HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքի ղեկավարը բարձրագույն կրթությունից բացի կառավարման այլ հմտությունների պետք է տիրապետի

ՀՀ փոխվարչապետի հաստատած համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրի շրջանակներում 2011 թ. 11 ամիսների ընթացքում Սյունիքի մարզից վերապատրաստվել է 42 համայնքային ծառայող: Եվս 175 մարդ` տարբեր համայնքների ավագանու, աշխատակազմի անդամներ, մասնակցել են հիմնականում կառավարման ակադեմիայի, Համայնքների միության կազմակերպած վերապատրաստման դասընթացներին:

Մարզի համայնքային իշխանությունների աշխատակազմերի անդամների համար, վերը նշված ուսուցումներից բացի, մարզպետարանի մասնագետներն ամիսը մեկ անգամ կազմակերպում են դասընթացներ, ինչպես նաեւ մշտապես տրամադրում են անհատական խորհրդատվություն, որոնք նպատակ ունեն աջակցելու համայնքի ղեկավարների, ավագանու ընդունած որոշումների, իրավական ակտերի ճիշտ ձեւակերպմանը:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանի խոսքով` նման ուսուցումների արդյունավետության վկայությունն է այն, որ մարզպետարան ուղարկվող ավագանու նիստերի, համայնքի ղեկավարի որոշումներից այժմ արդեն ավելի փոքր մասն է վերադարձվում որոշում ընդունողներին:

Գորիսի տարածաշրջանի Խոզնավար համայնքի ղեկավար Վարազդատ Գրիգորյանը չնայած կարեւորում է կազմակերպվող դասընթացները, սեմինարները, սակայն համոզված է, որ ճիշտ գործավարության համար նաեւ պիտի հետեւողական լինել, ամեն բառը, նախադասությունը նախապես համապատասխանեցնել ընդունված ձեւաչափին:

«Ցանկացած որոշում, որն ուղարկվում է մարզպետարան, անհետեւանք չեմ թողնում, մինչեւ չեմ համոզվում, որ թերացումներ չկան: Մանավանդ համայնքի ղեկավարիս որոշումների դեպքում պատահում է, որ կնիքով ինքս Կապան եմ հասնում, խորհրդակցում մասնագետների հետ, որպեսզի սխալներ թույլ չտամ»,- ասում է համայնքի ղեկավարը:

Սյունիքի մարզպետի օգնական Արմեն Ավետիսյանը, ով հաճախ է ընդգրկվում համայնքային ծառայությունների մրցույթների հանձնաժողովում, նշում է, որ համայնքային ծառայողի հաստիքը շատերի համար ընդամենը թափուր աշխատատեղ է, եւ գործազուրկը փորձում է ամեն կերպ այդ հաստիքը զբաղեցնել. լիարժեք հանձնում է համայնքային մրցույթի համար պահանջվող գրավոր քննությունը` թեստավորումը, անհրաժեշտ բալեր հավաքում, բայց բանավոր ստուգման ընթացքում պարզվում է, որ անգամ տվյալ հաստիքի համար ընդունված անձնագրով նախատեսված պարտականությունների ցանկին տեղյակ չէ:

Այս առումով մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ վարչության պետի կարծիքով` ժամանակն է, որ որոշ բուհեր մտահոգվեն իրենց կրթօջախներում տեղական ինքնակառավարման մասնագետներ պատրաստելու խնդրով:

«Վերջին տարիներին դրական միտում է նկատվում այն առումով, որ համայնքային իշխանություններում բարձրագույն կրթություն ունեցողների թիվն ավելանում է. այսօր մարզի 109 համայնքների ղեկավարներից 51-ը բարձրագույն կրթություն ունի: Սակայն շատ համայնքներում մասնավորապես աշխատակազմի քարտուղարի հաստիքների մրցույթ հայտարարելիս հարկադրված, օրենքով նախատեսված կարգով օգտվում ենք մեզ վերապահված իրավունքից եւ կրթական ցենզն իջեցնում, եւ այսօր մարզի 45 համայնքում աշխատակազմի քարտուղարը թերի բարձրագույն կրթություն ունի»,- հայտնեց մարզպետի օգնական Արմեն Ավետիսյանը: Նրա ասելով` այդ բացը հիմնականում լրացնում են անհատական խորհրդատվություն տրամադրելով:

Սակայն փորձը ցույց է տալիս, որ բարձրագույն կրթությունը եւ պարբերաբար մատուցվող խորհրդատվությունը բավարար չեն կառավարման հմտություններ ձեռք բերելու համար, քանի որ ըստ էության համայնքի աշխատակազմը պիտի ունենա բավարար կարողություններ` սկսած կառավարչական հմտություններից, միջանձնային գործնական հարաբերություններից, քաղաքացիների ընդունելությունից, դիմումների եւ դրանց քննարկման, տեղեկատվություն ստանալու եւ տրամադրելու եղանակների ունակությունից մինչեւ հանրային հանդիպումների, ժողովների կազմակերպում, անգամ գրավոր նամակագրություն, հասարակության հետ անուղղակի հաղորդակցություն եւ այլն:

Նա նաեւ տեղեկացնում է, որ համայնքային իշխանությունների աշխատակազմերի համար պատրաստվել են մեթոդական օգնության փաստաթղթերի փաթեթներ, որոնք մշտապես թարմացվում են եւ համապատասխանեցվում օրենսդրական փոփոխություններին:

Խորհրդատվական նյութերը համայնքներին տրամադրվում են էլեկտրոնային եղանակով. այդ նպատակով մարզի բոլոր համայնքների համար ստեղծվել են ինտերնետային հասցեներ, համայնքները հիմնականում ապահովվել են ինտերնետով, եւ էլեկտրոնային կառավարման միջոցով հնարավորություն է ստեղծվել նաեւ համայնքային տարբեր խնդիրների մասին տեղեկատվություն փոխանակել:

Որոշ դեպքերում համացանցով ստացված ավագանու որոշումների պատճենները տեղ են գտնում նաեւ Սյունիքի մարզպետարանի կայքում (syunik.gov.am): Ի դեպ, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» վերջերս կայքը լավագույններից մեկն է ճանաչել` Հայաստանի պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով իրականացված մոնիտորինգի արդյունքներով, հաշվի առնելով հրապարակված տեղեկությունների առկայության, ամբողջականության, հրատապության ու մատչելիության չափորոշիչները:

Որոշ տեղերում, ինչպես, օրինակ, Սիսիանի մի շարք համայնքներում, առաջարկություն են ներկայացրել մարզպետարանին` Սիսիանի համայնքների միության հաստիքացուցակում ընդգրկել նաեւ իրավաբան, որը իրավական խորհրդատվություն կապահովի հատկապես համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման հետ կապված դատական գործընթացների ժամանակ:

Սեյրան Ավետիսյանի խոսքով` այս խնդիրն այժմ քաղաքային համայնքներում լուծվում է արդեն իսկ գործող իրավաբանի, իսկ գյուղական բնակավայրերում` մարզպետարանի իրավաբանական վարչության աջակցությամբ, չնայած, ըստ վարչության պետի, աշխատակազմերի իրավական հմտությունների բարձրացման գործում եւս դեռեւս անելիքներ կան:

Համայնքային իշխանությունների աշխատակազմերի մասնագիտական ունակությունների բարձրացմանն աջակցելու համար որոշ քայլեր են ձեռնարկում նաեւ մարզի մի շարք հասարակական կազմակերպություններ:

Օրինակ` Սիսիանի համայնքների միությունը Սիսիանի, Գորիսի տարածաշրջանի 14 համայնքների աշխատակազմերի մասնագիտական կարողությունների բարելավման նպատակով կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաեւ ձգտում է նպաստել Սյունիքի համայնքների միջեւ համագործակցության ապահովմանն ու փորձի փոխանակմանը:

Մեկնաբանություններ (2)

Mher
apres LYUSVA hstak pataskhanetcir. bravo
Լյուսվա
Իսկ Սյունիքի մարզպետարանի մասնագետներn արդյոք ունեն բավարար իմացություն, որպեսզի կարողանան խորհրդատվություն տալ կամ դասընթացներ անցկացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter