HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շադե. «Diamond Life», որն ավելին էր, քան պարզապես գեղեցիկ քանդակված դեմքը

Նաիրա Հայրապետյան

Պատանեկության տարիներին բրիտանական բարձրագույն դպրոցներից մեկի սան Հելեն Ֆոլաշադե Ադուն մի անգամ ականատես եղավ «Jackson 5» խմբի ելույթին: Դա լոնդոնյան բացօթյա թատերասրահներից մեկում էր: Շադեն համերգին հետևում էր բարի հետևի անկյունից: Այստեղ նա երբեմն աշխատում էր շաբաթվա վերջին օրերին: Այդ օրը տուն վերադարձավ համերգի տպավորությունից ցնցված: «Ես ավելի շատ ապշած էի հանդիսատեսի արձագանքից, քան բեմում տեղի ունեցող ամեն ինչից,- պատմել է Շադեն:- Նրանք իրար էին խառնել երիտասարդներին, փոքրիկներին գրկած մայրերին, ծերերին, սև, թե սպիտակ… կապ չուներ: Ես իսկապես ցնցված էի: Ահա այդ հանդիսատեսին եմ միշտ ձգտել հասնել»:

1984թ. լույս տեսավ նրա առաջին ալբոմը: Շադեն այլևս երաժշտության ամենահետաքրքիր ու սիրված անուններից մեկն էր:

Առաջին միտքը, որը հնարավոր է ունենալ այս երգչուհուն ընդամենը մեկ անգամ տեսնելիս, նրա յուրօրինակությանն է վերաբերում: Շադեն յուրօրինակ է, իսկ շոուբիզնեսի կլանիչ ու ամեն ինչ՝ այդ թվում արվեստը, առևտրի վերածած հսկայական ցանցում ինքնատիպ մնալն այնքան էլ հեշտ բան չէ: Հստակ հայտնի չէ, թե այս երգչուհու համար արդյո՞ք չափազանց դժվարությամբ է հաջողվում պահպանել իր սկզբունքներն ու տեսակը իր ասպարեզում ու միաժամանակ շարունակել պահանջված լինել. նա լրագրողների հետ գրեթե չի շփվում: Բայց այն, որ նա չի ընդունել ժամանակի խայծն ու շարունակում է մնալ նույն խորհրդավոր Շադեն, դա միանշանակ է:

Նա հայտնվում է, երբ դրա անհրաժեշտությունն  ինքն է զգում, և դա մոտ է ճշմարտությանը գոնե այնքանով, որքանով խոսում է նրա երկարատև լռությունը: Նրա սառցե վոկալը` խզված խաղաղությամբ, հնչում է այն ժամանակ, երբ Շադեն ասելիք կամ արտահայտվելու տրամադրություն ունի: Ահա թե ինչու նա չի հայտնվում հեռուստատեսային պսպղան ստուդիաների եթերներում, չի շտապում հարցազրույցների, չի թողարկում նոր գործիքավորմամբ հին երգեր կամ տեսահոլովակներ: Իսկ երբ հայտնվում է, նույն հմայիչ ու տարբերվող Շադեն է` չափազանց ներդաշնակ իր օղերով, պարզ, բայց աննկարագրելիորեն էլեգանտ հագուկապով, զուսպ ու միաժամանակ էմոցիոնալ կատարմամբ: Եվ երեք տասնամյակ անց էլ, հազար ու մի քամու միջով անցած ունկնդիրը ճանաչում և ընտրում է նրան:  

Նա մեծանում էր՝ լսելով ամերիկյան սոուլ երաժշտություն, հատկապես 1970-ականները խորհրդանշող Քըրթիս Մեյֆիլդին, Դոնի Հեթուեյին և Բիլ Ուիդերսին (Bill Withers): Երաժշտությունը, սակայն, նրա ոչ միակ և ոչ էլ առաջին ընտրությունը չէր: Շադե Ադուի ոչ երաժշտական նախասիրություններին մենք արդեն անդրադարձել ենք: Նա երգարվեստին առնչվող պրոֆեսիոնալ որևէ կրթություն չի ստացել: «Ես ոչ մի տեխնիկական թրեյնինգ էլ չեմ ունեցել և այդ առումով երաժշտության մեջ ես լիովին անգրագետ եմ»,- ասում է Շադեն:

1983թ. մայիսին Շադեն իր երեք երաժիշտ ընկերների հետ առաջին անգամ ելույթ ունեցան Նյու Յորքի ակումբներից մեկում: Նրանք լատինական և սոուլ երաժշտությամբ «Pride» բենդի կազմից էին, ովքեր մեկ տարի առաջ, յոթ հոգանոց խմբին զուգահեռ, փորձում էին նաև ելույթ ունենալ նոր քառյակով: Շադեն այս խմբի կազմում վոկալիստն էր: Ամերիկյան ելույթը ևս հաստատեց, որ քառյակն ավելի մեծ ուշադրություն է գրավում, նրանցով հետաքրքրվում են արդեն հայտնի ընկերությունները: 1983թ. երգչուհու անվամբ հանդես եկող «Sade» խումբը հենց երգչուհու շնորհիվ պայմանագիր կնքեց երաժշտական աշխարհում ամենահեղինակավորներից մեկի՝ «Epic Records» ձայնագրող ընկերության հետ:

1984թ. թողարկվեց «Sade» խմբի դեբյուտային ալբոմը՝ «Diamond Life»-ը, և ադամանդե կյանքի հետ որևէ կապ չունեցող դիզայների, ֆոտոմոդելի, «Pride» խմբի նախկին բեք վոկալիստի ճանապարհն իսկապես շլացուցիչ փայլով բացվեց: Այս ալբոմը ազդարարեց նրա հաջողությունը և՛ կոմերցիոն, և՛ ստեղծագործական առումով: Իսկ ահա «Your Love is King» և «Smooth Operator» սինգլները 1984թ. բրիտանական ամենափայլուն հիթերն էին: Մինչև տարվա վերջ կային ևս երկուսը՝ «When Am I Going to Make a Living», «Hang On to Your Love», և այս թիվը՝ 9 երգից 4 հաջողված սինգլներով, բացառիկների շարքում էր, որովհետև չմոռանանք՝ ալբոմը դեբյուտային էր: ««Diamond Life»-ը հաստատեց, որ նա ավելին էր, քան պարզապես գեղեցիկ քանդակված դեմքը,- գրել է «BBC Music»-ը:- Համեմատելով նրա «զուսպ», բայց «հուսալի» ձայնը Բիլի Հոլիդեյի հետ՝ այս անդրադարձում ալբոմը բնութագրվում է որպես «R&B-ի մեղրածոր տարրերով լեցուն հանդարտ փոթորիկ»: «Rolling Stone»-ն այն անվանել է սոուլ երաժշտություն՝ «ինքնավստահ խճճվածությամբ», իսկ Ադուի վոկալն այստեղ «հարուստ է և թանձր»:

Սոուլի, ջազի, բլյուզի անսովոր խառնուրդ հիշեցնող և իսկապես շլացուցիչ փայլով «Diamond Life»-ից ամենահայտնի ու սիրված երգն, այնուամենայնիվ, «Smooth Operator» է: Սա Շադեի միջազգային այցեքարտերից մեկն է մինչ օրս: Նորաձևության գիտակ, ճարպիկ ու խարդախ այս սրտակերի մասին պատմող երգը շրջում էր աշխարհի տարբեր ռադիոալիքներից, իսկ հետո սկսեց հնչել տարբեր, մեկ տասնյակից ավել ֆիլմերի մեջ: Այս երգը 1985թ. 13 շաբաթ մնացել է ամերիկյան «Billboard Hot 100»–ի 40 լավագույն  երգերի կազմում և խմբի առաջին մեծ հաջողությունն էր լավագույն տասնյակում: Հարկ է նշել, որ «Smooth Operator»-ը գրվել էր դեռևս 1982թ., երբ Ադուն նոր էր սկսել համագործակցել «Pride» խմբի հետ, սակայն այդպես էլ չձայնագրվեց. նախ՝ երգի համահեղինակ Ռայմոնդ Ջոնի՝ խմբից հեռանալու, ապա՝ այդպես էլ ձայնագրության լուրջ առաջարկ չունենալու պատճառով: Երգի տեսահոլովակը «Sade» խմբին նոր մրցանակներ պարգևեց՝ ավելացնելով «Diamond Life»-ի հաջողությունների շարքը:

«Diamond Life» ալբոմը համարվում է աշխարհում ամենաշատ վաճառված դեբյուտային ալբոմներից մեկը: Մեծ Բրիտանիայում սկզբում վաճառվեց ավելի քան 1,2 մլն օրինակով, իսկ հետագայում հասավ վեց միլիոնի: Արդյունքում, հավասար իրավունքներ քարոզող երկրներից մեկում, Շադե Ադուն ճանաչվեց առաջին կին երաժիշտը, ով նման  հաջողության էր հասել հենց առաջին քայլից: Ուղիղ մեկ տարի անց «Brit Award»-ի կողմից ալբոմն արժանացավ «Բրիտանական լավագույն ալբոմ» մրցանակին: Հետևելով այս հաջողությանը՝ խումբը լծվեց նոր աշխատանքի: Տարբեր տարիների ընթացքում  թողարկվածով նոր ձայնասկավառակները ալբոմների մուլտիպլատինե ձայնադարան կարելի է համարել, որն անբեկանելիորեն ամրապնդեց խմբի և նրա անկրկնելի առաջնորդուհու դիրքերը երաժշտական դաշտում:

Նոր միլիոնավոր հաջողություններն ու համերգային հսկա դահլիճները, այնուամենայնիվ, չշփացրեցին իրենց սկզբունքներին անդավաճան այս երգչուհուն և երաժիշտներին: Եթե հետևենք խմբի սկավառակագրությանը ալբոմների հերթականությանը ու համեմատենք ալբոմների միջև եղած երկարատև դադարների հետ, ապա միանգամից հասկանալի կդառնա, որ այս երաժշտությունը արագ իրացվելու նպատակով չի ստեղծվում: Դա սկզբունք էր, որը այս տարիների ընթացքում երբևէ չխախտվեց:

Շադեն նույնքան բծախնդիր է նաև տեսահոլովակների հարցում: Փոխարենը նա ավելի մեծ տեղ է հատկացնում համերգներին: Իհարկե, չնայած համաշխարհային շլացուցիչ հաղթարշավին, համերգային շրջագայություններն իրականացնում էր ոչ այնքան հաճախ, այնուամենայնիվ, դրանք երկար սպասված էին, աշխատած և, ամենակարևորը, ոչ թե ավելորդ էֆեկտներով, այլ երաժշտությամբ ու նույն էլեգանտ մատուցմամբ:

«Եթե դուք տեսահոլովակ կամ շոու եք սարքում ուղղակի դա անելու համար, ապա վերածվում եք ձայնագրման ինդուստրիայի գործիքի: Այն ամենը, ինչ անելու եք, վաճառքի համար է, - ասում է Շադեն:- Իսկ երբ ես իմ խմբի հետ բեմ եմ բարձրանում ու երբ մենք սկսում ենք նվագել, ես հասկանում եմ, որ մարդիկ իրոք սիրում են երաժշտությունը: Ես դա կարողանում եմ զգալ: Երբեմն ուղղակի փափագում եմ լինել ճանապարհներին: Այդ զգացումն ինձ լիացնում է»:

Լուսանկարները վերցված են www.sade.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter