HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերը` Ռազբիտիյ Կոտյոլում

Սոչիից 144 համարի ավտոբուսը Ռազբիտիյ Կոտյոլ հասավ 20 րոպեում:

Ռազբիտիյ Կոտյոլը (Разбитый Котел) Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Սոչի քաղաքի մերձակայքի հայաբնակ գյուղերից է: Գյուղի մասին պատմել են Սոչիի հայերը։

Մոտ 22 տարի առաջ Ռազբիտիյ Կոտյոլում հաստատված ախալքալաքցի Գառնիկ Սողոյանը ներկայացնում է գյուղի մասին իր իմացած պատմությունը։ Ասում է, որ գյուղը հիմնվել է 1941-1945թթ. Հայրենական պատերազմից առաջ:

«Այստեղ թեյի պլանտացիաներ են կառուցվել ժամանակին: Մի քանի ընտանիքների բնակության են բերել Սուխումի և Կրասնոդարի կողմերից: Նրանք գյուղում պետական փոքր տներ են կառուցել: Հիմնական բնակիչները, սակայն, այստեղ Արևմտյան Վրաստանի և Տրապիզոնի համշենահայությունն է եղել: Գյուղի երկու գեղեցիկ տները պատկանում են հենց համշենահայերի: Նրանց տերերը՝ Մուրադը և Անդրեն, մեզ հետ շատ լավ հարաբերությունների մեջ են: Անդրեն գյուղապետի տղան է»,- պատմեց Գառնիկը:

Գյուղի շուրջ 300 բնակչի մեծ մասը հայեր են: Ռազբիտիյ Կոտյոլի գյուղապետը համշենահայ Գեղանուշ Կարապետովնան է: «Ազնիվ կին է, մենք նրան օգնում ենք գյուղում կարգ ու կանոն հաստատելու համար»,- ասաց Գառնիկը: Գյուղապետին մենք չկարողացանք հանդիպել, ասացին, որ մեկնել է հանգստանալու:

«Գյուղի մոտակա ձորում հայկական դպրոց կար, տնօրենն էլ հայ էր, բայց դպրոցում հայկական դասարաններ չմնացին: Մեղավորը մենք ենք, հայերն իրենց երեխաներին տվեցին ռուսական դասարաններ, կամաց-կամաց հայկական դպրոցը փակվեց»,- ասում է Գառնիկը:

Գյուղից 100 մետր վերև` մեկուսացված բարաքներում, 24 հայ ընտանիք է ապրում. «Նրանք կարգին տուն և գրանցում չունեն, էդ բարաքներում ապրողները չայնիում էին աշխատում, էդ չայնին էլ փակվեց: Սարի վրա «Կուրխիդա» չայատեսակ կար, դրա հիման վրա էր աշխատում չայի ֆաբրիկան»,- բացատրեց Գառնիկը:

Բարաքներում ապրում են Ադրբեջանի հայ փախստականներ, Աբովյանից, Գյումրիից, Կապանից արտագաղթածներ, նաև Ախալքալաքի և Սուխումի հայեր: Բարաքաբնակների մեծ մասը չէր ուզում մեզ հետ խոսել: Նրանք գրանցում չունենալու պատճառով թաքնվում էին: Նրանցից մեկը բացատրեց, որ գոյատևում են գյուղի մոտակա անտառից հավաքած պնդուկի և այլ հատապտուղների վաճառքով: Բարաքները ուրիշ տարածք էին՝ անբարեկարգ ու հակասանիտարական վիճակով:

Արշալույս Հարությունյանը Հայաստանի Աբովյանի շրջանի Ջրաբեր գյուղից է: Ամուսնացել է Գյումրիում, 1993թ. մայիսի 9-ին ընտանիքով տեղափոխվել են Սոչի: «Դե հանգամանքների բերումով, մեր վատ ապրելակերպից ելնելով ենք տեղափոխվել: Գյումրիում սեփական տուն ունենք, բայց վթարային վիճակում է մեր տունը: Դե, որ էնտեղ ոչ մեկը չի ապրում, տունը քարուքանդ է եղել: Մենք այստեղ էլ տուն չունենք, աշխատել ենք սովխոզի թեյի ֆաբրիկայում, այս բարաքը ստացել ենք»,- պատմեց նա:

Բարաքի պատերը խոնավությունից բորբոսնած էին: Արշալույսի` 6 անձից կազմված ընտանիքն այդտեղ ապրում էր անվճար։ Երեք սենյականոց բարաքը լոգարան չուներ. «Ջուրը տաքացնում և լցնովի լողանում ենք: Եթե ես ամսական ստանայի 40-50 հազար ռուբլի աշխատավարձ, կգնայի քաղաք, ավելի նորմալ բնակարան կվարձակալեի, և կապրեինք ավելի նորմալ բնակարանում»,- բացատրեց նա:

Ընտանքի եկամուտը, Արշալույսի ասելով, կազմում է 30 հազար ռուբլի: Արշալույսը կարծում էր, որ դա իր բազմանդամ ընտանիքի գոյատևման համար մեծ փող չէ, բայց վստահ էր, եթե գա Հայաստան, երևի դա էլ չկարողանան վաստակել: Նրա կրտսեր որդին՝ Ռուստամը, Սոչիում ավտոլվացող է, մեծը՝ Արմանը, շինարարության մեջ է աշխատում: Ռուստամը Ռազբիտիյ Կոտյոլում է ծնվել:

Արշալույսի ամուսինը 2003թ. ընտանիքից հեռացել և ամուսնացել է ռուս կնոջ հետ: Արշալույսը հիմա աշխատում է Դագոմիսում, մասնավոր տներում կիսաֆաբրիկատներ, այդ թվում նաև կոտլետ է պատրաստում: «Օրական 500 ռուբլի փող եմ վաստակում: Վեց օր աշխատում, մի օր հանգստանում եմ: Ես գոհ եմ իմ աշխատանքից: Ես այստեղ ապրում եմ 24 տարի, բայց չեմ ցանկացել ռուսական գրանցում ունենալ»,- պատմեց նա:

Արշալույսի ասելով` իր համար Հայաստանն ու հայրենիքը Աբովյանի Ջրաբեր գյուղն է: Ասաց` սպասում է Հայաստանում աշխատատեղեր բացվեն, որ կարողանան առանց դժվարության ինքն ու իր ջահելները ընդունվել աշխատանքի:

Հայաստանցի Անի Ավոյանին հանդիպեցինք գյուղի փողոցներից մեկում. «Այստեղ չենք աշխատում, էստեղ մենք երկար չենք մնալու, Մոսկվա ենք գնալու: Արդեն 8 ամիս է` այստեղ ենք ապրում: Պրոստո եկել ենք, գործեր ունեինք, գնալու ենք հետ»,- ասաց Անին:

Ռազբիտիյ Կոտյոլում  նորակառույց գեղեցիկ շատ տներ կան: «Բոլորը հայերն են կառուցել, կառուցող վարպետներն ու բնակարանների տերերը լրիվ հայերն են»,- ասաց Գառնիկը:

«Ես գալաց հայ եմ, ցավդ տանեմ, Վրաստանի Ախալքալաքի ռայոնեն, 1979 թվականից էս գյուղում կապրեմ: Ես 7 տարեկանից եմ այստեղ ապրում»,- պատմեց  Փառնիկ Կարապետյանը: Փառնիկը Սոչիի մերձակա գյուղերում տներ է կառուցում և վաճառում:

«Էն կողմը նայեցեք,- ձեռքով դեպի հարևան Սերգեյ-Պոլե (Сергей-Поле) գյուղը ցույց տվեց Գառնիկը և ասաց,-  էս կողմից ձախից երեք տուն կա, բոլորը Փառնիկի սարքած տներն են, դրանք կառուցել, ծախել ու տեղափոխվել է այստեղ, հիմա այս տունն է կառուցում: Էս տան կառույցի խազեինը Փառնիկն է: Ինքն իրեն համար է աշխատում»,- բացատրեց Գառնիկը։

«Գիտես` ինչի եմ դարձել շինարար, կյանքիս պրինցիպ ես ունիմ, էդ պրինցիպը էն էր, որ իմ ընտանիքը լավ տան մեջ պտի ապրի: Ու դրա համար էլ էդ պրինցիպը մինչև օրս իմ մեջ կա: Ու դրանով ես առաջ եմ գնում։ Իմ կյանքի պրինցիպը, հա ապրիս, նաև ուտել, խմելն ա»,- ասում է Փառնիկը: Ասում է, որ իր կառուցած տները վաճառում է 1 մլն դոլարով:

Գառնիկ  Սողոյանի ընտանիքը Ռազբիտիյ Կոտյոլում ապրում է 1995թ.-ից, սակայն միակ տղան Ախալքալաքից շուտ է դուրս եկել՝ 1993թ-ին: «Երբ տղայիս տեղափոխեցի այստեղ, Ախալքալաքում խառը ժամանակներ էին: Ղարաբաղի դեպքերի և Վրաստանում Գամսախուրդիայի կողմից ժողովուրդների մեջ ստեղծած պրոբլեմների պատճառով Ախալքալաքը ոտքի էր ելած: Այն ժամանակ Վրաստանում ասում էին՝ Վրաստանը վրացու համար, մյուս ազգերը այնտեղ ավելորդ են, հետո փողը մեռավ, կուպոն դարձավ, աշխատավարձ չկար, պայմանները վատացավ: Ես չուզեցի, որ տղաս Ախալքալաքում մնա: Տեղափոխեցի այստեղ»,- պատմեց Գառնիկը:

Վերջինիս տղան Ռազբիտիյ Կոտյոլում գրանցվել, այստեղից էլ ծառայության է մեկնել ռուսական բանակ: Բանակից հետո տղայի համար գյուղում Գառնիկը հողամաս է գնել: «Էստեղ խնձորի, տանձի, ալուչայի այգի էր, երկու տարով տվեցին, ես Ախալքալաքից սեզոնին եկա, տունս իմ ձեռքով կառուցեցի: 1995թ.-ին տեղափոխվեցինք այստեղ»,- հիշեց Գառնիկը: Նրա ասելով` հայերի նկատմամբ Ռազբիտիյ Կոտյոլում վերաբերմունքը լավ է:

«Վերևի թաղամասում` շրջադարձի վրա, վերջերս էլի մի հատ հայ եկավ Ծալկայի շրջանից, հետո մի շատ գեղեցիկ տուն սարքեց: Շնորհքով, ստեղծող տղա է: Ռուսաստանում շատ է աշխատել: Հեռավոր Արևելքում, Սիբիրում էլ է աշխատել: Եկավ նորից, էստեղ տուն ստեղծեց: Եկավ ինձ սկզբում հարց տվեց, ասաց՝ էստեղ ոնց է դրությունը: Ասացի` էստեղ այնպես է, որ եթե դու ռուսերեն չգիտես, չես էլ սովորի»,- պատմեց Գառնիկը:

Վերջինիս ասելով` Ռազբիտիյ Կոտյոլում տները քիչ են, դրսից եկողներն են շատ: Այս թաղամասը նորաշեն է համարվում: Այս թաղամասը մի 20-25 տարվա պատմություն ունի, 1-ին տունը ես եմ այս թաղամասում կառուցել: Այստեղ բնակվող հայերից շատերը առևտրով են ապրում, աշխատում են նաև առողջարաններում ու շինարարության մեջ»,- ասաց Գառնիկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter