HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Էջմիածնում չհայտարարված ջրանջատումներ են լինում, «Վեոլիա Ջուր»-ն էլ «եռանդուն քայլեր է ձեռնարկում»

Վերջերս «Հետք»-ի մի քանի ընթերցողներ հայտնել են, որ Էջմիածին քաղաքում օրվա տարբեր ժամերի պարբերաբար ջրամատակարարումը դադարեցվում է։ Օրինակ, շուրջօրյա ջրամատակարարում ունեցող Հոկտեմբեր և Պետրոզավոդսկ փողոցում մոտ մեկ շաբաթ երեկոյան 1-ից մինչև առավոտյան 7-8 մոտ մեկ շաբաթ ջուր չի եղել, սակայն այդ մասին ջրամատակարար «Վեոլիա Ջուր» նախօրոք չի տեղեկացրել։

Նշված փողոցներում ջրագծերը փոխված են։ Բողոքներ են եղել նաև Չարենց, Լոմոնոսով, Սպանդարյան, Պատկանյան փողոցներից։

«Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչը, ով պատասխանում էր 1-85 թեժ գծի զանգերին, «Հետք»-ին հայտնեց, որ Էջմիածնում՝ մեր նշած փողոցներում, ջրանջատումներ, իր իմանալով, չեն եղել, և այդ մասին բնակիչներից ևս որևէ դիմում-բողոք կամ զանգ չեն ստացել:

Մինչդեռ բնակիչներն ասում են, որ կայքում նշված 1-85 հեռախոսահամարով կապ հաստատելը դժվար է, և լսափողի այն կողմում հաճախ լսվող ձայնն ասում է, որ «բոլոր օպերատորները զբաղված են»։

Բացի «Հետք»-ի ստացած բողոքներից, «Վեոլիա Ջուր» ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ուր տեղադրված է Էջմիածին քաղաքի ջրագծերի վերանորոգման մասին «Էջմիածնում ջուրն ավելանում է» վերնագրով 2 տեսանյութ, մի շարք օգտատերեր գրել են բացասական մեկնաբանություններ, որտեղ ևս դժգոհում են ընկերության ջրամատակարարումից։

«Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի բաժնից խնդրեցին ուղարկել այն փողոցների անունները, որտեղ ջրամատակարարումն օրվա ընթացքում լինում է դադարներով:

Փողոցների անուններն ուղարկելուն զուգահեռ, խնդրեցինք նաև պատասխանել մի շարք հարցերի, մասնավորապես՝

1. Ո՞րն է խնդիրը, որ նշված փողոցներում ձեր ընկերության հայտարարած «24- ժամյա ջրամատակարարումը» պարբերաբար և ժամանակավորապես դադարեցվում է:

2. Ինչու՞ այդ մասին պատշաճ կերպով նախօրոք հայտարարություն չի արվում:

3. Ե՞րբ կշտկվի վերը նշված փողոցների ջրամատակարարումը:

4. Վերջին շրջանում Էջմիածնի վերոնշյալ փողոցներից կամ այլ փողոցներից

ջրամատակարարման խնդիրների հետ կապված բողոքներ ստացե՞լ եք:

5. Էջմիածնի ո՞ր փողոցներում դեռևս կան ջրամատակարաման խնդիրներ:

6. Ե՞րբ դրանք կշտկվեն: Հնարավորության դեպքում, նշեք մոտավոր

ժամանակացույցը:

«Հետք»-ի այս և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ստացանք ոչ կոնկրետ պատասխաններ, որոնց մեջ «Վեոլիա Ջուր» ընկերությունը մասնավորապես նշում էր, որ  Էջմիածնում «ջրի խնդիր եղել է և՛ անցյալ տարի, և՛ տարիներ շարունակ», իսկ շոգ եղանակին ավելանում է ջրի սպառումը, ինչը լրացուցիչ լարվածություն է ստեղծում։

«Ջրամատակարարը եռանդուն քայլեր է ձեռնարկում խնդիրը քաղաքում լուծելու համար»,- նշված է ընկերության պատասխանի մեջ։

Իսկ ջրանջատումների մասին չի հայտնում, որովհետև դրանք երբեմն լինում են անկանխատեսելի, և «տեխնիկապես հնարավոր չէ անմիջապես տեղեկացնել բաժանորդներին»։

«Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի մասնագետ Կարինե Կարապետյանին խնդրեցինք  պարզաբանել, այնուամենայնիվ՝ որն է խնդիրը, որ նմանատիպ պարբերաբար ու երկարատև ջրանջատումներ են լինում։

Կ․Կ - Այս պահին փողոցների հետ կապված կոնկրետ չեմ կարող պատասխանել ինչ խնդիր է եղել։ Ահագին տարածք կա, որ ջրագծերը հին են, նոր ջրագծեր պետք է անցկացվեն:

Հետո մի ուրիշ խնդիր էլ կար Էջմիածնում, որ նոր ջրագծերն անցկացրել էին, բայց հին ջրագծերը էդպես մնացել էին, չէին անջատել։

Նրա խոսքով՝ հին ջրագծերն անջատում են, որպեսզի նորը կարողանան ամբողջովին շահագործել: Բացի այդ, հին ջրագծերի առկայությունը, ըստ Կ. Կարապետյանի, ջրագողության, ջրակորուստների պատճառ է դառնում։

Հետք։ -Արդյոք ջրանջատումների հիմնական պատճառը հին և նոր խողովակների առկայությունն է։

Կ.Կ։ -Էդպես ասել չի կարելի, որովհետև շինարարական աշխատանքներ են ընթանում, ջրագծեր են փոխվում, հինն է փոխարինվում նորով, էդպիսի դրդապատճառներով է պայմանավորված։

Մեր նշած փողոցների ջրանջատումների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկանալու համար, Կ․ Կարապետյանը խնդրեց կոնկրետ փողոցներ ու հասցեներ ուղարկել՝ տեղամասի ներքին ցանց դիմելու համար։ «Մենք բնակիչներին, ըստ հասցեի և ըստ խնդրի, միշտ պատասխանում ենք»,- նշեց նա:

Կ. Կարապետյանը նաև ավելացրեց, որ առաջացած խնդիրների դեպքում բաժանորդները թող կապ հաստատեն իրենց՝ 1-85 հեռախոսահամարով կամ գրեն իրենց ֆեյսբուքյան էջին, [email protected] էլեկտրոնային հասցեին։

Հետք։- Մարդիկ նշում են, որ մեկ օր տևողությամբ ջրանջատման մասին հայտարարություններ եք տալիս, այս ամբողջ ընթացքում աշխատանքնե՞ր են տարվում։

Կ ․ Կ։ - Էնպես չի, որ 12 ժամ կարող է գործ անեն, լինում են իհարկե մեծ վթարներ՝ առավոտից գիշեր, բայց էդպես որ ասում են՝ դուք 24 կամ 12 ժամ եք հայտարարում, էդքանն էլ աշխատում եք, դա զուտ աշխատանքի ժամ չէ, դա ամբողջ գործընթացի պլանավորելու ժամն է:

Աշխատանքները սկսելուց առաջ տվյալ խողովակը կամ ջրատարը դատարկվում են, որ մարդիկ կարողանան գործ անել: Սկզբում տալիս ենք ջրանջատում։ Այդ ընթացքում մասնագետները սպասում են ջրատարը դատարկվի, հետո իրենք որոշակի ժամանակ՝ ասենք՝ 5-6 ժամ գործ են անում, դրանից հետո արդեն, երբ որ միացում են տալիս, անհրաժեշտ է լինում, որ ամբողջ ջրատարը լցվի, ջուրը գա, հասնի բնակիչներին:  Իսկ դա որոշակի ժամանակ պահանջող գործողություն է:

Հետք:- Կա՞ արդյոք ժամանակացույց՝ երբ փոփոխված կլինեն բոլոր ջրագծերը։

Կ.Կ:- Ո՛չ: Աշխատանքներն այժմ ընթանում են: Դրանք մինչև հոկտեմբեր, հոկտեմբերի վերջ դեռ շարունակվելու են (խոսքը ՝ միաժամանակ նոր և հին ջրագծեր ունեցող փողոցների մասին է, հեղ.): Ամբողջ համակարգը փոխելը տարիներ կտևի:

Հ․Գ․ «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչների հետ խոսելու օրվանից ի վեր մեր նշած մի քանի փողոցներում շուրջօրյա ջրամատակարարումը վերականգնվել է։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter