HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարձակալի իրավունքները վերականգնելու փոխարեն քաղաքապետարանը դադարեցրել է նրա հետ կնքած պայմանագիրը

2004 թվականին Ռոզա Գրիգորյանը Վերին Անտառային փողոցի 122 հասցեում վարձակալել է 230 քմ մակերեսով հողամաս։ Որպես վարձակալության վարձավճար տարեկան վճարել է 58 000 դրամ։

Արդեն 13 տարի է` Գրիգորյանը հանդիսանում է այդ հասցեի վարձակալ, ամեն տարի վճարել է հողի վարձավճարը, սակայն, նրա փոխանցմամբ, արդեն ավելի քան երեք տարի է` իր վարձակալած տարածքում կառուցվել է առանձնատուն, որը զբաղեցրել է իր տիրապետության տակ գտնվող հողատարածքի զգալի մասը՝ զրկելով իրեն հատկացված հողակտորը տնօրինելու հնարավորությունից:

 

Առանձնատան շինարարությունը տևել է մի քանի տարի, ընտանիքը պարբերաբար հետևել է, որ կառուցվող շինությունը չզբաղեցնի իր վարձակալած տարածքը։ Գրիգորյանի հաղորդմամբ՝ սկզբում շինաշխատանքներն ըստ կարգի են ընթացել, սակայն հետագայում նկատել են, որ կառուցվող առանձնատունը նաև զբաղեցրել է իրենց վարձակալած տարածքը։

«Ամբողջությամբ զբաղեցված է այդ տարածքը: Քաղաքապետարան անգամ վճար եմ կատարել, որ գան, չափագրեն, իմ տարածքը առանձնացնեն, որովհետև արդեն էնպես էր փակված, պարսպապատված, որ ես չի կարողանում հասկանալ՝ որտեղից որտեղ է իմ տարածքը»,-մեզ հետ զրույցում նշեց վարձակալ Ռոզա Գրիգորյանը: 

Նրա փոխանցմամբ՝  քաղաքապետարանի աշխատակիցը չի կարողացել չափագրում կատարել, քանի որ տարածքը պարսպապատված է եղել: Իսկ Գրիգորյաններն առանձնատան սեփականատեր Վահե Իսրաելյանի հետ կապ հաստատել չեն կարողացել, քանի որ նա այդ հասցեի մշտական բնակիչ չէ: Մարտ ամսին Ռոզա Գրիգորյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով վերացնել վարձակալված հողամասի նկատմամբ երրորդ անձի ապօրինի ոտնձգություններն ու այդ հողամասում ապօրինի կառուցված ինքնակամ շինությունը: 

Քաղաքապետարանից Գրիգորյանին առաջարկել են չափագրել այդ հողամասերի ճշգրիտ սահմանանիշերը, և եթե առկա լինի հողամասի ապօրինի տիրապետման փաստ, վարձակալն իր պահանջները ներկայացնի այդ արարքն իրականացնող անձին կամ հողօգտագործման խախտված իրավունքների վերաբերյալ պահանջները բողոքարկի դատական կարգով։ 

Գրիգորյանը «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի միջոցով վարձակալած տարածքում կատարել է չափագրում, ընկերությունը տվել է եզրակացություն այն մասին, որ  տվյալ հողատարածքում առկա է այլ անձի կողմից կառուցված շինություն: 

«Քաղաքապետարանը հանդիսանում է տվյալ տարածքի սեփականատերը, իսկ մենք՝ վարձակալը: Եթե մենք վարձել ենք, մենք իրեն դիմել ենք, որպեսզի վերացնի երրորդ անձի կողմից ապօրինի տնօրինումը: Նախ` մենք իր իրավունքների համար ենք դիմել, հետո` մեր իրավունքների համար, որը խախտվել է»,-նշեց Ռոզա Գրիգորյանի որդին` Նարեկ Գրիգորյանը: 

Հուլիս ամսին Գրիգորյանը կրկին դիմել է Տարոն Մարգարյանին՝ խնդրելով վարչական վարույթ հարուցել, վերացնել իր կողմից վարձակալական հողամասի նկատմամբ Վահե Իսրայելյանի ապօրինի ոտնձգությունը և քանդել նրա կողմից կառուցված ապօրինի շինությունը: 

Ասում է՝ վարչական վարույթ հարուցելու փոխարեն քաղաքապետարանն իրեն նամակով հայտնել է, որ հողամասն իրեն վարձակալությամբ տվել է մինչ Սարալանջի ճանապարհի շինարարական աշխատանքների սկիզբը: Այդ իսկ պատճառով, պայմանագրի գործողության ժամկետը չի երկարացվելու և նոր ժամկետով վարձակալության պայմանագիր չի վերակնքվելու, և նա վարձակալած հողամասը պետք է վերադարձնի Երևան համայնքին: Գրիգորյանին հետաքրքրում է՝ այդ դեպքում ինչու՞ է Երևանի քաղաքապետարանը տարիներ շարունակ ընդունել այն վարձավճարները, որոնք որպես վարձակալության գումար վճարել է: 

«Անգամ այն տարիների համար եմ վարձավճար վճարել, որ տարիներին չեմ տնօրինել հողակտորը: Չեմ ցանակացել հետագայի համար վարձավճարների հետ կապված խնդիրներ ունենալ, պարտադրված վճարել եմ: Անգամ զրոյական թղթերն ունեմ»,- ասում է Ռոզա Գրիգորյանը: 

Ըստ պայմանագրի` վարձակալը Երևանի քաղաքապետարանին պարտավոր է հողը վերադարձնել այն նույն տեսքով, ինչ տեսքով վարձակալել է, իսկ այս պարագայում Գրիգորյանը չգիտի՝ ինչ է անելու, երբ դրա վրա ապօրինի կերպով շինություն է կառուցվել, իսկ քաղաքապետարանն այդ փաստն անտեսում է, քայլեր չի ձեռնարկում իր և վարձակալի իրավունքները վերականգնելու համար: 

Վարձակալն ընդդեմ քաղաքապետարանի և տարածքն ապօրինի տիրապետող առանձնատան սեփականատիրոջ 

Վարձակալ Ռոզա Գրիգորյանն այժմ պատրաստվում է իրավական լուծում գտնել ստեղծված իրավիճակի համար: Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում նշեց Գրիգորյանի փաստաբան Սարգիս Ցականյանը՝ հողամասն իր վստահորդին վարձակալությամբ է տրվել մինչ Սարալանջի ճանապարհի շինարարական աշխատանքների ավարտը, սակայն պայմանագրի խզման հստակ օր չի եղել: Ճանապարհի շինարարության ավարտից հետո քաղաքապետարանը պետք է վարձակալին ծանուցեր պայմանագրի դադարեցման մասին, ինչը չի արել, և կողմերը շարունակել են իրավահարաբերությունները, այսինքն՝ Ռոզա Գրիգորյանը վճարել է վարձավճարները, իսկ քաղաքապետարանը` որպես վարձատու, ընդունել է այդ վարձավճարը. «Այսինքն՝ օրենքի ուժով այդ ժամկետային հարաբերություններն արդեն վերածվել են անժամկետ, անորոշ ժամկետով հարաբերությունների»: 

Փաստաբանը պատրաստվում է երկու հայցադիմում ներկայացնել. մեկն՝ ընդդեմ այն անձի, ով ապօրինի կերպով շինարարություն է իրականացրել Ռոզա Գրիգորյանի վարձակալած հողատարածքում: Պահանջելու են վերացնել իրենց՝ որպես վարձակալի իրավունքի խախտումը, այսինքն՝ ազատել իրենց հատկացված հողատարածքը: 

Երկրորդ հայցադիմումը ներկայացվելու է Վարչական դատարան՝ ընդդեմ Երևան համայնքի, պահանջելով Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնել, որպեսզի Ռ. Գրիգորյանի իրավունքի խախտումը վերացնելու ուղղությամբ իրավաչափ գործողություններ իրականացնի, ինչպես նաև քանդի նրա վարձակալած տարածքում կառուցված ապօրինի շինությունը: 

Փաստաբանն ընդգծում է, որ երկու անգամ դիմել են քաղաքապետարան` տեղեկացնելով իրենց իրավունքների խախտման մասին, հորդորել վերացնել ապօրինի կառույցը, սակայն քաղաքապետարանը անգործություն է ցուցաբերել, քայլեր չի ձեռնարկել իրենց իրավունքները վերականգնելու համար: 

«Այդ հողատարածքը որքան մերն է, երկու այդքան էլ քաղաքապետարանինն է, որովհետև այդ տարածքի սեփականատեր հանդիսանում է Երևան համայնքը: Մենք դիմել ենք քաղաքապետարան՝ ասելով` որպես սեփականատեր քո իրավունքի խախտումը վերացրու, որը միաժամանակ կհանգեցնի մեր՝ որպես վարձակալի իրավունքի խախտման վերացմանը»,-նշում է փաստաբանը: 

Ցականյանն ընդգծում է՝ այդքան փաստերի, հիմքերի, հիմնավորումների առկայության դեպքում քաղաքապետարանը իրենց դիմումին ընթացք տալու փոխարեն որոշել է իրենց հետ վարձակալական իրավահարաբերություններն այլևս չշարունակել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter