճառելով՝ ցավ ենք պատճառում բոլոր այդ մարդկանց: Հուսով եմ, որ անտեղի և անիմաստ վեճեր չեն լինի, լինելու դեպքում էլ կաշխատեք հարթել սիրով, եղբայրաբար, գիտակցելով, որ հայը հային թշնամի չէ, այլ զինակից ընկեր, եղբայր և եթե տեսնում եք որևէ վեճ, կռիվ, աշխատեք հարթել, խաղաղ հանգուցալուծում տալ: Դրանով կկանխեք ցավերն ու տառապանքները, սարսափելի ողբերգությունները, մայրերի աչքերից թափվող արցունքները:

Թերևս այսքանը, Աստված ձեզ պահապան, բարի ծառայություն, բարի վերադարձ ձեր ընտանիքներ։

Ցմահ դատապարտյալ՝ Աշոտ Մանուկյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter