HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Ովքե՞ր էին նրանք. մաշված ջինսերով և ծաղկավոր վերնաշապիկներով երազողները

1969 թվականին  սովետական Թբիլիսում, հին ու բարի ավանդույթների համաձայն, երաժշտական մի մրցույթի էին պատրաստվում: Մասնակցում էին Սովետական Միության կովկասյան տարածքի կոլեկտիվներ Վրաստանից, Ադրբեջանից և Հայաստանից: Սպիտակ օձիքներով, կոկիկ ու հատուկ կարված կոստյումներով երիտասարդների շարքում ելույթ էր ունենալու հայկական խմբերից մեկը, որն այդ օրը տարօրինակ արտաքինով ներկայացավ: Ջինսե կիսամաշ տաբատներով, ծաղկավոր վերնաշապիկներով ու երկարամազ տղաները առաջինը ելույթ ունեցան: Երգն էլ՝ ոչ պակաս տարօրինակ անուն ուներ՝ «Magical Mystery Tour»՝ կապիտալիստական երկրի արդյունք հանդիսացող «Բիթլզի» երգացանկից:  Հանդիստեսը ոգևորված էր, իսկ մրցույթի մասնակիցները, տարբեր երկրների պատվիրակության ու ժյուրիի անդամները՝ զարմացած: Եվ մրցույթի ավարտին,  ժյուրիի նախագահը՝  հայտնի կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ռևազ Լագիձեն, արդյունքներն ամփոփելիս հայտարարեց, որ հայկական խմբին չի տրվում մրցանակ, քանի որ նրանք հանդգնել էին նման հագուստով ելույթ ունենալ: Խմբի մենակատար Զավեն Սարգսյանը հիշում է, որ Հայաստան վերադառնալիս, օդանավակայանում հանդիպած հայերը ներողամտաբար ասում էին. «Տղաներ, ախր չէի՞ք կարող մի նորմալ բան հագնել»:

Խումբը «Երազողներ»-ն էր՝ երևանյան նոր երիտասարդության ձայներից մեկը և ինչպես նրանց սերնդակիցներն են ասում՝ հայկական «Բիթլզը»:

Գեղանկարիչ Հովհաննես Հովհաննիսյանը ևս ռոքնռոլ լսող, ջինսե տաբատներով սերնդի ներկայացուցիչ է:« « Երազողները»  շատ սիրված խումբ էր և ուներ երկրպագուների մեծ բանակ,- հիշում է նա,-  դա ինչ-որ առումով հայկական «Բիթլզ» էր: Այդ տարիներին մի քանի  խմբեր էլ կային: Հիշում եմ օրինակ բլիկերին («Блики- Ցոլքեր»), որոնք «Ռոլինգ Սթոունզ»-ի երկրպագուներ էին: Ջազային  հիանալի  խմբեր ևս ունեցանք, ջերմ հիշողություններ ունենք այդ ժամանակներից»

Make Love, No War- Սեր՝ պատերազմի փոխարեն

1960-ականներին, երբ Սովետական Միությունն ի տես աշխարհի դեպի երկինք էր ուղարկում իր առաջին տիեզերանավը, երբ «Կուբայական հրթիռային ճգնաժամը» շարունակում էր միջուկային պատերազմի լարված մթնոլորտ պահել երկու հսկաների միջև, երբ ԱՄՆ-ն վերջին հրաժեշտն էր տալիս երկրի ամենասիրված նախագահին՝ Ջոն Քենեդուն և երբ Ջոն Լենոնը թագավորական վերնախավին խորհուրդ էր տալիս ծափահարելու փոխարեն չխկչխկացնել թանկարժեք զարդերը… աշխարհում ոտքի էր կանգնել երիտասարդական մի մեծ շարժում, որն իր ուժը հաստատում էր մշակույթի, հատկապես, երաժշտության միջոցով: Երաժշտություն, որը դարձել էր գաղափարական ու քաղաքական հայացքների դեմ ուղղված հեղափոխություն:

Ռասսայական խտրականության դեմ ու քաղաքացիական հավասար իրավունքների համար պայքար, ազատ մտածողության ձգտող երիտասարդություն, խաղաղ ու անպատերազմ կյանքի պահանջ.ահա նոր սերնդի ապրելու փիլիսոփայությունը: Իսկ սա հանրային մեծամասշտաբ ցույցերից բացի՝  տարածվում էր գրականության, ռոքնռոլի, հետո՝ ռոքի  հնչյուններով:

Թե ինչպիսին էին այս աշխարհի այս անհանգիստ մթնոլորտում Սովետն ու Հայաստանը, շատ հստակ պատկերված է Հենրիկ Մալյանի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի սկզբնամասում: Ռոքնռոլի աղմուկից հեռու, սարերում ոչխար պահող, աշխարհը «մենք ենք ու Ամերիկան»-ի մեջ բաժանող և Քենեդու ողբերգական մահի մեջ հայի բախտ գտած միամիտ լեռնաշխարհներ:

Սակայն ուրիշ էր քաղաքը, և բոլորովին ուրիշ էր մայրաքաղաք Երևանը:

Որքան էլ Սովետական միությունը փորձում էր կոկիկ ու հստակ չափանիշների մեջ խցկված հասարակություն ստեղծել, աշխարհի շնչառությունը՝ թեկուզ տարիների ուշացումով, ծաղկավոր ու կիսամաշ ջինսե ռոքնռոլի ձայնով թափանցում էր երկաթյա վարագույրից ներս, սողոսկում երիտասարդության լսողության ու մտքի մեջ ու թև առնում՝ մտնելով կյանք:

«Մեր տանը մի հին ռադիոընդունիչ կար՝ պրիոմնիկ, որով արտասահմանյան ալիքներ էինք որսում և հաղորդումներ ու երգեր լսում,- պատմում է նկարիչ Հ. Հովհաննիսյանը,- 13 տարեկան էի, երբ առաջին անգամ լսեցի Էլվիս Փրեսլիին: Ու արդեն սկսեցի անընդհատ փնտրել այդ երգերը՝ սպասելով ամենօրյա ծրագրերին: 60-ականներին, երբ ուսանող էի, արդեն ունեի ինձ համար սիրելի անուններ ու կատարումներ և իմ զգացողություններով հաճախ էի կիսվում ուսանող ընկերներիս հետ: Քաղաքում ունեինք մեր հավաքատեղիները («Պոպլավոկ», «Կազիրյոկ», «Արագիլ», «Սկվազնյաչոկ» և այլն), ուր հանդիպում էինք, նվագում, խոսում կարդացած գրականությունից, ֆիլմերից, նոր երաժշտությունից»:

Նոր երաժշտությունն էլ հիմնականում հաջողվում էր ձայնագրել ռադիոընդունիչից: Ու թեպետ որակը սովորաբար շատ վատ էր ստացվում, աղմկոտ էր, բառերի առումով՝ դժվար լսելի, բայց նրանք շատ գոհ էին ու երջանիկ, որ ևս մեկ երգ, հիթ, նոր երաժշտություն հաջողվել է ունենալ արևմտյան՝ այդ շատ տարբեր ու շատ հոգեհարազատ աշխարհից: «Սկզբում մեր կուռքերը 50-ականների ռոքնռոլյան փոթորկուն դեմքերն էին, հետո եկան 60-ականների ռոք երաժիշտները- շարունակում է Հ. Հովհաննիսյանը,- և այս ամենը հեղափոխություն էր ոչ միայն աշխարհում, այլև մեր մտքերում, հոգում և հայացքներում: Չաք Բերրի, Լիթլ Ռիչարդ, Չաբի Չեքեր, Քլիֆ Ռիչարդ և այլք: Հետո եկան «Բիթլերը», հետո՝ «The Rolling Stones»,  «The Who», «Yardbirds», «The Dave Clark Five»  և ուրիշ խմբերըներ: Մենք լեզուն ամենևին չէինք հասկանում, բայց երգում էինք նրանց հետ ու վարակվում նրանց ըմբոստ, ազատ, անկաշկանդ էներգիայով»:

1950-60-ական թթ. Սովետական Հայաստանում լայն տարածում ուներ ջազը: Տարբեր քաղաքներում կային երաժշտական համույթներ, կոլեկտիվներ, որոնք շատ հաճախ էին ելույթ ունենում, շրջագայում: 60-ականների կեսերից, կրելով վերոնշյալ երաժշտական ազդեցությունները, երիտասարդության շրջանում սկսեցին հայտնվել առանձին խմբեր, որոնց երաժշտությունն արդեն փորձում էր նոր աշխարհի մասին պատմել: Բիթլոմանիան, որն այդպես ողողել էր երկրագունդը, թափանցել էր նաև այստեղ: Եվ չնայած ոչ այն թափով, ինչ արևմուտքում էր կամ ԱՄՆ-ում, այնուամենայնիվ, ազդեցությունն ակնհայտ էր: «Юность», «Կռունկ», «Блики», «Мечтатели», «Առաքյալներ»,  … և այլն: Այդ խմբերի մեջ լիվերպուլյան քառյակի հանդեպ մեծագույն սիրով աչքի էր ընկնում «Мечтатели-Երազողներ»-ը»: Նրանք ոչ միայն կրում էին արևմտյան երաժշտության այդ ազդեցությունը, այլև «Բիթլզի» երգերի տարածողները Հայաստանում և սովետական մի քանի այլ երկրներում:

«Առաջին անգամ, երբ նրանց («Բիթլզին»)լսեցի, 9-րդ դասարանում էի,- պատմում է Պոլիտեխնիկի նախկին ուսանող,  «Երազողներ» խմբի երգիչ, այսօր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը,- Շատ լավ եմ հիշում: «She loves you» երգն էր: Մինչ այդ՝ մենք Էլվիսին էինք լսում, Բիլլ Հեյլիին… բայց «Բիթլզն» այլ ոգի ներարկեց: Դա հեղափոխություն էր, նոր մտածողություն, որն ամբողջ աշխարհը փոխեց և չնայած մեզ շատ ուշ հասավ՝ տարիներ անց, բայց, այնուամենայնիվ, իր ծիլերն այստեղ էլ գցեց»:  

Սկզբում հանդես էին գալիս միայն «Юность» վոկալ-գործիքային համույթում, որի կազմում էին, ի դեպ, հետագայում հայտնի ջազմեններ դարձած Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը: 1965թ. այս խմբի անդամներից Զավեն Սարգսյանը, Հրայր Կոտոյանը, Երվանդ Երզնկյանը, Սլավա Բունիաթյանը և Հակոբ Պետրոսյանը ստեղծեցին նոր խումբ՝ «Երազողներ»: 1966թ. կոմպոզիտորների միության դահլիճում ունեցավ պաշտոնական առաջին համերգը, որի ժամանակ ազդագրի վրա գրվեց՝ «Ծրագրում՝ «Բիթլզի» երգերից»:  Զ. Սարգսյանն ասում է, որ այն ժամանակ դա չլսված բան էր: Կապիտալիստական երկրի, հեղափոխական տրամադրությամբ խմբի ներկայությունը սովետական երկրում, ուր չնայած 50-ականներից սկսված ձնհալին՝ դեռ գաղափարական վերահսկումը շարունակվում էր: «Հանդիսատեսը շատ լավ էր մեզ ընդունում, հետագայում մենք համերգներ ունեցանք սովետական հայտնի քաղաքներում: Առավել ջերմ ու համեմատաբար ազատ էին ընդունում մերձբալթյան երկրները: Երևանում՝ նույնպես: Քաղաքի ուսանողության սերուցքն էր հավաքվում այդ խմբերի համերգներին: Մի անգամ, Պոլիտեխնիկում կայացած մեր համերգի ժամանակ էնքան շատ մարդ էր հավաքվել, որ բալկոնը ծանրությունից ճաք տվեց: Հետո դրա պատճառով էդ բալկոնը երկար ժամանակ փակած էին պահում, որ մարդ չմտներ ու հանկարծ չփլվեր»:

«Երազողների» երգացանկում «Բիթլզի» երգերից բացի՝ կոմիտասյան, ժողովրդական երգերի նոր մեկնաբանություններ էին  և նոր ստեղծված  երգեր: Շատերը լիվերպուլյան աշխարհահռչակ քառյակի երգերն առաջին անգամ նրանցից էին լսում: Իսկ դրանք գտնելն ու բառերի առումով վերծանելը նրանց երկրպագու երաժիշտների համար չափազանց բարդ գործ էր:

«Ձայներիզներ մեծ դժվարությամբ էինք ձեռք բերում, ավելի շատ ռադիոյի օգնությամբ էինք այդ երաժշտությունը գտնում:- ասում է Զ. Սարգսյանը,- Բեյրութի ռադիոկայանն էինք կարողանում որսալ ռադիոալիքներով, որտեղ հաճախ հնչում էին հայտնի հիպիների և 60-ականների բրիտանական ամենահայտնի խմբերի երգերը: Մեկ այլ տարբերակ էլ կար. Բեյրութցի և սիրացի ուսանողների միջոցով ձեռք էին բերվում ձայնագրություններ, որոնք բազմիցս արտագրվելով փոխանցվում էին տեղացի երիտասարդներին: Շատ վատ որակի ձայնագրություններ էին դրանք, մեծ մասամբ՝ ռադիոյի եթերից արված»:

«Չեմ հիշում՝ ինչ հրաշքով, ում միջոցով, բայց ինչ-որ տեղից ինձ հաջողվեց 40 ռուբլով ռոլինգների վինիլային դիսկերից գնել:- ասում է Հ. Հովհաննիսյանը,- «Բլիկերն», օրինակ, ավելի շատ էին նրանց երգերից կատարում: Հիմնականում դրսի ծանոթների ու ռադիոյից ձայնագրելու հույսին էինք: Ես մի մագնիտոֆոն ունեի՝ լիտվական հայտնի «Սփալիսը», որի օգնությամբ էլ և մեծ ջանքերով  փորձում էի ձայնագրել՝ իմ երկարավիզ միկրոֆոնը պահելով ռադիոընդունիչի ուղղությամբ»:  

Անգլերեն տեքստերի վերծանումն արվում էր հիմնականում լսողությամբ: Դա դժվարացնում էր վատորակ ձայնագրությունն ու անգլերենի չիմացությունը

«Երգում էինք՝ նմանակելով մեր սիրելի հերոսներին ու մենք էլ մեր հերթին՝ մեր սկզբունքներով, հայացքներով, նաև այն ժամանակվա ընկալմամբ խիստ արտասովոր կենսակերպով, հեղափոխության նման մի բան էինք սկսել մեր միջավայրում:- ասում է Զ. Սարգսյանը,- Էստեղ ավելի շատ կարևորն այն էր, որ սա լուրջ ընդվզում էր ժամանակի ու արդեն հմտորեն գծված, հաստատված բարքերի դեմ»:

Նրանք իրենց հերոսներից սովորեցին գնահատել ազատությունը, քարոզել սեր, խաղաղություն, մերժել նյութականի կարևորումն ու երգել իրենց երազած կյանքի մասին: Նրանք մտածում, հագնվում և ապրում էին իրենց կուռքերի նման: «Դժվար էր լինել մի միջավայրում, որտեղ խեթ հայացքներով, երբեմն ոչ հաճելի ռեպլիկներով էին ուղեկցում երկարամազ, ջինսե տաբատներով տղաներին ու նրանց հետ քայլող կարճ կիսաշրջազգեստով համարձակ աղջիկներին:- ասում է Զ. Սարգսյանը,-Իհարկե միայն Սովետական Հայաստանում չէին նման արձագանքները: Հետագայում, երբ աշխարհն ավելի լայն բացեց վարագույրները և ինֆորմացիոն դաշտն ավելի հասանելի դարձավ, շատ հետաքրքիր դեպքեր պարզեցինք տարբեր երկրներից: Կուբայում, օրինակ, երկարամազ երիտասարդներին փողոցում բռնել էին ու տեղում մազերը կտրել կամ տարել ոստիկանատում: Նույն վերաբերմունքը Վենեսուելայում էր: Ռուսաստանում ավելի խիստ են եղել»: Բայց երիտասարդներն անվրդով էին և արդյունքում նույնիսկ սովետական եղբայրական երկրների այս հայացքներով երիտասարդների միջև ջերմ կապեր էին հաստատվել, երբ միասին համերգների էին մասնակցում:

Զավեն Սարգսյանն ասում է, որ իրենք առավել շատ ոգևորվել են ոչ թե հիպների, այլ բիթնիկ շարժման ազդեցությունից, թեև րվեստում բիթնիկներն ավելի ակտիվ էին գրականության մեջ, հիպիները՝ երաժշտության:

Բիթնիկներ

Բիթ շարժումը հասարակական-մշակութային ալիք էր, որը ձևավորվեց ԱՄՆ-ում 1950-60-ական թվականներին և աստճանաբար մարեց 60-ականների վերջին՝ իր տեղը զիջելով, ավելի ճիշտ՝ վերածվելով հիպիական շարժման: Բիթնիկներն այս երևույթի հետնորդներն էին՝ երիտասարդություն, որը մերժում էր ժամանակի քաղաքական- հասարակական չափանիշները, կենսակերպը, մտածողությունը, կարծրատիպերը: Նրանք ընդունում էին կամավոր աղքատությունը՝ մերժելով նյութականը, ավելի բարձր դասելով սեփական ազատությունը, մերժում էին բոլոր տեսակի սոցիալական, կրոնական, ռասսայական խնդիրներն ու տարված էին հիմնականում ձեն-բուդդիզմով: Բիթնիկ բառն առաջացել է անգլերեն beat՝ ծեծել, խփել, կոտրել բառից, որն օգտագործվում էր նկարագրելու համար այս հայացքներն ընդունող սերնդին: «Beat generation»՝ կոտրված սերունդ.ահա այս արտահայտության մեջ էր ամբողջացված նրանց գաղափարական էությունը: Այն դարձավ ԱՄՆ-ում սոցիալական, մշակութային, հասարակական հին բարքերի հեղափոխության խորհրդանիշ և հետագայում արդեն հիպիական շարժման միջոցով տարածվեց գրեթե ողջ աշխարհում:

Մայքլ Մըքլյուրը, Բոբ Դիլանը և  Ալեն Գինզբերգը 1965թ.- “Washington Post”

Բիթնիկների, այսպես ասած, հայրերն էին Ջեք Կերուաքը, Ալեն Գինզբերգը, Ուիլյամ Բերոզը և այք: Եվ եթե այս շարժումն առավել ցայտուն դրսևորվեց գրականության մեջ, ապա հիպիներն արդեն «խոսում էին» ավելի շատ երաժշտության լեզվով:

«Քերուակի «On the road» գիքը մանիֆեստ դարձավ բիթնիկների համար- ասում է Զավեն Սարգսյանը,- մենք ևս սկսեցինք գիտակցել ու կարևորել ազատության ձգտումը, ընդունել, որ  փողը, հարստությունը,  հետին պլան կարելի է մղել: Նրանք ազատ էին և՛ մտքով, և՛ ապրելակերպով: Մենք սովորեցինք նրանց նման ճամփորդել, մերժել ընդունված կարծրատիպերը, որոնցից մեկն էլ սպիտակ օձիքով վերնաշապիկավորներն էին: Երաժշտության մեջ, կարծում եմ, Բոբ Դիլանն էր այդ շարժման ուղղորդողը, նրա պոեզիան մեծ ազդեցություն է ունեցել այս շարժման հետնորդների վրա: Բայց ամենաուժեղ տպավորություններից մեկը, որը շատ մեծ ազդեցություն թողեց հենց մեզ վրա, «Բիթլզի» երաժշտությունն էր»:

Հետո քաղաքում սկսեցին հայտնվել մարդիկ,  արտաքին տեսքով նման էին նրանց՝ երազողներին: Երկար, մինչև աչքերը ծածկող մազերով, մորուքավոր երիտասարդներ, ովքեր պատկերազարդ վերնաշապիկներ, երկարավիզ բլուզներ (водолазка) ու «հոլիդեյ» ջինսեր էին կրում: Ջինսը այս սերնդի երիտասարդների համար ամենակարևոր, սովետական երիտասարդության՝ ամենաբաղձալի ատրիբուտն էր: Դրանք ձեռք բերելու համար վերջիններս, կարելի է ասել, անհավանական փորձությունների միջով էին անցնում:

«Ջինս ունենալը ևս շատ մեծ խնդիր էր մեզ համար, պիտի դրսից բերեին:- պատմում է Զ. Սարգսյանը,-  երևի առաջին անգամ ջինս տեսել էինք ամերիկյան «Հրաշալի յոթնյակը» ֆիլմում: 7-րդ դասարանում Մոսկվայից մի «սովետական ջինս» գտա, որը շատ հեռու էր  իսկականի որակից ու տեսքից: Դպրոցում հպարտ հագնում էի, մի օր տնօրենը կանչեց և նկատողություն արեց՝ ասելով. «էդ կամբինիզոնով էլ դասի չգաս»:

Սկզբում վերաբերմունքը նոր երիտասարդության հանդեպ այդքան էլ խիստ չէր: Թերևս բավարարվում էին զարմանալով, ակնապիշ հետևելով և ջահելների բարքերի վրա գլուխները զայրացած տմբտմբացնելով: Մարդկանց մի մեծ զանգված, այնուամենայնիվ, ոգևորված էր այդ երիտասարդներից և հաճույքով էին վայելում նրանց երաժշտությունը: Քանի դեռ բանը չէր հասել սովետական չինովնիկական միջամտությանը: Զ. Սարգսյանը պատմում է, որ խմբի փորձերը երբեմն անում էին ներքին գործերի մինիստրության ակումբում, որովհետև այն բավականին լավ հնչողություն ուներ և մեծ էր: Այստեղ հաճախ էին համերգներ կազմակերպվում: Կոմսոմոլի երախտավոր նվիրյալներից մեկը մինիստրրին զեկուցում կամ բարեկամաբար տեղեկացնում է, որ իր ղեկավարած կառույցի շենքում փորձեր են անում երիտասարդներ, ովքեր ֆաշիստական երգեր են երգում: Հաջորդ փորձն արդեն ակումբի տնօրենը  նրանց մերժեց:

Հետո այցելեց հաջորդ խոչընդոտը՝ «Երազողները» ֆիլմի ցուցադրության արգելումը: «Ռեժիսոր Անատոլի Մոկացյանը եվրոպական երկրներից մեկում տեսել էր «Բիթլզի»-ի մասին պատմող «Help» ֆիլմը: Տպավորված և՛ ֆիլմից, և՛ խմբի երաժշտությունից՝ նա որոշեց «Երազողները»-ի մասին էլ մի փոքրիկ ֆիլմ նկարել: Առաջարկն ընդունվել էր: Այն ժամանակ հեռուստատեսության և ռադիոյի պետկոմի նախագահը Ջոն Կիրակոսյանն էր՝ առաջադեմ հայացքներով, հրաշալի մարդ, ում դուր էր եկել ռեժիսորի գաղափարը: Բայց ֆիլմի ճակատագիրն այլ ուղղությամբ գնաց»:

Մաշտոցի պողոտայի վրա գտնվող  «Արվեստի աշխատողների տունը», որն այսօր խանութ է դարձել, այն ժամանակ քաղաքի ամենասիրելի վայրերից էր՝  հարուստ գրադարանով, համերգասրահով և երևելի անունների ներկայությամբ: Այստեղ էլ կայացավ ֆիլմի պրեմիերան: Ցուցադրությանը հաջորդեց քննադատությունների տարափը: Փոխվել էր կոմիտեի ղեկավարը և նրա հաջորդն արդեն այդ «խայտառակության» ու կոմիտասյան երգերի «աղավաղման» ցուցադրությունն արգելել էր:  «Միակ դրական արձագանքը «Ավանգարդ» թերթինն էր, ավելի կոնկրետ՝ Էմանուել Մանուկյանինը»:

Այնուամենայնիվ, ֆիլմն այլևս չցուցադրվեց: Որոշ ժամանակ հետո ռեժիսոր Ա. Մոկացյանը տեղեկացրեց, որ ֆիլմի մի մասը պատահաբար կորել է: Պահպանված հատվածները ընդգրկվել են որոշ հաղորդումներում և հեռուստաֆիլմերում, բայց ամբողջական չլինելով՝ հետագայում ևս չցուցադրվեց: Եվ ահա 48 տարի անց, երբ աշխարհում և մեր երկրում նոր երիտասարդներ, նոր հեղափոխություններ, նոր բարքեր ու հայացքներ են հաստատվել-ջնջվել-պատերազմել,  «Երազողները» ֆիլմն ամբողջական գտնվեց: Ու 48 տարի անց կարոտի, նորերի համար զարմանքի ու ոգևորություն առաջացրեց:

«Երազողներ» խումբը 5 տարի գործեց: Հետո նրանցից ամեն մեկն իր ճանապարհով գնաց: Խմբի անդամներից երկուսն արտերկրում են, Երվանդ Երզնկյանը ջազային ստեղծագործական կյանք մտավ նորից:

«Ես չգիտեմ, թե մեծ առումով ինչ-որ բան փոխե”ց 60-ականների այդ շարժումը մեր երկրում, թե ոչ,- ասում է նկարիչ Հ. Հովհաննիսյանը,- Որովետև աշխարհում դա մեծ ու հզոր շարժում էր, բայց մեզ մոտ  պարզապես փոքր,  արձագանքներ էին, որոնք իրենց շարունակությունը գտան 70-ականներին: Մեզ՝ մեր սերնդին շատ բան տվեց՝  ճաշակ ,ազատության ձգտում, ինքնուրույնություն: Եթե մեծ իմաստով փոխած լիներ, ապա այդ տարիների սիմվոլ ու բազմաթիվ հիշարժան պատմություններ ամփոփող կառույցները չէին ոչնչանա, քաղաքում պատմության հետքերն ու հիշողությունները չէին ջնջվի»

Նրանք ազատ էին, ինքնուրույն, համարձակ և կրթված:Նրանք մերժում էին նյութականի գերակայությունը՝ փոխարենն առաջարկելով սեր, ազատություն, խաղաղություն…. Նրանք երազողներ էին, ում խաղաղ երազանքներին մինչ օրս էլ խանգարում են ռումբերը՝ հողի վրա ընկնող, արվեստում, տարբեր մշակույթներում, գաղափարական, քաղաքական ու քաղաքացիական դաշտում, մարդկային ամենապարզ հարաբերություններում և ամենուր: Նրանք հավատում են, որ պատճառն, այնուամենայնիվ, մինչ օրս սիրո պակասի մեջ է:

Լուսանկարները տրամադրել է Զավեն Սարգսյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter