HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Բռնություններ լրագրողների նկատմամբ

Վերջին տարիներին Հայաստանում խոսքի ազատության մասին խոսելիս մենք արձանագրում էինք, որ լրագրողների նկատմամբ զանգվածային բռնությունների կիրառման ժամանակները մնացել են ետեւում, եւ հիմա մամուլի դեմ պայքարը տարվում է, այսպես կոչված, օրենսդրության շրջանակներում: Սակայն ապրիլի 5-ին «Ազգային միաբանություն» կուսակցության /ղեկավար` Արտաշես Գեղամյան/ կազմակերպած հանրահավաքը լուսաբանող լրագրողների դեմ կատարված ոտնձգությունները ցույց են տալիս, որ ոչինչ չի փոխվել, եւ այսօր լրագրողն իր մասնագիտական պարտքը կատարելիս նույնքան անպաշտպան է, որքան 9-10 տարի առաջ էր: 

Դեռեւս ապրիլի 5-ի առավոտյան, հանրահավաքից առաջ «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գեւորգյանին իրավապահները փորձել են խանգարել լուսանկարել Աշտարակից Երեւան տանող փակ ճանապարհը. «Մոտավորապես ժամը 12-ի կողմերը մենք գնացինք նկարելու, թե ոնց են ոստիկաննեը փակել Աշտարակի ճանապարհը: Մոտ 25-30 ոստիկան կար: Մեր նկարելու պահին մի ոստիկան մոտեցավ ու «կախվեց» լուսանկարչական ապարատից: Մենք էլ (ես ու մեր աշխատողներից մեկը), իհարկե, համապատասխան ֆիզիկական դիմադրություն ցուցաբերեցինք: Այդ ոստիկանը անակնկալի եկավ, ասաց` կկալանավորեմ: Մեզ բերման ենթարկեցին Աշտարակի ոստիկանություն: Այնտեղ զրուցեցինք իրավապահ Կարապետյանի հետ, բացատրեցինք ՀՀ Սահմանադրության դրույթները, մոտավորապես 1 ժամ մեզ պահեցին: Շատ հանգիստ զրուցել ենք, շատ հանգիստ էլ բաց են թողել, ուղղակի տհաճ էր, որ մի ժամ էնտեղ մնացինք` շտապում էինք»:

Հայկը գուցե չշտապեր, եթե իմանար, որ հանրահավաքի ժամանակ կորցնելու է իր թերթի համար այնքան կենսական ֆոտոխցիկը: 

Արտաշես Գեղամյանի հանրահավաքն ուղեկցվել է Գյումրիում համանման մի հանդիպման ժամանակ արդեն փորձարկված «ձվանետումներով»:

«Այդ ցույցի մասին ռեպորտաժ անելը հանձնարարված էր ինձ: Արտաշես Գեղամյանի ելույթի մի պահին` ժամը 16:00-ի մեձակայքում, Նաիրի կինոթատրոնի կողմից սկսեցին ձվեր նետել: Սկզբից լուրեր տարածվեցին, թե հենց կինոթատրոնից է, Գեղամյանն էլ ասաց, որ դա կլանի օբյեկտն է, դիտմամբ են անում, որ ապակիներ ջարդվեն ու ասեն` անկարգություններ են եղել: Բայց Նաիրի կինոթատրոնի պատուհաններից մեկից մի տղա մատով ցույց տվեց, որ տեսեք էնտեղ են` ներքեւում: Ընդ որում` նրանք չէին էլ հեռանում, շարունակում էին, ինչ-որ պայթուցիկ էլ պայթեցրին, երբ որ հանրահավաքի մարդիկ վրդովվեցին, թե ինչու եք էդպես անում: Մի քանի լրագրողներով` «Արմինֆո»-ի թղթակիցն էր եւ այլոք, մոտեցանք, որ տեսնենք, թե ովքեր են այդ, ինչպես Երեւանի ոստիկանապետը հետագայում բնորոշեց, «հակադիր կարծիքներ» արտահայտողները: Հակադիր կածիքներ արտահայտողները, ինչպես բազմիցս ասվել է, երիտասարդներ էին` վզի բավական լայն դիամետրով, սափրած գլուխներով, սեւ ակնոցներով, մարզական կամ կաշվե հագուստով: Նրանք իրենց կարգի հրավիրելու փորձերին շատ, մեղմ ասած, կոպիտ էին արձագանքում` հայհոյում էին, հրում անգամ ծեր կանանց: Լրագրողները սկսեցին այդ ամենը նկարել: Տեսնելով, որ ֆոտոխցիկներն արդեն ֆիքսել են` հանրահավաքից առանձնացան, սկսեցին շարժվել դեպի Մատենադարան: Ու այդտեղ շուրջ երկու տասնյակի հասնող այդ խմբավորումը մասերի բաժանվեց: 2-3 հոգով սկսեցին հարձակվել լրագրողների վրա. ծառին խփելով ջարդեցին տեսախցիկը, գետնին խփելով` լուսանկարչական սարքը»,- նկարագրում է «Առավոտ» թերթի թղթակից Աննա Իսրայելյանը:

«Ես մի քիչ ուշացումով գնացի հանրահավաքը նկարելու: Ժողովրդի միջով մի կերպ մոտեցա: Մի քանի մետր էի հեռու այնտեղից, որտեղ խոսում էր Գեղամյանը: Մարդիկ իմ ուշադրությունը ուղղեցին դեպի մի օպերատորը, որը նկարում էր Նաիրի կինոթատրոնի վերեւից: Մի քանի րոպե հետո մարդիկ սկսեցին խոսել, որ ձվեր են շպրտում: Ես ենթադրեցի, որ վերեւի պատուհանից են ձվեր շպրտում, բայց հետո ասացին, որ` չէ: Ինչպես հավաքվածներն էին նկարագրում` ոստիկանների կողմից: Ես ուզեցի գնալ ու նկարել մարդկանց, ովքեր ձու են շպրտել: Քայլերս ուղղեցի դեպի Նաիրի կինոթատրոն: Այնտեղ մի խումբ «հսկա» տղաներ էին, ոմանք սափրած գլուխներով, մի ծեր կին էլ հանդիմանում էր նրանց: Նրանցից մեկը գնաց, հետո մի քանի մետր այն կողմ ինչ-որ բան կատարվեց, որը գրավեց բոլորի ուշադրությունը: Հետո բողոքողներից մեկը բռնեց իմ արմունկից ու պահանջեց գնալ ու նկարել այնտեղ կատարվող իրադարձությունները: Մի քիչ այն կողմ ես տեսա մի կնոջ (ես ենթադրում եմ, որ ժուռնալիստ), որը գետնից հավաքում էր իր ապարատի մասերը»,- պատմում է «Հետք» էլեկտրոնային թերթի լուսանկարիչ Օնիկ Գրիգորյանը:

Լրագրողները փորձել են նկարել հանրահավաքի մասնակիցների եւ նրանց վրա ձու նետողների վիճաբանությունը, սակայն հանդիպել են դիմադրության: «Հսկա» տղաները, որ լրագրողների մեծ մասի վկայությամբ թիկնապահների արտաքին ունեին, կոտրել են երեք` «Կենտրոն», «Հայ TV» եւ Հանրային հեռուստաընկերությունների տեսախցիկները, «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի լրագրողների լուսանկարչական ապարատները, իսկ «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Էդվարդ Պետրոսյանից տեսախցիկը կոտրելու սպառնալիքի տակ խլել են տեսաերիզը: Քաշքշուկի ընթացքում կոտրվել է Էդվարդ Պետրոսյանի բջջային հեռախոսը:

«Երբ Նաիրի կինոթատրոնի մոտ իրարանցումը սկսվեց, ես հակառակ կողմում էի: Ժողովրդի միջով մինչեւ վազելով անցա` ձու շպրտող խումբն արդեն անցել էր դեպի Մատենադարան տանող ճանապարհի կողմը: Տեսա, որ «Հայլուր»-ի ու կարծեմ «Կենտրոն»-ի տեսախցիկները ջարդված էին: Ես հասա էն պահին, որ մի թվանշային փոքր տեսախցիկ խփում էին գետնին: Այդ խփելու պրոցեսն էի նկարում, հետո նկարեցի բոլորի դեմքերը: Նրանք արտառոց նմանությամբ` հաստավիզ, ճաղատ, «հզոր» կազմվածքով տղերք էին: Վերեւ պահած նկարում էի, նրանք կախվեցին ապարատից: Այդ պահին նրանք շեղվեցին մեկ ուրիշի վրա, ես արդեն չէի նկատում` ում վրա: Իմ մոտ մնացին 2-ը: Քաշքշում էին ապարատը, բայց քանի որ լարը փաթաթած էր մատիս, դժվար էր քաշել վերցնելը: Հետո էդ ապարատը աչքիս առաջ «հալվեց», էնքան ձեռք կար էդ ապարատի վրա, որ դետալ առ դետալ պոկվեց ու տենց քաշեցին գցեցին գետնին: Ես ուզեցի միջի չիպը վերցնել գետնից, բայց իրենք տեսան, որ ես ինչ-որ մաս եմ փնտրում ու ապարատի բոլոր մասերը հավաքեցին: Կողքս կանգնած էր «Առավոտ»-ի Աննան, ես մտածեցի, որ հետո կարող է ապացույցներ պետք լինեն ու Աննային ասացի` նկարի գետնին գցած ապարատը: Աննան նկարեց ու այդ պահին սրանք հասան Աննայի վրա` քաշեցին, գցեցին ու Աննայի ապարատն էլ գցեցին գետնին: Էդտեղ ժողովուրդը սկսեց հայհոյել, բայց իրենք իրենց գործն էին անում», - շարունակում է պատմել ականատես-լրագրող Հայկ Գեւորգյանը: Բացի լրագրողների տեսա- եւ ֆոտոխցիկները կոտրելուց, «հսկա տղաները», որոնք ակնհայտորեն անկարգություններ հրահրելու դիտավորություն են ունեցել, հարվածել են նրանց:

«Իրադարձություններն այնքան էլ պարզ չեն ինձ համար: Ես տեսա մի մարդու, որ կանգնած էր Նաիրի կինոթատրոնի մոտ եւ խփում էր այն մարդուն, ով իմ ձեռքից բռնեց ու ուղղորդեց ինձ: Հետո հիշում եմ, որ անգլերենով ինչ-որ բաներ ասացի, ցույց էի տալիս իմ լրագրողի անցաթուղթը, ուզում էի խփողներին հասկացնել, որ ես օտարերկրյա ժուռնալիստ եմ: Ամեն դեպքում, դա մի փոքր ազդեցություն ունեցավ: Այդ նույն մարդը խփեց իմ դեմքին եւ ես ընկա գետնին: Բոլորից շատ անհանգստացա իմ ապարատի համար: Մարդիկ ինձ բարձրացրին գետնից եւ զգուշացրին, որ պահեմ ապարատս, որ նրանք գետնով չտան»,- ասում է Օնիկ Գրիգորյանը:

«Ես ընդամենը Հայկի` գետնին շաղ տված ապարատի մասերն էի ուզում նկարել (նրանց դեմքերն ավելի շուտ էի նկարել): Մեկ էլ էդ բուղաներից մեկը եկավ հարձակվեց վրաս, կոպիտ հայհոյելով ասաց` չասացինք, որ չնկարեք: Խփելով կրծքավանդակիս` գցեց գետնին: Ինձ համար ամենազարմանալին այն էր, որ իմ ապարատը հետո վերադրաձրեց: Ոմանք նկատել էին, որ նրանք ականջակալներով են ու գուցե նրանց ուղղորդում էին: Հնարավոր է` ինչ-որ տեղից հսկում էին նրանց գործողությունները, ու նրանք ինձ ճանաչել էին ու ասել, որ վերադարձնեն, չգիտեմ: Ասենք` Հայկին չթողեցին անգամ մի մաս վերցնի գետնից, իսկ իմ ապարատը, ճիշտ է` օբյեկտիվը ջարդած, վնասված, բայց տվեցին»,- մանրամասնում է Աննա Իսրայելյանը:

Լրագրողների հետ այս հաշվեհարդարը կատարվել է իրավապահ մարմինների լուռ համաձայնությամբ: «Մի քանի մետր այն կողմ ոստիկանները կանգնած էին: Ես մոտեցա նրանց, ասացի` ինչու՞ չեք աշխատում, ինչու՞ չեք միջամտում, ինչու՞ չեք պաշտպանում օրենքը, երբ ժուռնալիստների դեմ բռնություն է կատարվում: Ոստիկանն ուղղակի քայլեց այն կողմ: Ես հիշում եմ մի ոստիկանի, որին բացատրեցի, որ ես բրիտանացի լրագրող եմ եւ դուք պետք է պաշտպանեք ինձ: Նա ինձ ասաց, որ դիմեմ Բրիտանիայի դեսպանատուն: 10-15 րոպե հետո ես շարժվում էի ամբոխի մյուս կողմը. ես իմ ապահովության համար որոշեցի հեռու մնալ այդ տղաներից, քանի որ մարդիկ վստահ էին, որ ոստիկանները չեն միջամտի»,- նշում է «Հետք»-ի լուսանկարիչը:

«Հայկական ժամանակ»-ի թղթակից Հայկ Գեւորգյանը եւս հաստատում է, որ ոստիկանները միտումնավոր չեն կանխել բռնությունները. «Այդ տղաները շատ վստահ էին իրենց վրա: Նրանց երկու կողմից էլ կանգնած էին քաղաքացիական հագուստներով ոստիկաններ ու ոչ ցածր պաշտոնի (ես սա հետո իմացա, որովհետեւ ժողովուրդը ճանաչեց. ասում էին` էս մեր քրեականի պետն է, էս չգիտեմ ով է...): Իսկ 6-7 մետր այն կողմ կանգնած էին համազգեստով ոստիկաններ, որոնք իրենց չէին տարբերում ստահակներից ու հանգիստ կանգնած էին: Գնացել եմ, ասում եմ, որ սենց-սենց բան եղավ, հիմա ես իմ կոտրված ապարատը ումից պիտի ուզեմ, ասում է` իսկականի՞ց, որտե՞ղ տենց բան եղավ»:

Ոստիկանների այս անտարբեր պահվածքի վերաբերյալ լրագրողների դիտարկումները մեկնաբանելով` ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը ապրիլի 6-ին տրված մամուլի ասուլիսում ասաց. «Ոստիկանության աշխատակիցները հրահանգ էին ստացել հանրահավաքի ընթացքին միջամտել միայն ծայրահեղ դեպքում»: Այս միտքը նույնությամբ ապրիլի 8-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կրկնեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ասվածից կարելի է հասկանալ, որ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները Երեւանի ոստիկանության վարչության պետն ու ՀՀ նախագահը «ծայրահեղ դեպք» չեն համարում:

«Չարտոնված հանրահավաքի ընթացքում մեզ հասած տեղեկությամբ եղել են հակադիր կարծիքներ ունեցող քաղաքացիների ընդհարման եւ վիճաբանության առանձին դեպքեր, ինչը անխուսափելի է նման պայմաններում: Ոստիկանության աշխատակիցներին տեղում բանավոր դիմել են լրագրողներ, որ այդ վիճաբանության ընթացքում վնասվել են իրենց տեսախցիկները: Իմ կողմից ոստիկանության Կենտրոնական բաժնին հրահանգավել է փաստի առթիվ նախապատրաստել նյութեր` հանգամանքները եւ մասնակիցներին ճշտելու համար»,- ասել է Ներսես Նազարյանը:

Ոստիկանությունն, ի դեպ, չէր շտապում բացահայտել լրագրողների դեմ ոտնձություններ կատարողներին: Ապրիլի 6-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնի քրեական բաժնի պետ Արշակ Կարապետյանն «Ազգ» օրաթերթին հայտարարել է. «Ընդհանուր խառնաշփոթի ժամանակ միգուցե պատահմամբ կպել են օպերատորին, եւ տեսախցիկը վայր է ընկել ու կոտրվել, դրա համար քրեական գործ չեն հարուցում: Առայժմ մեզ ոչ ոք չի դիմել, երբ կդիմեն` կորոշենք, հետաքննության նյութերով կզբաղվենք»:

Հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն քրեական գործ հարուցելու հիմք կարող են լինել լրատվության միջոցների հաղորդումները: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ լրագրողները գրավոր դիմեն ոստիկանություն կամ դատախազություն:

Իսկ լրատվության միջոցները, մասնավորապես «Կենտրոն» հեռուստաընկերությունը, հենց իրադարձության օրն իր եթերում ցուցադրելով կադրերը, որտեղ «ձու նետողներից մեկը» հարվածում է հեռուստաընկերության օպերատորին եւ խլում նրա ձեռքից տեսախցիկը, հետո այն հարվածելով ծառին` ջարդում, հայտարարեց, որ դա իր պաշտոնական հաղորդագրությունն է հանցագործության մասին եւ իրավապահ մարմիններից պահանջեց անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մեղավորներին բացահայտելու համար:

Նման տեսանյութ եթեր է հեռարձակել նաեւ Հանրային հեռուստաընկերությունը. «Մենք սյուժե ենք պատրաստել եւ եթեր հեռարձակել, եւ դա համարում ենք պաշտոնական հաղորդագրություն կատարված փաստի մասին: Գրավոր չենք պատրաստվում դիմել»,- ասում է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը: Փաստի մասին հաղորդագրություններով հանդես են եկել նաեւ «Հայկական ժամանակ» եւ «Առավոտ» օրաթերթերը: 

Ապրիլի 8-ին ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել հանրահավաքում տեղի ունեցած անկարգությունների եւ ոչ թե լրագրողների դեմ կոնկրետ մարդկանց կողմից կատարված բռնությունների առիթով: «Դեպքը երկուշաբթի է տեղի ունեցել, բայց հինգշաբթի նոր գործ են բացել ու հարցաքննում են: Այն բանից հետո, երբ խառնվեցին միջազգային կազմակերպությունները, նոր մեր ոստիկանությունն արձագանքեց տեղի ունեցածին. քրեական գործ բացվեց, մեզ ճանաչեցին տուժող: Բայց հիմա էլ խոսում են, որ դա ընդամենը խուլիգանություն էր, հատուցման մասին խոսք լինել չի կարող»,- ասում է Աննա Իսրայելյանը: «Չգիտեմ` ինչ ակնկալենք. մեկին կբռնեն, կասեն Գեղամյանի կողմանկից է... ինչ-որ թատրոն գուցե եւ լինի, ու գուցե փոխհատուցում էլ լինի տեխնիկայի համար: Չգիտեմ, բայց լրիվ իրական տարբերակ է, որ ընդհանրապես ոչինչ չլինի: Եթե քննություն լինի էլ, հաստատ անաչառ ու օբյեկտիվ չի լինի», - կարծում է Հայկ Գեւորգյանը:

Իրականում ոստիկանության համար շատ հեշտ է բացահայտել մեղավորներին, որովհետեւ «Կենտրոն» հեռուստաընկերությունը ոստիկանությանն է հանձնել դեպքի փաստացի արձանագրություն հանդիսացող իր տեսաերիզը, «Առավոտ»-ը երկու անգամ տպագրել է այն մարդու նկարը, ով հարվածել է լրագրող Աննա Իսրայելյանին եւ կոտրել նրա ֆոտոխցիկը, Հայկ Գեւորգյանն ասում է, որ հստակ կճանաչի նրան, «ով կանգնած էր անմիջապես դիմացս ու ուզում էր ապարատը քաշել, դեմքը լավ հիշում եմ»:

Թե ինչու լրագրողների նկատմամբ կիրառվեցին այս բռնությունները, միանշանակ պատասխանելը դժվար է: «Ինձ թվում է` լրագրողների պահով իրենք վերահսկողությունից դուրս եկան: Հրամայել էին ձվեր շպրտել, իրարանցում ստեղծել, որ ժողովուրդը հարձակվի, իրենք էլ ձերբակալեն: Երեւի բաց էին թողել մի դետալ, որ հնարավոր է լրագրողները նկարեն իրենց դեմքերը: Երեւի այդ ժամանակ չնախատեսված գործողություններ եղան», - կարծում է Հայկ Գեւորգյանը: 

«Ազգային միաբանության» հանդիպման օրը թե ինչու պատահեց այս ամենը եւ ուղղվեց լրագրողների դեմ, ինձ համար անհասկանալի է: Չգիտեմ, արդյո՞ք նրա համար, որ նախապես ծրագրված էր լրագրողների դեմ կամ սադրանք էր «Հայլուր»-ի դեմ. էս դեպքում ինչի՞ էին էդպես ոչ պրոֆեսիոնալ ու ուրիշ ապարատներ էլ ջարդեցին: Գուցե սա պլանավորել էր կառավարությունը մեծ աղմուկ հանելու համար, չգիտեմ: Մենք նախապես ենթադրել էինք, որ միտինգի ղեկավարները կձերբակալվեն: Բայց չէինք նախատեսել, որ ամեն ինչ ուղղված կլինի լրագրողների դեմ... չգիտեինք: Սրանից մի բան է պարզ, որ ամենախոցելի խավը լրագրողներն են: Այն լրագրողները« որոնք կատարում էին իրենց պրոֆեսիոնալ պարտքը ու հանկարծ խլում են լրագրողի աշխատանքի գործիքները: Սա շատ մտահոգիչ է եւ առաջին դեպքը չէ: Ես առաջին հերթին մեղադրում եմ լրագրողներին եւ լրատվամիջոցների խմբագիրներին` ինձ էլ: Մենք չենք ստեղծել մի մարմին: Անկախ յուրաքանչյուրիս քաղաքական հայացքներից, անկախ հովանավորներից, մենք կարող էինք մի հարցում համաձայնության գալ եւ ապահովել լրագրողի աշխատանքը: Մենք մի մարմին ստեղծել ենք, որը կոչվում է «Լրագրողների ասոցիացիա», պետք է այն ակտիվացնենք եւ տանք այսօրվա պարտականությունները, որպեսզի մեր բոլորի շահերը պաշտպանվեն»,-ասում է «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը: 

Իրավացի է Հակոբ Ավետիքյանը, երբ մեղադրում է լրագրողներին: Իրականում լրագրողների նկատմամբ այդ բռնությունները հետեւանք են այն բանի, որ նրանք ոչ հասարակության, ոչ իշխանությունների եւ ոչ ընդդիմության մոտ հարգանք եւ հեղինակություն չեն վայելում իբրեւ հասարակությանը օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու կոչված «առաքյալներ»:

Ապրիլի 5-ին թե հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները, թե հաջորդ օրը որոշ, մասնավորապես պաշտոնական եւ իշխանամետ թերթերի հրապարակումներն այս առումով տխուր խորհրդածությունների առիթ են տալիս: Թվում էր` լրագրողների հետ տեղի ունեցածը պետք է գրավեր թերթերի առաջին էջերը եւ հեռուստաընկերությունների նորությունների թողարկումների գլխավոր թեման դառնար:

Մինչդեռ «Հանրային», «Հ2» (նախկին Պրոմեթեւս), «ԱՐ», «Արմենիա» հեռուստաընկերություններն իրենց թողարկումները դարձյալ սկսեցին ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած ընդունելություններով եւ պաշտոնական այլ տեղեկատվությամբ: Ավելին` միջադեպի մասին տեղեկություն հաղորդելու փոխարեն նշված հեռուստաընկերությունները, ստանձնելով ոստիկանի դերը, գտան մեղավորին` տեսախցիկներ կոտրելու եւ լրագրողներին ծեծելու մեղքը բարդելով Գեղամյանի եւ նրա կողմնակիցների վրա:

Նույն կերպ վարվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը` հանրահավաքը ներկայացնող հրապարակման վերջում իմիջիայլոց նշելով կատարվածի մասին: Ոստիկանների դրսեւորած անգործությունից առավել վատ է այն, որ այս լրատվամիջոցները հրապարակավ չդատապարտեցին լրագրողների դեմ գործված բռնությունները եւ աջակցություն չհայտնեցին իրենց գործընկերներին:

Մեր այս դիտարկմանն ի պատասխան` «Հ2» հեռուստաընկերության փոխտնօրեն Արամ Սաֆարյանն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չկա եւ իր կարծիքով լրագրողական ընտանիքն այսօր առավել քան համերաշխ է: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանն ասաց. «Ահավոր բան է եղել: Մարդուն չեն թողել աշխատի, նա իր գործն է արել, բայց չեն թողել: Ես դատապարտում եմ, բայց չգիտեմ ինչ ասել, եթե դա միակողմանի լիներ, կունենայի ասելիք, բայց երկկողմանի (նկատի ունի «Հայլուրին») արվեց. չի կարելի ասել, որ դա էլ կանխամտածված են արել: Ես հստակ եզրակացություն անել չեմ կարող, որովհետեւ այնտեղ չեմ եղել: Ամեն ինչ խորքից է գալիս: Լրագրողներից մեկը մարդուն հազար տեսակ անհարգի բառեր է ասում. այս ձեւով հակադարձման տեղ ենք տվել մենք: Լրագրողն ունի ամեն ինչ ասելու հնարավորություն, բայց պետք է ամեն ինչ «սոլիդ» լինի: Մեր մեղավորությունը մենք ունենք: Ես վստահ եմ, որ Իսրայելյան Աննային չեն ճանաչել, բայց տեսեք` «Առավոտի» լրագրողներին չեն ծեծում, իսկ «Չորրորդ իշխանության» լրագրողների հետ շատ դեպքեր են լինում: Սա հակահարված է, հակահարվածի տեղ են թողնում լրագրողները: Ոնց որ լրագրողն է անում, այնպես էլ նրանք: Նրանք առավել իրավունք ունեն, որովհետեւ էշ են: Անպայման մեր մեղքը կա: Ես կարծում եմ` փոխհատուցում կլինի: Եվրոպայի մակարդակով ժողովրդավարության համար ամենակարեւորը լրագրողի նկատմամբ վերաբերմուքն է, լրագրողի իրավունքները. սա ժողովրդավարության չափանիշ է: Ինձ թվում է բոլորն էլ շահագրգռված կլինեն փոխհատուցման համար»:

«Ինտերնյուս» հասարակական կազմակերպության տնօրեն Նունե Սարգսյանը եւս ընդգծում է լրատվամիջոցների անելիքն այս հարցում. «Ես կարծում եմ, որ այդ օրը տուժած լրատվամիջոցները պետք է միանային, եւ գուցե մի ընդհանուր դատական պրոցես սկսվեր: Հասկանում եմ, որ սրանից շատ հարցեր է ծագում` ու՞մ դեմ, ո՞նց: Որքան հասկանում եմ` շատերը հայտնի են, բացի այդ, ոստիկանությունը անգործություն է ցուցաբերել. սա պատժելի արարք է: Այս ամենի մասին լրատվամիջոցները պետք է իրենց խոսքն ասեն եթերում: Մի քիչ կասկածում եմ, որ կարվի, բայց շատ կուզենայի: Ոչ միայն հասարակական կազմակերպությունների կողմից լիներ այդ խոսքը եւ անհանդուրժողականությունը, այլ նաեւ լրատվամիջոցները կարողանային իրենց խոսքն ասել` ճշգրիտ լրատվություն տալով: Եւ թող փորձեն ինչ-որ ակցիաներ կազմակերպել` սկսած օրինական ճանապարհից` դատի տալուց, վերջացրած ինչ-որ համերաշխության, այդպիսի արարքների դեմ անընդունելիության իրենց ակցիաներով: Բայց թե ինչու սա կատարվեց...Ես հասկանում եմ, որ սա պլանավորված էր, բայց ուղղվա՞ծ էր լրատվամիջոցների դեմ: Սա, իհարկե, լրատվամիջոցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի արտացոլում էր: Դրա համար լրատվամիջոցները պետք է հասկանան, որ իրենք պետք է դառնան ուժ, ինչի համար պետք է աշխատել լրագրողական կանոններով, պրոֆեսիոնալ կանոններով: Դժվար է, բայց պիտի փորձեն անկախ աշխատել»: 

«Ես վստահ եմ, որ որեւէ մեկը չի պատժվի, որովհետեւ առայսօր բռնություններ իրականացրած անձանցից որեւէ մեկը չի ձերբակալվել: Նրանց բոլորի դեմքերը նկարահանված են: Իրավապահ մարմիններին քաջ հայտնի է, ով ով է դրանցից յուրաքանչյուրը: Սակայն մեր կազմակերպությունը ամեն ինչ անելու այս մարդկանց պատժելու եւ լրատվամիջոցների կրած նյութական վնասը փոխհատուցելու համար: Մենք ինքներս կհետաքննենք այս գործը եւ կներկայացնենք իրավապահ մարմիններին, երբ օրենքով նախատեսված ժամկետն անցնի եւ հայտարարեն, որ իրենք չեն կարող բացահայտել բռնարարքի հեղինակներին: Այդ ժամանակ մենք կանենք քայլերը, դատարան կմտնենք հենց իրավապահ մարմինների դեմ հայցով», - ասում է «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության նախագահ նախագահ Էդիկ Բաղդասարյանը: 

Լիանա Սայադյան, Աղավնի Եղիազարյան
Լուսանկարները` Օնիկ Գրիգորյանի 

Խմբագրության կողմից. Լուսանկարում պատկերված անձինք լրագրողներին ծեծողները, տեսախցիկներ ջարդողներն են: Նրանք Հայաստանի հայտնի օլիգարխների թիկնապահներն են: Մենք շուտով կներկայացնենք նրանց բոլորի անուն ազգանունները, հասցեները, որպեսզի Հայաստանի իրավապահ մարմինները շատ «չտառապեն» նրանց հայտնաբերելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter