HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարութ Հովսեփյան. «Հայաստանն էն երկիրը չի, որտեղ մի ստեղծագործությամբ կարող ես հեղափոխություն անել»

Մարգարիտա Ղազարյան

Պուշկինի 4 հասցեում՝ հին դռների ու կիսաքանդ շենքերի խորքում մշակութային տուն է թաքնված: Միայն դալանի մուտքի մոտ, ասֆալտի գրությունից եմ հասկանում, որ իմ փնտրած տեղում եմ: Անցնում եմ աստիճանի կողքի նեղ արանքով, որտեղ պատերին տարբեր գրություններ ու պատկերներ են, ապա նկատում եմ առաստաղին ամրացված աթոռը, արվեստի տարբեր գործեր. ամեն ինչ հուշում է՝ «Նոր արվեստանոցում»:

Մեկ տարի առաջ՝ 2016-ին, երեք երիտասարդների՝ Հարութ Հովսեփյանի, Երանուհի Մանուկյանի, Ստեփան Ավետիսյանի և նրանց ընկերների ջանքերով ստեղծված «Նոր արվեստանոց»-ը մշակութային կենտրոն է, որ միավորում է արվեստագետ և արվեստով հետաքրքրված երիտասարդներին:

Հիմնադիր երեք երիտասարդներից երկուսի մասնագիտությունն արվեստի հետ կապ չունի. Երանուհին հաղորդակցության հմտությունների մասնագետ է, Ստեփանը՝ ծրագրավող: Միայն Հարութն է նկարիչ: Նա էլ հենց պատմեց արվեստանոցի ստեղծման ու հետագա գործունեության մասին:

«Որոշեցինք, որ կարելի է միտքը գործ դարձնել»

Մի տարի է՝ գործում ենք որպես նոր արվեստանոց, նոր մշակութային կենտրոն, որպես երիտասարդների համախմբման փոքր օջախ:

Գաղափարը կար մինչև արվեստանոցը ստեղծելը: Մեր նկարիչ, քանդակագործ ընկերների, մասնավորապես՝ Սուրեն Խարազյանի, Գրիգոր Եղիազարյանի, Մեսրոպ Սարգսյանի, Սմբատ Մանուկյանի ու իմ ջանքերով այն գործում էր որպես հենց ուղղակի արվեստանոց, բայց Երանուհի Մանուկյանի ու Ստեփան Ավետիսյանի օգնությամբ ծնվեց այս գաղափարը:

Համատեղ ուժերով, խելք խելքի տված` հասկացանք, որ կարելի է ծրագրեր մշակել ու դառնալ երիտասարդների համար մի կենտրոն, որտեղ նոր գաղափարներ կծնվեն, կիրագործվեն ու, ամենակարևորը, կլինի ընկերական միջավայր: Այսինքն՝ արվեստանոց, միջավայր, որտեղ երիտասարդները միասին ընկերություն կանեն:

«Նոր արվեստանոց»-ը ծնվեց երկար բանավեճերի արդյունքում

Բանավեճը միշտ այն էր, թե անհատը կարո՞ղ է միայնակ կայանալ որպես արվեստագետ, թե՞ ոչ: Մեկն ասում էր`կարող է, մյուսն ասում էր՝ չէ,  պետք է համախմբվել:

Արվեստագետները երբ համախմբվում են, ու արվեստի բոլոր ճյուղերն են իրար հետ աշխատում, գաղափարն ավելի իրագործելի է դառնում. շատ ավելի հզոր հարված կարող ես տալ մշակութային առումով, աշխարհում ավելի մրցունակ կարող ես լինել, քան որպես անհատ: Անհատն ինքն իրենով, մեն-մենակ չի կարող. հասարակությունը, միջավայրը, ընկերները, բարեկամները, բոլորը նպաստում են նրա կայացմանը: Իսկ երբ տարբեր մասնագիտություն ունեցող արվեստագետները, մանավանդ երիտասարդներն իրար հետ են, մեկը մեկին կարող են լրացնել: Օրինակ` նկարչին կարող է լրացնել ճարտարապետը, նկարիչը կարող է լրացնել երաժշտին, երաժիշտը՝ քանդակագործին, քանդակագործը՝ ճարտարապետին և այդպես շարունակ:

Հայաստանն էն երկիրը չի, որտեղ մի ստեղծագործությամբ կարող ես հեղափոխություն անել՝ գաղափարարական: Ասենք` Ֆրանսիան չի, որտեղ Ռոդենի քանդակը կարող էր հեղափոխության սիմվոլ լինել: Այստեղ մենք գաղափարի, միասին լինելու, մեկս մեկին լրացնելու, օգնելու խնդիր ունենք, որը չկա այսօր, բացակայում է:

Եթե մենք գաղափարը վերցնելիս ինչ-որ բանից ազդվել ենք, միանշանակ Թումանյանի «Վերնատունն» է, ուրիշ ոչինչ :

Հիմնական գաղափարն այն էր, որ Թումանյանի «Վերնատունը» երբ կար, հավաքվեցին գիգանտները, և այն իր արդյունքը տվեց: Որպես անհատներ Թումանյանը, Կոմիտասը, Իսահակյանը, Թերլեմեզյանը, Սուրենյանցը ու մնացած բոլորը հանճար են, բայց երբ նրանք 20-րդ դարում ոսկեդար կերտեցին, այդ մտավորական հիմնական ուժը եկավ հենց «Վերնատնից», այսինքն` համախմբված լինելուց:

«Նոր արվեստանոց»-ը ստեղծելիս մենք չենք հետաքրքրվել, տեսնենք՝ այսինչ բանը կա, մենք չանենք կամ այսինչ բանը կա, եկեք կրկնօրինակենք: Ի սկզբանե դա չի եղել, չկա ու չի էլ գործելու: Այն, ինչ մենք անում ենք, մեր երեքի միտքն է, մեր ընկերների միտքն է:

Ոչ թե ձգտում կա նմանվելու ինչ-որ մեկին, այլ վերցնելու այն լավը, որ եղել է, դրա վրա կառուցել նորը, բայց կառուցել ճիշտ եւ անկեղծ:

Պիկասոն լավ խոսք ունի, ասում է՝ ես հո հիմա՞ր չեմ նորից հեծանիվ հորինեմ, արդեն հեծանիվը կա, ես դրա վրա կկառուցեմ էլ ավելի լավը, ավելի հարմարը: Դրա մասին է խոսքը: Այսինքն` Կոմիտասը, Թումանյանը բազան տվել են, հիմքը դրել են: Ոչ թե նայենք, թե իրենք ինչի են հասել որպես անհատ, դա արդեն յուրաքանչյուրի ընտրությունն է՝ ինքը ումից կոգեշնչվի, այլ ընդհանուր գաղափարին՝ համախմբված լինելու գաղափարին: Իսկ այսօր էդ բացթողումը կա հայկական մշակույթում:

Տարեցներին թողնենք՝ կլինեն կայացած նկարիչ կամ չակերտավոր կայացած արվեստագետ, նրանց թողնենք մի կողմ: Խոսքս երիտասարդների մասին է: Երիտասարդների շրջանում այսօր ակնհայտ է փոքր, նեղ շրջապատներով կամ անհատապես հանդես գալը:  Անհատապես հանդես գալու ձգտումը մեծ է. դա ցանկացած արվեստագետի մոտ կա,  բայց եթե նրանք միասնական լինեն, այդ կոլեկտիվը մաղելու է ու ամեն մեկին իր տեղն է դնելու՝ էս մեկը կմնա որպես նկարիչ, էս մեկը կմնա որպես քանդակագործ, էս ճարտարապետը՝ չէ, դուրս մնաց, էն մյուսը եկավ: Կոլեկտիվն է ստեղծում թելադրող ուժ: Եթե մենք վաղվա մտավորականներն ենք, շարժիչ ուժն ենք, չէ, գաղափարապես: Եթե ցրված լինենք ու գործենք որպես անհատ, հնարավոր է՝ չկարողանանք այդքան շատ պայքարել:

Մենք իսկական արվեստ ենք ուզում: Միջոցառումներ շատ են կազմակերպվում, բայց դրանք ինչ-որ ուղղվածություն ունեն, որ ինչ-որ բան պրոպագանդում են: Մենք դա չենք ուզում: Ուզում ենք  երիտասարդին հնարավորություն տալ: Բոլորս միասին մենք մեզ հնարավորություն տանք: Եթե այսօր երիտասարդներին ինչ-որ բանով չեն աջակցում կամ աջակցում են, մենք ինքներս կարող ենք դա ստեղծել: Այս մի տարվա ընթացքում շատ մարդկանց համոզել ենք ու ապացուցել, որ երբ կա սեր գործիդ հանդեպ, երբ կա գաղափարդ առաջ տանելու ճիշտ մոտեցում, ոչ թե ինչ-որ հետին մտքեր, փողն այդքան էլ նշանակություն չունի: Իհարկե, երբ կա փող, շատ ավելի հեշտ կարող ես էդ ամենը անել, ավելի շատ մարդկանց կընդգրկես, բայց երբ չկա, էդ ժամանակ քո մոտ են գալիս էն արվեստագետները, էն երիտասարդները, որոնք իրականում անկեղծ են, փողի ձգտում չունեն, հավատում են, որ մի բան կարող է փոխվել: Դու երիտասարդ ես, դու կարող ես, որովհետև շատ ավելի բան ես տեսել: Դու ծնվել ես էն Հայաստանում, որն ազատ է եղել, դու շրջանակի մեջ չես եղել: Սովետը քեզ իր հասարակարգը չի պարտադրել: Գուցե իմ ու քո ծնողները «ռամկեքի» մեջ են եղել ու հնարավոր է՝ շարունակում են, բայց, ինչքան էլ դժվար է, մենք՝ երիտասարդներս, պայքարող ենք. մեր հոգին, մեր էությունը հեղափոխական է, իսկ ավելի տարիքով մարդիկ ավելի պահպանողական են՝ սա կա, արի պահպանենք: Բայց ի՞նչը պահպանենք, չեղած ի՞նչը պահպանենք, արի՛ մենք ստեղծենք:

Հայաստանի ապագան ամբողջությամբ երիտասարդների ձեռքերում է: Մենք շեշտում ենք, որ երիտասարդներ ենք, որ կանք, բայց տարիքային սահմանափակում չենք դնում: Եղել է, որ չակերտավոր արվեստագետները եկել են ինչ-որ խորհրդով ու կորել-գնացել են՝ «Մենք  կուզենանք էսինչը անենք, դուք լավ գործ եք անում, մենք պետք է աջակցենք», բայց իրենք չկան, կորել են, ու կան լուրջ, կայացած արվեստագետներ՝ առանց չակերտների, որ կարող են քիթը ցից ման գալ, հասել են ինչ-որ աստիճանի, բայց նրանք այսօր մեր ընկերներն են: Նրանք շատ են նպաստում մեր գործունեությանը անգամ իրենց այստեղ գալով: Օրինակ` վերջերս Հայաստան ժամանած օպերային երգիչ Ադամ Բարրոն, որը Ֆրանսիայում ստեղծագործող արվեստագետ է, օպերային երգիչ, այսօր դարձել է մեր ամենամտերիմ ընկերներից մեկը, ով և՛ խորհուրդներով, և՛ տեղեկություն տարածելով աջակցում է մեզ: Նա, որ երգում է աշխարհի ուժեղագույն բեմերում, օպերաներում, մենք պատիվ ունեցել ենք, որ մեզ մոտ երգի: Այսինքն` կան կայացած արվեստագետներ, որ տարիքով մեծ են, բայց մեզ հետ երիտասարդ են: Իրենք հավատում են մեզ, մեր գաղափարին, որովհետև գուցե իրենց ժամանակ դա չի եղել կամ եղել է, հետո չի գործել, զգում են դրա անհրաժեշությունը:

Մեզ շատ են ասում՝ նորմալ ցուցասրահ ունեք, կարող եք գումար աշխատել, ինչու՞ չեք անում:

Այստեղ հոգի կա, «աուրա» կա, մթնոլորտը շատ լավն է, կարող ես ցուցադրվել: Շատ պատկերասրահներ կան, որ կամ էս հնարավորությունը չունեն, կամ վաճառքի համար են, որտեղ չկա «աուրա»՝ մենակ պատերն են, ու լուրջ գործեր են ցուցադրվում՝ հիմնականում մի քանի նկարիչների: Մեզ հարց են տալիս՝ դուք կարող եք սրանով փող աշխատել, ինչու՞ չեք անում: Դա նրանից է, որ իմ ընկերները նույն պատճառով Հայաստանից հեռացել են: Իմ տաղանդավոր ընկերները այսօր Ռուսաստանում են սովորում: Բայց այնտեղ իրենց տեղ են տալիս, նրանք ցուցահանդեսների, մրցույթների են մասնակցում:

Ենթադրենք՝ ես ուսանող եմ , չեմ կարողանում աշխատել, բայց տաղանդավոր եմ ու ուզում եմ ցուցադրություն անել: Իսկ ցուցադրվելու համար գումար է պետք: Ցուցահանդեսների համար սահմանված գումարը ես որեղի՞ց տամ: Իհարկե, վճարման համակարգը բոլոր տեղերում կա, բայց այնտեղ, օրինակ, երբ ես ու իմ ընկերները ընդամենը մի ամիս էր, ինչ գնացել էինք, արդեն պատկերասրահի հետ էինք աշխատում: Մենք սկսնակ էինք, մենք ո՞վ էինք, բայց իրենք նայում էին ոչ թե մեր ով լինելուն, այլ մեր գործին, ձեռքի աշխատանքին: Ու հիմա հարցնում են՝ ինչու՞ եք ցուցասրահն անվճար տրամադրում… Որովհետև ես և իմ ընկերներն այնքան գումար չունեինք, որ այստեղ ցուցահանդես դնեինք, երբ դու դրա միջով անցնում ես, ու հիմա տեսնում քո նման շատերին, հասկանում ես էդ մարդկանց. չես կարող ասել՝ այսօր ես հնարավորություն ունեմ, ինձ հետ էդպես էին վարվում, սպասի ես էլ էդպես վարվեմ:

«Մենք չենք ուզում փող աշխատել, մենք ուզում ենք, որ ծնված գաղափարն ապրի»

Միշտ ասել ենք ու ասում ենք՝ մենք ուզում ենք բոլոր երիտասարդներն ընկերություն անեն, կապ չունի՝ արվեստագետ է, արվեստի ոլորտից է, թե ուղղակի արվեստասեր: Իմ ընկերների հետ էս հնարավորությունը ստեղծել ենք սեփական միջոցներով, մեկը սա է վերանորոգել, մյուսը մի տեղից ճարած մի քիչ ներկ է բերել, բայց այսօր էս հնարավորությունը կա: Ես կարող եմ այստեղ ցուցահանդես կազմակերպել, հիմա ինձ համար ի՞նչ տարբերություն` այստեղ կցուցադրվեմ, թե ուրիշ հայտնի ցուցասրահում: Եթե ինչ-որ մեկն իմ արհեստը, իմ արվեստը գնահատում է, գալու է իմ ցուցահանդեսին:  

Լուսանկարները՝ «Նոր արվեստանոցի» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter