HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Աղբանոցի բնակիչները

Աղբը ծխում էր: Գիշեր-ցերեկ քաղաքի այս հատվածը ծխում է: Սա Երեւանի աղբանոցներից մեկն է, մեծությամբ երկրորդը Նուբարաշենի աղբանոցից հետո: Գտնվում է Աջափնյակ համայնքում, «Չորրորդ գյուղի» հարեւանությամբ: Սա մի տարածք է, որտեղ տեղափոխվում է մեզնից յուրաքանչյուրի աղբը, որը մենք թողնում ենք տան աղբատարի մոտ, կամ փողոցում շպրտում ենք աղբամանի մեջ: Մեզնից յուրաքանչյուրից մի բան կա այս աղբանոցում: Մեր կյանքից, մեր հիշողություններից ինչ-որ մասնիկ` հին իրերի հետ այստեղ տեղափոխվել` վառվում է կամ փտում: 

Ծխի մեջ մարդկանց մի խումբ «քուջուջ» էր անում աղբի մեջ: Մոտեցանք, պատանիներ էին ու մի կին: Ձեռքերն ու դեմքերը սեւացած` սպասում էին նոր եկած մեքենայի դատարկվելուն: Մաշված մեքենան «գոռում էր», սակայն թափքը չէր բարձրանում, տղաները չորս կողմից սկսեցին բարձրացնել այն: Նրանց օգնությամբ մեքենան աղբաթափվեց: Տղաները միանգամից հարձակվեցին աղբի վրա: Նրանց ձեռքերին կիսալցված պարկեր էին: Մեջը շշեր, կոշիկներ, պլաստմասե իրեր, պոլիէթիլենե տոպրակներ, ուտելիքի մնացորդներ: 

«Տղա ջան, հասկացիր, չեմ ուզենա, որ հարեւաններս, բարեկամներս իմանան, որ այստեղից եմ օրվա հացը հայթայթում: Տղաս մեծ է, ամոթ է: Առաջ աշխատանք ունեի, գործարանում էի աշխատում, իսկ հիմա եթե չգամ այստեղ, սոված կմնանք, ինչ անեմ, տղա ջան»,- ասում է 50-ամյա Ս.Թ.-ն: Նա վախեցավ, երբ լուսանկարիչ Օնիկ Գրիգորյանը հեռվում սկսեց նկարել: «Վայ, հանկարծ ինձ չնկարի»,- կրկնում էր նա: Բայց ինչքան էլ համոզեցի, որ չԷ չենք նկարի, չհավատաց, թողեց հեռացավ: 

Արտակը երկու եղբայրների հետ ամեն օր գալիս է այստեղ Օշականից: Հարցնում եմ` գյուղում աշխատանք չկա՞, ինչու՞ եք հասնում այստեղ. «Հող չունենք, անասուն չունենք, ի՞նչ անենք, եթե աշխատանք էլ լինում է, օրը 500 դրամ են տալիս, իսկ այստեղ օրը հազար աշխատում ենք: Հիմնականում շիշ ենք հավաքում», -պատասխանեց Արտակը:

   

Ամանաշփվողը տղաներից Չորորդ գյուղացի 14-ամյա Մանուկն էր: Նա միանգամից համաձայնեց նկարվել ու լուսանկարչական ապարատի մեջ իր պատկերը տեսնելով` հրճվում էր:

18 տարեկան Շիրազը 16 տարեկան եղբոր` Շահենի հետ այստեղ է եկել Սասունիկ գյուղից: «Մենք ամեն ինչ հավաքում ենք` շիշ, ցելոֆան, կոշիկ, հետո այստեղ հանձնում ենք տարբեր մարդկանց, էստեղ ընդունողներ կան: Ստանում ենք ամեն մեկս 1000 դրամ: Եթե չգանք այստեղ, տանը չենք կարող օգնել»: Շիրազի մի աչքը վնասված է, նա հույս ունի, որ աչքը վիրահատելու ու արհեստական դնելու փող կհավաքի մի օր: 

«Լավ, ի՞նչ է, ամբողջ կյանքներդ պիտի աղբ հավաքե՞ք այստեղ, ուրիշ բանի մասին չե՞ք մտածում,- հարցնում եմ երեւանցի Մ-ին: «Չէ, մի քիչ փող հավաքենք, գործ կդնեմ, բա հո այս աղբի մեջ չեմ մնալու միշտ: Հիմա խոզ ենք պահում, այստեղից ուտելիքի մնացորդներ եմ տանում եւ կերի փող, փաստորեն, չենք տալիս: Չորս հատ խոզ ունենք»,- պատասխանում է Մ-ն: Տղաները հիմնականում 8-րդ դասարանի կրթություն ունեն: 

Աղբանոցի մշտական բնակիչները` ագռավները սովորել են մարդկանց, նրանք երբեմն չեն էլ շարժվում, երբ նրանց մոտենում են այստեղի շները կամ մարդիկ: Նրանք իրար ճանանչում են արդեն` մարդիկ, շներն ու ագռավները: Ագռավների կռկռոցն աղբանոցի հավերժ հնչող մեղեդին է:

Լուսանկարները` Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter