HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Նորայր Քարտաշյան. հայկական երաժշտությունն իբրև այլընտրանք՝ ներկայացվող հայկականին

Տարիներ առաջ, երբ Ժուռնալիստների տան ներքնահարկում գործող «Ավանգարդ ֆոլկ» երաժշտական ակումբից «նավարկում էր» «Armenian Navy Band»-ը, երաժշտության գունագեղ ալեկոծության ամենահետաքրքիր պահերից էր դառնում նաև համերգի ավարտը: Խմբի ղեկավար Արտո Թունջբոյաջյանն, իրեն հատուկ հումորով ու երաժշտական իմպրովիզացիաներով, ներկայացնում էր երաժիշտներին: Եվ երբ հերթը հասնում էր ամենահետաքրքիր ու բազմաձայն երաժիշտներից մեկին, ոչ միայն դահլիճում, այլև բեմում առանձնահատուկ ոգևորություն էր սկսվում: «Նորայր՝ զուռնա, Նորայր՝ դուդուկ, Նորայր՝ դափ, Նորայր՝ շվի, Նորայր՝ բլուլ, Նորայր՝ Նորայր»,- եզրափակում էր Արտոն, ու դահլիճը թնդում էր զուռնայի ու ծափերի ձայնից:

Մեզանից շատերը հայկական ամենազգացմունքային ձայնով նվագարաններից մեկը՝ բլուլը, ճանաչել կամ լսել են Նորայր Քարտաշյանի միջոցով: Շատերը նրան հենց այդ ձայնով էլ ճանաչում են՝ բլուլահար Նորայր Քարտաշյան: Նա նույն վարպետությամբ, ինչպիսին նաև Արտոյի վկայությունն էր, տիրապետում է մի քանի նվագարանի, այդ թվում՝ դափ, սաքսոֆոն, պարկապզուկ և մի շարք գեղեցիկ երաժշտական կոմպոզիցիաների հեղինակ է: Իր երաժշտական գործունեությամբ՝ վերականգնել և կատարելագործել է հայկական բլուլը, սրինգը, երկփող պարկապզուկը: «Armenian Navy Band»-ից բացի, այս երաժիշտը մասնակցել է բազմաթիվ երաժշտական խմբերի (այդ թվում՝ «Կատուների»), նախագծերի հիմնադրմանն ու կայացմանը, համերգներով հանդես եկել տարբեր երաժիշտների հետ, հիմնադրել «Վան» և «Մենուա» երաժշտական խմբերը, որոնց գեղարվեստական ղեկավարն է նաև:

Աշխարհի ամենապարզ և, միևնույն ժամանակ, ամենաիմաստուն մարդկանց մեղեդին

«Բլուլը, բացի իր տեխնիկական և երաժշտական հնչողությունից, մի կարևոր առանձնահատկությամբ էլ է առանձնանում,- ասում է Նորայր Քարտաշյանը,- Բլուլի մեղեդին պարզ է, գեղեցիկ ու բնական, որովհետև այն օգտագործվել է աշխարհի ամենապարզ ու միևնույն ժամանակ՝ ամենաիմաստուն մարդկանց կողմից՝ հովիվների: Այդպիսին էին նրանք, որովհետև ապրում ու զրուցում էին բնության հրաշքի մեջ, բնության հետ, ուստի հնչում է հենց այդպիսի մեղեդի: Այսպես է նաև ժողովրդական երգն ու այդ երգը ստեղծող ժողովուրդը, հողի մարդը, հասարակ գյուղացին: Երբ հույզը հորդում է ներսից, դա աննկարագրելի ուժ ունի»:

Եվ այս առանձնահատկության հետ մեկտեղ, նա երաժիշտ դառնալու ճանապարհին, անպայման կարևոր է համարում պրոֆեսիոնալ կրթությունը: Ասում է՝ ինչպես գեղեցիկ, հարմարավետ կամ բազմահարկ շենք կառուցելիս է անհրաժեշտ գիտակ ճարտարապետ ունենալը, այնպես էլ երաժշտության մեջ՝ կրթված, տեխնիկապես կատարյալ և, անպայման, «կառույցիդ» հանդեպ պատասխանատու:

Ծառաստան

2010թ. թողարկվեց Ն. Քարտաշյանի «Ծառաստան» խորագրով ալբոմը, որում ընդգրկված 12 գործերից 7-ը երաժշտի հեղինակային կոմպոզիցիաներն են, 5-ը՝ ժողովրդական.  «Դհոլամա», «Այգեձոր», «Օրոր» (որը հայտնի է «Կատուներ» բենդի կատարմամբ), «Շարմոնիկում», «Հայրիկ» , «Գողթան»,  «Համշենա շորոր» և այլն:

«Էս ծառաստանն իմ մանկությունն է,- ասում է Ն. Քարտաշյանը,- Ընդհանրապես ծառը՝ բնության ամենահրաշալի կերտվածքներից մեկը, ինձ համար սիմվոլ է: Սիմվոլ կյանքի, ընտանիքի, ճյուղերի բազմազանությամբ՝ գերդաստանի, խաղաղության, իմաստության… շատ-շատ գաղտնիքներ ու երևույթներ են ամփոփված ծառ-կյանք-պատկերի մեջ: Դե պատկերացրեք, երբ դա ծառաստան է, անտառ՝ իր խաղաղ ու խորհրդավոր բնությամբ, թևավոր բնակիչներով, էս պատկերացումները որքան կարող են բազմապատկվել ու երևակայության ինչ եզրեր բացել: Անտառային սիմֆոնիա: Էդ ծառաստանն՝ իր գեղեցկությամբ, ձայնով ու անմոռանալի հոտով, իմ հիշողություններն են, որ տանում են դեպի մանկություն»:


 Անտառային սիմֆոնիայի հետքերով՝  դեպի  երաժշտություն

«Իմ Մարո տատը շատ լավ երգում էր: Իր ձայնը միշտ իմ հիշողության մեջ հնչում է, շատ լավ հիշում եմ այդ ձայնը,- պատմում է Ն. Քարտաշյանը:-  Կարծում եմ՝ երաժշտության հանդեպ սերն ու զգացողությունը ժառանգել եմ իրենից: Հիշում եմ, թե ինչպիսի երգեր էր երգում, և ձայնի յուրահատուկ ելևէջներ ուներ, որ ուրիշ ոչ մի երգչից դեռ չեմ լսել:

Հայրը թատրոնի մարդ էր, արվեստի աշխարհում էր ապրում ու առաջինը ինքը նկատեց որդու երաժշտական հակումները: Սկսեց հետևել նրա կրթությանը՝ փորձելով ուղղորդել նաև: Հոր խորհրդով էլ Ն. Քարտաշյանը որոշեց տարբեր երաժշտական գործիքներով նվագել սովորել:

Առաջին երաժշտական գործիքը կլառնետն էր, հետո՝ ձեռքը մեկնեց դուդուկին: «Մի օր էլ, երբ հերթական անգամ հորս հետ այցելել էինք Ռուբեն Ռուշանյանին (փողային նվագարաններ պատրաստող վարպետ), նա ինձ պատմեց բլուլի մասին ու խորհուրդ տվեց դուդուկից բացի՝ հետաքրքրվել նրանով: Էդպես սկսվեց իմ առաջին հանդիպումն այս նվագարանի հետ, որը հետո խորացավ, վերածվեց մեծ երաժշտական կապի:  

 «Վան» և «Մենուա» երաժշտական նախագծերի մասին

2010թ. Ն. Քարտաշյանը «Երկիր» միության աջակցությամբ հիմնադրեց պատանի և երիտասարդ երաժիշտներից կազմված «Վան» խումբը: Այն բացի երաժշտական խումբ լինելուց, առաջին հերթին նախագիծ էր, որը միտված էր վերականգնել ժողովրդական նվագարանանների հանդեպ երիտասարդ երաժիշտների հետաքրքրությունը, ուսումնասիրել և վերածնել մոռացված երգերն ու մեղեդիները, ներկայացնել և տարածել դրանք ոչ միայն ավանդական, այլև ժամանակակից մշակմամբ: Ավանդական գործիքներով նվագելուց և ժողովրդական երգ-երաժշտություն հնչեցնելուց բացի, Քարտաշյանի նախաձեռնությամբ դրանք երբեմն համադրվում էին այլ երաժշտական գործիքների հետ՝ նորովի ու ավելի հարուստ գույներով մեկնաբանելու համար: Հիմնական գործածություն ունեցող նվագարաններից բացի (թառ, քամանչա, սրինգ, դափ, դհոլ, քանոն և այլն) ներգրավվեց արդեն մոռացված հայկական ավանդական երկփողանի պարկապզուկը: Խումբը «Նորայր Քարտաշյան և «Վան» նախագիծ» անվամբ մի շարք համերգներ և ծրագրեր է իրականացրել Հայաստանից դուրս և այս առումով, թերևս, ամենատպավորիչը Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում ու Համշենում ունեցած հանդիպումներն էին:

«Մենք ներգրավել էինք հայկական ժողովրդական նվագարաններ և այնպիսիք, որոնք ծագմամբ զուտ հայկական չեն, բայց տեղայնացվել ու կատարելագործվել են նաև մեր երաժշտարվեստում: Փողային և լարային տարբեր ավանդական գործիքների մեջ երբեմն նորամուծություններ էլ ենք փորձել, օրինակ՝ բաս կիթառ: Շատերը հավանում էին, շատերը՝ սխալ համարում, բայց դա էլ մի ճանապարհ է, որը կարելի է անցնել՝ երաժշտության մեջ նոր երանգներ հաղորդելու ու հինը նոր մեկնաբանությամբ վերականգնելու համար»,- ասում է Ն. Քարտաշյանը:

2015 թվականից նա հիմնադրել և ղեկավարում է նաև «Մենուա» նախագիծը https://www.menuaband.com/ , որը ևս ֆոլկ և ժամանակակից մշակումներով, ստեղծագործություններով, հեղինակային կոմպոզիցիաներով բազմիցս արդեն ներկայացել է հանդիսատեսին:

 Հաջողվե՞լ է արդյոք երիտասարդների ուշադրությունն ու հետաքրքրությունը վերադարձնել դեպի ժողովրդական նվագարանները, արդյո՞ք խնդիրն այսօր որոշ չափով հաղթահարված կարող ենք համարել, դեռ հստակ չէ, բայց այն, որ այս ընթացքում նկատելի զարգացումներ են եղել, չնկատել չենք կարող: « Ես կարծում եմ, որ խնդրի հաղթահարված լինել-չլինելը կախված է դրա հանդեպ մեր վերաբերմունքից,- ասում է Ն. Քարտաշյանն ու ավելացնում կատակով,- և ինչպես ֆուտբոլում՝ ճիշտ մոտեցում ցուցաբերող մարզիչից»:

Այսօր գերմանական հայտնի ձայնագրող ընկերություններից մեկն արդեն հետաքրքրված է բենդի երաժշտությամբ և հնարավոր է, որ առաջիկայում նոր համագործակցության սկիզբ դրվի:

Հայկական երաժշտությունը որպես այլընտրանք՝ ներկայացվող հայկականին

«Հիմա ստացվել է այնպես, որ հայկական ժողովրդական երաժշտությունը պիտի առաջարկվի որպես ալտերնատիվ երաժշտություն: Երբ գիտես, թե ինչ են լսում Սփյուռքում և քո իսկ երկրում՝ հայկական երաժշտության անվան ներքո, էն իսկականը արդեն գոնե որպես ալտերնատիվ տարբերակ պիտի ունենանք:- ասում է Ն. Քարտաշյանը,- որովհետև գալիս է արդեն մի սերունդ, որն ասում է՝ սա՛ է հայկականը: Մենք մեր ճանապարհով փորձում ենք ներկայացնել, որ էն մեկից բացի՝ էս մեկն էլ փորձեն լսել: Լսեն, ճանաչեն, մեկ էլ տեսար՝ դուր եկավ: Ունկնդրին շատ չեմ մեղադրում: Ես կարծում եմ, որ այս վիճակի ամենամեծ մեղքի բաժինը նաև մեր մեդիա դաշտինն է: Ի՞նչ է հիմնականում ներկայացվում, ի՞նչ է հնչում մեր հեռուստաեթերներից և ի՞նչ է պրոպագանդվում, այն էլ՝ տարիներ շարունակ: Բնականաբար այս ամենի հետևանքն էլ հայկական երաժշտության մասին նման պատկերացումները պիտի լինեն: Այստեղ, իհարկե, մեծ դեր ունենք նաև մենք՝ երաժիշտներս: Էս ընդհանուր լղոզված պատկերը նաև այլ ասպարեզներում է: Մարդը մի օր թատրոնի բեմում դասական կերպար է, մյուս օրը ռեստորանում՝ թամադա: Իսկ եթե պրոֆեսիոնալն ու իսկական արժեքը տարածելը նաև գիտակցված մշակութային քաղաքականություն դառնար (կարծում եմ՝ առաջին հերթին), ամեն ինչ բոլորովին այլ հունով կընթանար, ամեն մեկն իր տեղում կլիներ ու շատ սխալներ վաղուց շտկված կլինեին»:

Երաժշտություն- Պատասխանատվություն

Գրեթե բոլոր երաժիշտները, ովքեր իրենց գործում նվիրյալ են և բարձր են գնահատում արվեստի այս ճյուղի դերը մեր կյանքում, ասում են, որ ամենակարևոր պայմաններից մեկը անկեղծ լինելն է ու սեփական գործի հանդեպ պատասխանատվության զգացում ունենալը: Երաժիշտ դառնալու և երաժիշտ մնալ կարողանալու մասին, Նորայր Քարտաշյանն էլ է նույն բանաձևն ընդունում, բայց նաև ավելացնում է .«Ոչ մի դեպքում չստել,- ասում է նա,- չստել նախ՝ քեզ, ուրեմն՝ և ունկնդրին: Իրականում շատ դժվար բան է դա, երբ շուրջբոլորը այլ ընկալումներ են և այլ պատկերացումներ»:

https://soundcloud.com/menuaband/wedding-song

https://soundcloud.com/menuaband/square-feat-levon-arakelyan-live-in-concert

Ըստ Ն. Քարտաշյանի՝ ազնվությանը զուգահեռ՝ այսօր շատ դժվար բան է նաև նյութի գայթակղությանը դիմակայելը, բայց պատասխանատվության զգացումն է, որ կարող է ստիպել շրջանցել այն: «Այսպես պիտի կարողանաս նաև խուսափել այլ մշակույթների ազդեցություններից, որոնք այդքան վստահ հաստատվելու փորձեր են անում մեր երաժշտության մեջ: Ու արդեն զարմանալի էլ չէ, որ էստեղ ստեղծված երգն էսօր Թուրքիայում էլ է ակտուալ դառնում, արաբական երկրներում և, երևի, ասիական որոշ երկրներում էլ: Արևելյան լադերը նորություն չեն մեզ համար: Մինչդեռ մենք ունենք մերը, սեփականը և կարիք չունենք նման ազդեցությունների: Արամ Խաչատրյանի նման մեծություն ենք տվել աշխարհին: Մեզնից նույնիսկ վերցրել ու ներկայացրել որպես իրենցը: Իսկ էսօր՝ երաժշտության մեջ այդ արևելյան փայլը, կանանց վառ հագուստի ու շխկշխկացող զարդերի ձայնն ասոցացնող  էդ ներխուժումը…  Սրանք՝ իրենց ավերածություններով հանդերձ, միևնույն է, մնայուն արժեք չեն, մի օր ցնդելու են, ջնջվելու: Եվ, փառք աստծո, որ մենք ունենք երաժշտություն, կոմպոզիտորներ, երաժիշտներ, ովքեր լուսավորելու են իրենց թողած դատարկությունը: Բայց մինչ այդ, այդ լույսը պահպանել է պետք»:

Լուսանկարները՝ Ն. Քարտաշյանի և «Մենուա» բենդի արխիվից

Մեկնաբանություններ (3)

Արփենիկ Հովհաննիսյան
Հրաշալի է․․․ կուզենայի որ լիներ մանրամասն կենսագրական և տեղեկություններ Քարտաշյանի, նրա նախագծերի խմբերի, երգիչների, և երաժիշտների մասին
Տաթև
Հետքը այս շարքով շատ մեծ բաց է լրացնում. ես իմ անձնական փորձից եմ ասում: Ամեն շաբաթ իմ ընտանիքը մեծ հետաքրքրությամբ սպասում է հաջորդ թեմային: Ոչ միայն հայկական, նաև արտասահմանյան ճաշակով, գրագետ երաժշտության ու երգիչների հետ ենք ծանոթանում, ես մեծ մասին առաջին անգամ եմ տեսնում: Երգեր կան որ ծանոթ են, բայց չգիտեի, թե ինչի մասին են: Ափսոսում եմ, որ ժամանակին ոչ ռադիոն ոչ էլ հեռուստատեսությունը չի հնչեցրել: Ուզում եմ ասել շնորհակալություն հեղինակին, թերթին ու այս բոլոր երաժիշտներին
Սեւակ Յովհաննեսէանց
Ամեն բան ճիշտ է: Այսօր ինչ լա՛վ օր է. ինձ հանդիպում են այնպիսի հոդվածներ, որոնք ներքին բալանս են առաջացնում: Լավ է, որ այսպես մտածող ու այսպես գործող երաժիշտներ ունենք: Ի դեպ՝ արաբա-պարսկական լադերի մասով. շատ մի անդրադարձեք դրանց: Մենք հազարավոր տարիներ ոչ միայն հարևաններ ենք եղել, այլ եղել ենք նրանց պետականության անմիջական ճնշման տակ, նրանց կազմում: Հետո՝ բա ինչո՞ւ բան չենք ասում ռուսականացված Բաբաջանյանին, կամ ամերիկացված որոշ երաժիշտների: Ի՞նչ եմ ուզում ասել. դուք անում եք մե՛րը և դա ԼԱՎ է: Շատ, շատ շնորհակալ եմ, որ դուք կաք: Մնացեք այդպիսին: :)))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter