HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում հնդկացորեն մշակողները պնդում են, որ ներմուծողները խոչընդոտներ են ստեղծում

Սեդա Հերգնյան

Հայաստանի մի շարք համայնքներում նախորդ տարվանից գյուղացիները սկսել են հնդկացորեն (հնդկաձավար) աճեցնել, մեծ մասամբ՝ Գեղարքունիքի, Շիրակի ու Լոռու մարզերում։ Զուգահեռաբար հանրապետությունում կառուցվել է հնդկացորենի վերամշակման երկու գործարան, որոնք պետք է ծառայեն ստացված բերքի վերամշակմանն ու հնդկացորենի վերջնական արտադրությանը։ Գործարաններից մեկը Շիրակի մարզի Բավրա գյուղում է, մյուսը՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում։

Գյուղացիները հիմնականում գոհ են բերքատվության ծավալներից՝ հնդկացորենն արդարացրել է սպասելիքները, սակայն բերքի մեծ մասը դեռևս ամբարներում է. մի կողմից վերամշակման գործարաններում տեխնիկական խնդիրներ կան, մյուս կողմից՝ հարկավոր է դիմանալ ներկրողների հետ մրցակցությանը, որոնք վերջին ժամանակաշրջանում նվազեցրել են ներմուծված հնդկացորենի գինը։

Բավրայի գործարանը ներկայում  աշխատում է, իսկ Ծովագյուղում դեռևս սպասում են՝  գործարանը գազաֆիկացված չէ, ու դեռ փորձարկումների նոր փուլ է լինելու։

Լուսանկարում՝ Ծովագյուղի գործարանը

Հնդկացորենի աճեցման ու վերամշակման ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD) շրջանակներում։  Այն իրականացնում են  Եվրոպական միությունն ու  Ավստրիական զարգացման գործակալությունը։ Առաջին տարում ֆինանսավորվել է գործարանների կառուցումն ու հնդկացորենի սերմի ձեռքբերումը։ Իսկ երկրորդ տարվանից գյուղացիներն իրենց միջոցներով են շարունակել հնդկացորենի մշակումը։

 

«Հանրապետությունում առաջին անգամ ենք մշակում հնդկաձավար։ 2016 թվականին միայն Ծովագյուղում, ինչ-որ տեղ նաև ռիսկի գնալով, 100 հեկտար տարածության հնդկացորեն ցանվեց։ Սկզբում լավ եղանակային պայմաններ էին։ 1 հեկտարի հաշվով սպասում էինք 2-2.5 տոննա բերք։ Սակայն ստացվեց գրեթե 1 տոննա, քանի որ կարկտահարություն եղավ։ Ամեն դեպքում, գոհ ենք ստացված բերքի ծավալներից։ Խնդիրն արդեն վերամշակումն ու իրացումն է»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ծովագյուղի գյուղապետարանի գյուղատնտեսության բաժնի պատասխանատու Արտաշես Խալաֆյանը։ Նա նաև նոր կառուցված գործարանի տնօրենն է։

Հնդկացորենի ցանքատարածություն Գեղարքունիքի մարզում

Ըստ գյուղատնտեսի՝ նախորդ տարի բերքի աճեցմանը զուգընթաց Ծովագյուղում կառուցվում էր հնդկաձավարի վերամշակման գործարանը։  Սարքավորումները ուկրաինական արտադրության են. «Իրենց տեխնոլոգիան է։ Գործարանի կառուցման ժամանակ Ուկրաինայից ինժեներ եկավ՝ ցուցումներ տալու։ Բայց լավ չէր, որ չեկավ հնդկաձավարի մշակման ու վերամշակման մասնագետ՝ տեխնոլոգ, որ մեզ բացատրեր և իր փորձով ցույց տար, թե վերամշակման որ մեթոդն է  ավելի արդյունավետ։ Մենք ստիպված, արդեն մեր երևակայության շնորհիվ,  փորձեր կատարեցինք՝ վերամշակման շուրջ 20 եղանակներ ենք փորձել, որ ստանանք լավագույն արդյունքը։  Փորձերը հիմնականում շոգեխաշման ժամանակի, ջերմաստիճանի և այլ գործոնների հետ էին կապված։ Հիմա եկանք այն եզրակացության, որ սկզբնական շրջանում հնդկացորենի սերմերը պետք է ջուր կլանեն՝ դեռևս չմշակված հատիկը,  ինչ-որ չափով ուռչի, որ հետագայում ամրանա ու չդառնա փափուկ և եփելիս որակը չընկնի»,- ասում է Ա. Խալաֆյանը։

Այս պահին Ծովագյուղի գործարանը չի աշխատում, քանի որ սպասում են գազաֆիկացմանը։ Գործարանի մասնագետները եկել են այն եզրահանգման, որ առանց գազի չեն կարող այլ եղանակներով հնդկացորենի վերամշակման ու վերջնական արտադրության պահանջված արդյունքը ստանալ։ «Օրեր առաջ գազի տեսչությունից անդամներ էին եկել, և առաջիկայում գործարանը գազով կապահովվի։ Գազի խնդիրը լուծելուց հետո կրկին փորձարկումներ պետք է կատարենք։ Հետո կսկսենք արտադրությունն՝ արդեն մեծ  մասշտաբներով։ Այս պահին էլ հնդկացորենի վերամշակման մեծ քանակի պատվերներ ունենք, այնպես որ, գազի ու փորձարկումների հարցերը լուծելուց հետո անմիջապես կսկսենք վերամշակումը։ Հանրապետության  տարբեր շրջաններից պատվերներ ունենք այն մարդկանցից, ովքեր այս ծրագրի շրջանակներում հնդկացորեն են աճեցրել։ Պատվերներ ունենք նույնիսկ Շիրակից՝ թեև այդ մարզում է գտնվում հնդկացորենի վերամշակման  մյուս գործարանը՝ Բավրայի գործարանը»,- ասում է Ա. Խալաֆյանը։

Նրա տվյալներով՝ նախորդ տարի  ամբողջ հանրապետությունում շուրջ 500 տոննա հնդկացորենի բերք է ստացվել։  Երբ գազի հետ կապված խնդիրները լուծվեն Ծովագյուղի գործարանում և այն, Բավրայի գործարանի հետ միասին,  վերամշակի ստացված հնդկացորենի բերքը, գյուղացիների և վերամշակողների համար ևս մեկ կարևոր հարց է մնալու՝ գինը, որով այն կհանվի վաճառքի։ Բանն այն է, որ ներկրվող հնդկացորենի գինն, ըստ Ա. Խալաֆյանի, վերջին ժամակաշրջանում նկատելիորեն իջել է, և տեղական արտադրողները ևս պետք է այնպիսի գին սահմանեն, որ իրենց ապրանքը ներմուծվող ապրանքի կողքին դուրս չմնա մրցակցությունից։

«Ճիշտն ասած՝ մենք, երբ կազմում էինք  այս ծրագրի բիզնես  պլանը, հաշվարկել ենք 1 կգ-ը ՝ 450 դրամով։ Սա արդեն վերամշակված հնդկացորենի գինն է, որը պետք է հանձնվեր վաճառքի։ Շուկայականից ցածր գին էր։ Բայց հենց ներկրողներն իմացան, որ ուզում ենք հնդկացորեն արտադրել, սկսեցին կտրուկ  նվազեցնել իրենց կողմից ներմուծվող հնդկացորենի գինը։ Մեծածախ վաճառքի գինը հասցրել են շուրջ 300 դրամի։ Իսկ դա մեզ մոտ հնդկացորենի արտադրության ինքնարժեքն է։ Այդ գնով իրացնելը մեզ բոլորովին ձեռնտու չէ։ Ներկրողները լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում։ Մենք ձգտում ենք հանրապետությունում մոտակա 10 տարիներին հնդկացորենի արտադրության ծավալները հասցնել այն  մակարդակի, որ երկիրը դրա նկատմամբ դառնա ինքնաբավ՝ չներմուծի, սակայն  նման խոչընդոտները թույլ չեն տա դա անել։ Այսինքն՝ այս պահին երկու մեծ խնդիր ունենք՝ առաջինը գազի հետ կապված, որն արդեն լուծվում է, իսկ մյուսը՝ գնային քաղաքականությունը, որն արդեն մեր ձեռքերում չէ։ Կառավարությունն այս հարցում շատ բան կարող է անել։ Եթե նպատակ ունի հանրապետությունը դարձնել հնդկաձավարի նկատմամբ ինքնաբավ,  ուրեմն չպետք է թողնի, որ ներմուծողները արհեստականորեն իջեցնեն գինը»,- նկատում է Ա. Խալաֆյանը՝ հավելելով, որ այս հարցերը ներկայացվել են գյուղնախարարությունում, պատրատվում են ներկայացնել նաև վարչապետին։

Նրա տվյալներով` Ծովագյուղի գործարանն այս պահին  ունի 12 վառարան՝ յուրաքանչյուրը 1 տոննա տարողությամբ։ Վառարաններում բերքն անցնում է ջերմային մշակում, հետո տեսակավորվում է։ Գործարանային հզորությունը, նախագծային տարբերակով (նախագծվել է Ուկրաինայում), 1 ժամում 1 տոննա արտադրողականությամբ է։ «Բայց Ուկրաինան ծովի մակարդակից ունի շատ ավելի փոքր բարձրություն, քան մենք։ Մեզ մոտ վառելիքի ու ջերմության խնդիրն ավելի սուր է։ Այնպես որ, մեր պայմաններում, եթե 12 վառարանն էլ աշխատեն, 8 ժամում կվերամշակվի առավելագույնը 5 տոննա։ Գործարանի սարքերը կարող են ծառայել ամենաքիչը 10 տարի։ Գործարանում 5-6 հոգի փորձաշրջան են անցել, որոնք հետագայում պետք է դառնան հիմնական աշխատողները»,- ասում  է գյուղատնտեսը։ Ըստ նրա՝ գործարանի սարքավորումները տրամադրվել է ծրագրի շրջանակներում, իսկ շենքը կառուցվել է համայնքի միջոցներով։ Այս ամենը և ծրագրի շրջանակներում գյուղացիներին տրամադրված սերմնացուի արժեքը կազմել են մոտավորապես 150-200 հազ. դոլար։ Սերմը ներկրվել է Ռուսաստանից։ Նշենք, որ Ծովագյուղի հնդկացորենի կոոպերատիվն ունի ավելի քան 100 անդամ:

 

Հնդկացորենի վերամշակման ծրագրում ընդգրկված Վիգեն Թովմասյանն էլ ասում է, որ ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել գյուղացիների շրջանում։ Երբ գործարանը սկսի բնականոն հունով աշխատել, վստահ է` հետաքրքրությունն էլ ավելի կմեծանա։

 

Արտաշես Խալաֆյանը (ձախից) և Վիգեն Թովմասյանը

Գյուղնախարարությունը  խոստացել, սակայն դեռ չի դիմել մրցակցության հանձնաժողով

Այս տարվա հուլիսի 20-ին, ըստ Գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության, նախարարությունում ENPARD ծրագրի պատասխանատուների և շահառուների մասնակցությամբ քննարկվել է հնդկացորենի արտադրության ծրագիրը։ Մասնավորապես, քննարկվել է գործարանների գազաֆիկացման հարցը, ինչպես նաև՝ ներմուծվող հնդկացորենի գինը։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպման մասնակիցները տեղեկացրել են, որ վերջին շրջանում զգալիորեն իջել է ներմուծվող հնդկացորենի գինը, մինչդեռ իրենց տվյալներով՝ միջազգային շուկայում գնանկում չի նկատվում, ինչը խնդիր է առաջացնում տեղական արտադրողների համար իրացման հարցում: «Ընդգծելով տեղական արտադրությանը խթանելու կարևորությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, նշել է, որ նախարարությունը կքննարկի զտիչ սարքավորման, ջեռուցման, փաթեթավորման և շուկայահանման հարցերում աջակցություն ցուցաբերելու հարցը միջազգային կառույցների հետ, ինչպես նաև կդիմի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` ուսումնասիրելու շուկայում ներմուծողների կողմից հնարավոր չարաշահումների առկայությունը, որպեսզի տեղական արտադրողները գնային առումով մրցունակ լինեն և կարողանան շարունակել իրենց հետագա գործունեությունը»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՀՀ ՏՄՊՊՀ), սակայն, «Հետք»-ը տեղեկացավ, որ Գյուղնախարարությունն առայժմ նման հարցով իրենց չի դիմել։  ՏՄՊՊՀ-ի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանի փոխանցմամբ՝ եթե նախարարությունից կամ որևէ տնտեսվարողից այդ հարցով դիմում-բողոք ստացված լիներ, հանձնաժողովը ուսումնասիրություն կսկսեր՝ պարզելու արդյոք հակամրցակցային քայլ կա՞ ներմուծողների կողմից հնդկացորենի գնի իջեցման հարցում։ Գ. Սահակյանը խոստացավ, որ «Հետք»-ի այս հրապարակման հիման վրա ուսումնասիրություն կսկսեն. առաջնահերթ պետք է պարզել՝ այսօրվա դրությամբ կա՞ն գերիշխողներ շուկայում և եթե կան, ի՞նչ գնային քաղաքականություն են վարում։

Նշենք, որ ներմուծողները վաճառվող հնդկացորենի (հնդկաձավարի) գնային տատանումները պայմանավորում են միջազգային շուկայում տիրող գնային քաղաքականությամբ, մասնավորապես՝ Ռուսաստանում, քանի որ Հայաստանը հնդկացորեն ներմուծում է հիմնականում Ռուսաստանից։ Այդպես եղավ, օրինակ 2010 թվականին, երբ հնդկացորենը կտրուկ թանկացավ Ռուսաստանում, ինչը պայմանավորված էր ցածր բերքով։  

Սակայն նախորդ տարվա համար ներմուծողների այն բացատրությունները, թե իրենք նվազեցրել են գինը, քանի որ Ռուսաստանում այն էժանացել է, համոզիչ չի թվում։ Ըստ ռուսաստանյան մամուլի հրապարակումների և ՌԴ գյուղնախարարության, նախորդ տարվա ընթացքում հնդկաձավարը Ռուսաստանում  կտրուկ թանկացել է, ինչի համար տարբեր բացատրություններ են տրվել՝ հիմնականում  այն, որ արտադրողների մտավախությունն են ունեցել, թե ցածր բերք կստանան ու այդ սպասումների ֆոնին թանկացրել այն։

Ներքևում գտնվող ինֆոգրաֆիկայում կետերով առանձնացվածը հնդկաձավարի միջին մեծածախ գնի դիմանիկան է Ռուսաստանում՝ 2014-ի սեպտեմբերից մինչև 2016-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ Ինֆոգրաֆիկան կազմել է ռուսաստանյան ИКАР  տեղեկատվական-վերլուծական գործակալությունը։ Այստեղ երևում է, որ նախորդ տարի այն աճի դինամիկա է գրանցել։ Եվ դրանից ենթադրվում է, որ Հայաստանում  ևս այն կարող էր թանկանալ։ Սակայն էժանացել է, և մրցակցության հանձնաժողովին մնում է պարզել՝ արդյոք կան այլ գործոններ, որոնց հետևանքով այն էժանացել է, թե՞ ավելի հավանական են տեղի մշակողների պնդումները, որ ներմուծողները արհեստականորեն են էժանացրել այն։

Ռուբլի/տոննա

Ըստ ИКАР-ի

Իսկ այս տարի, կրկին ըստ ռուսաստանյան մամուլի, հնդկացորենի գինը վերադառնում է նախկին մակարդակին։

Հայաստան հնդկացորեն են ներմուծում և վաճառում մեկ տասնյակից ավելի ընկերություններ, այդ թվում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերությունը, «Մառանիկ», «Անուշ լինի» ընկերությունները և այլն։  

Մեկնաբանություններ (1)

Gago
Դուք տեղականի վրա մեծ տառերով գրեք հայկական, թեկուզ թանկել լինեմ մեկը ես ու շատերը տեղականը կառնեն։ Ներմուծող առևտրականները մեկա շանս չունեն մեջքներից կանգնած ենք, չվախենաք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter