HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատավորը ցուցում է ստացել

Նրանք, ովքեր կոռուպցիա չեն տեսնում դատարանում եւ «լավ ուսումնասիրելուց հետո» կատարված անօրինականությունները համարում են սոսկ դատավորի չիմացության արդյունք` առաջարկում ենք ծանոթանալ մի պարզունակ գործի, որը մարտի 3-ին կրկին լսվեց քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում: 

2000թ. մարտի 25-ին, երբ Երեւանի բնակիչ Արտավազդ Սահակյանն ընկերոջ մեքենայով անցնում էր Լոռու մարզի Ձաղիձոր-Մարց ճանապարհահատվածով ճանապարհի եզրին գտնվող ժայռից ժայռաբեկորն ընկել էր մեքենայի վրա: Մեքենան ամբողջովին կոտրվել էր, իսկ Ա. Սահակյանի դեռահաս աղջիկը մարմնական ծանր վնասվածքներ էր ստացել` կոտրվել էր գանգոսկրը: 5 օր անգիտակից վիճակում գտնվելուց հետո, վիրահատության շնորհիվ հաջողվել էր փրկել աղջկա կյանքը: Պատահարից հետո աղջիկը կորցրել է հիշողությունը եւ այլեւս ի վիճակի չի եղել ուսումը շարունակել հանրակրթական դպրոցում: 

Արտավազդ Սահակյանը Լոռու մարզպետարանի անգործության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու պահանջով դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան: Նշենք, որ սկզբից եւեթ դատարանը հակված չէր քննելու նրա հայցադիմումը` անհնարին համարելով իշխանություններից փոխհատուցում պահանջելը եւ միայն մեր միջամտությունից հետո նրա հայցադիմումը վարույթ ընդունվեց եւ պահանջն ամբողջությամբ բավարարվեց: Լոռու մարզպետը սակայն չհաշտվեց վնասը փոխհատուցելու մտքի հետ եւ բողոքարկեց դատարանի վճիռները: 

Այդուհանդերձ, մարզպետարանի ներկայացուցիչներն արդեն չորրորդ անգամ կրկնում են դատարանում, որ իրենք պատասխանատու են ճանապարհահատվածի անվտանգ երթեւեկության համար: Նույնիսկ հենապատ կառուցելու, քարերը հեռացնելու եւ այլ աշխատանքների համար նախահաշվարկ են ներկայացրել կառավարությանը, սակայն, նրանց ասելով բյուջեից այդ նպատակին գումարներ չհատկացվելու պատճառով չեն կատարվել նշված աշխատանքները: Եվ սա այն դեպքում, երբ դժբախտ պատահարը, ինչպես նրանք վկայեցին, եզակի չէ այդ ճանապարհին, եղել են նույնիսկ մահվան ելքով պատահարներ:

Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները բավարարեցին Ա. Սահակյանի պահանջը` մարզպետարանին պարտավորեցրին 405 հազար դրամ վճարել հայցվորին պատճառված վնասի համար` տրանսպորտի, դեղորայքի, սննդի եւ այլ ծախսերի դիմաց: Վերաքննիչ դատարանն, այնուամենայնիվ շատ համարեց եւ մեքենային, եւ աղջնակին պատճառված վնասը փոխհատուցելը եւ իր անհիմն վճռով չբավարարեց մեքենային պատճառված վնասը:

Վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերի պալատը մարզպետարանի բողոքի հիման վրա կրկին քննելով գործը բեկանեց նաեւ վերաքննիչ դատարանի վճիռը` աղջկա առողջությանը պատճառված վնասի փոխհատուցումը, չափազանց «հանճարեղ» մի հիմնավորումով: Դատարանը գտել է, որ վնասը ծագել է «անհաղթահարելի ուժի հետեւանքով», ուստի հայցվորը փոխհատուցում պահանջելու իրավունք չունի: Այսինքն` force majeur, որը տվայլ դեպքում կարող էր բնական աղետը լինել: Սակայն ճիշտ կլիներ, որ իր ձեւակերպման իրավացիությունը հիմնավորելու համար դատարանը նաեւ նշեր, թե ինչ բնական աղետ է եղել դեպքի պահին` երկրաշարժ, ջրհեղեղ կամ այլ ինչ, որի մասին միայն քաղ. գործերի պալատն է տեղյակ եղել: 

Պետք է ասել, որ դատավոր Տիգրան Սահակյանը, (դատավորներ Վ. Ավանեսյանի ու Գ. Մատինյանի մասնակցությամբ) այս անգամ էլ չհիասթափեցրեց իր շրջապատին եւ ջանք չխնայեց վերադաս դատավորից ստացած ցուցումը` «անհաղթահարելի ուժի» հետեւանքները իր նոր քննությամբ մարզպետարանից հեռացնելու համար: Դատական շրջանակում շատ լավ գիտեն, որ քաղ. եւ տնտ. գործերի պալատի նման ձեւակերպումներն արդեն իսկ ցուցում են վերաքննիչ դատարանի համար, իսկ եթե բեկանելուց հետո գործի քննությունը հանձնվում է դատավոր Տիգրան Սահակյանին, ուրեմն այդ միտքն էլ պետք է ընկած լինի նրա վճռի հիմքում: Արդարադատության նախարարին ու Վճռաբեկ դատարանի նախագահին առաջարկում ենք ուսումնասիրել Տ. Սահակյանի քննած գործերից մի քանիսը եւ համոզվել մեր հայտարարության մեջ: Չհամոզվելու դեպքում պատրաստ ենք երկու ատյանների համագործակցության նման օրինակներ ներկայացնել: Եթե կատարվածը կոռուպցիա է, ուրեմն դատավորը պետք է պատժվի իր անօրինականության համար, իսկ եթե այս անգամ էլ կգտնեք, որ կատարվածը դատավորի «չիմացության» արդյունք է, ուրեմն առնվազն պետք է լուծել նրա ատեստավորման հարցը: 

Սկզբից եւեթ իր հարցերով նա հայցվորին ուղղորդում էր քրեական ոլորտ` ջանալով խաբս տալ նրան եւ միաժամանակ անտեսել նրա ներկայացրած բոլոր փաստարկները: Առաջինը նրան չհաջողվեց, սակայն փաստարկները չգնահատեց անգամ այն դեպքում, երբ կրկին անգամ Լոռու մարզպետարանի ներկայացուցիչը դատարանում պնդեց, որ 2000թ.-ի համար մարզպետարանը պետական բյուջեից համապատասխան գումարներ չի ստացել ու նախապես պլանավորված եւ ճանապարհի անվտանգ երթեւեկության համար նախապես հաշվարկված աշխատանքներ, այդ թվում հենապատերի կառուցում չի կատարվել: Փաստորեն, պատասխանողն ընդունեց, որ ճանապարհի սպասարկումը, ներառյալ հենապատի կառուցումը Լոռու մարզպետարանի պարտականությունների մեջ են մտնում եւ պետք է հենապատեր կառուցեր, սակայն... Եթե մարզպետարանը հենապատ չէր էլ կարող կառուցել, ապա հենապատում պրոֆիլակտիկ աշխատանքներ կարող էր կատարել, ինչպես իրենք ասացին դատարանում` թուլացած քարերը պետք է հանեին: ՀՀ Քաղ. օր-ի 1063 հոդվածի համաձայն «Վնասը ենթակա է հատուցման քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ոչ միայն ապօրինի գործողություններով, այլեւ անգործությամբ պատճառվելու դեպքում»: 

Այս օրինակով դատարանը հաստատեց, որ դատական իշխանությունը ոչ թե տարանջատված, այլ սերտաճած է իշխանության մյուս ճյուղերի հետ, տվյալ դեպքում գործադիրի: Լոռու մարզպետ Հ. Քոչինյանի ստորագրությամբ ներկայացված բողոքն արդեն այնքան պատկառազդու է, որ դատարանը չի կարող մերժել նրան: Մի պահ ուզում ենք պատկերացնել, որ մարզպետարանն է քաղաքացուց փոխհատուցումը պահանջում, արդյոք դատարանը նրա աղքատությունը պատճառ կբերե՞ր պահանջը մերժելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter